Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Վրաստանի տարածքով Հայաստան հասցված 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզինի թեման ամենաքննարկվածներից էր անցնող շաբաթվա ընթացքում: ՔՊ-ական «բոմոնդը» հրճվանքի մեջ էր. 1.300 տոննա ծավալով վառելանյութը նրանք ներկայացնում են որպես «հաստատված խաղաղության ապացույց»։ Ավելի ուշ հայտարարվեց, որ ադրբեջանական բենզինը ՀՀ-ում կվաճառվի անհամեմատ ցածր գնով՝ 440 դրամով։ Հայտնի դարձավ նաեւ, որ վառելանյութը կվաճառվի «Մեգա Թրեյդ» ընկերությանը պատկանող «Ռան օյլ» բենզալցակայանների ցանցում։ Այս ընկերությունը գործում է ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնի» կազմում։
Մամուլի տեղեկացմամբ՝ Բաքվից բենզինը Հայաստան է մտել խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի միջոցով, իսկ Խաչատուր Սուքիասյանի միջոցով այն կվաճառվի տեղական շուկայում։ Անշուշտ՝ կառավարությունը հոգացել է, որպեսզի գործարքն իրականացնեն մասնավոր ընկերությունները, իսկ գործարքի վարկանիշային բաղադրիչն ամեն դեպքում պետությանն է բաժին հասնելու: Բայց, կարծես թե, իշխանության հաշվարկները սխալ դուրս եկան. չնայած հայտարարված ցածր գնին, բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ալիք բարձրացրին՝ բոյկոտելով «Ռան օյլ»-ից բենզին գնելը։ Այն վաճառելուց ձեռնպահ մնացին նաեւ մի քանի խոշոր ներկրողներ՝ «Ֆլեշ»-ը, «Սիփիէս Էներջի Գրուպ»-ը եւ այլ ՍՊԸ-ներ:
Ճիշտն ասած՝ մի քիչ տարօրինակ է, որ սեփական կարիքների համար Ռուսաստանից, ԱՄԷ-ից, Ռումինիայից բենզին ներկրող Ադրբեջանը Հայաստան բենզին է արտահանում: Ակնհայտ է, որ այստեղ մի բան այն չէ: Փաշինյանի իշխանության համար սա, իհարկե, ձեռքբերում է, որը նա կփորձի խաղաղության, փոխվստահության, բարիդրացիության շղարշի տակ վաճառել հասարակությանը: Հիմա, երբ հասարակության եւ որոշ խոշոր ներկրողների առաջին բացասական արձագանքներն առկա են, ընդդիմությունը պետք է ոչ թե պասիվ դիտորդի պես հետեւի գործընթացին, այլ ջանա հանրային պատշաճ օրակարգ ձեւավորել ու դրա շուրջ համախմբել քաղաքականապես ակտիվ զանգվածին:
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը վստահ է, որ ադրբեջանական բենզինի գործարքը խաղաղության, դիվերսիֆիկացման կամ լոգիստիկայի հարց չէ: Սա, ըստ նրա, լուրջ բարոյաէթիկական խնդիր է. «Ո՞նց ենք պատկերացնում բենզին գնել մի երկրից, որը մի քանի տարի առաջ ոչնչացրել է մի ամբողջ հայկական սերունդ, որը հիմա ցմահ ազատազրկում է պահանջում մեր ռազմագերիների համար, առցանց ռեժիմով ոչնչացնում է հայկական շքեղ քաղաքներն ու գյուղերն Արցախում, առաջիկայում ունի Սեւանը «Գյոյչայի» վերածելու եւ 300 հազար ադրբեջանցի մեր երկիր ուղարկելու ծրագրեր»,- համացանցում գրել է Հովհաննիսյանը:
Ադրբեջանական բենզինի մերժումը, անշուշտ, քաղաքացիական կեցվածք է, ազգային արժանապատվության դրսեւորում։ Փորձագետը բերում է օրինակներ, երբ տարբեր փուլերում տարբեր հանրություններ տարբեր դրդապատճառներով մերժել են այս կամ երկրի ապրանքը։ Իսրայելական արտադրանքը մերժվել էր արաբական աշխարհում եւ այլուր, թուրքականը՝ Ֆրանսիայում, ԱՄՆ-ի ապրանքները՝ Լատինական Ամերիկայում ու Մերձավոր Արեւելքում։ Ի դեպ, տարիներ ի վեր Սփյուռքի հայերից շատերը բոյկոտում են «Լուկօյլ»-ի բենզալցակայանները, որպեսզի հանգիստ լինեն, որ իրենց գումարով չեն զինում Ադրբեջանին՝ ընդդեմ Հայաստանի: Իսկ մենք թշնամի պետության բենզինը գնելով՝ արդյո՞ք չենք մասնակցում նրա բանակի զինմանը:
Նման մտահոգությունները, սակայն, հասու չեն ՀՀ գործող իշխանություններին, որոնք առիթը բաց չեն թողնում, ի լուր աշխարհի, մեծարելու Հայաստան ադրբեջանական նավթի առաքման իրադարձությունը: Նույնիսկ աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Փաշինյանն է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից երախտիքի իր խոսքը հղել Բաքու՝ «կիրթ ու կառուցողական» գործընկերոջը՝ Իլհամ Ալիեւին. «Երախտագիտությունս եմ հայտնում Ադրբեջանի նախագահին՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու որոշման, ինչպես նաեւ երկկողմ առեւտուր սկսելու համար պայմաններ ստեղծելու համար»,- հայտարարել է նա:
Հավանաբար՝ մտքում անգամ ափսոսանք է հայտնել նաեւ, որ Ալիեւը «զբաղվածության» պատճառաբանությամբ չէր կարողացել մասնակցել Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի եւ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին: Անձամբ շնորհակալություն կհայտներ ու ամուր կսեղմեր ձեռքը: Այն ձեռքը, որով հազարումի չարագործություններ է պատճառել եւ շարունակում է պատճառել հայ ժողովրդին: Լա՛վ, կարելի՞ է այդքան տհաս լինել: Շուրջ 35 տարի, երբ փակ էր Բաքվի ճանապարհը, մի՞թե բենզինի կամ ցորենի (այն էլ՝ 4-րդ-5-րդ կարգի) պակաս ունեինք: Բենզինը լիուլի գալիս էր Իրանից, ցորենը՝ ՌԴ-ից: Ինչի՞ մասին են այդ կապիկությունները:
Ակնհայտ է, որ Սանկ Պետերբուրգի միջոցառումներից Բաքվի բռնապետի բացակայելու պատճառը զբաղվածությունը չէ: Ո՞վ չգիտի, որ առանց իրեն Բաքվում 3 օր «մի կերպ» յոլա կգնային: Հայաստանի պարագայում, օրինակ, առանց Նիկոլի օրերն ամենահանգիստն են, ամենախաղաղը եւ, ըստ էության, ամենաարդյունավետը: Այնպես որ, զբաղվածությունն ընդամենը պատրվակ է, Ալիեւն իրականում քաղաքական բոյկոտ է հայտարարել, ուղղակի քաջությունը չի ներում՝ ասել ճշմարտությունը: Նա այդպիսով՝ մի կողմից հասկանալ է տալիս, որ ինքն այլեւս չունի Մոսկվայի կարիքը, մյուս կողմից՝ ուղերձ է հղում Թուրքիային եւ Արեւմուտքին, որ Ադրբեջանն արդեն դուրս է եկել ռուսական ազդեցության գոտուց եւ ինքնուրույն, ինքնիշխան միավոր է:
Բայց Իլհամի՝ Սանկտ Պետերբուրգ չգնալու ամենաէկզոտիկ պատճառի մասին շատ քչերը գիտեն: Հիմա դուք կդառնաք այդ քչերից մեկը: Ուրեմն՝ Պուտինը ԱՊՀ ղեկավարների համար շրջագայություն էր կազմակերպել «Էրմիտաժ»-ում: Երկրների առաջնորդները «Էրմիտաժ»-ի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկիի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանային համալիրում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Նրանք եղել են նաեւ Հայաստանի մշակույթի եւ արվեստի սրահում, որտեղ բնականաբար հնագույն եւ հարուստ ժառանգություն է պահվում: Ալիեւը կանխավ գիտեր այդ շրջայցի մասին, ինչն էլ նրան «խրտնացրել» էր: Իր երկիրն «Էրմիտաժ»-ին պահ տալու ոչինչ չի ունեցել եւ չունի:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին եւ 25-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող բոլոր հայ անձանց: Այս մասին «Ազատությանը» հայտնել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին: Այցելող թիմի կազմում եղել է նաեւ բժիշկ: «Նախկինի պես ուշադրության կենտրոնում են եղել առողջական հարցերը, անձանց հանդեպ վերաբերմունքը եւ պահման պայմանները»,- ասել է Ամատունին: Այցը կազմակերպել է ԿԽՄԿ Ժնեւի գլխավոր գրասենյակը: Ինչպես հայտնի է, Բաքվի պահանջով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեցրել է Ադրբեջանում իր գործունեությունը:
«Եթե Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառվեին, ապա Երեւանը շատ ավելի վաղ կդադարեցներ օկուպացիան»,- դեկտեմբերի 24-ին Աղդամում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ «Այդ փոքր, ոչ այնքան հարուստ, նույնիսկ աղքատ երկրի հանդեպ, սակայն, այդպես էլ պատժամիջոցներ չկիրառվեցին։ Ավելին՝ որոշ երկրներ Հայաստանին միլիոնավոր, միլիարդավոր դոլարների անվճար զենք էին տրամադրում»,- հայտարարել է խաղաղության պատրանքով մեր ՔՊ-ականներին երջանկացրած Ալիեւը։ Նրա պնդմամբ` հակամարտության ողջ ընթացքում «միջազգային կառույցները ճիշտ որոշումներ էին կայացնում, սակայն որեւէ քայլ չէին ձեռնարկում դրանք կյանքի կոչելու համար»։
Վարչապետի գլխավորությամբ դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը: Գործադիրի հաղորդմամբ՝ մանրամասներ են ներկայացվել իշխանությունների լիարժեք հավասարակշռման եւ փոխզսպման մեխանիզմների ամրապնդման, իրավական կառուցակարգերի հետագա կատարելագործման, հանրային կառավարման ինստիտուտների արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ սահմանադրական հաստատությունների կայունության եւ գործունակության ապահովմանն ուղղված կարգավորումների վերաբերյալ։ Սահմանադրական կարգավորումների վերանայմանն առնչվող հարցերի շրջանակում ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են առաջարկներ:
Մոսկովյան դատարանը շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովին հեռակա կարգով ձերբակալելու որոշում է կայացրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության արդարացման հոդվածով, որը 5-ից 7 տարվա ազատազրկում է նախատեսում։ Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանի դատարանի վճռում, սակայն, հստակեցված չէ, թե հատկապես որ հայտարարությունների համար է Կասպարովի նկատմամբ նման որոշում կայացվել։ Դատավճռում միայն նշված է, որ խափանման միջոցն ուժի մեջ կմտնի նրա ձերբակալության կամ արտահանձնման պահից սկսած։ Կասպարովը բնակվում է արտերկրում եւ ավելի քան 10 տարի է՝ ինչ Ռուսաստանում չի եղել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան դեկտեմբերի 24-ին Ստեփանակերտում «Հաղթանակի զբոսայգի» են բացել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զբոսայգու մուտքից դեպի «Հաղթական կամար» 44 աստիճան է շարված, որոնք խորհրդանշում են 2020թ. պատերազմի օրերը: Բացի դրանից, տեղադրվել է հատուկ հուշատախտակ, որը պատմում է «պատերազմի ընթացքի մասին, այդ թվում՝ մատնանշում ազատագրված բնակավայրերի անուններ», ինչպես նաեւ ԼՂ-ի դեմ 2023-ին ձեռնարկված ռազմական գործողության մանրամասները։ Զբոսայգին բացվել է Իլհամ Ալիեւի ծննդյան օրը։

