Կիրակի, Ապրիլի 28, 2024

Շաբաթվա անցուդարձ

24 փետրվարի - 2 մարտի 2024թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Հայ առաքելական եկեղեցու հազարավոր աջակիցներ փետրվարի 24-ին հավաքվել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ իրենց զորակցությունն էին հայտնում Մայր Աթոռին ու Ամենայն Հայոց հայրապետին։ Այդ մասին լրատվամիջոցներին տեղեկացրել են Մայր Աթոռից: Հավատացյալները դատապարտում եւ անթույլատրելի են համարում վերջին շրջանում Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվող վարկաբեկչական գործողությունները։ Հիշեցնենք, որ օրեր շարունակ հոգեւորականների դեմ արշավ է իրականացվում. Անդրանիկ Դովլաթբեկյան անունով ֆեյսբուքյան օգտատերը զրպարտող նյութեր է տարածում, հավաքներ կազմակերպում, հակաեկեղեցական կոչեր հնչեցնում:

Եկեղեցու հանդեպ գործող իշխանության անբարյացակամ վերաբերմունքը նորություն չէ: Իշխանության գալու առաջին իսկ օրերից եւ մինչեւ հիմա Կառավարության եւ Մայր Աթոռի ջրերը երբեք մի առվով չեն հոսում: «Օդում կախված» որոշ լուրերի համաձայն՝ «Քաղպայմանագրի» գաղտնի ծրագրում եկեղեցին ամենաառանցքային այն կառույցների եռյակում է, որոնք ենթակա էին առաջնահերթ թուլացման կամ կազմաքանդման: Մյուս երկուսը հանրակրթական դպրոցը եւ բանակն են: Այս ընթացքում ՔՊ-ն կարողացավ էականորեն սասանել ԶՈՒ-ի ու կրթական համակարգի հիմքերը, բայց եկեղեցուն կոտրել չհաջողվեց, եւ այն, թերեւս, միակ կանգուն կառույցն է:

Իշխանությունների ձեռքը Մայր Աթոռին այդպես էլ չհասավ՝ չնայած բազմաթիվ փորձերին: Փաշինյանականների առաջին գրոհը 2018-ի հուլիսին էր՝ շատերը լավ կհիշեն: Մի քանի օր շարունակ նախաձեռնող խմբի անդամները «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» կարգախոսով Երեւանում՝ եթե չեմ սխալվում, նաեւ Էջմիածնում, խաչերթեր ու բողոքի գործողություններ էին անցկացնում՝ պահանջելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը, բայց՝ անարդյունք: Ճակատագրի հեգնանքով 2 տարի անց դերերը փոխվեցին՝ Մայր Աթոռը հանդես եկավ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությամբ՝ ի սատարումն ԶՈՒ գլխավոր շտաբի ու բանակի մի քանի տասնյակ բարձրաստիճան սպաների հայտնի կոչի:

Փետրվարի 24-ի ներկայիս հակաեկեղեցական ակցիան իշխանականների հերթական փորձն էր՝ արատավորելու Մայր Աթոռի եւ անձամբ երկրի հոգեւոր առաջնորդի անունը, թուլացնելու հասարակության մեջ եկեղեցու դերն ու ազդեցությունը: Սակայն Փաշինյանի հաշվարկները կրկին սխալ դուրս եկան, որովհետեւ աչքաթող էր արել կարեւոր մի գործոն՝ իր գահավիժող վարկանիշը: Առավել եւս՝ եկեղեցու համեմատ:

 

Շաբաթվա չորեքշաբթին արտասովոր օրերից էր, ես կասեի՝ ՔՊ-ի պայթունավտանգ օրերից մեկը: Բարեբախտաբար՝ պայթյուն տեղի չունեցավ, ինչի համար ոմանք ուրախ էին, ոմանք՝ ոչ այնքան: Ի դեպ, խոսքը քաղաքական պայթյունի մասին չէ, այլ՝ ֆիզիկական, իրական պայթյունի: Այդ օրը՝ փետրվարի 28-ին, մամուլն ու սոցցանցերը հեղեղված էին «Քաղպայմանագրի» գրասենյակամերձ տարածքներում տեղադրված ռումբերի մասին լուրերով: Ըստ ԶԼՄ-ների տեղեկացման, դեռ օրեր առաջ՝ փետրվարի 22-ին, ռումբ էր հայտնաբերվել Գուրգեն Արսենյանի ղեկավարած ՄԱԿ կուսակցության Արաբկիրի գրասենյակի մոտ, դրանից 4 օր անց էլ՝ Արսենյանի տարածքի հարեւանությամբ գտնվող ՔՊ գրասենյակի բակում:

Չնայած ռումբի վնասազերծման աշխատանքներից հետո Արաբկիրի ոստիկանությունից հայտնել էին, թե հայտնաբերվածը պայթուցիկ չէ, այլ դրա կեղծ կաղապարը, սակայն ՔՊ-ում չեն հավատում այդ վարկածին՝ պնդելով, որ ոստիկանությունն իր անճարակությունն է միայն քողարկում: Ռումբի իսկական լինելը «Հրապարակի» հետ մասնավոր զրույցում ՔՊ-ի աղբյուրը հիմնավորել է նրանով, որ «15 օր առաջ էլ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան պարսպի մոտակայքում էր ռումբ տեղադրվել, որը մեծ ուժգնության չի եղել, բայց պայթել է՝ պատճառելով նյութական վնաս»։ Ոստիկանները դարձյալ պնդում էին, որ գեներալ Մելքոնյանի պարսպապատի մոտ պայթածը ոչ թե ռումբ է եղել, այլ ինքնաշեն պայթուցիկ սարք:

Իրավապահ մարմինները հակասական տեղեկություններ են հաղորդում: Մի կողմից՝ հայտնաբերվածը, իբրեւ թե, պայթուցիկ չէր, այլ անվտանգ կաղապար՝ «մուլյաժ», որը վնասազերծել են, մյուս կողմից՝ հասկանալի չէ, թե անվտանգ կաղապարի վնասազերծելը ո՞րն է: Կամ մեկ այլ հարց. ինչո՞ւ է փորձ արվում տեղի ունեցածը ներկայացնել որպես միջանձնային հարաբերությունները պարզելու հետ կապված գործողություն: Անգամ չեն բացառում, որ գործընթացում կարող է խառը լինել որեւէ ՔՊ-ական գործչի ծանոթ կամ բարեկամ: Ամեն դեպքում ակնհայտ է՝ ՆԳ ոստիկանությունը ինչ-որ բան թաքցնում է։

Չեմ զարմանա, եթե հետաքննությունն ավարտվի եզրահանգմամբ, թե ռումբի պայթյունի թիրախը ՔՊ-ի գրասենյակն է եղել կամ, ինչու չէ, Նիկոլ Փաշինյանը, ով անհուսալիորեն ընկած վարկանիշի խնդիր ունի: Եթե հիշողությունս չի դավաճանում, 2-3 տարի առաջ նրա դեմ «մահափորձի» այդպիսի թատերականացված մի ներկայացում արդեն եղել է:

 

Մինչ Ջեյհուն Բայրամովը Գերմանիայի ԱԳ տիկին նախարարին հավաստիացնում է հայ-ադրբեջանական խաղաղությանն իր հավատարմության մասին՝ այդ երկրի «արթուն ժամապահները» սահմանին նոր սադրանքների ձեւեր են մտմտում: ՀՀ ԱԱԾ-ի հաղորդման համաձայն՝ փետրվարի 28-ի վաղ առավոտյան Սյունիքի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով եւ մեկ պահատուփով: Մեր Պնախարարության զինծառայողները, վնասազերծել են նրան: Դեպքի կապակցությամբ, ըստ ԱԱԾ-ի, Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Դեպքին անդրադարձել է նաեւ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ հավելելով, որ Տեղ գյուղի մոտակայքում հայտնված ադրբեջանցի երկու զինծառայողից մեկը բռնվել է, իսկ մյուսին հաջողվել է փախչել. «Գիշերը նաեւ կրակոցներ են եղել ադրբեջանական կողմից, տվյալ պահին իրավիճակը հանգիստ է»,- Առաքելյանին մեջբերել է news.am-ը: Որ գիշերվանից ադրբեջանական մոտակա դիրքում անհանգիստ էր՝ հաստատել է Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը. նա ենթադրում է, որ ներքին վեճ են ունեցել եւ, հավանաբար, այդ պատճառով էլ երկու զինծառայողները փախել ու հայտնվել են հայկական կողմում:

Անշուշտ, սա ընդամենը կանխավարկած է, եթե չասենք՝ թշնամու չարամտությունը կամա թե ակամա թեթեւացնելու փորձ: Զենքով մեր տարածք ներխուժած ստահակը չի կարող «անմեղ արարած» լինել: Համայնքի ավագանու անդամի նկատառումը խիստ համահունչ է Բաքվի հաղորդագրությանը, թե առավոտյան ադրբեջանական բանակի զինծառայող Ռուսլան Փանահովը «մոլորվել է Լաչինի շրջանում անբարենպաստ եղանակի պատճառով»: Ամեն դեպքում միայն արդարացի ու անկողմնակալ քննությունը վեր կհանի սահմանախախտ թշնամիների իրական մտադրությունները: Կարծում եմ՝ հայկական կողմը գոնե այսքան կամք ու համարձակություն կունենա: Գոնե՝ այսքան:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը փետրվարի 27-ին ժամանել են Հունաստան: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ վարչապետ Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով մեկնել է Հունաստան։

Այցի շրջանակներում նույն օրը հանդիպումներ են կայացել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի, վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի եւ խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ:

Փետրվարի 27-ին Բեռլինում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների երկկողմ հանդիպումը, որը հետո շարունակվել է եռակողմ ձեւաչափով՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի մասնակցությամբ։ Բացի դրանից, Բերբոքն առանձին երկկողմ հանդիպումներ է ունեցել հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ։ Միրզոյանի եւ Բայրամովի հանդիպման շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել Մյունխենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ կայացած քննարկումների ընթացքում:

«Հայաստանի միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն է»,- փետրվարի 26-ին Խոջալու այցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ պնդելով, թե Հայաստանը նոր տերերի փնտրտուքի մեջ է։ «Հայաստանը, որ փորձում է նոր տեր գտնել եւ սրա-նրա գիրկն է նետվում, պետք է իմանա՝ իր միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն ու Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներից հրաժարվելն է»,- հայտարարել է Ալիեւը, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» հուշահամալիրի հիմնարկեքի արարողության ընթացքում։ «Խոջալուն, ըստ նրա, շատ մեծ տեղ է զբաղեցնում ադրբեջանցի ժողովրդի գիտակցության եւ պատմության մեջ։

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն փետրվարի 26-ին կրկին հայտարարել է, որ Մոսկվան կխնդրի ՀՀ իշխանություններին՝ պարզաբանումներ տրամադրել վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունների՝ մասնավորաբար ՀԱՊԿ-ում անդամակցության սառեցման վերաբերյալ։ «Այս հարցում հստակություն առայժմ չի նշմարվում։ Մենք բավական հաճախ ենք շփվում մեր հայ գործընկերների հետ եւ, իհարկե, հստակեցնելու ենք այդ հարցը»,- նշել է Պեսկովը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հատուկ ընդգծել է. «Եթե ելնելու լինենք համապատասխան փաստաթղթերից, ապա ՀԱՊԿ-ում դե-յուրե նման ռեժիմ [սառեցված անդամության] պարզապես գոյություն չունի»:

Էդմոն Մարուքյանը փետրվարի 29-ին վարչապետին է ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում: «Վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում»,- ասված է Մարուքյանի հայտարարության մեջ: Վերջինս, սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ որ հարցերի շուրջ են մոտեցումները տարբեր։ Մարուքյանը հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնն ստանձնել է 2022-ի մարտից։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: