Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում` Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում տեղի են ունեցել նախ Փաշինյան-Ալիեւ, ապաեւ՝ Փաշինյան-Պուտին հանդիպումները, որոնց շուրջ նյութերը շաբաթվա հաջորդ բոլոր օրերին շարունակում էին մնալ հասարակության, փորձագիտական-վերլուծական հանրույթի ու մամուլի ուշադրության կենտրոնում: Առաջին հանդիպման արդյունքներով Երեւանն ու Բաքուն տարածել են նույնաբովանդակ հաղորդագրություններ, որոնք սովորաբար համաձայնեցված, համատեղ «գրաքննությամբ» անցած տեքստեր են լինում:
Բնականաբար՝ ամեն ինչ չէ, որ լուսաբանվում է: Սուր, կոնֆլիկտածին հարցերը միշտ մնում են գաղտնիության քողի հետեւում: Ըստ հաղորդագրության լուսաբանված մասի, երկու երկրների ղեկավարները քննարկել են «Թրամփի ուղու» հետ կապված հետագա գործնական քայլերը, կարեւորել Ադրբեջանից նավթամթերքի, իսկ երրորդ երկրներից Ադրբեջանի միջոցով հացահատիկի, այլ ապրանքների տարանցումը Երեւան, շփումները հայ եւ ադրբեջանցի գործարարների, քաղհասարակության ներկայացուցիչների հետ: «Փաշինյանն ու Ալիեւը պայմանավորվել են անմիջական շփման միջոցով շարունակել քայլերը՝ ուղղված տեւական խաղաղության ամրապնդմանը, միջպետական կապերի, հարաբերությունների կարգավորմանը եւ կոմունիկացիոն նախագծերի իրականացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այդուհանդերձ՝ ձեռք բերված այլ պայմանավորվածությունների մասին չի հաղորդվում, սակայն ակնհայտ է, որ արծարծվել են այլ թեմաների եւս: Խոսքը ՀՀ Սահմանադրությունը փոխելու եւ անկլավների համարժեք տարածքների խնդրի մասին է: Բաքուն շարունակում է պնդել, որ ՀՀ-ի Մայր օրենքը փոխելու եւ դրանում Անկախության հռչակագրին արված հղումը հանելու իր պահանջը պետք է կատարվի, հակառակ դեպքում խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի: Սահմանադրության նոր տեքստը, որը Կառավարությունը խոստացել է հրապարակել առաջիկա ամիսներին, հենց այնպես է լինելու, ինչպես Բաքուն է պահանջում:
Փաշինյանը հիմա շատ բաց է խաղում, թաքցնելու բան, կարծես թե, այլեւս չունի, այն սեթեւեթանքները, վախվորածությունը, որ կային, հիմա հօդս են ցնդել: Օրեր առաջ նա առանց դույզն-ինչ քաշվելու, միանշանակ պնդում էր, թե անկլավներ համարվող տարածքները՝ այդ թվում Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը (իր եզրաբանությամբ՝ Քյարքի) Ադրբեջանին են պատկանում: Ընդդիմադիր եւ փորձագիտական շրջանակները դա համարում են սպասվող նոր զիջումների նախերգանք: Ի դեպ, Քյարքի կոչեցյալն այն գյուղն է, որը ԱԺ հունիսի 7-ի ընտրություններում ՔՊ-ին 249 ձայն էր տվել: Նույն՝ 13/50 ընտրատեղամասում «Ուժեղ Հայաստան» դաշինքը ստացել էր 56 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 13, «Բարգավաճ Հայաստանը»՝ 17 ձայն։ Ահա այսպիսի բաներ:
Հայ-ռուսական հարաբերություններն այսօր իրենց ոչ լավագույն ժամանակներն են ապրում: Փաշինյանին հաջողվել է ի շարս բազմաթիվ չարամտությունների՝ փչացնել նաեւ աշխարհի հզոր գերտերություններից մեկի հետ Հայաստանի ավանդականորեն լավ հարաբերությունները: Նա բացեիբաց հայտարարել է, որ Ռուսաստանը մեզ համար ռազմավարական գործընկեր չէ: Ավելին՝ տվյալ ձեւակերպումն արտացոլել է գործադիրի 2026-2031թթ. հնգամյա ծրագրի տեքստում: Այդ հարցում Մոսկվան Փաշինյանի հետ համաձայն չէ, ինչի մասին բիշքեկյան գագաթնաժողովի համատեքստում «Վեստիին» տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա, մասնավորապես, ընդգծել է. «Մենք շարունակում ենք համարել, որ մեր երկրների գործընկերությունն այն է, ինչը համապատասխանում է երկու ժողովուրդների շահերին եւ հավասարապես օգտակար է երկուսի համար էլ»: Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ եթե Նիկոլ Փաշինյանը հավատարիմ է այլ դիրքորոշման եւ կարողանա դա բացատրել ՀՀ քաղաքացիներին, ապա հայերը դրա նկատմամբ իրենց վերաբերմունքն ազատ կհայտնեն հանրաքվեում, եթե, իհարկե, այն կայանա։ Հանրաքվեի միտքը, սակայն, Փաշինյանի սրտով չէ, որովհետեւ համոզված չէ, որ ժողովուրդը կքվեարկի Եվրամիության օգտին, որին ինքը հավատարմության խոստումներ ունի տված՝ ի շահ սեփական իշխանության պահպանման:
Սեպտեմբերի 1-ի բիշքեկյան գագաթնաժողովի շրջանակներում՝ հանդիպելով իր հայ գործընկերոջ հետ, Պուտինն անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան տնտեսական հարաբերություններին եւ Եվրամիության հետ Երեւանի մերձեցման հեռանկարներին։ ՌԴ ղեկավարի փոխանցմամբ՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը։ 2026 թվականի սկզբից ի վեր առեւտրաշրջանառությունը երկու երկրների միջեւ հասել է 2,5 մլրդ դոլարի։ Նա ընդգծել է, որ ռուսական ընկերությունները Հայաստանի պետական բյուջեի խոշորագույն հարկատուներն են եւ առանցքային դեր են խաղում երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդման գործում:
Պուտինը հատուկ ուշադրություն է հրավիրել Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցության դրական ազդեցության վրա եւ նշել, որ կազմակերպությանը միանալուց ի վեր Հայաստանի ՀՆԱ-ն եռապատկվել է, իսկ արտահանումը դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ ավելացել է տասն անգամ։ ՌԴ նախագահը շեշտել է, որ Մոսկվան միշտ էլ կողմ է եղել Երեւանի հետ բարեկամական ու փոխշահավետ կապերի զարգացմանը, ինչը, ըստ նրա, լիովին համապատասխանում է հայ եւ ռուս ժողովուրդների հիմնարար շահերին։ Այժմ ԵՄ-ի հետ Հայաստանի խորացող հարաբերությունների հենքին Մոսկվան, Պուտինի խոսքով, պետք է կանխավ հասկանա, թե ինչպես է զարգացնելու Հայաստանի հետ հետագա հարաբերությունները:
ՌԴ ղեկավարը պարզաբանում է, որ եթե Հայաստանն օրենք է ընդունել տնտեսական մեկ այլ կազմակերպության անդամակցման ընթացակարգ սկսելու մասին՝ կնշանակի, որ նրա դուրս գալը ԵԱՏՄ-ից կայացած իրողություն է: «Հարցրեք մարդկանց,- շարունակել է նախագահը, ինչ են իրենք ուզում։ Նրանք ընտրություն կկատարեն, եւ մենք կփակենք թեման»: Պուտինը դարձյալ հարցը հանրաքվեի դնելու առաջարկն է այս էլ որերորդ անգամ ներկայացնում, որին ի պատասխան՝ Փաշինյանն իր վատ ռուսերենով հասկացնում է, որ օրենքի ընդունման նպատակն ի վերուստ հանրաքվե չանցկացնելն է: Պուտինը, սակայն, մնում է այն կարծիքին, որ նման օրենքի ընդունումն արդեն նշանակում է հայտարարություն ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին:
Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանը եվրաինտեգրման ձգտման մեջ Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի հետ պայմանավորվածությունների խախտում չի տեսնում։ Երկու տնտեսական միությունների միջեւ ընտրություն կատարելու հարցը, ըստ նրա, «դեռ չի հասունացել»։ Սա ուղղակի հիշեցնում է Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» ստեղծագործության մի դրվագը, երբ շունն ամեն անգամ կատվին պատահելիս՝ «վրա է վազում»՝ պահանջելով այն մորթին, որ տվել էր կատվին, որպեսզի իր համար գդակ կարի, սակայն այդ սեւերեսը ոչ գդակն է կարել, ոչ էլ՝ մորթին վերադարձրել: Եվ ամեն անգամ նույն սուտն էր նետում շան դեմքին, իբր՝ «հլա նոր եմ ցրցամ տվել, թե որ կարեմ»:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
«Շատ լավ հանդիպում ունեցա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Եվ պայմանավորվեցինք անկեղծ ու կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում։ Պետք է արձանագրել, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները երկու երկրների համար չափազանց կարեւոր են, եւ մենք շատ խնամքով ենք վերաբերվում այդ հարաբերություններին, ՌԴ-ն էլ նախագահ Պուտինի գլխավորությամբ խնամքով է վերաբերվում»,- նշել է Փաշինյանը եւ հավելել. «Բայց նաեւ պետք է արձանագրել, որ նոր միջավայրում, նոր պայմաններում այդ հարաբերությունների վերաձեւակերպման անհրաժեշտություն կա, ինչը թույլ կտա, որ «հարաբերությունները լինեն ավելի լավ, ավելի կառուցողական, ավելի փոխշահավետ եւ ավելի ջերմ»:
Եվրամիության խորհուրդն անցած չորեքշաբթի համաձայնություն տվեց հայաստանյան ապրանքների համար առեւտրային ժամանակավոր ազատականացման միջոցառումներին՝ աջակցելու համար ՀՀ-ին՝ ՌԴ-ի կողմից վերջերս մտցված սահմանափակումներից հետո: Ինչպես նշված է Խորհրդի հաղորդագրությունում, այդ միջոցառումներն ազատականացնելու են ՀՀ-ից ԵՄ արտահանումների շուրջ 80%-ը: Միաժամանակ այդ կարգավորումներն ուղեկցվում են որոշակի պայմաններով եւ միջոցառումներով՝ ուղղված միության շուկայի պաշտպանությանը, եթե ներմուծումը բացասաբար ազդի ԵՄ արտադրողների վրա: Կարգավորումը կգործի ուժի մեջ մտնելուց հետո երկու տարի եւ կընդգրկի ՀՀ-ից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումների գրեթե 99%-ը եւ խմիչքների, այդ թվում՝ ոգելից, արտահանումների ավելի քան 91%-ը:
ԱԳՆ ղեկավար կազմը եւ արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները օգոստոսի 30-ին նախարար Միրզոյանի գլխավորությամբ այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ։ Տարեկան աշխատաժողովի շրջանակներում տեղի ունեցած շրջայցի ընթացքում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է անցակետի վերանորոգման ու վերազինման ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ ընդգծելով շահագործման համար անցակետի պատրաստ լինելը: Հայկական կողմը վերակառուցել է հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը՝ ծախսելով շուրջ 1 մլրդ դրամ, բայց սահմանի այն կողմում իրենց «Ալիջան» անցակետը բացել դեռ չեն շտապում:
ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է. այս մասին «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեից։ Օգոստոսի 1-ին Խաչատրյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում էր հարուցվել՝ կաշառք ստանալու, գումարներ վատնելու, գույքն ապօրինի օտարելու եւ գումարի հանցավոր ծագումը քողարկելու հոդվածներով։ ՔԿ-ն դիմել էր դատարան՝ նրան կալանավորելու միջնորդությամբ։ 71-ամյա Խաչատրյանի փաստաբանները պնդում են, որ նրա առողջական վիճակը թույլ չի տալիս մասնակցել քննչական գործողություններին, սակայն Գլխավոր դատախազության փորձաքննությունը հակառակն է պնդում՝ ասելով, թե Խաչատրյանը չունի առողջական խնդիրներ, որոնք կխոչընդոտեն վարույթի շրջանակում գործողություններին նրա մասնակցությանը։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյան եւ նրա ընտանիքի անդամները նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով են անցնում:
Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում միմյանց են բախվել «ՊԱԶ» եւ «Օպել Զաֆիրա» մեքենաները: ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ նախնական տվյալներով 5 հոգի մահացել է: Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վթարի հետեւանքով մարզային բուժկենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած: Նրանցից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը՝ միջին եւ թեթեւ ծանրության: ՆԳՆ-ից հայտնում են, որ դեպքի մասին ահազանգը ստացել են ժամը 17։17-ին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ խմբեր ու Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։ Հանգամանքները պարզվում են։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

