Չորեքշաբթի, Ապրիլի 17, 2024

Ազատ ամբիոն

Որոգայթներ՝ աջակցության քողի տակ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Արհեստական դժվարություններ են, որ ստեղծել են Արցախի թոշակառուների, նպաստ ստացող ընտանիքների համար։

Իննամսյա շրջափակում, պատերազմի աղետներ՝ մարդկային կորուստներով ու հայրենազրկությամբ, բռնատեղահանության մղձավանջ եւ բազում որոգայթներ արցախցիներին տրվող աջակցության քողի տակ։

Արցախցիները երեք ամիս է՝ թոշակ ու նպաստ չեն ստանում։ Ինչո՞վ պիտի սնվեն թոշակառուները, երբ նոր տեսակի «հացի հերթերում» են, բայց հիմա էլ Հայաստանի ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տարածքային անձնագրային բաժիններում, որ հաշվառվեն ու թոշակներ, նպաստներ ստանալու հնարավորություն ունենան:

Այսօր առավոտ ծեգին նշված հասցեում էի։ Բազմամարդ տեսարան… Ցանկացա հերթագրվել։ Մարդիկ միաբերան ասացին, որ արդեն 30 հոգու հերթագրել են, այսօր նրանց են ընդունելու։

Ու լսում եմ արցախցիների արդար, բայց դժգոհ խոսքը։ Տարբեր են նրանք, չեմ ճանաչում, բայց յուրաքանչյուրը մի տխուր կենսագրություն ունի արդեն այդ հերթերում։ Նրանց խնդրանքով անունները չգրելու պայմանով կներկայացնեմ մի քանի սեղմ գրառումներ հերթագրված կամ հերթագրման սպասող մարդկանց պատմածներից.

«Առավոտ ժամը 5-ից այստեղ եմ, բայց չեմ կարողացել հերթագրվել»։

«Լուսաբացին ժամը 4-ն անց կես եմ եկել, 23-րդ համարում եմ»։

«Երկու շաբաթ է, գնում եմ, գալիս, բայց չեմ կարողանում հաշվառվել»։

«Առաջարկել ենք` գոնե օրը 50 հոգու ընդունել, մերժել են»։

«Գոնե 30 հոգու մինչեւ կեսօր ընդունեին, 30-ը՝ կեսօրից հետո»։

«Ամբողջ Հայաստանի անձնագրային տարբեր բաժիններում նույն վիճակն է` օրը 30-ից ավելի մարդ չեն հերթագրում»։

«Գոնե Արցախում հերթ էինք կանգնում, մի հաց գնում, այստեղ որ գալիս ենք, իզուր ժամեր ենք վատնում»։

…Այդ օրն ինձ նույնպես չհաջողվեց հերթագրվել։ Ճարահատյալ մնացի մոտակա շենքում՝ բարեկամի տանը։ Գիշերվա ժամը 4-ին եկա, դեռ չէին հերթագրում։ Գնացի, նորից եկա, արդեն ուշացել էի։ Թողեցի  հերթագրված 30 հոգուն եւ նրանց կողքին հուսահատ կանգնած մի քանի տասնյակ արցախցիների, որ տուն վերադառնամ։

Երկինքը ամպամած էր, բարակ անձրեւ էր մաղում։ Շտապեցի տաքսի նստել, բայց ուշքումիտքս բաց երկնքի տակ կանգնած արցախցիներն էին… Չիմացա՝ ինչպես տեղ հասա, տաքսու վարորդի ձայնից սթափվեցի։ Մտածումների մեջ էի՝ տեսնես ո՞ր մեղքի համար են մեզ հետ այսպես «հաշվեհարդար» տեսնում։

 

Նատաշա Պողոսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: