Չորեքշաբթի, Մայիսի 01, 2024

Շաբաթվա անցուդարձ

1-8 հոկտեմբերի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Հայ ռազմագերիների դաժան գնդակահարության տեսանյութի հիման վրա Հայաստանը պատրաստվում է դիմել եվրոպական եւ միջազգային արդարադատության մարմիններ: Թելեգրամյան ալիքներում հոկտեմբերի 2-ին հայտնված սահմռկեցուցիչ տեսանյութից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նման բռնությունները պետք է ուսումնասիրվեն, իսկ ագրեսորը պետք է պատասխանատվության կանչվի: Մինչ այդ Ադրբեջանը դարձյալ հրաժարվում էր գերիներին ազատ արձակել՝ թեեւ, ըստ Հայաստանի վարչապետի, պարտավորվել էր մինչեւ սեպտեմբերի վերջը ազատել 17 ռազմագերիներին: Ադրբեջանը արդեն երկրորդ անգամ հրաժարվում է կատարել հայ ռազմագերիներին վերադարձնելու իր խոստումը. առաջինը Բրյուսելում էր՝ մայիսին, երկրորդը՝ Վարշավայում:

 

Մեկնաբանությունը

Աղմկահարույց տեսանյութը հոկտեմբերի 2-ի վաղ առավոտյան շրջանառության մեջ էր դրվել ադրբեջանական սոցհարթակներով, որտեղ պատկերված էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները կանխամտածված սպանում հայ ռազմագերիներին: Տեսանյութի իսկությունը հաստատվեց հաջորդ իսկ օրը եւ, ըստ այդմ, պարզվեց, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի սանձազերծած լայնածավալ հարձակման ընթացքում: Այս մասին հաղորդում էր տարածել նաեւ Հայաստանի ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը: Նրա խոսքով՝ փաստը հավաստվել է տեղանքի ուսումնասիրության, տեսանյութերի հայկական եւ այլ շտեմարաներում առկա համանման նյութերի հետ համադրությամբ:

Սա հերթականն էր ադրբեջանական զինված ուժերի իրականացրած պատերազմական հանցագործություններից, որոնց ակունքը թշնամի պետության կողմից հետեւողականորեն իրականացվող հայատյացության քաղաքականությունն է: Դրա դրսեւորումները խորն արմատներ են ձգել այդ երկրի հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ նախադպրոցական հիմնարկներից մինչեւ բարձրագույն ուսումնական հաստատություններ եւ ավելի բարձր մակարդակ: Հայերի հանդեպ ատելության ու թշնամանքի որոմն աճեցնողն ու բազմացնողը Ադրբեջանի նախագահն է. Ալիեւը նույնիսկ հպարտանում է նրանով, որ իրեն հաջողվել է սերունդների մեջ հայության նկատմամբ էթնիկ եւ կրոնական հիմքով ատելության հունդեր ցանել, ինչը, ըստ նրա, վերջին պատերազմում հաղթանակի գրավականներից մեկն էր:

Գրեթե կասկած չկա, որ հայ գերիների դաժան սպանությունների տեսանկարահանումն ու հրապարակումը իրականացվել են ռազմաքաղաքական ամենաբարձր մակարդակով: Ադրբեջանի նպատակը պարզ է՝ ամեն միջոց գործադրել՝ վիժեցնելու Երեւանի հետ վարվող բանակցությունները, ապա հայտարարել, որ ՀՀ-ի մեղքով բանակցային գործընթացը մտել է փակուղի, ինչն իրեն իրավունք է տալիս վերսկսելու մարտական գործողությունները: Այդկերպ փորձում է ուժով ստանալ այն ամենը, ինչ ուզում է, բայց բանակցությունների միջոցով գլուխ չի գալիս. օրինակ՝ «Զանգեզուրի միջանցքը»: Սա նույն սխեման է, ինչ սահմանային միջադեպեր հրահրելը եւ հայտարարելը, թե հայկական կողմն է կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Այսինքն՝ իր այդ քայլով Ադրբեջանը ցանկանում է պատերազմ հայտարարելու պատրվակ ստանալ: Այդ փորձը նա արդեն ունի:

Կա շատ պարզ եւս մեկ նպատակ՝ ուղղակի վախ սփռել հայկական բանակի շարքերում: Եվ մտածում են՝ որքան դաժան է հաշվեհարդարը, այնքան մեծ է վախը: Բանն այն է, որ 2020-ից այս կողմ ՀՀ անկյալ իշխանությունները որեւէ գործնական քայլ միջազգային հարթակում չեն արել, որպեսզի հայ ժողովրդի դեմ ոճրագործություն կատարած ազերիները, Ադրբեջան պետությունը իրենց արժանի պատիժը ստանան։ Երիցս իրավացի է բրիտանացի լրագրող, հետազոտող Թոմաս դը Վաալը՝ գրելով. «Նոր ոճրագործություններ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանն անպատիժ է մնալու նախորդ պատերազմին գործած հակամարդկային արարքների եւ ռազմական ոճրագործությունների համար»:

Ազերիական վայրագություններին՝ գոնե այս անգամ հասցեական, արձագանքել են մի շարք միջազգային կառույցներ՝ կոչ անելով Բաքվին անհապաղ հետաքննել հայ ռազմագերիների գնդակահարությունը։ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոյի խոսքով՝ սա ռազմական հանցագործություն է եւ միջազգային իրավունքի ակնհայտ խախտում։ «Նման հանցագործությունը պետք է դատապարտվի»,- նշել է Ստանոն։ Ոճրագործությանն արձագանքել է Մոսկվան. «Նշված տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանության կադրերով: Միջազգային մարդասիրական իրավունքի խախտման բոլոր դեպքերը պետք է մանրակրկիտ հետաքննվեն»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարինա Զախարովան:

Բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյանն էլ ինստագրամյան իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ կշտամբում է աշխարհի կառավարություններին, որոնք կոնկրետ գործողություններով չեն զսպում Ալիեւին ու նրա բարբարոս զինվորներին: «Սա նման է սարսափ ֆիլմի… Եվ դեռեւս ոչ մի պետություն գործողության չի անցել. նրանք բոլորը խոսում են: Ապրե՛ք դուք: Շնորհավորում եմ նաեւ Google -ին, որը, կարծում եմ, վաճառվել է Ադրբեջանին, քանի որ հին հայկական քաղաքները ներկայացնում է ադրբեջանական անվանումներով: Իսկապե՞ս, դուք ասում եք սա ադրբեջանական քաղաք է: Սրանք հայկական քաղաքներ են, դուք չեք կարող ջնջել պատմությունը: Գիտե՞ք ինչ: Բավակա՛ն է: Դուք բոլորդ սրիկաներ եք»,- տեսանյութում ասում է Օրկյանը:

Իսկապես որ:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Պրահայում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակում ՀՀ վարչապետը հոկտեմբերի 6-ին հանդիպումներ է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ: Նիկոլ Փաշինյանը Շոլցին մանրամասներ է փոխանցել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Երկու պաշտոնյաների հետ էլ ունեցած առանձին հանդիպումներում Փաշինյանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքներին եւ նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում կարեւորել միջազգային հանրության համարժեք արձագանքը:

Հոկտեմբերի 4-ին մեկնարկել է ԱԺ հերթական նիստը՝ օրակարգում ունենալով 21 հարց, այդ թվում՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը երկրորդ ընթերցմամբ ընդունելու, ՀՀ կրթության մինչեւ 2030թ. զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգելու մասին հարցերը։ Ընդդիմադիր խմբակցություները կրկին նիստին ներկա չէին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ բացակայությունների շարունակական լինելու դեպքում իշխանությունն այս անգամ մինչեւ վերջ կգնա եւ նիստերից բացակայող ընդդիմադիրներին կզրկի մանդատից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին: Փաշինյանն ու Գրոսին անդրադարձել են Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքներին, մտքեր փոխանակել Հայաստանի եւ ԱԷՄԳ-ի միջեւ համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ: Ավելի ուշ նրան ընդունել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Վերջինս Գրոսիի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր:

Ժնեւում հոկտեմբերի 2-ին մեկնարկել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որից մանրամասներ չեն հաղորդվել: Նույն օրն աշխատանքային այցի շրջանակներում Միրզոյանը Ժնեւում հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Նախարարը խստորեն դատապարտել է Ադրբեջանի զինուժի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները եւ իրականացրած պատերազմական հանցագործությունները՝ մասնավորապես խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը, հայ ռազմագերիների անմարդկային խոշտանգումներն ու արտադատական սպանությունները:

ԱԺ ՔՊ խմբակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը։ Ֆեյսբուքյան գրառմամբ Հովակիմյանը հայտնել է, որ համաձայն օրենսդրության՝ ԿԸՀ անդամները չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ, ուստի դադարեցնում է իր անդամակցությունը իշխող կուսակցությանը: Նա միաժամանակ ԱԺ նախագահին է ներկայացրել պատգամավորական մանդատից եւ, հետեւաբար, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հրաժարվելու դիմումները: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի նախագահության ժամկետը լրանում է հոկտեմբերի 12-ին:

Ադրբեջանը հոկտեմբերի 3-ին Հայաստանին է հանձնել սեպտեմբերի 13-ից հետո հայ-ադրբեջանական սահմանային արյունալի բախումներից հետո գերեվարված անձանց: Այս մասին «Ազատությանը» փոխանցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Զառա Ամատունին։ Պաշտպանության նախարարությունն ավելի ուշ մանրամասնեց, որ ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերի:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: