Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025

Շաբաթվա անցուդարձ

27 սեպտեմբերի - 4 հոկտեմբերի 2025թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ

 

Հաշվետու շաբաթը հագեցած էր պաշտոնական բարձր մակարդակի այցելություններով եւ միջազգային հանդիպումներով: Նախորդ շաբաթավերջին աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող՝ ՀՀ վարչապետը հոկտեմբերի 26-ին Մոսկվայից ուղեւորվել էր Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի (ԳԱ) հերթական նստաշրջանին, որտեղ նախատեսված էր նրա ելույթը: ՀՀ կառավարության փոխանցմամբ՝ այցի շրջանակում նախատեսվում էր նաեւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Բայց ամեն ինչի մասին՝ հերթով:

Մոսկվայում ՀՀ կառավարության ղեկավարը մասնակցել է «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին եւ հանդիպում ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կրեմլյան աղբյուրների հաղորդմամբ՝ ՌԴ նախագահի հետ միասին միջոցառմանը մասնակցել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մյանմայի նախագահի պաշտոնակատար Մին Աուն Հլայնը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը եւ այլք։ ՀՀ եւ ՌԴ ղեկավարները վերջին անգամ հանդիպել էին օգոստոսի 31-ին՝ Չինաստանում, ՇՀԿ-ի շրջանակում:

Կրեմլում տեղի ունեցած՝ Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում ՌԴ նախագահն ընդգծել է երկու երկրների փոխհարաբերությունների բնականոն շարժընթացը, ինչի վկայություններից է Հայաստանի հետ 2024թ.-ին ունեցած առեւտրաշրջանառության ռեկորդային ցուցիչը՝ 11,7 մլրդ դոլար: Նա հիշեցրել է, որ «Ռոսատոմ»-ն այժմ աշխատում է հայկական ԱԷԿ-ի գործունեության ժամկետի երկարաձգման ուղղությամբ: Փաշինյանն, իր հերթին, նշել է, որ ռուսական հումքով գործող հայկական ԱԷԿ-ն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 30 տոկոսը: «Մենք ՌԴ-ի հետ համագործակցաբար աշխատում ենք ՀԷԿ-ի գործունեության ժամկետը երկարաձգել մինչեւ 2036 թվական»,- ասել է ՀՀ վարչապետը:

Ռուսաստանը ավանդաբար եղել է Հայաստանի ամենամեծ արտաքին առեւտրային գործընկերը։ Ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը այս տարվա առաջին յոթ ամիսներին, սակայն, նվազել է՝ կազմելով մոտ 4 մլրդ դոլար, ինչը 52.1%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

 

Նույն օրը Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ 80-րդ նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով: Որոշ դիտորդների վկայությամբ՝ Փաշինյանի ելույթն անցել է գրեթե դատարկ դահլիճում: Այդ դրվագը պատկերված է նաեւ վարչապետի պաշտոնական էջում հրապարակված լուսանկարներում, որոնցում պարզ երեւում է՝ իրոք որ, մատների վրա կարելի է հաշվել ՀՀ ղեկավարի ելույթն ունկնդրող ներկաներին՝ էլ չասած, որ նրանց մի մասն էլ ՀՀ պատվիրակության անդամներն են:

Ինչի՞ մասին էր Փաշինյանը խոսում ՄԱԿ-ի բարձր ամբիոնից: Նախեւառաջ՝ Ալիեւի հետ նախաստորագրված խաղաղության, որն իրականում խաղաղություն չէ, որքան էլ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձն իր ելույթում կրկնի այդ եզրը: Խաղաղություն չի կարող լինել մի պետության հետ, որը միջամտում է հարեւանի ներքին գործերին եւ անընդհատ պահանջներ ներկայացնում նրան: Մի պետության հետ, որը զավթողական դիտավորությամբ մտել է հարեւան երկրի 240 քառ/կմ ինքնիշխան տարածք, ամրապնդվել այնտեղ: Եվ, ի վերջո, մի պետության հետ, որն իր բանտերում ապօրինաբար պահում ու դատում է 2023թ. սեպտեմբերին ԼՂ-ից գերեվարած ռազմաքաղաքական ղեկավարությանը, իսկ հայ ռազմագերիներին ազատ չի արձակում:

Ավելին՝ Ալիեւը նույն ամբիոնից Հայաստանին մեղադրում էր «էթնիկ զտումների», «ռազմական հանցագործությունների» եւ «խաղաղ կարգավորման» տարբերակներն անտեսելու համար: Վաշինգտոնյան համաձայնությունների համատեքստում Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե ՀՀ-ն կապիտուլյացիայի է ենթարկվել, ինչպես նաեւ խոսքի մեջ գործածել է «Զանգեզուրի միջանցք» եզրույթը, որն ամեն կերպ ջանում է միջազգային շրջանառության մեջ դնել. «Միջազգային հարթակներում նա (Ալիեւը) շարունակում է ՀՀ-ի դեմ քարոզչությունը՝ ամրապնդելով վերջինիս «պարտվածի» կերպարը, իսկ ներքին լսարանին պահում է մշտական մոբիլիզացիայի մեջ»,- ասում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

Ալիեւին, ըստ երեւույթին, քաջալերել են Նիկոլ Փաշինյանի թեզերը, երբ վերջինս օրեր առաջ հրապարակավ հնչեցրեց մի հայտարարություն, որն առանց չափազացության՝ ցուցմունք է ընդդեմ Հայաստանի: Անուն-ազգանունների սկզբնատառերի դիտավորյալ աղճատմամբ՝ ՖԲ-ում դիմելով ՀՀ երեք նախագահներին, այս անձը, ոչ ավել ոչ պակաս, ասում է. «Բա որ ես եմ Հայաստանը պատերազմի մեջ ներքաշել, բա 2018–ի դրությամբ ՀՀ 18 տարեկան զինվորը ի՞նչ գործ ուներ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս»։ Այսինքն՝ պարզ վկայություն է տալիս ՀՀ-ի դեմ՝ իբրեւ պատերազմի հանցագործի ու ասպատակչի: Մեկը հարցներ՝ իսկ իր որդի Աշոտիկը, 2020-ի դրությամբ ի՞նչ գործ ուներ ՀՀ «ինքնիշխան տարածքից դուրս»: Չլինի՞ ահաբեկիչ էր…

Փաշինյանը մի մեծ երազանք ունի եւ նպատակահարմար է համարում ՄԱԿ-ի ամբիոնից պատմել այդ մասին. 2026-ին՝ խորհրդարանական ընտրություններում ժողովրդի մանդատը եւս մեկ անգամ ստանալուց հետո, սիրով կնախաձեռներ համաժողովրդական հանրաքվե՝ նոր Սահմանադրություն ընդունելու համար: Եվ, ինչպես միշտ, պատմում է՝ բացելով ստերի, մանիպուլյացիաների անհատնում տոպրակն ու խտացնելով գույները. «2018թ.-ին մեր երկրում տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի թավշյա հեղափոխությունից ի վեր ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, անկախ դատական համակարգը մեր կողմից որդեգրված են որպես ռազմավարություն»,- հայտարարել է նա:

«Նոր Սահմանադրություն ընդունելու արդյունքում իշխանության բոլոր ճյուղերը եւ երկրում հաստատված իրավակարգը օրգանական կապով կկապվեն Սահմանադիրի՝ ժողովրդի հետ՝ ՀՀ պետականությունը դարձնելով հարատեւ եւ ժողովրդակենտրոն»,- ասել է Փաշինյանը: Նա ՄԱԿ-ի ամբիոնից վատաբանում, նսեմացնում է ամեն ինչ ու ամենքին, որպեսզի նրանց հենքին ինքը երեւա որպես պարկեշտ, ժողովրդավար առաջնորդ: Ի՞նչ է, գործող Սահմանադրության մեջ վա՞տ են ներդաշնակված իշխանության ճյուղերը, թո՞ւյլ է իրավակարգի հետ ժողովրդի կապը: Ո՛չ, բնավ այդպես չէ: Ողջ ցավը իշխանության բոլոր թեւերի գործառույթները սեփականած, իսկ իրավակարգը քաղաքական ընդդիմախոսների դեմ դագանակ դարձրած կառավարիչն է:

Բոլոր արտաքին ուղղություններով, որտեղ Փաշինյանը վերջին օրերին բավական բուռն կերպով հանդիպումներ էր ունենում, հանդես էր գալիս նույն թեմաների ու դրույթների շուրջ՝ զարգացնելով նույն պատմույթները՝ լինի Նյու Յորքում, Ստրասբուրգում, Փարիզում, թե Կոպենհագենում: Այն, ինչի մասին խոսել է ՄԱԿ-ում՝ խոսել է նաեւ ԵԽԽՎ-ում եւ գրեթե մյուս բոլոր մայրաքաղաքներում: Բայց էականը դա չէ: Դու ասա՝ ասածի մեջ նյութ լինի:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Հինգ տարի առաջ՝ 2020թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, ադրբեջանական ԶՈՒ-ն հարձակում սկսեց Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Այս պատերազմը դարձավ հայոց նորագույն պատմության ամենածանր եւ շրջադարձային էջերից մեկը։ 44-օր տեւած պատերազմի հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, ԱՀ-ում եւ ՀՀ-ում զոհվել են 3.809 զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք։ Սա կասկածի տեղիք տվող թիվ է, քանի դեռ չեն հրապարակվում զոհվածների անունները: Այդ օրն առավոտից մարդիկ Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան երեք պատերազմների ընթացքում զոհվածների հիշատակին։ Փա՛ռք հանուն հայրենիքի ընկած հերոսներին։

Ազգային ժողովը հոկտեմբերի 2-ին 64 կողմ ձայնով ընդունեց «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման» վերաբերյալ հայտարարության նախագիծ: ՔՊ-ի հեղինակած նախագիծը՝ հղում անելով վաշինգտոնյան համաձայնություններին, որպես հիմնավորում ներկայացրեց այն, որ ԱԺ-ն՝ ստեղծված իրողություններում, որպես առաջնային մանդատը կրող մարմին, իր աջակցությունն է հայտնում այդ գործընթացներին: Փաստաթղթում կոչ է արվում ՀՀ եւ ԱդրՀ հանրային, քաղաքական, փորձագիտական, գիտական, մշակութային շրջանակներին՝ ձեռնպահ մնալ հակամարտությունը խորհրդանշող եւ/կամ այն վերաձեւակերպելուն կամ բորբոքելուն ուղղված խոսույթներից եւ գործողություններից: Ընդդիմադիր երկու խմբակցությունները նիստին չմասնակցեցին՝ կեղծ օրակարգ համարելով «հաստատված» խաղաղությունը:

Դատախազ Արման Բաղդասարյանը սեպտեմբերի 29-ին 2 տարի 6 ամիս ազատազրկում պահանջեց իշխանության զավթման կոչի համար մեղադրվող՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի համար: Սրբազանին սպառնում է տուգանքից մինչեւ 5 տարի ազատազրկում։ Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 3-ին՝ ժամը 17:30-ին, այդ ժամանակ կհրապարկվի դատավճիռը: Շիրակի թեմի առաջնորդն իրեն մեղավոր չի ճանաչում եւ գործընթացը որակում է քաղաքական հետապնդում: Հիշեցնենք՝ գործը հարուցվել է սրբազանի ավելի քան մեկ տարի առաջ տված մի հարցազրույցի հետքերով, որտեղ նա խոսել էր հեղափոխության անհրաժեշտության մասին։ Այն ժամանակ իրավապահները հանցակազմ չէին տեսել եւ քրեական գործ հարուցեցին միայն վերջերս, երբ վարչապետը քննադատական արշավ սկսեց եկեղեցու վերնախավի ու կաթողիկոսի դեմ։

Դանիայի մայրաքաղաքում հոկտեմբերի 2-ին մեկնարկած՝ Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ Փաշինյանն ու Ալիեւը «ընդգծել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած՝ վաշինգտոնյան պայմանավորվածությունների նշանակալիությունը»: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով նաեւ կարճ տեսանյութ: «Նրանք վերահաստատել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ աշխատանքը շարունակելու իրենց պատրաստակամությունը»,- ասված է հաղորդագրությունում: Նույնպիսի հաղորդագրություն հրապարակել է նաեւ ադրբեջանական կողմը:

«Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի սեպտեմբերի 30-ի նիստում առաջարկել է քրեականացնել ցեղասպանությունները եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը: Կառավարող ուժից արձագանքել են, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունն այս պահին բացակայում է, քանի որ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածն արդեն նախատեսել է նախագծով ներկայացված արարքի քրեականացումը: Իշխող քաղաքական մեծամասնությունը պնդել է, որ ընդդիմությունը հերթական կեղծ օրակարգն է շրջանառում եւ հորդորել է դեմ քվեարկել նախագծին:

Հոկտեմբերի 11 2025
Սեպտեմբերի 27 2025
Սեպտեմբերի 20 2025
Սեպտեմբերի 13 2025
Օգոստոսի 30 2025
Օգոստոսի 23 2025

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: