Չորեքշաբթի, Ապրիլի 17, 2024

Ազատ ամբիոն

Կորուստներից կարելի էր խուսափել, բայց ավաղ…

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Քիչ է մնում ասեն՝ բուքն էր մեղավոր կամ՝ ձյունը, որ իր սառը գրկի մեջ առավ երկու տարի ծառայած ու բաղձալի տունդարձին սպասող զինվորին: Ճիշտ զորացրման օրը:

Զինվորը ՏԱՐՎԱ ՄԱՐԴ է ճանաչված՝ այսօր էլ, վաղն էլ նա պիտի մնա նույն բարձր կոչման սանդղակի վրա, որին իրավամբ արժանի է: Թող վերեւներից հանկարծ չասեն՝ հնացած է, չփորձեն նախկիններից, իբր, մնացած անհարկի պիտակներ կպցնել։

Ովքե՞ր են պատասխան տալու, երբ սգավոր մայրերի շարքն ավելանում է խաղաղ պայմաններում։ Պատերազմում զոհվածները, եթե ոմանց կարճ խելքով՝ «հանուն ոչնչի» էին նվիրաբերել իրենց կյանքը, ապա այս անմեղ տղաների՞ համար ովքեր են պատասխանատվության ենթարկվելու։

…Դեռ Արցախում էինք։ Պատերազմներով անցած մի զինվորականի մոտ դժգոհեցի, թե ինչու դպրոցական նստարանից վեր կացած մեր մատղաշ տղաների կյանքի գնով է հայրենիքը պաշտպանվում։

Զարմացած ինձ նայեց, թե այդ տարիքում նրանց մեջ եռում է հայրենիքի սերը, հենց նրանք պիտի պաշտպանեն երկիրը՝ դա բնական է։

Հիմա ուզում եմ հարցնել՝ ինչո՞ւ պիտի հայրենիքի սերը սրտներում տղաներ կորցնենք, այն էլ՝ այսօրվա ոչ պատերազմական երկրում։ Մեկի սիրտը չի դիմանում, մյուսն ընկնում է ծառայակցի գնդակից, երրորդն՝ ինքնասպանությամբ, չորրորդը՝ ձյունափոսի մեջ սառչելու, հինգերորդը՝ զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով եւ այլն: Բանա՞կ է սա, թե՞… չէի ցանկանա բանակի մասին կոշտ արտահայտություն թույլ տալ:

Ո՞ր մեկից խոսել, երբ հակառակորդի դիպուկահարի կրակոց չկա, բայց կան զոհեր… Իսկ մեկ տարվա վաղեմության ողբերգության դեպքում չկային թշնամու կողմից զինվորական կացարանի հրդեհման հետքեր… Ո՞վ խլեց մեր 15 լույս տղաների կյանքը՝ մի գիշերվա մեջ դարձնելով նրանց կրակի ճարակ: Հետաքննությունը ցայսօր տրամաբանական պատասխան չի տվել:

Ասում են՝ զինվորի կյանքն ամենաթանկն է, նա բոլորիս մեջ ամենահայրենասերն է, բայց նրան պահել չգիտենք: Մենք չգիտենք նրան պաշտպանել, մենք չենք կարողանում ամոքել նրանց սեւազգեստ մայրերին: Չենք էլ կարողանում երկիրը կործանման տանողներին  զսպել, կանգնեցնել մեզ ոչնչացման տանող սպանդը:

Մենք ի՞նչ ենք անում։ Ցավակցու՞մ ենք, մեր զորակցությո՞ւնն ենք հայտնում զինվորի  հարազատներին: Հետո՞…

Հիշենք` դհոլ-զուռնայով, երգ ու պարով, ծափ-ծիծաղով են մեր ծնողները բանակ ճամփում իրենց զավակներին։ Այս հարաբերական խաղաղ օրերին էլ վտանգված է տղաների կյանքը, շուրջբոլորն անհայրենասերների շքերթ է, նորաձեւ է դարձել հայրենիքի հանձնումը, վտանգված է երկիրը:

Գրում-ջնջում ենք, որ հանդարտեցնենք մեր բորբոքված, վշտաբեկ սրտերը ու հետո զգում, որ անդարմանելի ցավն օր-օրի կրկնապատկվում, եռապատկվում է, երբ գիտենք, որ  վերջին օրերի անդառնալի կորուստներից գոնե կարելի էր խուսափել, բայց ավաղ…

 

Նատաշա Պողոսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: