Չորեքշաբթի, Ապրիլի 17, 2024

Ազատ ամբիոն

Կրթական չափորոշիչնե՞ր, թե՞ անհարկի ծանրաբեռնվածություն…

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Քանի ձմեռային արձակուրդներից հետո դպրոցներում վերսկսել են դասերը, հակիրճ կանդրադառնամ կրթության ոլորտին՝ մասնավորապես կրթական նոր չափորոշիչներին։

Ո՞ւր են տանում այդ չափորոշիչները: Երկրորդ կիսամյակից հետո՝ ուստարվա վերջին, երբ 4-րդ դասարանում փոխադրական ստուգարք չի նախատեսվում, եւ ուսուցիչները կգրեն աշակերտների մասին բնութագրեր (բնութագրիչներ)՝ այն դեպքում, երբ 2-րդ դասարանում նույնպես չեն գնահատում, եւ այդ «բնութագրիչ» կոչվածի ձեռքին են մնացել ուսուցիչները։

Չեմ նկատում, որ այդկերպ կրթության որակ է բարելավվում: Ընդամենը ծանրաբեռնվում է ուսուցչի աշխատանքը՝ ավելորդ թղթաբանությամբ։ Մի՞թե տեսանելի չէ, որ Հայաստանում ուսուցչի նվաստացուցիչ աշխատավարձն ի ցույց է դնում, թե որքան երերուն են պետության հիմքերը։ Որպեսզի ամուր լինի երկիրը, պետք է բարձր լինի ուսուցիչների հեղինակությունը, բայց՝ ոչ նրանց ժամանակատար աշխատանքի ու աշակերտներին ծուլության հասցնելու հաշվին։

Որպես Արցախի ուսուցչուհի՝ շատ մեծ տարբերություն եմ նկատում, թե ուսուցիչը որքան կարեւոր դեր ուներ մեզ մոտ` ի տարբերություն Հայաստանի ուսուցչական հանրության։ Եթե ՀՀ վաստակավոր ուսուցչուհին մեկ դրույք դասաժամի դիմաց ստանում է մաքուր 94 հազար դրամ, ապա սա ուսուցչի աշխատանքի հանդեպ Կառավարության ցածր գնահատանքի մասին է խոսում։

Այն ձեւականությունները, թե ատեստավորված ուսուցիչների աշխատավարձը հասնում է մինչեւ 400-450 հազար դրամի, բնավ չեն խոսում առ այն, թե ուսուցիչների աշխատավարձը բարձր է, երբ մի քանի տասնյակ հազարավոր ուսուցիչների աշխատավարձ ընդամենը  ցամաք հացի գումար է։

Ուսուցչի հանդեպ նման վերաբերմունքը տանում է նրա հեղինակության նսեմացման: Ու ջանքեր են պետք՝ հասնելու նրան, որ ուսուցիչը հանրության մեջ իրեն գնահատված եւ հարգված զգա, հպարտ ու արժանապատիվ, այլ ոչ թե օրվա գործից հոգնած եւ դեռ դպրոցի աշխատանքն էլ տանը շարունակելիս՝ մատյանների կամ գրավոր աշխատանքների վրա խոնարհված։

Նմանապես՝ առաջարկվում է 9-րդ դասարանի գրականության եւ պատմության ավարտական քննություններին գրել էսսեներ։ Նպատակը ո՞րն է… արդյո՞ք խոր գիտելիք ստանալու նպատակ է հետապնդում այն։ Բնավ: Ընդամենը աշակերտներին հեռացնում է կրթվելուց, նրանց հասցնում պարապության։ Այդ առարկաները եթե հետաքրքրեին նոր չափորոշիչներ «լույս աշխարհ բերողներին», ապա սերնդին չէին ազատի Հայ գրականության եւ Հայոց պատմության բանավոր քննություններից։

Ակնհայտ է նաեւ, որ Հայաստանում շատ ցածր են ուսուցիչների կենսաթոշակները։ Հիմա ենք հասկանում, որ  Արցախում մենք թոշակ էինք ստանում։ Ու սովորություն է դարձել ապակողմնորոշող պաշտոնական հայտարարություններ տարածելը, թե այսինչ օրերից թոշակները կտան, բայց փաստի առջեւ ենք, որ չորրորդ ամիսն է, ինչ հազարավոր արցախցիներ դեռ թոշակ չեն ստացել, եւ ոչ էլ` երեխաներին հասանելի նպաստները։

 Ինչո՞ւ Արցախից բռնատեղահանված 1500 մանկավարժներից գոնե 200-ը չի ընդունվել դպրոցներ՝ դասավանդելու։ Եթե  անցած ամիսներին մեծ ցանկություն կար դպրոցներում աշխատանքի ընդունվելու, հիմա չեն ուզում, երբ գիտեն՝ վերեւներից կրթությունը հետին պլան է մղված՝ նոր չափորոշիչների անվան տակ ուսուցչի աշխատանքի ավելորդ ծանրաբեռնվածության տեսքով:

 

Նատաշա Պողոսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: