Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Շաբաթվա նշանակալի իրադարձություններից է ապրիլի 19-ին մեկնարկած Երեւան-Գյումրի ավտոերթը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Ծրագրով նախատեսված էր ոչ միայն այցելել թանգարաններ, եկեղեցիներ, սրճարան ու ռեստորաններ, այլեւ հանդես գալ համերգով, որտեղ թմբուկ կզարկի ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը: «Միասին լավ օր կանցկացնենք Գյումրիում»,- խոստացել է Փաշինյանը։ Միջոցառմանը մասնակցում էր նաեւ Փաշինյանի նախկին կինը՝ «տուն վերադարձած» Աննա Հակոբյանը, ով լրագրողների ոչ մի հարցին հարկ չհամարեց պատասխանել: Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ կիրակի օրը մեծ ավտոերթով նշելու են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ–Գյումրի հատվածի բացումը։
Ճանապարհի բացման նշումը, ըստ էության, պատրվակ էր: Իրականում նա Գյումրի էր մեկնել՝ ավտոշարասյան երթի եւ երեկոյան տրվելիք մեծ համերգի ընթացքում ցույց տալու համար, թե որքան աջակիցներ ունի: Բանն այն է, որ ՏԻՄ վերջին ընտրություններից հետո տարածված տեսակետ կա, որ Շիրակը եւ Լոռին ՔՊ-ի համար ամենից «դժվարմատչելի» մարզերն են, եւ այժմ Փաշինյանը փորձում է իրավիճակը շտկել՝ գործադրելով հսկայական ջանքեր: Սակայն նրա փորձերը միայն հուսահատություն բերեցին՝ ՀՀ երկրորդ քաղաքում ՔՊ առաջնորդը ձախողվեց: Վարդանանց հրապարակը, որտեղ պետք է տեղի ունենար «Վարչաբենդ» խմբի համերգը, կիսով չափ դատարկ էր՝ եթե ոչ ավելին:
Ավտոշարասյունը նմանապես մխիթարանք չբերեց՝ մեքենաների մեծ մասում վարորդից զատ՝ մարդ չկար: Հետո պարզվեց՝ մարզպետարանը եւս չէր հաջողել ապահովել կանխավ պայմանավորված թվաքանակը, ինչի համար մարզպետն արժանացավ Նիկոլ Փաշինյանի կշտամբանքներին: ՔՊ-ական խմբակը լավ էր պատրաստվել ավտոերթին ու երեկոյան համերգի ծրագրին, լայնածավալ սատարման եւ մասնակցության ակնկալիքներ ուներ, սակայն սպասելիքներն ի դերեւ ելան: Փաշինյանի ավտոշարասյունը Գյումրի մտավ ազդանշաններով, իսկ հրապարակում ոստիկաններից բացի, գրեթե մարդ չկար: Քիչ անց հայտնվեցին քաղաքացիներ, որոնցից մի քանիսն առանձնացան, երկու բերան ձայնեցին՝ «Նիկո՛լ վարչապետ» եւ ցրվեցին:
Մամուլը գրում է, որ կիրակնօրյա տապալված այցից երեք օր անց՝ ապրիլի 22-ին, Նիկոլ Փաշինյանը որոշել էր Գյումրիի դիմադրությունը կոտրել՝ բեմադրելով «սրտիկների» նոր տեսարաններ, որպեսզի հանրությանը համոզի, որ հայրաքաղաքը, որտեղից ինքը 2018-ին մեկնարկել էր իր «հեղափոխությունը», չի մերժում իրեն: «Հրապարակի» տեղեկացմամբ՝ այդ օրը Փաշինյանը պաշտոնական այց էր ծրագրել` մասնակցելու դպրոցի բացման: «Մեզ ասացին, որ կայցելի նաեւ որոշ համայնքներ, որտեղ նախապես ծրագրված ջերմ ընդունելություն կբեմադրեն, որ «ջրեն» նախորդ անգամվա տխուր տպավորությունը»,- գրում է թերթը։
Մարզեր կատարած այցերի ժամանակ այս մարդն ամեն ինչի պատրաստ է՝ քիչ է մնում դույլերով ջուր կրի տնտեսուհիների համար, փայտ ջարդի, կով կթի, անասունը տանի արոտի, միայն թե հունիսի 7-ին մի քանի քվե կորզի: Նրան հանգիստ չի տալիս հետզհետե նվազող վարկանիշը: Դա նրան հոգեխանգարմունքի է հասցրել, այսպես շարունակվելու դեպքում կարող է իսպառ զրկվել բանականությունից: ՌԴ-ում բնակվող հայազգի մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանովը անդրադարձել է ՀՀ-ում հնարավոր ընտրական զարգացումներին՝ ներկայացնելով, իր խոսքով, մասնագետների կողմից իրականացված վերջին սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյունքները։
Նա նշել է, որ վերջին ամիսներին Մոսկվայից մի խումբ մասնագետներ ուսումնասիրել են ՀՀ քաղաքական դաշտը՝ կիրառելով ժամանակակից մեթոդներ, որոնք նախկինում օգտագործվել են նաեւ ԱՄՆ ընտրական գործընթացներում։ Ըստ նրա՝ իրականացվել է տվյալների լայնածավալ վերլուծություն՝ ընտրողների նախընտրությունները գնահատելու նպատակով։ Գաբրիելյանովի փոխանցմամբ՝ գործող վարչապետի աջակցությունն այդ տվյալների համաձայն՝ չի գերազանցում 30 տոկոսը.
«Փաշինյանը ցանկացած պարագայում 30 տոկոսից ավելին չի հավաքում։ Սամվել Կարապետյանը շատ լավ աճում է՝ արդեն կայուն 27 տոկոս։ Քոչարյանը՝ 12 տոկոս, իսկ Ծառուկյանը՝ արդեն 6 տոկոս։ Անկասկած, ընտրություններին կմասնակցեն 55 տոկոսը։ Տասը տոկոսը դեռ չի որոշել։ Եթե ընտրություններին մասնակցի 55 տոկոս եւ ավելի ընտրազանգված, Փաշինյանը կպարտվի ջախջախիչ ձեւով։ Եթե մասնակցությունը լինի 35-40 տոկոս, Փաշինյանը կարող է հույսը դնել երկրորդ փուլի վրա՝ ընդդեմ Կարապետյանի։ Այնտեղ Նիկոլը, անկասկած, կպարտվի։ Այսպիսով՝ վարչապետն ունի միայն մեկ տարբերակ՝ չեղարկել ընտրությունները ցանկացած պատրվակով»,- նշել է նա:
Եթե անկեղծ՝ Փաշինյանի հեռանալու ժամանակը վաղուց է հասունացել: Էլ չասած, որ պաշտոնավարման սահմանադրական ժամկետն ավարտվում է, եւ պետք է խոհեմաբար կապի ճամպրուկները: Ժողովուրդն այլեւս Փաշինյանին եւ ուսապարկերի նրա թիմին չի վստահում, հոգնել է նրանց ստերից, մանիպուլյացիաներից ու ճամարտակություններից, տանել չի կարողանում նախկին խմբագրի անհոդաբաշխ, անկապ մտքերը, տարօրինակ հայտարարությունները, վիճելի դատողությունները: Նման ասույթները, որ հնչում են առնվազն շաբաթվա պարբերականությամբ, ոչ ոքի արդեն չեն հետաքրքրում, չեն հուզում, բայց ոմանց վրա փոքրիկ մի նստվածք, թերեւս, թողնում են:
Ի՞նչ նա հայտարարեց ԱԺ-ի ապրիլի 16-ի նիստում: Ասաց՝ հայաստանցիները, ի մասնավորի՝ հայաստանցի թոշակառուները կարող են 900 ՀՀ դրամով Լառնակա (Կիպրոս) մեկնել: «Կենսաթոշակները 10 հազար դրամով բարձրանալու պարագայում թոշակառուների համար Կիպրոս գնալ-գալը խաղուպար է»,- չգիտես՝ լո՞ւրջ, թե՞ հանաքով հայտարարում է նա: Նախ՝ 900 դրամով հնարավոր չէ մեկնել Լառնակա եւ ետ վերադառնալ: Ավելին՝ անհնար է նույնիսկ մեկնել: Պարզվում է՝ եղել է տարվա մեջ այդպիսի ընդամենը մեկ օր, երբ տեսականորեն հնարավոր էր 930 ՀՀ դրամով մեկնելու տոմս գնել: Միայն մեկնելու՝ առանց վերադարձի, առանց վիզայի, առանց կեցավայրի ու առանց սննդի:
Ստացվում է, որ Փաշինյանը մանիպուլացնում է հասարակությանը: Լավ, ենթադրենք թոշակառուն վարչապետի աթոռը զբաղեցնող անձի խելքին ընկած՝ առանց վերադարձի 900 դրամանոց տոմսով մեկնեց Լառնակա: Բա հետո՞… ինչպե՞ս է վերադառնալու այդ խեղճուկրակը, եթե վերադարձի արժեքը չի ներառված գնի մեջ: Թե վերադառնալը պարտադիր չէ՞: Չլինի՞ Փաշինյանը պարզապես բազմաչարչար հայ թոշակառուներին զանգվածային արտագաղթի կոչ է անում: Կատակը՝ կատակ, բայց շատ դեպքերում նման անբովանդակ հայտարարությունները հանրության ուշադրությունն ավելի կարեւոր խնդիրներից շեղելու նպատակ ունեն:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 17 կուսակցություն եւ 2 դաշինք: ԿԸՀ առաջադրման փաստաթղթերը տարել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Բոլորին դեմ եմ», «Ժողովրդավարական համախմբում», «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թեւեր», «Հայ ազգային կոնգրես», «Լուսավոր Հայաստան», «Ազգային ժողովրդավարական բեւեռ», Հայաստանի շնորհապետական, Քրիստոնեա-դեմոկրատական, «Նոր ուժ», «Հանրապետություն», «Ալյանս» առաջադիմա-ցենտրիստական, Ռեֆորմիստների, «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունները, «Ուժեղ Հայաստան» եւ «Հայաստան» դաշինքները: Ի դեպ՝ 2021-ին 25 ուժ էր մասնակցում:
Հանրապետության հրապարակից մեկնարկել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ ամենամյա ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Մեծ Եղեռնի տարելիցի նախօրյակին ամեն տարի հազարավոր քաղաքացիներ նախ հավաքվում են Հանրապետության հրապարակում, ապա ջահերով քայլում դեպի հուշահամալիր: ՀՅԴ-ի երիտթեւի կազմակերպած միջոցառմանը սովորաբար այրում են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները: Այս տարի, ըստ լուսանկարների եւ տեսանյութերի, այրեցին միայն Թուրքիայի դրոշը: Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու օրակարգն առաջ տանող վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի դատապարտեց այդ երկրների դրոշների այրումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն սադրիչ եւ լարվածություն հրահրող վարքագիծ է որակել Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրյակին Երեւանում ջահերով երթի մասնակիցների կողմից Թուրքիայի դրոշի այրումը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ասել է, որ Փաշինյանը դատապարտում է նման գործելակերպը՝ այն գնահատելով որպես անպատասխանատու եւ անթույլատրելի։ ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթի մեկնարկին այս տարի եւս այրվեց Թուրքիայի դրոշը: Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի կրկին դատապարտել էր Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշների այրումը:
Մայր Աթոռը ապրիլի 23-ին խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության ոչնչացումը։ Էջմիածինը հայտարարությամբ շեշտել է, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է թիրախավորել հայկական քրիստոնեական սրբավայրերը՝ նպատակ ունենալով ջնջել հայկական հետքն Արցախից։ Մի քանի օր է, ինչ ահազանգ է հնչում՝ Ստեփանակերտի Մայր տաճարն ավերվել է: Արբանյակային լուսանկարները փաստում են՝ մարտին եկեղեցին տեղում է եղել, հիմա արդեն՝ ոչ: Մայր Աթոռը Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր հովանու Մայր տաճարը անհետացումից բացի, նշել է նաեւ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու եւ հարակից տարածքում գտնվող խաչքարերի ու կոթողների ոչնչացման մասին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է արել ՀՀ կառավարության ղեկավարին, որը մեկ տարի է պահանջում է կաթողիկոսի հրաժարականը, եւ իշխանություններին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու հարեւան երկրի կողմից Արցախի հոգեւոր եւ մշակութային ժառանգության յուրացումն ու ոչնչացումը։ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է՝ «չի կարծում», թե Ստեփանակերտի Մայր տաճարի հարցը պետական մակարդակով միջազգային քննարկումների առարկա կդառնա: Նրա խոսքով՝ այս թեմաների նկատմամբ, առավել եւս հիմա պետք է լինել շրջահայաց, որովհետեւ նման թեմաները երկսայրի սուր են:
Ապրիլի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Real Estate Impact ամենամյա համաժողովի ժամանակ ակնարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված գործարքի մասին եւ համոզմունք է հայտնել, որ Թրամփի ջանքերով Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը հիմա լավ ընկերներ են։ «Ադրբեջանի ու Հայաստանի հարցով մենք աշխատում էինք նախագահի անունից։ Դա ամենահեշտ գործարքն էր, որովհետեւ New York Times-ը դրա մասին չգիտեր, այդ իսկ պատճառով չէր կարող որեւէ վատ բան գրել մեր արածի մասին։ Մենք այդ գործարքը կնքեցինք վեց շաբաթում։ Նրանք պատերազմում էին 37 տարի, իսկ հիմա Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւը, լավ ընկերներ են, որոնց միավորեց նախագահ Թրամփը»,- ասել է Ուիթքոֆը Մայամիում ընթացող համաժողովի ընթացքում:
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը 2025թ.-ին վերաբերող ամենամյա զեկույցում կրկին քննադատել է Հայաստանի ոստիկանությանը՝ փաստելով, որ ոստիկանության բարեփոխումները չհաջողեցին մեղմել ցույցերի ժամանակ անհամաչափ ուժի կիրառման մտահոգությունները։ «Սա հատկապես ակնհայտ էր 2024թ. մայիս եւ հունիս ամիսներին տեղի ունեցած հակակառավարական բողոքների ընթացքում արձանագրված՝ մարդու իրավունքների խախտումների դեպքում»,- գրում է Amnesty International-ը՝ նկատի ունենալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների եւ ոստիկանների միջեւ բախումները: «Չնայած ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման վերաբերյալ բավարար ապացույցներին, հետագայում քրեական վարույթներ հարուցվեցին միայն ցուցարարների դեմ՝ ընդհանուր թվով 16 անձի նկատմամբ, եւ ոչ մի ոստիկան պատասխանատվության չենթարկվեց»,- ապրիլի 21-ին հրապարակած զեկույցում գրել է Amnesty International-ը: Կառույցն անդրադարձել է նաեւ Սամվել Կարապետյանի կալանավորմանը:

