Կիրակի, Նոյեմբերի 17, 2019

Ազատ ամբիոն

Ուղու ընտրության առջեւ. Չինաստանի փորձը եւ Հայաստանը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ամբողջ աշխարհը դարձել է Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմի ականատեսը` պատերազմ, որի ակունքները ծնունդ են առել դեռեւս անցյալ հարյուրամյակի 90-ականների սկզբին: Սակայն այն ժամանակ ոչ ոք` նույնիսկ ամենախորաթափանց փորձագետը, չէր կարող մտածել, որ, ընդհանուր առմամբ, հետամնաց երկիրը ժամանակի ընթացքում վերածվելու է հզոր պետության, որն իր պայմաններն է թելադրելու Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ առեւտրական գործարքներում: Արդեն այն ժամանակ Չինաստանը սկսել էր վարել հանրահայտ «Բաց դռների» քաղաքականություն: Սակայն այս ճանապարհով գնացել էին այլ երկրներ եւս, ոչ թե միայն Չինաստանը: Օրինակ` մեր հարեւան Թուրքիան նույնպես այդ ճանապարհով զարգացրեց իր արտադրությունը: Բայց մյուս երկրներից Չինաստանի գլխավոր տարբերությունն այն էր, որ արտադրություն դնելու համար իր մոտ հրավիրելով  այս կամ այն ​​ֆիրմային, նա պարտադիր պայման էր համարում տվյալ արտադրանքի պատրաստման տեխնոլոգիայի փոխանցումն իրենց երկրին:

Այդպիսով` Չինաստանն աստիճանաբար, առանց հատուկ ծախսերի, տեր դարձավ ամենից առաջադիմական տեխնոլոգիաների, հատկապես էլեկտրոնային, շինարարական, երկաթուղային եւ ավտոմոբիլային արդյունաբերության ճյուղերում: Համապատասխանաբար` աշխատելով համաշխարհային առաջադիմական տեխնոլոգիաներով, աշխատանքում հմտացավ, կատարելագործվեց նաեւ տեղական բանվորական ու ինժեներատեխնիկական անձնակազմը, մեջ հետզհետե ներդնելով արտադրության կազմակերպման ու մշակույթի նորագույն մեթոդները: Կիրառելով առաջադիմական տեխնոլոգիաներ, Չինաստանը սկսեց դրանք ներդնել նաեւ ռազմարդյունաբերական համալիրում եւ դրանում հասավ այնպիսի արդյունքների, որ ներկայում այդ համալիրը 80 տոկոսով ինքնաբավ է: Եթե ​​նախկինում չինական արտադրատեսակների որակը զգալիորեն ցածր էր Եվրոպայում կամ ԱՄՆ-ում արտադրված նույն ապրանքների համեմատ, ապա այժմ այդ թերությունը լիովին վերացվել է: Բավական է ասել, որ համակարգչային սարքավորումների ճնշող մեծամասնությունը, որն օգտագործվում է Միացյալ Նահանգներում, հավաքվում է Չինաստանում:

Թվում է` Հայաստանն ի՞նչ կապ ունի ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմի հետ: Ճիշտ է, ոչ մի կապ։ Բայց մեր պետությունը` ունենալով բարձր մտավոր ներուժ, օգտագործելով մեր սփյուռքի կարողությունը, նույնպես կարող է ընտրել այն ուղին, որը վերցրել է Չինաստանը: Մասնավորապես՝ մեզ համար առավել առաջադեմ ընկերություններին ներգրավել բարձր տեխնոլոգիաների արտադրության ներդրման մեջ՝ արտադրական տեխնոլոգիաների պարտադիր փոխանցման պայմանով: Ավելին` մեր տեղական ՏՏ մասնագետները հնարավորություն կունենան օտարերկրյա ընկերությունների ներկայացուցիչների հետ միասին բարելավել այդ տեխնոլոգիաները՝ համատեղ արտադրական արտոնագրերի ստացման միջոցով:

Նույնիսկ այնտեղ, որտեղ մենք ունենք օգտակար հանածոների եւ ջրային հսկայական պաշարներ, առայժմ հնարավոր չէ դրանց հարյուր տոկոսանոց օգտագործումը։ Լեռնահանքային արդյունաբերության ներկայիս վիճակն ավելի քան անմխիթարական է։ Մենք աստիճանաբար վերածվում ենք հումքային երկրի, եւ Հայաստանից դուրս է բերվում ոչ թե պատրաստի արտադրանքը, այլ հարստացված հումքը։ Փաստացի մենք անհամաչափ փոքր տոկոսներով ենք ստանում մաքուր երկաթ, ֆերմոմոլիբդեն, սեւ (այլ ոչ թե զտված) պղինձ, մաքուր ոսկի եւ արծաթ: Ի դեպ, Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատը դեռ աշխատում է անցյալ դարերի տեխնոլոգիայսվ եւ շատ վտանգավոր է այնտեղ ապրող մարդկանց առողջության համար: Ստացվում է, որ բացի աշխատատեղեր ստեղծելուց, մենք որեւէ հասույթ չունենք եւ միայն աղտոտում ենք մեր միջավայրը, որովհետեւ հումքի հարստացման հետ կապված վտանգավոր թափոնները մնում են Հայաստանում: Նույնը վերաբերում է ջրին: Լեռնային գետերից եւ ջրամբարներից չօգտագործված ամբողջ ջուրը լցվում է Արաքս, որն իր ջրերը տանում է Ադրբեջան:

Չինաստանը հսկայական երկիր է, որն ունի աշխարհում ամենամեծ թվով բնակչությունը: Դրա համար մենք, թերեւս չենք կարող ամբողջությամբ ընդօրինակել նրա փորձը: Ասիայում կա շատ ավելի փոքր քաղաք-պետություն՝ Սինգապուրը, որի տարածքը կազմում է ընդամենը 722 քառակուսի կիլոմետր: Իմաստ չունի խոսել նրա բացառիկության մասին՝ դա բոլորը գիտեն: Մենք կարող ենք կիրառել տնտեսական հրաշքի հասնելու` այդ երկրի փորձը: Մեր իշխանությունների հիմնական խնդիրն է` ապահովել, որ Հայաստանը գրավիչ դառնա օտարերկրյա կապիտալ ներգրավելու եւ բարձր տեխնոլոգիաների ու բարձր տեխնոլոգիական ապրանքների արտադրության մեջ ներդրումներ կատարելու համար։

Օգոստոսի 28-ին Ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) ոլորտում աշխատող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունն ընտրել է տնտեսության գիտելիքահեն ճյուղերի զարգացմանը միտված ուղեգիծ. «Արդյունաբերության եւ տնտեսության մեջ մենք առաջնային ուշադրություն ենք դարձնում ռազմարդյունաբերական համալիրին: Հայկական ՌԱՀ-ը պետք է համապատասխանի ժամանակակից բոլոր տեխնոլոգիական չափանիշներին: Մեզ համար այդ ոլորտն ունի մի քանի առանցքային նշանակություն: Առաջին հերթին՝ դա բխում է անվտանգային այն միջավայրից, որում մենք այսօր գտնվում ենք»,- նշել է վարչապետը: Խոր իմաստ կա այդ հայտարարության համատեքստում: Գիտության եւ գյուտարարության մեջ բոլոր խոշոր հայտնագործությունները մարդկությունը միշտ օգտագործել է նախեւառաջ ռազմական տեխնիկայի մշակման ու արտադրության մեջ եւ, այնուհետեւ, այդ նորույթները կիրառվել են քաղաքացիական շինարարությունում: Թշնամիներով շրջապատված լինելով՝ մենք ստիպված ենք եղել գնալ այդ ճանապարհով:

Մենք կարող ենք հասնել ամենաբարձր արդյունավետության եւ նրանցից ավելի շուտ:  Մենք քիչ ենք, հետեւաբար, մեր կազմակերպչական իներցիան համեմատաբար փոքր է, քան Չինաստանում: Ակնհայտ է, որ Փաշինյանը փորձում է դա անել եւ տեղյակ է երկրի առջեւ ծառացած բոլոր խնդիրներից: Բայց, ինչպես ասում են, մի ծաղկով գարուն չի գա: Պետք է հավաքել համախոհների թիմ, որն ի զորու է գտնել օտարերկրյա ներդրողներին ներգրավելու ուղիներ: Անհրաժեշտ է կադրեր ընտրել ոչ միայն իրենց կուսակցության շարքերում, այլեւ գործին նվիրված գրագետ եւ նոր մտածողության տեր մասնագետներ, որոնց հոգեբանությունը վարակված չէ կոռուպցիայի ժանգով: Լինենք լավատես։

 

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am