Կիրակի, Հունիսի 16, 2024

Շաբաթվա անցուդարձ

20-27 ապրիլի 2024թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Շաբաթվա ընթացքում ամենաշահագրգիռ քննարկումների թեման Տավուշի հայտնի գյուղերի ճակատագրի շուրջ էր: Մարդիկ չէին հանդարտվում եւ շարունակում էին բողոքի ակցիաները՝ փակելով միջպետական եւ դեպի Բագրատաշենի ու Բավրայի անցակետեր տանող ճանապարհները: Նախորդ շաբաթավերջին՝ ապրիլի 19-ին, Նիկոլ Փաշինյանը դարձյալ այցելել էր Տավուշ, հանդիպումներ ունեցել Բերքաբերի, Կիրանցի եւ հարակից այլ գյուղերի բնակիչների հետ, խոսել հայ-ադրբեջանական  սահմանի սահմանագծման-սահմանազատման գործընթացը Տավուշի հատվածից սկսելու՝ գործադիրի մտադրության, սահմանային բնակավայրերի զարգացման ներուժի ու հեռանկարների մասին եւ տվել «լավագույն ապագայի» խոստումներ:

Բերքաբերում, անշուշտ, հալած յուղի տեղ չընդունեցին Փաշինյանի «անկեղծության» պոռթկումը, թե «ձեր հողուջրի տղեն եմ, հո ձեզ չե՞մ խաբելու» (կարծես՝ մյուսներին, որ իր հողուջրից չեն, խաբել կարելի է): Դալիճում հավաքվածներից մեկի հարցին ապշեցուցիչ պատասխան տվեց, մարդիկ չգիտեին՝ կատակո՞ւմ է, թե լուրջ է խոսում: Հարցը հետեւյալն էր. 2021-ի ԱԺ արտահերթ ընտրությունների՝ ձեր նախընտրական խոստումները չեք կատարել եւ կորցրել եք վստահությունը: Կլինի՞ անցկացնել նոր ընտրություններ, ստանալ ընտրողների վստահության քվեն եւ շարունակել պաշտոնավարումը: Պատասխան. «2021-ի արտահերթ ընտրությունից հետո Ռուս-ուկրաինական պատերազմ սկսեց, վախենամ՝ նոր արտահերթը մեկ այլ պատերազմ բերի»:

Ասում են՝ կարմիր կովը կաշին չի փոխում: Իրականում «հողուջրի տղեն» խաբում էր յուրայիններին. ճիշտ նույն պահին, երբ Փաշինյանը դահլիճում «փափուկ բարձ» էր դնում բերքաբերցիների գլխատակին, խնդրո առարկա 4 գյուղը (փաստացի՝ 8-ը) Ադրբեջանին հանձնելու հայ-ադրբեջանական համաձայնությունն արդեն ձեռք էր բերվել: Խնդիրը լուծվել էր սահմանազատման հարցերով երկու երկրների հանձնաժողովների համատեղ որոշմամբ՝ տեղի բնակչության համար ամենաանցանկալի, իսկ ՀՀ-ի համար միակողմանի զիջման դիպաշարով: Թե ինչպես դա տեղի ունեցավ՝ «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում բնորոշել է մեկ բառով՝ նենգաբար:

«Փաստն այն է, որ երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. այն պահին, երբ գնում էին իրական հանրային քննարկումներ, ձեւակերպվում էին շատ լուրջ առաջարկներ, որոնք Հայաստանի դիրքերը կուժեղացնեին։ Ինչո՞ւ այդպես արվեց. այն պատճառով, որ Փաշինյանին պետք էր ոչ թե Հայաստանի դիրքերի ուժեղացում, այլ վաղօրոք ստվերում համաձայնեցված պլանի իրականացում»,- գրում է փորձագետը։ Նրա դիտարկմամբ՝ դժվար պահին հանրությունը համախմբելու փոխարեն ՀՀ իշխանությունը գնաց հանրությունը պառակտելու ճանապարհով։ «Բայց նման բան սովորաբար անում է թշնամու իշխանությունը»,- արձանագրում է Հովհաննիսյանը։

Այն բանից հետո, երբ Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի ու Բերքաբերի բնակիչները հասկացան, որ չարաչար խաբված են իրենց «հողուջրի տղու» կողմից, իրավիճակն ավելի սրվեց, դեպքերը դարձան հախուռն ու անկառավարելի: Իշխանությունն անթաքույց սպասարկում էր թշնամու ցանկությունները, եւ նրան՝ խմբերի բաժանված, օգնում էին ոչ միայն ՔՊ-ականներն ու ոստիկանական ուժերը, այլեւ արտախորհրդարանական որոշ քաղաքական կազմակերպություններ եւ, ի մասնավորի, ԵԿՄ-ի ստորաբաժանումը՝ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ: Վազգեն Սարգսյանի հիմնադրած Երկրապահը դարձել է երկրատու, իսկ երջանկահիշատակ Սպարապետի եղբայրը՝ Գերագույն գլխավոր հողատուի աջ ձեռքը:

Թե ուր կհասցնեն տավուշյան խառնիճաղանջ զարգացումները՝ ցույց կտա մոտակա ժամանակը, բայց մի բան արդեն ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա անփառունակ խմբակը Հայաստանը տանում են «արցախացման»՝ Ադրբեջանի առջեւ դուռ բացելով նոր ցեղասպանության համար:

 

Ապրիլի 24-ին ողջ հայությունը 109-րդ անգամ ոգեկոչեց Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության եւ Հայրենազրկման զոհերի հիշատակը: Ոճրագործությունից անցել է այդքան տարի, սակայն Թուրքիան դեռ շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը՝ անտեսելով, որ աշխարհի բազմաթիվ պետություններ, միջազգային կազմակերպություններ, նահանգային ու ինքնակառավարման մարմիններ ճանաչել եւ դատապարտել են անցյալ դարասկզբին՝ 1915-1923 թթ.-ին տեղի ունեցած զանգվածային եղեռնագործությունը՝ որպես 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն, որը 1,5 միլիոնից ավելի անմեղ մարդկանց կյանք է խլել:

Ապրիլքսանչորսյան ներկա հանգրվանը՝ 109-րդ տարելիցը, յուրահատուկ է նրանով, որ զուգադիպեց Հայաստանում աննախադեպ խառնակ մի իրավիճակի՝ պայմանավորված իշխանությունների անարդյունավետ կառավարմամբ, թուլամորթությամբ եւ ապագային միտված անորոշությամբ: Երբեք Հայաստանում բոլոր համակարգերն ու ոլորտները այսքան ձախողված եւ հասարակական կյանքն այսքան կաթվածահար չեն եղել: Երկիրը կանգնած է գահավիժման ծերին, գոյութենական թշնամիների զույգը սպառնում է կլանել Հայաստանը կամ այն ամենը, ինչ կարող է մնալ Հայաստանից, եթե եւս մի քանի ամիս իշխանության մնա «Քաղպայմանագիր» անունով այս արհավիրքը:

Պարզ ասած՝ դանակը հասել է ոսկորին: Հայոց նոր Ցեղասպանության տեսիլքը 1915-ից ի վեր երբեք այսքան իրատեսական ու մոտ չի եղել: Երեւում է՝ 4 տարի առաջ՝ 2020-ի մայիսին, Բաքվում Էրդողանը հենց այնպես չէր ասել. «Հայերը մեր թրի մնացուկն են, եւ հայերի հետ մեր գործն առայժմ ավարտված չէ»: Ցեղասպան եւ ահաբեկիչ պետության ղեկավարը մի քանի օր առաջ դարձյալ բացեց կեղտոտ երախը՝ հերթական անգամ ժխտելու Հայոց ցեղասպանությունը, թե դրանք «անհիմն հիշողություններ են, խավար, որից պիտի դուրս գալ, ձերբազատվել»: Եվ հատուկ ընդգծեց. «Նիկոլ Փաշինյանը դա հասկացել է…»

Փաշինյանը թուրքերի կուռքն է դարձել՝ արեւով երդվում են: Ադրբեջանական մամուլը նրան «ալլահի պարգեւ» է համարում, որ իրենց է վիճակվել: Ոմանք համոզմունք ունեն, որ հետանկախական շրջանում Ադրբեջանի ոչ մի ղեկավար պետության ու ժողովրդի համար այնքան բան չի արել, որքան՝ Փաշինյանը: Ավելի սրամիտները նրան անվանում են Բաքվի «ոսկե ձկնիկը»: Վերջին 6 տարում նրա թրքամետության նշաձողն էականորեն բարձրացել է, ինչն ակներեւ է հատկապես բովանդակային առումով Հայոց ցեղասպանության հանդեպ նրա վերաբերմունքի եւ հանրային խոսույթի աստիճանական փոխակերպման հենքին:

Պաշտոնավարման վեցերորդ տարում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը այլեւս չի խոսում Թուրքիայի հայատյաց քաղաքականության, պանթյուրքական գաղափախոսության ու դրա վերածննդի, ինչպես նաեւ Ցեղասպանության միջազգային ճանաչման կարեւորության մասին։ Ապրիլքսանչորսյան այս տարվա ուղերձում «Հայոց ցեղասպանություն» եզրույթի փոխարեն նա՝ ի տարբերություն Բայդենի եւ Մակրոնի, գերապատվությունը տվել է «Մեծ եղեռն»-ին. «Մեծ եղեռնը հոգեցնցում դարձավ հայերի համար, այսօր էլ հայ ժողովուրդն այն չի հաղաթահարել, ինչի պատճառով չի կարողանում ճիշտ զատորոշել իրողությունները»,- ասված է 2024-ի ուղերձում։

Տպավորություն է, թե «հոգեցնցում» ստացած ժողովուրդը նույնքան մեղավոր է, որքան Մեծ եղեռնը, որի հետեւանքներն այսօր էլ չի հաղթահարել: Չկա որեւէ հղում, որ տեղի ունեցածը հանցագործություն է, որ այն կազմակերպվել ու իրականացվել է պետական մակարդակով: Ավելին՝ փորձում է ուժեղացնել այն զգացողությունը, որ հայ ժողովուրդը զոհ է ինչ-ինչ հանգամաքների, բայց ոչ Թուրքիայի վարած հայատյաց քաղաքականության: «Պետականությունը հարյուրամյակներ առաջ կորցրած, պետականության ավանդույթն, ըստ էության, մոռացած հայ ժողովուրդն աշխարհաքաղաքական խարդավանքների ու սին խոստումների զոհ դարձավ»,- ուղերձում հայտարարում է Փաշինյանը:

Փաստորեն՝ նա պարտակում է ցեղասպանի հանցանքը: Նույնկերպ վարվում է նաեւ ցեղասպանն ինքը՝ չընդունելով իր հանցանքը եւ չկրելով համարժեք պատիժ: Սա նշանակում էր, որ նա նորից է հանցանք գործելու, ինչը մենք տեսանք Սումգայիթում, Գանձակում, Մարաղայում, իսկ շատ ավելի ուշ՝ 2020-2023 թվականներին, Արցախում: Այսօր զիջումներով թշնամուց խաղաղություն մուրալով՝ մենք նոր ցեղասպանության առջեւ ենք կանգնելու, որի իրականացման դռներն այս պահին բացվում են Տավուշում:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնի Գուտերեշը ողջունել է ապրիլի 19-ին պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ Երեւանի եւ Բաքվի միջեւ ձեռք բերված համաձայնությունը: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ Գուտերեշը կոչ է արել կողմերին՝ շարունակել սահմանի մնացած հատվածների սահմանագծումն ու սահմանազատումը եւ լուծել բոլոր երկկողմ խնդիրները՝ հարաբերությունների լիարժեք կարգավորման հասնելու համար։ Նույն առիթով կողմերին քաջալերանքի խոսքեր են հղել միջազգային կառույցների բազմաթիվ պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ապրիլի 23-ին իր մտահոգությունն է հայտնել ՀՀ-ում ոստիկանական աճող բռնության մասին հաղորդումների առնչությամբ: Կառույցն X-ի միկրոբլոգում գրառմամբ Հայաստանի իշխանություններին կոչ է անում հետաքննել «անհամաչափ ուժի եւ անմարդկային վերաբերմունքի շարունակական դարձած դեպքերը եւ համագործակցել քաղաքացիական հասարակության հետ՝ խթանելու եւ իրականացնելու ոստիկանության բովանդակային բարեփոխումներ»:

Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանը չմեկնեց ՌԴ՝ մասնակցելու ապրիլի 24-25-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել են ԱԽՔ գրասենյակից: Վերջին շրջանում ՀՀ պաշտոնյաները հիմնականում չեն մասնակցում Ռուսաստանի նախաձեռնած կառույցների նիստերին ու քննարկումներին։ Մայիսի սկզբին նախատեսված են ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը եւ Պուտինի երդմնակալության արարողությունը, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստացի մինչեւ այս պահը չի հստակեցրել, թե արդյոք կմասնակցի այդ միջոցառումներին եւ ինչ ձեւաչափով։

Երեւանի Հանրապետության հրապարակից ապրիլի 23-ին մեկնարկել էր Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ավանդական ջահերով երթը։ Այն կազմակերպել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը: Երթի մեկնարկից առաջ մասնակիցները, ավանդույթի համաձայն, այրել են Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները ՝ ի նշան Բաքվի եւ Անկարայի ցեղասպան քաղաքականության դեմ բողոքի: Այս տարվա ջահերով երթի կարգախոսն էր՝ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ»։ Երթի մասնակիցներն իրենց հետ Ծիծեռնակաբերդ էին տանում Հայոց եռագույնը: Տավուշի Կիրանց գյուղում եւս ջահերով երթ անցկացվեց՝ ի ոգեկոչումն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի։ Տեղացիները ջահերով հավաքվել էին տեղի եկեղեցու բակում:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 23-ին ընդունեց Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը։ Կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին, մասնավորապես՝ պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր, հայտնում են ռազմական գերատեսչությունից՝ հավելելով, որ քննարկվել է նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու Հայաստանի զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումներին վերաբերող օրակարգը։

Հունիսի 15 2024
Հունիսի 07 2024
Մայիսի 24 2024
Մայիսի 18 2024
Մայիսի 11 2024
Ապրիլի 27 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: