Ինչո՞ւ Հայաստանը չի ավարտում ՀԱՊԿ-ի վերաբերյալ որոշումը
Հայաստանը մի քանի տարի է՝ փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին, սակայն իրավականորեն շարունակում է մնալ կազմակերպության անդամ։
Իշխանությունը հայտարարում է, որ ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները։ Երբ հարձակման ենթարկվեց Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքը, կազմակերպությունը չգործադրեց հավաքական պաշտպանության իր մեխանիզմը։ Ստացվում է՝ Հայաստանը շարունակում է դաշնակից համարվել մի կառույցում, որը վճռորոշ պահին չպաշտպանեց իրեն։
Այս վիճակը կարող էր ժամանակավոր լինել, եթե Հայաստանը այդ ընթացքում կառուցեր անվտանգության նոր համակարգ և պատրաստվեր վերջնական որոշման։ Բայց տարիներով շարունակվող անորոշությունն արդեն ինքնին խնդիր է դարձել։
Մենք ո՛չ լիարժեքորեն մասնակցում ենք գործող դաշինքին, ո՛չ պաշտոնապես դուրս ենք գալիս դրանից, ո՛չ էլ ներկայացնում ենք հասարակությանը, թե ինչ համակարգով ենք պատրաստվում այն փոխարինել։
Ի՞նչ է տալիս ՀԱՊԿ-ում մնալը
Հայաստանը դեռ ունի թղթի վրա գրված հավաքական պաշտպանության երաշխիք։ Սակայն արդեն տեսել ենք, որ իրավական պարտավորությունը դեռ չի նշանակում այն կատարելու քաղաքական կամք։
ՀԱՊԿ-ում մնալը կարող է ժամանակավորապես զսպել Ռուսաստանի հնարավոր հակազդեցությունը և թույլ տալ միանգամից չվերանայել հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ համակարգը։ Բայց այդ հարաբերությունները չեն սահմանափակվում ՀԱՊԿ-ով։ Ռազմաբազան, սահմանապահ ներկայությունը, տնտեսական ու էներգետիկ կապերը և մյուս պայմանավորվածությունները առանձին հարցեր են։ Հետևաբար՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը չի նշանակում Ռուսաստանի հետ հարաբերությունների խզում, այլ նշանակում է ընդունել, որ տվյալ կազմակերպությունն այլևս չի իրականացնում այն նպատակը, որի համար Հայաստանը շարունակում է մնալ նրա անդամը։
Մնալու գլխավոր վտանգն այն է, որ չգործող երաշխիքը շարունակում ենք ներկայացնել որպես անվտանգության համակարգ։ Այդպես այն ոչ միայն չի պաշտպանում Հայաստանը, այլև հետաձգում է իրական այլընտրանքի ստեղծումը։
Ի՞նչ հետևանքներ կունենա դուրս գալը
ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո Հայաստանը կկորցնի նույնիսկ այն իրավական երաշխիքը, որը գործնականում չի կիրառվել։ Հնարավոր են նաև Ռուսաստանի քաղաքական, տնտեսական կամ ռազմատեխնիկական հակազդեցություններ։ Դրանք իրական ռիսկեր են և չեն կարող անտեսվել։
Պետք է նաև հասկանալ, որ գործող իրավիճակն ինքնին անվտանգ չէ։ Հայաստանը հիմա էլ փաստացի չի օգտվում ՀԱՊԿ-ի պաշտպանությունից։ Տարբերությունն այն է, որ շարունակում է կրել անդամակցության քաղաքական սահմանափակումները և ստեղծել պաշտպանվածության այնպիսի տպավորություն, որն իրականությանը չի համապատասխանում։ Ուստի հարցը չի կարող ձևակերպվել միայն այսպես՝ մնա՞լ, թե՞ դուրս գալ։
Հիմնական հարցն այն է, թե Հայաստանը նախապատրաստե՞լ է այն համակարգը, որը գործելու է ՀԱՊԿ-ից հետո։ Եթե դուրս գալը կատարվի առանց այդ համակարգի, այն կարող է վերածվել վտանգավոր դատարկության։ Եթե դրան նախորդեն բանակի ուժեղացումը, կախվածությունների նվազեցումը և արտաքին հարաբերությունների վերակառուցումը, այն կարող է դառնալ ինքնուրույն անվտանգային քաղաքականության սկիզբ։
Պարտադի՞ր է ՀԱՊԿ-ը փոխարինել մեկ այլ դաշինքով
Սովորաբար ենթադրվում է, որ եթե Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, պետք է միանա մեկ այլ ռազմաքաղաքական դաշինքի։ Բայց հնարավոր է նաև երրորդ ճանապարհ։ Հայաստանը կարող է հայտարարել, որ չի միանալու որևէ ռազմաքաղաքական դաշինքի, իր տարածքը չի տրամադրելու այլ պետությունների դեմ գործողությունների համար և իր անվտանգությունը կառուցելու է սեփական պաշտպանական կարողությունների ու բազմակողմ համագործակցության վրա։ Այսինքն՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը չպետք է նշանակի մի կախվածությունը մյուսով փոխարինել։
Հայաստանը կարող է համագործակցել Հնդկաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իրանի, Ռուսաստանի և այլ պետությունների հետ՝ առանց որևէ մեկի ռազմաքաղաքական ճամբարի մաս դառնալու։ Կարող է տարբեր երկրներից ձեռք բերել սպառազինություն, տեխնոլոգիա և գիտելիք, բայց թույլ չտալ, որ երկրի պաշտպանությունը կրկին ամբողջությամբ կախված լինի մեկ կենտրոնից։ Այս քաղաքականությունը կարելի է ձևակերպել որպես ռազմաքաղաքական չեզոքություն։
Չեզոքությունը անպաշտպանություն չէ
Չեզոքության մասին հայտարարությունը ինքնին ոչ մեկին չի պարտադրելու հարգել Հայաստանի սահմանները։ Չեզոքությունը կարող է գործել միայն այն դեպքում, երբ երկիրը զինված է, երբ պետությունը չի մասնակցում ուրիշների պատերազմներին, բայց պատրաստ է ամբողջ ուժով պաշտպանել իրեն։ Հայաստանի չեզոքությունը չի կարող կառուցվել այն ակնկալիքի վրա, որ պատերազմին չմասնակցելու դիմաց ուրիշները չեն հարձակվի մեզ վրա, այլ պետք է հիմնվի այն համոզման վրա, որ Հայաստանի վրա հարձակումը չափազանց բարձր գին է ունենալու։
Դրա համար անհրաժեշտ են մարտունակ բանակ, պատրաստված պահեստազոր, պաշտպանական արդյունաբերություն, ամրացված սահմաններ, ժամանակակից հետախուզություն և սպառազինության կայուն մատակարարումներ։
Այսինքն՝ չեզոքությունը պաշտպանության պատասխանատվությունը ուրիշին հանձնելը չէ։ Ճիշտ հակառակը՝ այն ամբողջությամբ սեփական ուժի վրա կառուցելն է։
Չեզոքությունը պետք է նաև ճանաչված լինի
Հայաստանը կարող է միակողմանի հայտարարել իր չեզոքության մասին, բայց այդ կարգավիճակը դեռ միջազգային երաշխիք չի դառնա։ Անհրաժեշտ է, որ այն ճանաչեն ոչ միայն հեռավոր գործընկերները, այլ՝ հատկապես հարևան պետություններն ու տարածաշրջանում ազդեցություն ունեցող ուժերը։
Հայաստանը պետք է պարզաբանի՝
- ո՞վ է պատրաստ ճանաչել և հարգել նրա չեզոք կարգավիճակը․
- ինչպե՞ս է արձագանքելու այդ կարգավիճակի խախտմանը․
- ինչպե՞ս է օտար ռազմական ներկայությունը համապատասխանեցվելու պետության չեզոքությանը,
- և արդյո՞ք Հայաստանն ինքնուրույն կարող է պաշտպանել իր ընտրությունը։
Առանց սեփական ուժի չեզոքությունը կմնա ցանկություն։ Առանց միջազգային ճանաչման՝ միակողմանի հայտարարություն։ Միայն այս երկուսի համադրությամբ այն կարող է դառնալ անվտանգության համակարգ։
Ինչպիսի՞ն կարող է լինել Հայաստանի ճանապարհը
Հայաստանը դեռ պատրաստ չէ անմիջապես հայտարարել մշտական չեզոքության մասին, բայց կարող է արդեն հիմա հռչակել ռազմաքաղաքական դաշինքներին չմիանալու ուղղությունը։ Դրա հիմքում կարող է լինել հետևյալ սկզբունքը․ Հայաստանը չի ձգտում միանալ որևէ ռազմաքաղաքական դաշինքի կամ իր տարածքը տրամադրել որևէ երրորդ պետության դեմ գործողությունների համար։ Հայաստանը կառուցում է սեփական պաշտպանական կարողությունների, բազմակողմ համագործակցության և տարածաշրջանային հավասարակշռության վրա հիմնված անվտանգային համակարգ։
Սա Հայաստանին թույլ կտա ՀԱՊԿ-ից դուրս գալը ներկայացնել ոչ թե որպես Ռուսաստանի դեմ քայլ կամ դեպի մեկ այլ ուժային կենտրոն շրջադարձ, այլ՝ որպես ինքնուրույն քաղաքական ընտրություն։ Սակայն այդ հայտարարությանը պետք է նախորդի և հաջորդի իրական աշխատանք՝ բանակի ուժեղացում, սպառազինության աղբյուրների բազմազանեցում, պաշտպանական արդյունաբերության զարգացում, արտաքին կախվածությունների նվազեցում և չեզոք կարգավիճակի միջազգային ճանաչման շուրջ բանակցություններ։
Ո՞րն է իրական ընտրությունը
Հայաստանի ընտրությունը միայն ՀԱՊԿ-ում մնալը կամ մեկ այլ դաշինքի անդամ դառնալը չէ։ Կա նաև երրորդ ճանապարհ, որը վերևում մատնանշեցինք՝ դուրս գալ չգործող դաշինքից, չանցնել մեկ այլ ուժային կենտրոնի ենթակայության տակ և անվտանգությունը կառուցել սեփական ուժի, բազմակողմ համագործակցության ու զինված չեզոքության վրա։
Սա հեշտ ճանապարհ չէ։ Հնարավոր է՝ այն նույնիսկ ավելի դժվար է, քան նոր դաշնակից փնտրելը, որովհետև պահանջում է անվտանգության հիմնական պատասխանատվությունը վերցնել սեփական պետության վրա։ Բայց միայն այդ դեպքում Հայաստանը կարող է դադարել անվտանգություն խնդրող պետություն լինելուց և դառնալ սեփական անվտանգությունը կազմակերպող պետություն։
ՀԱՊԿ-ից դուրս գալը ինքնին Հայաստանը չի դարձնի ավելի անվտանգ, բայց չգործող դաշինքում անվերջ մնալն էլ անվտանգություն չի ստեղծում։ Ուստի հիմնական հարցն այլևս այն չէ, թե ՀԱՊԿ-ը դաշնակից է, թե ոչ։ Իրադարձություններն այդ հարցին արդեն պատասխանել են։
Հիմնական հարցը սա է․ Հայաստանը պատրա՞ստ է հրաժարվել չգործող դաշինքի պատրանքից և իր անվտանգությունը կառուցել սեփական ուժի ու զինված չեզոքության վրա։
Արթուր Բալոյան

