23.09.2018

Центр в Прессе

Ռուսաստանին հասկացրին, որ ստիպված է լինելու պաշտպանել Հայաստանին. Իրենք գիտեն ինչ է դա նշանակում(Lragir.am)

Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը

Պարոն Սարգսյան, հրապարակվել էԱՄՆԱզգային հետախուզության տնօրեն Դանիել Քոութսի «Համաշխարհային սպառնալիքների գնահատական» հաշվետվությունը,որտեղ նշվում է 2018թվականին Ղարաբաղում լայնածավալ պատերազմի վտանգի մասին, որ երկու կողմերում էլ առկա է զիջումների գնալու ցանկության բացակայություն։ Ինչպե՞ս եք գնահատում այս զեկույցը, և արդյոք սրանով ԱՄՆ-ը հավասարության նշան չի դնում կողմերի միջև։

Մենք ցանկացած զեկույցի մեջ ցանկանում ենք տեսնել Ադրբեջանին դատապարտող հատվածներ, մեզ միայն դա է հետաքրքրում։ Իսկ Ամերիկան նման խնդիրներ չունի, իրենք գերտերություն են և դրանք իրենց համար մանր-մունր խնդիրներ են։ Կուզենան՝ կդատապարտեն, չեն ուզենա՝ չեն դատապարտի, փայլուն գիտեն Հայաստանի դերը, Ադրբեջանի դերը։ Դրա համար մենք պետք է փորձենք տեսնել իրական քաղաքականության մեջ այս ամենը նշանակություն ունի, թե ոչ։ Հաճախ նման բաներ եղել են, միայն հիմա չէ։ Ամեն տարի զեկույցները լինում են և ընդգծում են վտանգի մասին։ Եթե կա հակամարտություն, ցանկացած պահի էլ կա պատերազմի վտանգ։ Կարող է այս զեկույցը որևէ նշանակություն էլ չունենա, օրինակ նախորդ տարվանը նշանակություն չունեցավ։Ի՞նչն է այնտեղ հետաքրքիր. հետաքրքիր է Ռուսաստանի գործոնի մասը, որ կարող է ստեղծվել վիճակ, որտեղ Ռուսաստանը ստիպված լինի պաշտպանել Հայաստանին որպես իր դաշնակից։ Սա էական խնդիր է, և դա միանգամից նկատվել է, դրա մեջ քաղաքական մեսիջ են տեսնում։ Այսինքն՝ սա ինչ-որ ձևով մեսիջ է Ռուսաստանին կամ ճնշում է՝ Ռուսաստանին ուղղված, որ դու վաղը կարող է քայլերի գնաս, որոնք հարկադրված պիտի անես։ Սա հետաքրքիր է՝ կապված այլ խնդիրների հետ, որոնք կան տարածաշրջանում։Այս հայտարարությունն արվել է ուրիշ կարևոր զարգացումների հետ կապված։ Մասնավորապես, գիտենք Սիրիայում ռուս զինվորների մասշտաբային ջարդի մասին, որի մասին Ռուսաստանում լռում են։ Ես կարծում եմ, որ եթե ԱՄՆ-ը գնում է այս կամ այն ռազմական գործողության, դա պատժիչ և քաղաքական նշանակություն ունեցող գործողություններ են։ Հերթական պատժիչ գործողությունը կատարվեց ԱՄՆ-ի կողմից։ Պետք է հասկանալ, թե սրա նպատակը որն էր։ Ամերիկացիներն ասում են՝ մենք ռուսներին խնդրել ենք, ասել ենք՝ դուք այստեղ կա՞ք, իրենք ասել են՝ ոչ։ Դե եթե ոչ, ուրեմն չեք էլ լինի։ Դրանից հետո ԱՄՆ պետքարտուղարը մեկնեց Թուրքիա, երկար զրույց ունեցավ, որից հետո թուրքական կողմը սկսեց սպառնալ ԱՄՆ-ին և ասել, որ իրենց հարաբերությունները մազից են կախված։ Նման բան կա աշխարհում՝ մեկին խփում ես, որ մյուսներն էլ վախենան։ Հիմա երևում է, որ Թուրքիային շատ խիստ նկատողություն են արել, ինչ-որ սպառնալիք են կախել նրանց վրա։ Հիմա այդ լայն գործընթացների մեջ հրապարակվում է ձեր նշած զեկույցը, որտեղ Ռուսաստանին մեսիջ են տալիս, որ վաղը կարող է ստիպված լինես պաշտպանել քո դաշնակցին։ Ինչ է դա նշանակում՝ իրենք գիտեն։ Ալիևի կողմից ընտրությունները կես տարով առաջ տալու քայլը, նրա ոռնոցները, թե Երևանն են վերցնելու, պատահական չեն։ Դրանք այս վիճակի մեջ արված քայլեր են։

Բայց Ալիևի այդ հայտարարությունները, թե հասնելու են Երևան ու Զանգեզուր, որևէ գնահատականի չարժանացան Հայաստանի կողմից։

Մարդիկ որևէ ռազմավարություն չունեն, որ նման բաները հասկանան։ Եթե չունես ռազմավարություն, ասում ես՝ սպասի լռեմ անցնի, մտնեմ սեղանի տակ, բերանս, ականջներս, աչքերս փակեմ։ Իրենց թվում է, որ եթե սեղանի տակ են մտել, փրկվելու են։ Այս պայմաններում անիմաստ է խոսել լուրջ արձագանքների ու գնահատականների մասին։ Ինչ-որ կուսակցություններ են հայտարարություններ անեմ, թե Ալիևը հիմար է, իրենից ոչինչ չի ներկայացնում և այլն։ Բայց այդ մարդն ինչո՞ւ է գնացել այդ քայլին։ Ադրբեջանցի պաշտոնյաները պարզ խոսում են, որ իրենց մոտ կատարվում են կատաստրոֆիկ փոփոխություններ, և Ալիևը ստիպված է եղել շուտ ընտրությունների խնդիրը մեջտեղից հանել, քանի որ հիմա գոնե մի փոքր կայուն վիճակ է, որ դրանից հետո իմանա, ինչ է լինելու։

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը չբացառեց, որ իրավիճակն իսկապես պայթյունավտանգ է։ Որքանո՞վ է դա իրական։

Պայթյունավտանգ է, որովհետև տարածաշրջանի սուբյեկտները այնքան են կտրված իրականությունից, բացարձակ չեն ընկալում՝ ինչ է կատարվում, որ ցանկացած դրսի ազդեցություն կարող է իրավիճակը պայթեցնել։ Իսկ մենք տեսնում ենք, թե ինչ ազդեցություններ են լինում. եթե առաջ մի խոսք էին ասում, զեկույց էին հրապարակում, հիմա ԱՄՆ-ը բացահայտ մտել ու ջարդ է կազմակերպել։ Ադրբեջանը դա հասկացել է, ինչ-որ քայլեր է անում, Հայաստանում որոշել են սեղանի տակ մտնել, ինչպես միշտ անում են։ Մերոնց թվում է՝ իրենք խրամատում են, կարող են սպասել, որ վտանգն իրենց վրայով անցնի, էլ չգիտեն, որ խրամատում էլ է ինչ-որ բան լինելու։

Պարոն Սարգսյան, ԱՄՆ-ն ծանուցել է Հայաստանի կառավարությանը, որ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ պայմանագիր կնքելու պարագայում հնարավոր է թիրախում հայտնվի: Ինչպե՞ս եք գնահատում այս՝ արդեն բաց տեքստով ակնարկները։

Ճիշտ են անում։ Եվ եթե դա լուրջ է, Հայաստանը իր դիրքորոշումը պետք է ունենա, ԱՄՆ-ին հստակ պիտի ասի, որ մենք այսպիսի թշնամի ունենք, որ ուզում է մեր մայրաքաղաքը վերցնի, զենք է վերցնում միլիոնավոր դոլարներով Ռուսաստանից, իսկ դո՞ւք ինչ եք անում, որ ասում եք։ Զենք տվեք, չգնանք Ռուսաստանից վերցնենք, տալի՞ս եք, չեք տալիս։ Պարզ պետք է գնալ խոսել, և թող իրենք զենք տան, բարձրագույն տեխնոլոգիաներ, որ չգնանք ռուսներից վերցնենք։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am