Շաբաթ, Փետրվարի 27, 2021

Շաբաթվա անցուդարձ

12-19 դեկտեմբերի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Նախորդ շաբաթավերջին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները` կուտակելով հավելյալ անձնակազմ եւ զինտեխնիկա, այդ թվում նաեւ ծանր հրետանային միջոցներ, հարձակում են նախաձեռնել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի ուղղությամբ` կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները: Մի քանի անգամ ձեռքից ձեռք անցնելուց հետո այդ գյուղերը, ցավոք, մնացել են հակառակորդի վերահսկողության տակ: Հետագա օրերին մարտերը շարունակվել են Բերձորի ուղղությամբ, իսկ Խծաբերդի հատվածում թշնամուն գերի էին ընկել 100-ի չափ զինծառայողներ, որոնցից 11-ը գնդակահարվել է: Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետեւանքով հակառակորդն ունի զոհեր եւ վիրավորներ։

Իրավիճակը հանգուցալուծելու, կողմերին նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ Հադրութի շրջանում հայ, ռուս եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ ընթացող բանակցություններն առայժմ արդյունք չեն տվել: Հակառակորդի գործողությունները շարունակվում էին նաեւ դեկտեմբերի 13-16-ը Հադրութի շրջանի Մեծ Շեն եւ Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ:

…Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո սա առաջին սադրանքն է, որն իրականացվեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից` վտանգելով առանց այդ էլ փխրուն խաղաղությունը: Շաբաթվա ընթացքում տեղի ունեցած միջադեպերին, մասնավորապես՝ Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի գրավմանն ու մեծ թվով զինծառայողների գերեվարմանը Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի միջամտությունն անհամաչափ էր եւ այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ Ռուսաստանի ՊՆ հրապարակած քարտեզում այդ հատվածը դուրս է մնացել խաղաղապահների վերահսկողության գոտուց: Փաստորեն՝ այդ բացթողումից են օգտվել ադրբեջանական զինված ուժերը եւ հարձակվել հենց այդ ուղղությամբ։ Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանի խոսքով՝ տեղի ունեցածը պարզապես սադրանք էր: «Խաղաղապահները տեղեկացված են, հուսով ենք, որ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն»,- նշել է Բաբայանը: 

Խաղաղապահները՝ խաղաղապահներ, բայց Արցախը եւ, հատկապես, Հայաստանը՝ որպես վերջինիս անվտանգության երաշխավոր, պետք է ավելի շահագրգռված լինեն անվնաս ու ապահով պահելու Արցախը կամ այն, ինչ մնացել է նրանից: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը, սակայն, գտնում է, որ Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ ադրբեջանական ուժերի հարձակումը պետք է արժանանա առաջին հերթին խաղաղապահների արձագանքին: «Հայկական կողմը գրավոր եւ բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը, եւ այս մասին ամենաբարձր մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեւորգյանը։ Մինչ հայկական կողմը հույսը դրել է ՌԴ խաղաղապահների վրա, Բաքուն տրամադրված է եռակողմ համաձայնագրի տեքստը մեկնաբանել յուրովի՝ իրեն ձեռնտու ձեւով, եւ գործել դրան համապատասխան: 

Ակնհայտ է, որ ՌԴ նախագահ Պուտինի հեղինակած զինադադարը եւ ռուսական խաղաղապահ առաքելությունը չեն կարողանում ամբողջովին կատարել ստանձնած պարտավորությունները, եւ Արցախի հայ բնակչության անվտանգությունը կարող են լիարժեք ապահովել միայն հայկական զինված ուժերը։ Մինչդեռ պաշտոնական Բաքուն, ինչպես օրերս փոխանցել էր մոսկովյան Коммерсант պարբերական, պնդում է, որ հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ԼՂ տարածքից: Թերթը ներկայացրել է նաեւ Ադրբեջանի արտգործնախարարության լրատվական ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաեւայի խոսքերը: Ըստ այդմ՝ որպես հիմնավորում, Ադրբեջանում մեջբերում են եռակողմ հայտարարության 4-րդ կետը, որում ասված է. «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը տեղակայվում է հայկական ուժերի դուրսբերմանը զուգահեռ»։ Այս հանգամանքին ավելացել են ոչ հայանպաստ այլ գործոններ եւս, որոնք էլ, ըստ երեւույթին, ազատություն են տվել հակառակորդի ձեռքերին: 

Այդ գործոններից մեկը՝ դատելով հետպատերազմյան զարգացումներից, բարձր մակարդակի ստվերային համաձայնություններն են, որոնց կնիքը նկատելի է ոչ միայն Հադրութի շրջանում: Հայաթափման վտանգն է կախված նաեւ Սյունիքի գլխավերեւում՝ փաստորեն ՀՀ պաշտպանական գերատեսչության լռելյայն թողտվությամբ թշնամուն  են հանձնվում Կապանի մի շարք շահեկան դիրքեր, որոնց պահպանումը դեկտեմբերի 18-ի դրությամբ մնացել է հայ կամավորականների հույսին: Հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում ռազմական բախումը գրեթե անխուսափելի է, առավել եւս, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը սահմանապահ զորքը դուրս է բերել հանձնվելիք դիրքերից՝ վտանգելով Կապանի եւ շրջակա մի շարք գյուղերի ֆիզիկական գոյությունը: Սա ոչ այլ ինչ, քան պետական դավաճանություն, չես անվանի: Կապանում ու մերձակա համայնքներում լարված իրավիճակը պահպանվում է, մարդկանց պահանջներին եւ հորդորներին խուլ ու համր ձեւացող պետական մարմինները չեն արձագանքում: 

Կարծես թե հասկանալի է դառնում, թե ինչպես է ադրբեջանական կողմը հաջողել կամ իրեն թույլ տվել Արցախի ու Հայաստանի հետ սահմանների նշագծումների նախաձեռնությունն ինքնագլուխ վերցնել ձեռքը եւ իր կանոնները թելադրել՝ ամեն ինչում հասնելով ուզածին՝ այդ թվում բռնությունների գործադրմամբ: Դեկտեմբերի 17-18-ը Կապանում այդ առնչությամբ տեղի ունեցած բողոքի գործողության մասնակիցները Կառավարությունից պահանջում էին կամ տեր կանգնել «որբի գլուխ» դարձած այս երկրին, որն ամեն օր բզկտվում է, կամ՝ հեռանալ: Մարդիկ հուսալքված են, նրանց հրամայված է նահանջել եւ զիջել դիրքերը: «Դա մեզ համար ցավալի հրահանգ էր: Մեր շահեկան դիրքերը, որոնք զբաղեցրել էինք մինչեւ նոյեմբերի 9-ը՝ ապահովելով Կապանի համար անվտանգության գոտի, այսօր առավոտ արդեն հրահանգվել է, որ վաղը (այսինքն՝ դեկտեմբերի 18-ին-Գ.Լ.) մինչեւ 17:00-ը պետք է լքենք, նահանջենք ընդհանուր սահմանագծով»,- տեղեկությունը հաստատել է Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը: Տարօրինակ է, որ դեկտեմբերի 17-ին Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում Մոսկվայից նոր վերադարձած՝ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը համայնքների ղեկավարներին հավաստիացնում էր, թե «Սյունիքի մարզից որեւէ մետր չի զիջվելու»: 

«Թավշյա» կառավարության լուռ անտարբերության եւս մեկ օրինակ է ապօրինի սահմանազատումների հետ կապված ամենաթողությունը: Մասնագետները բազմիցս զգուշացրել են, որ սահմանագծումների հարցը չի կարող լուծվել Google մասնավոր կառույցի հավելվածներով կամ, առավել եւս, GPS համակարգով: Ճիշտ լուծումն այն կլիներ, եթե ստեղծվեին հանձնախմբեր, պատրաստվեր համապատասխան քարտեզ, որով եւ կողմերը կառաջնորդվեին, ընդ որում ցանկալի է՝ միջազգային դիտորդների ներգրավմամբ: Սա մասնագիտական մոտեցումներ պահանջող շատ կարեւոր, երկարատեւ իրավական գործընթաց է եւ սխալ է այն թողնել համայնքապետի կամ խնդրին սիրողական մակարդակով տիրապետող պատահական մեկի վրա: Մի պահ մտաբերենք, օրինակ, Ռուսաստանի հետ Լատվիայի սահմանների դեմարկացիայի պատմությունը, որը տեւել էր գրեթե երկու տասնամյակ: Եվ սա այն դեպքում, երբ երկու երկրների միջեւ չկային սահմանային խնդիրներ, նրանք ճանաչում էին միմյանց տարածքային ամբողջականությունը: 

Հայաստանում տիրող լիակատար անիշխանության մասին է վկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ հայ եւ ադրբեջանցի ռազմագերիների փոխանակությունը, որի արդյունքում դեկտեմբերի 14-ին հայրենիք էր վերադարձել 44 անձ: Փոխանակումը կատարվում էր «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, համաձայն որի՝ Հայաստանն, իր հերթին, հանձնեց 12 հոգի, այդ թվում՝ ռազմագերու անվան տակ երկու ծանր հանցագործի՝ Ասկերովին ու Գուլիեւին, որոնք ՀՀ տարածքում կատարած խափանարար գործողությունների ու 17-ամյա պատանու սպանության համար 2014 թվականից դատապարտված էին ցմահ ազատազրկման: Իրավաբանների պնդմամբ՝ ծանր հանցագործությունների համար դատապարտված անձը չի կարող հանձնվել վարչապետի մի հրահանգով, ինչը նույնպես համարվում է քրեորեն պատժելի արարք: Մի խոսքով, երբ մենք դատապարտում էինք Հունգարիայի կառավարությանը՝ Ռամիլ Սաֆարով մարդասպանին Ադրբեջանին արտահանձնելու համար, մեր մտքով չէր էլ անցնում, որ օրերից մի օր նույն բանը կանի նաեւ մեր Կառավարությունը՝ ընդ որում Ադրբեջանին հանձնելով ոչ թե մեկ, այլ միանգամից երկու «ռամիլսաֆարով»:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին` մի քան տողով

Դեկտեմբերի 14-18-ը Երեւանում անցկացվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքական 16 ուժերի կազմակերպած «Արժանապատվության երթը»: Ավելի վաղ «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարել էր, որ շաբաթվա բոլոր օրերին երթ են իրականացնելու, իսկ շաբաթավերջին` հանրահավաք: Ընդդիմադիրները հայտարարում էին, որ Փաշինյանի իշխանությունը Հայաստանում չունի: ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի վստահեցմամբ՝ իրենց անհնազանդության ակցիաները շարունակելու են այնքան ժամանակ, մինչեւ վարչապետը հրաժարական ներկայացնի:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը դեկտեմբերի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ընդդիմադիր քաղաքական ուժերի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայրենիքում տիրող իրավիճակին, առկա մարտահրավերներին։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը:

Դեկտեմբերի 16-ի դրությամբ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում դեռեւս շարունակում է անհայտ մնալ 73 մարդու ճակատագիր: Այս մասին հայտնել է Արցախի պաշտպանության բանակը՝ նշելով, որ միջադեպի առաջին իսկ ժամերից խաղաղապահների աջակցությամբ տարվում են անհետաձգելի աշխատանքներ զինծառայողների ճակատագրերը հնարավորինս արագ պարզելու ուղղությամբ: Տարբեր ԶԼՄ-ներ ով հակասական տեղեկություններ են տարածվել Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհայտ կորած հայ զինծառայողների մասին: Մասնավորապես` շրջանառվում է ընդհուպ մինչեւ 171 հայ զինծառայողի մասին տեղեկատվություն, ինչը, ըստ Արցախի ՊԲ-ի, չի համապատասխանում իրականությանը:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, դեկտեմբերի 15-ին կրկին հետաձգել է Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա նախկին երեք ենթակաների գործով դատական նիստը։ Այս մասին հայտնում է Քոչարյանի փաստաբանական թիմը: Նշվում է, որ նիստը հետաձգվել է Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով, «որի վերաբերյալ դատարանին ներկայացվել է հիմնավոր միջնորդություն»։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 22-ին` ժամը 13։00-ին։

Փետրվարի 20 2021
Փետրվարի 12 2021
Հունվարի 29 2021
Հունվարի 24 2021
Հունվարի 17 2021
Դեկտեմբերի 27 2020
Դեկտեմբերի 19 2020

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Նիշքեր

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: