Երեքշաբթի, Հուլիսի 14, 2020

Ազատ ամբիոն

Վտանգավոր առասպելաբանություն Հայաստանի համար

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Օրեր առաջ տեսակապի ձեւաչափով տեղի ունեցած` ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում առանձնահատուկ ակտիվություն էր ցուցաբերում այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը` Բելառուսի ներկայացուցիչը, որը փոխարինում էր Յուրի Խաչատուրովին: Նա հայտարարեց. «Պետք է արձանագրել, որ տեղի է ունենում ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության սպառնալիքների աճ` մի քանի չափումներում: Սա գույների ինչ-որ արհեստական խտացում կամ գնահատականների չափազանցում չէ: Ցավոք, այդպիսիք են իրողությունները, որտեղ մենք ձեզ հետ միասին ապրում ենք, եւ դա նույնպես պետք է հաշվի առնվի ՀԱՊԿ-ի գործունեության մեջ»: Նիստի օրակարգի հարցերից մեկը ԱՊՀ-ի եւ Համագործակցության շենգենյան կազմակերպության (ՀՇԿ) հետ ՀԱՊԿ-ի փոխգործակցությունն էր: «Գործնական փոխգործակցություն է կազմակերպված ռազմական ոլորտում` նախեւառաջ ԱՊՀ-ի, իսկ հակահաբեկչության մասով` ԱՊՀ-ի ու ՀՇԿ-ի հետ: Անցյալ տարվանից մենք սկսել ենք հիմք դնել եռակողմ փոխգործակցության համար»,- նշել է Զասը:

Ինչո՞ւ հարկ եղավ դիմել ՀԱՊԿ-ի աճող սպառնալիքների մասին առասպելներին: Կոնկրետ ո՞վ է սպառնում ՀԱՊԿ-ին: Պատասխանը հետեւեց անմիջապես դրանից հետո: Պարզվում է` այդ «սպառնալիքների» հիման վրա ՀԱՊԿ-ը պլանավորում է խաղաղարար գործունեության վերաբերյալ բազային փաստաթղթերում մտցնել «համակարգող պետություն» հասկացությունը, որը կազմակերպությունը կներկայացնի ՄԱԿ-ում: Զասի խոսքով` այժմ օրակարգում դրված է ՀԱՊԿ-ի խաղաղարար ներուժի միացումը ՄԱԿ-ի գործողություններին, բայց այստեղ մի շարք նրբություններ կան, որոնք վերաբերում են ՀԱՊԿ-ի բազային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությանը: Մասնավորապես` ՄԱԿ-ը խաղաղարարության մասով այլ կազմակերպությունների հետ չի աշխատում, միայն` առանձին երկրների հետ: «Համապատասխանաբար` մենք առաջարկում ենք բազային համաձայնագրում մտցնել «համակարգող պետություն» հասկացությունը, որը ՄԱԿ-ում կներկայացնի խաղաղարարության թեմայով ՀԱՊԿ-ի շահերը, բանակցություններ կվարի ՄԱԿ-ի հետ եւ կշարունակի համակարգել գործողությունները»,- ասել է նա:   

Այդ կետի գործնական իրականացումը մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի եւ Արցախի համար: Եթե հետագայում Ադրբեջանը Ռուսաստանի աջակցությամբ եւ Թուրքիայի լռելյայն համաձայնությամբ, այնուամենայնիվ, ռազմական գործողություններ սկսի Արցախի դեմ, ապա մեր ռազմավարական գործընկերը կօգտվի «համակարգող պետության» իր իրավունքից եւ ուժով, ինչպես Վրաստանում եւ Ուկրաինայում, իր զորքը կմտցնի Արցախ: Կրակը դադարեցնելու մասին Արցախի եւ Ադրբեջանի միջեւ փաստաթղթի ստորագրումից հետո Ռուսաստանը ոչ մի կերպ չկարողացավ կենսագործել այդ ծրագիրը, քանի որ տվյալ հարցում` եւ դա միակ դեպքն էր, հակամարտող կողմերի կարծիքները համընկան: Կողմերը չցանկացան, որ ռուսական զորքը մտնի հակամարտության գոտի:

Սակայն հիմա շատ բան է փոխվել: Մոսկվան Անկարայի աջակցությամբ (իսկ Հայաստանի վերաբերմամբ նրանք ամբողջ պատմության ընթացքում միշտ ընդհանուր համաձայնության են եկել) կարող է Ադրբեջանին պատերազմի մղել Հայաստանի եւ Արցախի դեմ, ՄԱԿ-ի մանդատով իր զորքը մտցնել մարտական գործողությունների գոտի եւ Ադրբեջանի հետ համատեղ հայերից մաքրել մեր հողերը` ընդհուպ մինչեւ Իրանի սահմանը: Դիպաշարը նույնն է, ինչպես Գետաշենից ու Շահումյանից հայերի բռնագաղթեցման ժամանակ: Ընդ որում` ռազմական ճանապարհով կկենսագործվի «Լավրովյան պլանը» միայն այն տարբերությամբ, որ հիմա այնտեղ գտնվելու են ռուսական զորքերը:

Կգնա՞ արդյոք Ադրբեջանն այդ արկածախնդրությանը: Անշուշտ` կգնա, քանի որ թագավարակով պայմանավորված ծանր դրությունը եւ նավթի գների անկումը նկատելիորեն թուլացրել են այնտեղ կառավարող վարչակարգին, եւ փոքրիկ հաղթական պատերազմը կարող է միառժամանակ մոռացնել ժողովրդի ծանր սոցիալական կացությունը: Մանավանդ որ, արդեն ավելի քան երեսուն տարի այնտեղ մանկապարտեզից սկսած` ատելություն են սերմանում հայերի նկատմամբ: Այն բանից հետո, երբ Թուրքիան եւ Ադրբեջանը վերջնականապես կամրապնդվեն Հարավային Կովկասում, ժամանակի ընթացքում ռուսական զորքերին դուրս կմղեն այդ տարածքներից, ինչպես նրանց դուրս էին մղել հետխորհրդային շրջանում, եւ մեկընդմիշտ կտիրեն տարածքներին:

Հայաստանը պետք է պատրաստ լինի այդպիսի դիպաշարի եւ Անվտանգության խորհրդի օրակարգ մտցնի այդ դիպաշարի քննարկումը: Իրավիճակի զարգացման հնարավոր դիպաշարերը պետք է ուսումնասիրվեն ինչպես իշխանությունների մարտավարական գործողություններում, այնպես էլ պետության գործունեության ռազմավարական ուղղություններում: Մենք պետք է պատրաստ լինենք մեզ համար ցանկացած, նույնիսկ ամենածանր դիպաշարերին: Միայն կառավարող կուսակցության ուժերով դա հնարավոր չէ գլուխ բերել: Այդ կարեւոր եւ ճակատագրական հարցում պետք է ներգրավել ոլորտի բոլոր մասնագետներին: Եվ որքան շուտ` այնքան լավ: Ցավոք, համավարակը տասնապատիկ արագացրել է համաշխարհային գործընթացները, եւ օրեցօր մենք բախվում ենք նորանոր հիմնախնդիրների, որոնք պետք է լուծել` առանց սխալվելու իրավունքի:

 

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: