Հինգշաբթի, Փետրվարի 13, 2025

Շաբաթվա անցուդարձ

30 նոյեմբերի - 7 դեկտեմբերի 2024թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Կառավարության՝ նախորդ շաբաթավերջի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պետության եւ պետականության ընկալման թեմայի շրջանակում սոցիալական ցանցերում մեկնարկած «Զրույցներ պետության մասին» շարքին, որը, ըստ վարչապետի, կարելի է ընդլայնել ու անվանել «Զրույցներ կամ պատմություններ Հայաստանի Հանրապետության մասին». «Կան պատմություններ, իրավիճակներ, որոնք, մեծ հաշվով, սովորական են մեր իրականության մեջ, բայց, կարծում եմ, որ մենք այդ իրավիճակների հետ կապված մեր հայացքը պետք է փոխենք»,- ասել է «հայացքափոխություն» սերմանող վարչապետը:

Եվ այդ իրավիճակներից առաջինը, որին գործադիրի՝ նոյեմբեր ամսվա ամենավերջին նիստում անդրադարձել է Փաշինյանը, Հայաստանում օրեր առաջ տեղի ունեցած՝ Ռազմական սպորտի միջազգային խորհրդի զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանն է վերաբերում, որի շուրջ լրատվականներում շարունակում են արծարծվել անպատասխան մնացած որոշ խնդիրներ, չփարատված մտահոգություններ եւ այլ քննադատություններ: Կառավարության ղեկավարը, ըստ երեւույթին, փորձեց դրանք պարզաբանել նոր «հայացքի» լույսի ներքո, սակայն, ինչպես միշտ, ավելի խճճեց թեման իր մանվածապատ, խրթին խոսույթի բավիղներում:

Խնդրի էությունը հետեւյալն է. Երեւանում անցկացվում էր աշխարհի մակարդակով բանակային մարզիկների առաջնություն, որին, չգիտես ինչու, չէին մասնակցում բանակում ժամկետային ծառայություն անցնող մեր լավագույն ըմբիշները, որոնք միշտ մրցանակային տեղերի են արժանացել Եվրոպայի եւ աշխարհի ամենահեղինակավոր առաջնություններում: Խոսքը զինծառայության մեջ գտնվող Մալխաս Ամոյանի, Արսեն Հարությունյանի, Վազգեն Թեւանյանի, Արման Անդրեասյանի, Մանվել Խնձրցյանի, Վիգեն Նազարյանի, Գեւորգ Թադեւոսյանի եւ Կնյազ Իբոյանի մասին է:

Նրանք ուժ ու եռանդ չխնայելով՝ պատրաստվել էին այդ կարեւոր մրցամարտին, բայց միայն առաջնության նախաշեմին հայտնի դարձավ, որ Հայաստանը միտումնավոր ներկայանում է թույլ կազմով: Ըստ տարածված լուրերի, որոնց հավաստիությունը հայ մարզիկները հաստատում են, առաջատար մարզիկների չներգրավումը պայմանավորված է ՔՊ-ական իշխանությունների թրքամետությամբ. այնպես են անում, որ Թուրքիայի ներկայացուցիչները Երեւանում չպարտվեն, մարզական ասպարեզում եւս հաղթած դուրս գան։ Ամենայն հավանականությամբ՝ Էրդողանի սիրտն ուզում էր, որ Ծիծեռնակաբեդում հնչի թուրքական օրհներգը եւ բարձրացվի թուրքական դրոշը, որպեսզի Էնվերի ու Թալիաթի հոգիները փառավորվեն:

Կառավարության նիստում Փաշինյանը, բնականաբար, այդ մասին չխոսեց, փոխարենը արձանագրեց, որ մեր զինվոր մարզիկները բավական հաջող հանդես եկան՝ նվաճելով 3 ոսկե, 3 արծաթե եւ 8 բրոնզե մեդալ, որը «պետք է խոստովանեմ՝ անսպասելի հաջող արդյունք էր»: Դե, իհարկե՝ «անսպասելի», քանի որ սպասելի արդյունքը Թուրքիայի հավաքականի համար էր պատրաստված, որը մեդալների ընդհանուր թվով զիջեց անգամ Հայաստանի՝ հատուկ ընտրված թույլ կազմին: Առաջնության մասին հանրային խոսույթի համատեքստում Փաշինյանը «որոշակի կեղծ վերաբերմունք» է տեսնում ՀՀ բանակի եւ Մարզահամերգային համալիրի դահլիճում անցկացվող առաջնության նկատմամբ:

Նա ասում է. «Ըստ էության, եթե մենք այս վերաբերմունքով առաջ շարժվենք, ստացվում է, որ ՀՀ Կառավարությունը, որը՝ լինելով արդարության եւ ֆեյքազերծման ջատագով, կարող է հայտնվել սխալ իրավիճակում»: Փաշինյանը «կեղծ վերաբերմունք» պետք է տեսնի ոչ թե հանրային խոսույթի մեջ, այլ՝ իր ասածների, մասնավորապես Կառավարությանը տված բնորոշման մեջ: Ավելի մեծ զավեշտի, քան այդ բնորոշումն է, դժվար է հանդիպել: Փաստն այն է, որ փաշինյանական կառավարությունը իրականում «անարդարության եւ ֆեյքային ֆաբրիկաների բուծման ջատագով է»: Պետք չէ իրականությանը նայել «հակառակ կողմից»: Եվ, առհասարակ, պետք չէ վերից վար ձեւախեղել իրականությունը:

 

Գործադիրի նույն օրվա նիստում Փաշինյանն անդրադարձել է նաեւ մի դեպքի, որին, իբր, առնչվել է՝ զբոսնելով Հայաստանի բնակավայրերից մեկում: Չի նշում տեղանունը, քանի որ, ըստ նրա, նման տեսարանների կարելի է հանդիպել ՀՀ շատ բնակավայրերում, որտեղ մեքենաների լվացման «Լվա ինքդ» կետեր կան: «Ես քայլում էի մայթով ու ստիպված էի քայլել ժավելների, քսայուղերի տարաների արանքներով, որովհետեւ մայթերին դրանք ուղղակի շարված էին… իսկ մեքենաներին ուղղված ջրաշիթերը շատ հաճախ դուրս էին ցայտում դեպի մայթ, որտեղով մարդիկ են անցնում»,- ավտոլվացման կետերում տիրող մանր-մունր բացերը նկատում է գործադիրի ղեկավարը՝ անտեսելով, սակայն, երկրում շատ ավելի մեծ մարտահրավերների առկայությունը։

«Իմ բախտը բերեց,- շարունակում է նա,- որոշ մարդիկ նկատեցին, ասացին՝ «հլը մի վայրկյան, մի պզզցրեք, վարչապետն այստեղով անցնում է»։ Իհարկե, ես զգացված եմ խիստ հարգալից վերաբերմունքի համար, բայց՝ հարց. եթե այդ մայթով վարչապետը չի քայլում կամ, ընդհանրապես, ինչո՞ւ պետք է այդ պրոցեսը տեղի ունենա, որ քաղաքացին հեռվից նկատի, որ ինչ-որ ջրի շատ ուժեղ շիթ է արձակվում դեպի փողոց, ու այդտեղ հարց կա. մեկը նկատի՝ դադարեցնի, մյուսը չնկատի, դա լրջագույն պրոբլեմ է։ Ես նկատել եմ, որ Երեւանում էլ այդպիսի իրավիճակներ կան»։

«Լրջագույն պրոբլեմը», եթե ուզում եք ճիշտն իմանալ, ավտոլվացման կետերում եղած խառնափնթոր վիճակը չէ, դեպի փողոց արձակվող «ջրի շատ ուժեղ շիթը» չէ, քսայուղերի ու ժավելների՝ մայթին շարված տարաները չեն… Այդ «պրոբլեմը» Քաղպայմանագիր անունով թյուրիմացությունն է՝ Նիկոլ Փաշինյան առաջնորդով ու նրա «ուսապարկեր» խմբակով: Ի՞նչ ուղերձներ է փորձում հանրությանը փոխանցել այդ անձն իր ելույթով, որից երկու քաղվածք է մեջբերված վերը: Ենթատեքստը, կարծես թե, հասկանալի է՝ իբր ինքն ազատ, անկաշկանդ շրջագայում է իր ղեկավարած երկրում, շփվում ժողովրդի հետ, հետաքրքրվում մարդկանց կենսակերպով, առօրյայով, ամենուրեք վայելում նրանց հարգանքը, թե՝ բա գիտե՞ք, «վարչապետն այստեղով անցնում է»:

Որքան էլ այս վերջին բառակապակցության մեջ ջանացել է խոր իմաստ դնել՝ ստացվել է մոտավորապես Վիկտոր Հյուգոյի հայտնի խոսքը՝ «այստեղով թուրքն է անցել»:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Դեկտեմբերի 4-ին ԱԺ-ն ձայների 66 կողմ, 30 դեմ հարաբերակցությամբ, ամբողջությամբ ընդունեց 2025 թվականի պետբյուջեի նախագծի փոփոխված տարբերակը։ Բյուջեով էականորեն ավելանում են միայն ռազմական ծախսերը։ Պաշտպանության նախարարությունը հաջորդ տարի շուրջ 20 տոկոսով ավելի շատ գումար կստանա: Նախօրեին խորհրդարանում նախագծի փոփոխված տարբերակը ներկայացնելիս՝ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ վերանայվել են նախագծի եկամուտները, ծախսերը եւ պակասուրդը:

«Անձամբ ես աննպատակահարմար եմ համարել ԵԱՏՄ միջոցառման անցկացումը ՀՀ-ում, որովհետեւ, ցավոք, Ձեզ հայտնի հանգամանքների բերումով, ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են ցանկալի Հայաստանի համար»,- դեկտեմբերի 4-ին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի այն հարցին, թե ինչո՞ւ է որոշվել այդ միության՝ դեկտեմբերի 25 -ին նախատեսված գագաթաժողովը, որը նախագահում է Հայաստանը, անցկացնել ոչ թե Երեւանում, այլ Սանկտ Պետերբուրգում։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ, ինչի մասին հաղորդել է ՀՀ ռազմական գերատեսչությունը։ ՀՀ-ն եւ Միացյալ նահանգները երկու անգամ Հայաստանում համատեղ զորավարժություններ են անցկացրել՝ մեկն անցած տարվա սեպտեմբերին էր՝ 85 ամերիկացի եւ 175 հայ զինծառայողների մասնակցությամբ, մյուսն՝ այս տարվա հուլիսին։ Հայ-ռուսական լարվածության պայմաններում հայ-ամերիկյան զորավարժությունները պարբերաբար քննադատում էր պաշտոնական Մոսկվան՝ այն մտահոգիչ համարելով: Պապիկյանի այցի օրակարգից մանրամասներ չեն հաղորդվում։

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 5-ին Մալթայում մասնակցել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի պաշտոնական բացման արարողությանը, որի ժամանակ մասնակիցներին ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի փոխվարչապետ եւ ԱԳ ու Տուրիզմի նախարար Իեն Բորջը։ ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Միրզոյանը շփումներ է ունեցել մի շարք երկրների՝ այդ թվում Գերմանիայի, Թուրքիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Ուկրաինայի, Նիդերլանդների, Անդորրայի գործընկերների հետ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փորձել է միջոցառման շրջանակում նախաձեռնել Միրզոյան-Բայրամով հանդիպում, սակայն ադրբեջանական կողմը կտրականապես մերժել է նրա միջնորդությունը՝ «ԱՄՆ վարչակազմի միակողմանի քաղաքականության պատճառով»։

Ազգային ժողովի իշխող «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեկտեմբերի 2-ին պաշտոնապես մերժեց պատգամավորական մանդատը վայր դնելու՝ վարչապետի խնդրանքը։ Աղազարյանն այդ մասին ուղերձ էր հրապարակել 24news-ի եթերում։ «Խորն ափսոսանքով նշում եմ, որ ստիպված եմ մերժել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքը»,- հայտարարել է Աղազարյանը՝ սա որակելով իր կյանքի «ծանրագույն որոշումը»: «Եթե ես ընդունեի վարչապետի խնդրանքը, հասարակության մեջ կարող է տպավորություն ստեղծվել, որ ինձ ինչ-որ գործարք է առաջարկվել, որին ես գնացել եմ»,- պարզաբանել է պատգամավորը:

Դեկտեմբերի 3-ի գործադուլի պատճառով 18 վարորդ է ազատվել աշխատանքից. այս մասին տեղեկացրել է Երեւանի քաղաքապետի խոսնակը: Վաղ առավոտից ավտոբուսի վարորդները գործադուլ էին անում՝ աշխատանքային պայմանների բարելավման ու աշխատավարձերի բարձրացման պահանջով։ Երեւանի քաղաքապետարանը դժգոհել է, որ վարորդները նախապես չէին ծանուցել գործադուլի մասին ու փաստի առջեւ են կանգնեցրել առավոտյան աշխատանքի եւ այլ վայրեր շտապող հազարավոր քաղաքացիների: Ավելի ուշ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե «որեւէ տեսակի շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու։ Կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության»:

Փետրվարի 08 2025
Հունվարի 25 2025
Հունվարի 18 2025
Հունվարի 11 2025
Դեկտեմբերի 29 2024
Դեկտեմբերի 21 2024
Դեկտեմբերի 14 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: