ՖԲ-ն հարցնում է` ի՞նչ եք մտածում… Այսօր մտածելու այնքա՜ն բան կա։ Բայց վերցնենք դրանցից թեկուզ մեկը. մեր գերիները երկար ժամանակ գտնվում են թշնամու զնդանում, ենթարկվում են կտտանքների, իսկ իշխանությունները լռում են, թեեւ սահմանադրորեն իրենց պարտքն է՝ պաշտպանել ՀՀ քաղաքացիների անվտանգությունը։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարը խոշտանգումների հետքերով օրերս հայտնվեց սոցցանցերում, որից հետո, կարծես թե, ժողովրդի մի որոշ զանգված արթնացավ եւ փորձեց հիշեցնել ու պահանջել իշխանություններից՝ կատարել սեփական քաղաքացիների նկատմամբ իրենց հանձնառությունը, որն ամրագրված է երկրի Մայր օրենքում։ Դա դեռ թողնենք մի կողմ, քանի որ իշխանությունները, եթե ինչ-որ վախվորած քայլ էլ կատարեն, այնքան թույլ կլինի, որ որեւէ ազդեցություն չի կարող ունենալ։ Սա մենք մեր դառը փորձից գիտենք:
Գիտակցելով իշխող վարչախմբի հակազգային բնույթը, մարտի 2-ից Ազատության հրապարակում հացադուլի էր նստել ազգանվեր մի մարդ՝ Արտավազդ Ալավերդյանը։ Շատերը «կեցցեներ»-ով ընդունեցին դա։ Կեցցեն նաեւ իրենք՝ այդ սատարող անձինք: Հետո հացադուլի նստեց Մանե Թանդիլյանը՝ հորդորելով ադրբեջանական բանտում գրեթե երկու շաբաթ հացադուլի մեջ գտնվող երբեմնի գործընկերոջը՝ դադարեցնել հացադուլը: Թանդիլյանի հացադուլի արձագանքը պարզապես շշմեցնող էր՝ բացասական իմաստով:
Ակցիայի մասին գրառման տակ մեկնաբանությունները ցնցող էին՝ ծաղրուծանա՛կ: Ինչո՞ւ: Որ ի՞նչ։ Ինչ է՝ թե պաշտոնյա՞ է եղել։ Բայց մի՞թե հանուն մեր գերիների՝ նման վարմունքը որեւէ կապ ունի, թե ով է նա կամ ինչ պաշտոն է վարել եւ ինչպես է վարել։ Այս դեպքում մի՞թե կարեւոր է քաղաքական ուղղվածությունը։ Ձեր վարքով, հարգելիներս, դուք նրան չեք վարկաբեկում, այլ ցույց եք տալիս ձեր անտարբերությունը թշնամու զնդանում խոշտանգվող հայրենակցի հանդեպ։ Անխտիր՝ բոլորի:
Ադրբեջանը բառի բուն իմաստով ստորացնում է մեզնից յուրաքանչյուրին՝ դուք այս մասին մտածե՞լ եք։ Պատահական չէ, որ ազերիները Ռուբեն Վարդանյանի` խոշտանգման հետքերով լուսանկարները զետեղել են սոցցանցերում. դա Հայաստանին ու մեզնից յուրաքանչյուրին ուղղված մեսիջ է։ Իսկ մենք անմարդկային պահվածքով նույնիսկ ծաղրի ենք ենթարկում Բաքվում հայ գերիների նկատմամբ տեղի ունեցող վայրագությունների, ապօրինությունների դեմ, ի նշան բողոքի, հացադուլ հայտարարած կնոջը։
Դուք գոնե մի պահ ձեզ պատկերացրե՞լ եք այդ անմեղ մարդկանց վիճակում, այն ծնողների վիճակում, որոնց զինվոր զավակներն ու ընտանիքի մյուս անդամները գերության մեջ են։ Կարո՞ղ եք մի պահ ձեզ պատկերացնել այն գերիների փոխարեն, որոնցից շատերը պարզապես գերեվարվածներ են եւ այժմ պատժվում են իրենց հայրենիքի եւ ժողովրդի բարօրության ու անվտանգության գործին ծառայելու համար: Տեսնելով հանրության (անշուշտ՝ նրա մի մասի) անբացատրելի վարքագիծը, դադարում ես հավատալ, թե մենք երբեւէ կարող ենք ոտքի կանգնել, ազգ դառնալ։ Ցավալի է այս ամենը։ Ողբալի է։ Ամո'թ է։
Սերգեյ Աբազյան