Հինգշաբթի, Փետրվարի 13, 2025

Շաբաթվա անցուդարձ

21-28 դեկտեմբերի 2024թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Դեկտեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանը՝ դարձյալ հանրային կրքեր բորբոքելու ակնհայտ դիտավորությամբ, հերթական աղմկահարույց հայտարարությունը դրեց շրջանառության մեջ: Որքան էլ տարօրինակ դիտվի, խոսույթն այս անգամ արցախյան անցած-գնացած բանակցային գործընթացի շուրջ էր, որի մասին գործող իշխանությունը երկար ժամանակ չէր խոսում: Ավելի ճիշտ՝ արգելվում էր այդ մասին խոսել, Ալիեւն էր, թերեւս, արգելել: ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը Ֆեյսբուքի իր էջում գրում է, որ Արցախյան առաջին պատերազմի ավարտից հետո բանակցությունների ողջ տրամաբանությունը եղել է այն, որ Արցախը պետք է լիներ Ադրբեջանի կազմում։

Նա գրում է. «Ուրիշ որեւէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները ՀՀ-ում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար: Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով՝ վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) եւ, հետեւաբար, այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին»: Գրառումը բուռն քննարկման առիթ դարձավ: ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը եւ ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը Փաշինյանին ստախոս անվանեցին:

Ավելի ուշ Փաշինյանը ֆեյսբուքյան մեկ այլ գրառմամբ նախկին երեք նախագահներին բանավեճի հրավիրեց ուղիղ եթերում։ «Լավ է, որ նախկին նախագահներն իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային գործընթացին վերաբերող իմ այսօրվա գրառմանը: Բայց ես ներկայացուցիչների hետեւում չեմ թաքնվում, կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ իրենք եւս չթաքնվեն: Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս: Սպասում եմ այսօրվա գրառումս վիճարկող նախագահների արձագանքին»,- գրել էր Փաշինյանը։

Արձագանքները չուշացան։ Առաջին նախագահի գրասենյակի ղեկավար Մուսինյանն առաջարկել էր, որ Փաշինյանը բանավիճի ինքն իր հետ։ «Արդյունքում, վստահ եմ՝ բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը»,- հեգնել է նա: «Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի»,- ֆեյսբուքյան գրառմամբ Փաշինյանին պատասխանել էր Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը: Իսկ 3-րդ նախագահի գրասենյակից խորհուրդ են տվել «մեկ-մեկ էլ լսել իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջ ինչպես 2016թ.-ի, այնպես էլ հետպատերազմյան խոստովանությունները»:

ՀՀ նախկին ղեկավարներն այս թյուրիմացությանը հասկացրել են, որ բանավեճ լինում է այն դեպքում, եթե կա վիճելի խնդիր, ակնհայտի շուրջ ի՞նչ բանավեճ կարող է լինել: Նրան գլխի են գցել նաեւ, որ իզուր չփորձի գործած հանցանքների պատասխանատվությունը կիսելու ընկերներ փնտրել՝ դա իրեն չի հաջողվի: 2018-2024 թվականներին ՀՀ-ում մեկ մարդ է ունեցել ամբողջական իշխանություն, եւ այդ մեկ մարդն ամբողջական պատասխանատվություն է կրում տվյալ ժամանակահատվածի իրադարձությունների համար։ Այդ մեկ մարդն է հայտարարել, որ բանակցում է «իր սեփական կետից, «ինչ որ պետք է՝ այն էլ բանակցում է», եւ այլն: Այդ մեկ մարդու անունը բոլորին հայտնի է։

Փաշինյանը ձեռուոտ է ընկել, հնարավոր է՝ գիտակցում է իր կատարածի սարսափները, գիտակցում է, որ պատասխան տալու ժամանակը մոտ է: Տարօրինակ է, որ հենց հիմա հիշեց նախկին նախագահներին, երբ բանը բանից անցել է: Միգուցե՝ դա նրան հուշել է «կիրթ» ու «կառուցողական» գործընկե՞րը: Չես իմանա՝ ինչ կա Փաշինյանի մտքին: Նա շանտա՞ժ է անում, թե՞ զղջում է արածների համար: Տպավորություն է, որ նա ինքն էլ չի իմանում՝ ինչ է ուզում եւ անելանելիության զգացումից ձեռքը փրփուրներին է մեկնում: Ինչ-որ տեղ խղճահարության ցանկությում է առաջանում նրա նկատմամբ, բայցեւ՝ արագ մարում, որովհետեւ նա անգամ խղճահարության չի արժանի:

 

Ռուսական կողմը, կարծես թե, վերջնականապես հիասթափեցրեց բոլոր նրանց, ովքեր դեռ հույս ունեին միջազգայնորեն վիճարկելու Արցախի ինքնորոշման իրավունքի խնդիրը: ՌԴ արտգործնախարարության խոսնակը դեկտեմբերի 25-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ենթակա է լուծարման, եւ լավագույն տարբերակը, ըստ նրա, կլինի այն, եթե Ադրբեջանն ու Հայաստանը նման համատեղ առաջարկ անեն: Մարիա Զախարովան ընդգծել է, որ ՄԽ համանախագահները 2022թ. փետրվարից դադարեցրել են շփումները ռուսական կողմի հետ:

Նա միաժամանակ հիշեցրել է, որ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում «Հայաստան-Ադրբեջան-Եվրամիություն-Ֆրանսիա գագաթաժողովի արդյունքներով պաշտոնական Երեւանը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի անբաժանելի մաս», իսկ 2023թ. սեպտեմբերին Հայաստանում իրավիճակն արմատապես փոխվել է, հետեւաբար, Զախարովայի խոսքով, ԼՂ կարգավորման շրջանակներում «ԵԱՀԿ Մինսկի համաժողովի համանախագահների մանդատը կորցրել է իր արդիականությունը»: Ի դեպ՝ Մինսկի խմբի լուծարման հարցը ՀՀ-ին ներկայացվող մի շարք պահանջների թվում պարբերաբար բարձրացնում է նաեւ Բաքվի սուլթանը: Առանց Հայաստանի համաձայնության այն հնարավոր չէ լուծել, քանի որ հարցը կոնսենսուսային լուծում է պահանջում:

Դեկտեմբերի 18-ին «Россия сегодня» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելեւին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Երեւանի նկատմամբ պահանջները նախքան խաղաղության պայմանագրի ստորագրումը երկուսն են՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը եւ համաձայնություն տալ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ Ալիեւն ընդգծել է, որ ՄԽ-ն ստեղծվել է Ղարաբաղի հարցի լուծման համար, հիմա երբ «Հայաստանը ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս, էլ ինչի՞ է պետք այդ կառույցը»։ «Մինսկի խումբը լուծարելու՝ Երեւանի դժկամությունը խոսում է այն մասին, որ ռեւանշիստների ծրագրերը բավական լուրջ են»,- «Россия сегодня»-ին ասել է Ադրբեջանի նախագահը։

Պաշտոնական Երեւանը, սակայն, Մինսկի գործընթացի շարունակականության հարցը դիտարկում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում։ Ըստ այդմ՝ Մինսկի խումբը պետք է լուծարվի այն ժամանակ, երբ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրն արդեն ստորագրված լինի: Ի՞նչ է սա նշանակում: Անձամբ Փաշինյանին պետք է, որպես փրկօղակ, ունենալ խաղաղություն վերնագրով ու Ալիեւի ստորագրությամբ թղթի մի կտոր, ուստիեւ Բաքվին առաջարկում է գործարք՝ «Մինսկի խմբի լուծարման համաձայնություն՝ խաղաղության պայմանագրի ստորագրության դիմաց» սկզբունքով: Առջեւում նախընտրական տարին է, իսկ ինքը խոստումնազանց ու «ձեռնունայն» ինչպե՞ս պիտի նայի իր ընտրողի երեսին:

Այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը կարող է վերջին մեխը լինել իր ձեռամբ հայաթափված, ոչնչացված Արցախի դագաղին՝ Փաշինյանին ամենաքիչն է մտահոգում: Նա Ալիեւի հետ այդ գործարքին գնում է ոչ թե 130-140 հազար բռնի տեղահանված արցախցիների տունդարձի համար, ոչ թե ՀՀ-ից բռնազավթված տարածքների հետբերման կամ Բաքվի բանտերում խոշտանգվող ռազմագերիների, Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ու քաղաքացիական անձանց վերադարձի համար, այլ հանուն իր ամուլ վարչապետության ժամկետի երկարաձգման, իսկ նպաստավոր զարգացումների դեպքում՝ հավերժացման:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հանրային հեռուստաընկերությամբ նախատեսվում է հեռարձակել դեկտեմբերի 31-ին ժամը 21:55-ին. այս մասին դեկտեմբերի 26-ի երեկոյան մոտ հայտարարել էր Մայր Աթոռը: Այս տարի նույնպես՝ առարկություն ունենալով ժամի ընտրության հետ, ընդհանրապես, նպատակահարմար չհամարվեց Գարեգին երկրորդի ուղերձի հեռարձակումը Հանրայինով։ «Հեռուստաընկերությունը շարունակում է շրջանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսների ամանորյա ուղերձի հեռարձակման՝ տասնամյակների ավանդույթը՝ անտեսելով Մայր Աթոռի դիրքորոշումն ու Հայոց Եկեղեցու հայրենաբնակ եւ աշխարհասփյուռ հավատացյալների պահանջներն ու սպասումները»,- հայտարարել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

ՀՀ կառավարության ղեկավարը, «covid»-ի դրական ախտորոշման պատճառով, դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին, ինչպես նաեւ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել է տեսակապի միջոցով: Փաշինյանը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 23-ին, «covid»-ի դրական ախտորոշում է ունեցել, դեկտեմբերի 23-ին եւ 24-ին մեկուսացել ու աշխատել է կեցավայրից, իսկ 25-ին ախտորոշումն արդեն բացասական է, եւ վերադառնում է աշխատանքային սովորական ռեժիմի: ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանը ստանձնել էր հունվարին՝ 1 տարով։ 2025-ին այն կանցնի Բելառուսին:

Դեկտեմբերի 24-ին հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների միջեւ: Ըստ պաշտոնական Բաքվի՝ Իլհամ Ալիեւը եւ Ռեջեփ Էրդողանը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաեւ հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։  Թուրքիայի նախագահական նստավայրի հաղորդմամբ՝ Ռեջեփ Էրդողանն ասել է, թե ինքը ուշադրությամբ հետեւում է խաղաղության շուրջ բանակցություններին եւ ակնկալում է, որ այն կլինի վերջնական՝ «կայուն խաղաղություն եւ բարգավաճում բերելով Հարավային Կովկասին»։ Երկու առաջնորդները նաեւ պայմանավորվել են համատեղել ջանքերը՝ Սիրիայում Ասադի վարչակազմի տապալումից հետո տնտեսական զարգացմանը նպաստելու համար:

Աղբահանության վճարը Երեւանում 2025-ից կթանկանա: Եթե մինչեւ հիմա աղբահանության համար մարդիկ վճարում էին 200 դրամ՝ ըստ շնչի, ապա 2025-ից այն կհաշվարկվի՝ ըստ մակերեսի՝ 1 քառ/մ-ի դիմաց 13 դրամ: Օրինակ՝ եթե 70 քմ մակերեսով բնակարանում ապրում է մեկ մարդ ու աղբահանության համար ամսական վճարում է 200 դրամ, ապա 2025-ից կվճարի ըստ մակերեսի՝ 910 դրամ (70x13): Աղբահանության վճարը կփոխվի նաեւ առանձնատների համար:

Փետրվարի 08 2025
Հունվարի 25 2025
Հունվարի 18 2025
Հունվարի 11 2025
Դեկտեմբերի 29 2024
Դեկտեմբերի 21 2024
Դեկտեմբերի 14 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: