Օրեր առաջ տեղեկացանք, որ կա դատարանի նախադեպային որոշում, համաձայն որի՝ «070» կոդով անձնագիր ունենալու դեպքում Արցախից բռնատեղահանվածներս կարող ենք մասնակցել Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններին։ Մինչ այդ, մեզ ասվել էր, որ արցախցիներն իրավունք չունեն մասնակցելու համապետական ընտրություններին՝ պատճառաբանելով, թե վերջիններս ՀՀ քաղաքացիություն չունեն, այնինչ մեր անձնագրերում փաստագրված է Հայաստանի քաղաքացի հանդիսանալու հանգամանքը։
Հիմա ի՞նչ է մեզ առաջարկվում։ Պիտի գրավոր դիմել ՆԳ նախարարության Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն՝ ընտրացուցակներում մեր տվյալները ներառելու պահանջով։ Դիմումի պատասխանն արհեստականորեն ձգձգվելու դեպքում պետք է ահազանգել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) եւ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակ։
Բայց սա դեռ բոլորը չէ, կա եւս մեկ առաջարկ: Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից 3 օրվա ընթացքում ստանալով մերժում՝ ընտրության օրը կարելի է դիմել դատարան՝ հաշվառման վայրի ցուցակում ընդգրկվելու պահանջով՝ նշելով, որ ունեք ՀՀ քաղաքացու անձնագիր եւ հանդիսանում եք ՀՀ քաղաքացի։ Շատ տարակուսելի հարցեր կան այս ամենում, բայց կանգ կառնեմ մեկի վրա։ Ընտրելու իրավունքից զրկված մոտ 55 հազար արցախցիներ կան, ինչո՞ւ նրանք պիտի ընտրություններին այսքան սուղ ժամանակ մնացած՝ առանձին-առանձին այս «թոհուբոհով» անցնեն՝ իրենց ընտրելու իրավունքը վերականգնելու համար։
Եթե կա նախադեպը, որքանո՞վ է ճիշտ նման մոտեցումը, երբ մեկ որոշմամբ կարելի է իրավիճակ փոխել՝ բոլոր արցախցիներին հնարավորություն տալով մասնակցել ընտրություններին։ Հետաքրքիր է, ո՞ւմ է անհրաժեշտ այս քաշքշուկը՝ արցախցիների՞ն, իշխանությունների՞ն, թե՞ ընդդիմությանը… Իսկ միգուցե որոշ անհատների՞:
Այո, նախադեպը կա՝ Միգրացիայի ծառայություն դիմող եղել է, մերժել են։ Մարդը դիմել է դատարան եւ դատարանի որոշումով վերականգնել ընտրություններին մասնակցելու իր իրավունքը։ Երբ այս իշխանությունները մեզ չեն տեսնում որպես ՀՀ քաղաքացիներ, ապա ոչ մի դեպքում Միգրացիայի ծառայությունը կամ ԿԸՀ-ն չեն ընդունի մեր՝ ՀՀ քաղաքացի լինելը, անգամ եթե հազարավորներով դիմեն։
Բայց երբ վերջերս դատարանը նախադեպային որոշում է կայացրել, եւ տվյալ անձին կամ անձանց իրավունք է տրվել մասնակցել ընտրություններին, անհասկանալի է դառնում, թե ինչու մնացած արցախցիներին էլ դատարանով իրավունք չտալ՝ վերականգնելու իրենց ընտրական իրավունքը։ Ես կասեի՝ փրփուրներից ենք կախված։ Հիմա գոնե իրավական համակարգն օպերատիվ կընդառաջի՞ արցախցիներին, թե… հարցը կհետաձգվի ընտրություններից հետո:
Նատաշա Պողոսյան

