18.09.2018

Центр в Прессе

Այդ 105 հոգուն այնպիսի վիճակ ենք գցելու, որ չեն էլ գնալու խորհրդարան. Եթե այսպես դրվեր հարցը (Lragir.am)

Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը

Պարոն Սարգսյան, արդեն 6-րդ օրն է, որ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ քաղաքից քաղաք քայլարշավ է իրականացնում, որը կավարտվի ապրիլի 13-ին Երևանում, հանրահավաքով։ Նա հայտարարում է, որի պետք է շրջափակեն Բաղրամյան փողոցը և չթողնեն վարչապետի քվեարկությունը կատարվի։ Ինչպե՞ս եք գնահատում այս ծրագիրը։

Տարբերակն ինքը պետք է ցույց տա։ Կամ իրենք հասնում են արդյունքի, կամ եթե չեն հասնում, նշանակում է վատ տարբերակ էր։ Եթե կհաջողեն, կասենք՝ կեցցեն, եթե չեն հաջողի, թող նստեն մտածեն, ժողովուրդն էլ մտածի, թե ինչու չստացվեց։ Հիմա, թե ինչքանով է ճիշտ ձևակերպված խնդիրը, ես չգիտեմ։ Ես, օրինակ, լրիվ ուրիշ ձևով կձևակերպեմ խնդիրը։ Ոմն Շարմազանով, որ ներկայացնում է իշխող ուժը, հայտարարել է՝ ես ունեմ իրավունք քվեարկել այնպես, ինչպես ես եմ ուզում, և բոլորը պետք է հարգեն իմ այդ իրավունքը։ Եթե չեն հարգում, իրավապահ մարմիններ կան, որոնք պետք է ապահովեն իմ քվեարկելու իրավունքը։ Այսինքն՝ մարդը ասել է՝ դուք ո՞վ եք ընդհանրապես, մենք ժողովրդի կողմից ընտրված պատգամավոր ենք և անում ենք այն, ինչը ճիշտ ենք համարում։ Հիմա որքանով են մարդիկ համաձայն նրա հետ, ամբողջ խնդիրը դա է։ Դրա համար, երբ ասում են՝ Սերժ Սարգսյանը չպետք է լինի վարչապետ, բոլորն էլ գիտեն, որ Սերժ Սարգյանը ոչ մի իրավունք չունի, ընդհանրապես շատ վտանգավոր է նրա առաջադրումը վարչապետի պաշտոնում։ Բայց դրանից ի՞նչ է փոխվելու, ոչ մի բան չի փոխվելու։ Ես օրակարգը կձևակերպեի հետևյալ կերպ՝ թույլ չտալ ընտրելու իրավունք չունեցող Շարմազանովներին քվեարկել հօգուտ Սերժ Սարգսյանի։ Նրանք այդ իրավունքը չունեն, նրանք ուզուրպատորներ են, նրանք ժողովրդի ներկայացուցիչներ չեն։ Դրա համար մենք պետք է ստեղծենք այնպիսի վիճակ, որ այդ մարդիկ չկարողանան քվեարկել։ Այդ ժամանակ ես կտեսնեի, որ այս երկրում դրված է պարզ խնդիր։ Եթե իրենց թվում է, որ ինչ-որ շենքերի առջև հավաքվելու են ու հանկարծակի Շարմազանովները չեն քվեարկելու, միամիտ մարդիկ են։ Եթե իրենք ժողովրդին առաջարկեին, որ ժողովուրդ ջան, այդ 105 հոգուն մեկ-մեկ այնպիսի վիճակ ենք գցելու, որ նրանք չեն էլ գնալու մտնեն այդ խորհրդարանը, ոչ թե մենք չենք թողնելու, այլ իրենք չեն գնալու, հետևաբար ԱԺ նիստն էլ չի լինելու, - այդ ժամանակ ես բավական լուրջ կվերաբերվեի ցանկացած գործողության, որը այս կամ այն ուժը առաջարկում է հանրությանը։ Ես կարծում եմ՝ ժողովուրդն էլ կհասկանա, որ այո, կարելի է փորձել իրականացնել դա։Մենք մեր պատմության մեջ ունեցել ենք նման բան, երբ ժողովուրդը 390 նոմենկլատուրային կոմունիստներին հարկադրել է իր որոշումը։ Ընդ որում, ոչ թե շենքի մոտ, այլ ամեն մեկին առանձին, որի արդյունքում նրանք եկել են Ազատության հրապարակում ստորագրել են, որ մենք գնալու ենք և քվեարկելու ենք ձեր առաջադրած խնդիրների օգտին։ Ես դեռ չեմ տեսնում նման բան, ինչը ցույց է տալիս, որ դեռ հասունացած չի պրոցեսը։ Հույս ունեմ, որ կհասունանա ինչ-որ մի ժամանակ։ Շարմազանովը լսելով, որ կարող է իրեն ընդհանրապես թույլ չտան քվեարկել, արդեն միանգամից հիշել է իրավապահ մարմիններին։ Դա նշանակում է՝ ասում է, եկեք ապահովեք իմ իրավունքը։ Իսկ ինչ կլինի, եթե իրավապահ մարմինները չապահովեն նրա կարծեցյալ իրավունքը։ Այդ ժամանակ նա նստելու է մի կոտրած «Գազել» և Հայաստանից փախչի Վրաստան։ Այդ ժամանակ մենք կունենանք հաջողություն, Սերժ Սարգսյանն էլ կգնա իրեն հատկացրած տեղում կնստի։

«Ելք» դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պարտվողական է համարել Նիկոլ Փաշինյանի առաջարկած ճանապարհը։ Փոխարենն առաջարկել է զսպաշապիկ լինել իշխանությանը, վերցնել այս-այս լծակները և ներսից իրավիճակ փոխել, քանի որ անհնար է դրսից պայքարի միջոցով հասնել հաջողության։

Դրան պատասխանեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, որ եթե ուզում ես ներսից բան փոխել, պետք է լինես մեր միջի մարդ։ Այդ դեպքում արի դիմում գրի, որ ուզում ես իշխանության մաս լինես, որ ինչ-որ բան փոխես։ Մենք էլ ենք փոխում։ Այստեղ ամեն ինչ պարզ է։ Մարդիկ կամ պայքարում են, կամ չեն պայքարում։ Կարող է սխալ պայքարեն, կարող է Նիկոլ Փաշինյանն էլ է սխալ պայքարում, բայց տեսնում ես, որ նրանք ուզում են ինչ-որ բան փոխել։ Բայց երբ տեսնում ես մարդկանց ասածներից, որ նրանք ոչ թե ուզում են երկրում ինչ-որ բան փոխել, այլ ուզում են եղած համակարգում իրենց տեղը գտնել, դա արդեն այլ բան է։ Հասարակությունը հարիֆ չի, հատկապես այս վերջին ընտրություններից հետո փայլուն ցույց է տվել, որ շատ լավ ամեն ինչ հասկանում է, թե ով ինչով է զբաղված, ով ինչ է ուզում։ Դրա համար ընկած փողոցներում մարդ են փնտրում։ Բայց մարդիկ հո հիմար չեն, տեսել են, որ վերջին 22 տարիներին իրեն բերում են հանրահավաքների, հետո գնում իրենց անձնական հարցերն են լուծում։ Դրա համար էլ ասում են՝ գնացեք ձեր հարցերը լուծեք առանց մեզ։ Ասածս այն է, որ բավական բարդ վիճակ է ստեղծված որևէ քաղաքական ուժի համար, որովհետև գիտակից, փորձ ձեռք բերած հանրությանը հասկացնել, որ դու այլևս այն չես, ինչ եղել ես, շատ դժվար է։ Թող հասկացնեն ժողովրդին, եթե հավատաց, պատրաստ կլինի պայքարի, խնդիրներ լուծելու։ Բայց որևէ մեկը արդեն դեմագոգիկ ճառեր լսելու ցանկություն չունի։ Ըստ էության, հասարակությունը վրեժ է լուծում այս կամ այն քաղաքական ուժից։ Մարդիկ ուզում են հասկանալ՝ դու պայքարո՞ղ ես, թե Արթուր Բաղդասարյան կամ Գեղամյան։

Եթե Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարող ուժերը միավորված լինեին, հնարավո՞ր կլիներ հաջողության հասնել։

Պետք է ազատվել այդ հեքիաթից։ Պետք է ծրագիրն ու գաղափարը միավորի, ոչ թե 20 մարդ-կուսակցություն։ Ում են պետք 20 կամ 70 գոյություն չունեցող կուսակցությունները։ Գնացեք ձեր խնդիրը լուծեք, միավորումը ո՞րն է։ Ուզում եք գնացեք մարդկանց մեծ ցուցակ կազմեք ու ասեք՝ տեսեք, ինչ հզոր ենք մենք։ Այդ ժամանակներն անցել են, մարդիկ հավատացել են, գնացել են, տեսել են։ Մի բան ասեք, որ մարդիկ իմանան՝ ինչ են անում։ Նրանք կմիավորվեն ու խնդիրը կլուծեն։ Մեր հասարակությունը գնում թշնամուն ջարդում է, էս խնդիրն ի՞նչ է, որ չլուծի։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am