Հայկական պետականության պատմության մեջ հիշարժան ամսաթվերը հիշատակող օրերը «նշանավորվում» են բազմաթիվ ինքնահռչակ «ամենագետների» բարձրաձայն հայտարարություններով, որոնք պնդում են, թե նախապես գիտեին Խորհրդային Միության փլուզման եւ հայկական պետականության ձեւավորման բոլոր գաղտնիքները։ Սա հատկապես ակնհայտ է 2020թ. պատերազմում կրած պարտությունից եւ Լեռնային Ղարաբաղի կորստից հետո։ Առօրյա քաղաքական պատկերացումների վրա հիմնված այս գռեհիկ պարծենկոտությունները, որոնք լցնում են լրատվական ալիքները, գրեթե տեղ չեն թողնում Հայաստանի նորագույն պատմության որեւէ ողջամիտ քննարկման համար։
Սակայն նման քննարկումները պետք է վարվեն, այդ թվում՝ օգտագործելով այս «ամենագետների» գաղափարական «ներուժը»: Այսօր նույնպես շատ բան կա հիշելու։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ը նշանավորում է ՀՀ-ի կազմավորման պատմության մեջ ամենավիճահարույց որոշումների օրը։ Այն համարվում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական անկախության օր։ Այս ամսաթիվը 1991 թվականի ազգային հանրաքվեի օրն է նաեւ, որի ժամանակ երկրի քաղաքացիները քվեարկեցին ԽՍՀՄ-ից անջատվելու եւ անկախ պետություն ստեղծելու օգտին։ Այս մասին ասվում է 1991-ի սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված փաստաթղթում՝ «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է Հայաստանի հանրապետության Անկախության Հռչակման մասին»:
Սեպտեմբերի 21-ի հանրաքվեից հետո ընդունված այս որոշումը հստակորեն նշում էր, որ անկախությունը հռչակվում է՝ «հավատարիմ մնալով Հայաստանի անկախության մասին Հռչակագրին, հենվելով մարդու իրավունքների եւ ազգերի ազատ ինքնորոշման միջազգային նորմերի վրա»։ Այսինքն՝ փաստաթուղթը 1991թ. օգոստոսի 23-ին հռչակված Հանրապետության անկախության Հռչակագիրն էր. սեպտեմբերի 21-ի հանրաքվեից հետո մեկ այլ հանրապետության ձեւավորում չէր հայտարարվում։ Ահա եւ հարցը ինքնահռչակ մեր «ամենագետների» համար. ինչո՞ւ սեպտեմբերի 21-ին նախկին հայկական ԽՍՀ տարածքում, առանց ԼՂԻՄ բնակչության մասնակցության, անցկացված հանրաքվեից հետո ՀՀ անկախությունը հռչակվեց 1990թ. օգոստոսի 23-ի Հռչակագրի հիման վրա։
Ի վերջո՝ 1990թ. Հռչակագրի նախաբանում ուղղակիորեն հղում է կատարվում Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ի՝ «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշմանը։ Այլ կերպ ասած՝ Հանրապետության մասին նրանք խոսում էին բոլորովին այլ սահմաններով եւ բոլորովին այլ պետական փիլիսոփայությամբ։ Մի՞թե չէին գիտակցում, թե ինչ են անում առաջին պետական գործիչները։ Դժվար է հավատալ։ Ի վերջո՝ այս նույն Հռչակագիրը հիմք հանդիսացավ Հայաստանի Հանրապետության առաջին Սահմանադրության նախաբանի համար։ Եվ ոչ ոք չվարանեց. Ակնհայտորեն՝ պետականաշինության նման մոտեցման համար հիմքեր կային։
Ավելին՝ Հայաստանի Հանրապետությունը չճանաչեց 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները, ինչպես նաեւ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992թ. սեպտեմբերի 6-ի որոշումը, որով հռչակվեց իր անկախությունը։ Այլ կերպ ասած՝ ՀՀ Գերագույն խորհրդի 1991-ի սեպտեմբերի 23-ի որոշումը մնում է անխախտ։ Տասնամյակներ շարունակ Հայաստանում ոչ ոք չի վիճարկել այս որոշումը։ Այն չի վիճարկել նաեւ միջազգային հանրությունը, որը Հայաստանի Հանրապետությունն ընդունել էր ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի առաջատար կազմակերպություններում։
Ոչ ոք չի պահանջել ՀՀ անկախության Հռչակագրի նախնական փոփոխություն։ Հայաստանի ինքնիշխանությունը ճանաչվել է այն տեսքով, որով Հանրապետությունը ներկայացել է աշխարհին։ Ավելին՝ ճանաչվել է ԼՂԻՄ-ի ապագա կարգավիճակի շուրջ վեճի օրինականությունը եւ ԵԱՀԿ-ի շրջանակներում ստեղծվել էր միջազգային համաժողով՝ այդ կարգավիճակը որոշելու համար։ Թե ինչպես են Հայաստանի հաջորդական իշխանությունները վերաբերվել այս իրավիճակին՝ այլ հարց է։ Ամեն դեպքում ճշմարտությունն այն է, որ 1991 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումը համարձակվել էր վիճարկել միայն հարեւան Ադրբեջանը:
Մանվել Սարգսյան

