Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Գագիկ Ծառուկյանի դեմ իշխանության քաղաքական հալածանքների, բռնությունների ու ապօրինի կալանավորման հետեւանքները փողոց են դուրս բերել հազարավոր տուժած քաղաքացիների, որոնք կորցրել են իրենց աշխատանքը եւ հայտնվել սոցիալական ծանր իրավիճակում: Գործարարին պատկանող եւ այս պահին կապարակնքված տասնյակ ձեռնարկությունների մոտ բողոքի ակցիաներ են անցկացնում դրանց աշխատակիցները՝ պահանջելով ազատ արձակել Ծառուկյանին, վերաբացել իրենց աշխատավայրերի դռները եւ թույլ տալ աշխատել: Մարդիկ չեն կարողանում հոգալ իրենց ընտանիքների կարիքները:
Երկուշաբթիից ի վեր բողոքի գործողությունները չեն դադարեցնում Երեւանի «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի», «Փարավոն» համալիրի, «Մուլտի գրանդ», «Մուլտի տաբակ» գործարանների աշխատողները, Ծաղկաձորի «Մուլտի ռեսթ», «Մուլտի ռեզորթ» նորաբաց հյուրանոցի ու ռեստորանի ծառայողները: Միայն «Արարատ» ալկոհոլային խմիչքների ձեռնարկության փակման հետեւանքով արդեն մեկ շաբթից ավելի անգործ է մնացել շուրջ 1.500 աշխատող: Շատերն անորոշության պատճառով չեն կարողանում ապահովել ընտանիքների եկամուտը, մարել վարկերը: Ցուցարարներն արդարացիորեն պահանջում են պետությունից՝ հարկադիր պարապուրդի համար համապատասխան փոխհատուցում տալ:
Պարզվում է՝ գործարարի ձեռնարկությունների պարապուրդից տուժում են ոչ միայն այդտեղ աշխատողները: ԱՄՆ-ից մեր երկու հայրենակից ցանկանում էին զավակների հարսանյաց հանդեսներն անցկացնել մայր հայրենիքում եւ օրեր առաջ գրանցվել էին «Փարավոն» ռեստորանում, ինքնաթիռի տոմսերը նախապես գնել, պիտի արդեն թռչեին, բայց իմացան, որ «Փարավոն»-ի դռները Փաշինյանի հրահանգով կապարակնքված են: Զույգերից մեկի ծնողը հուզական գիր է ուղարկել Երեւան՝ հույս հայտնելով, որ Նիկոլը կընդառաջի երկու «սիրող սրտերի» միավորմանը: Է՛, միամիտ մեր հայրենակցուհի, մի ողջ Արցախ աշխարհ կործանողին, հազարավոր վառվռուն տղաների մահվան տանողին որտեղի՞ց այդքան սրտառուչություն:
Մինչ Նիկոլ Փաշինյանը՝ թիկնապահներով ապահով, սարեր է բարձրանում՝ տեղ-տեղ դժգոհելով, թե ում են հարկավոր այս ամայի, քարքարոտ, անօգտագործելի վայրերը (երեւի մտքին կա դրանք էլ հանձնել Ալիեւին), Ծառուկյանի աջակիցների շարքերը հետզհետե խտանում են: Նրան իր զորակցությունն է հայտնել «Եվրոմոթորս» ընկերության տնօրեն Աբրահամ Դանագոզյանը՝ անհիմն համարելով ընկերության նկատմամբ իրավապահների գործողությունները։ Հիշեցնենք, որ «Եվրոմոթորսը» BMW եւ Mini ավտոբրենդների պաշտոնական ներկայացուցիչն է Երեւանում, որը զբաղվում է մեքենաների վաճառքով, պահեստամասերի ներկրմամբ ու տեխնիկական սպասարկմամբ։ «Աբու Դաբիի մեր գործընկերները՝ Princess Cars ընկերությունից, եւս աջակցում են պարոն Ծառուկյանին եւ պատրաստ են հարցը բարձրացնել տեղական մարմիններում, ինչպես նաեւ իրավական ու միջազգային ատյաններում»,- ասել է Դանագոզյանը:
Ավելի վաղ՝ հուլիսի 10-ին, ի պաշտպանություն ԲՀԿ առաջնորդի, հանդես էին եկել տարբեր հանրային ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ՝ իրենց վրդովմունքն ու անհանգստությունը հայտնելով Ծառուկյանի դեմ մեկնարկած աննախադեպ եւ անարդար ճնշումների առնչությամբ: «Ողջ կյանքում Հայաստանի համար բարիք ստեղծած, տասնյակ հազարավոր աշխատատեղեր ապահոված մարդուն, բազմաթիվ գործարար նախագծերի, անհաշվելի բարեգործական նախաձեռնությունների հեղինակ, հազարավոր մարզական հաղթանակների կերտման ակունքում գտնվող անձին նման ցուցադրական ու անարդար հետապնդման ենթարկելը խոսում է երկրում իրավական եւ բարոյական լուրջ ճգնաժամի մասին»,- ասված է հայտարարության մեջ։
Հայտարարության տեքստին ստորագրությամբ միացել են ՀՀ ժող. արտիստ, երգահան Մարտին Վարդազարյանը, ՀՀ ժող. արտիստ Հրանտ Թոխատյանը, ԵՊՀ նակին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, դերասանուհի, ռեժիսոր Նորա Արմանին (ԱՄՆ), ՀՀ արվեստի վաստ. գործիչ, բեմադրիչ Հակոբ Ղազանչյանը, հանրաճանաչ երգչուհիներ Շուշան Պետրոսյանը, Աննա Մայիլյանը, Էմմա Պետրոսյանը, երգիչ Արամ Գեւորգյանը, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը եւ շատ ու շատ ուրիշ նշանավոր դեմքեր:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Հայաստանի կառավարությունը հուլիսի 15-ին հավանություն տվեց Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ TRIPP-ի վերաբերյալ կնքված ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման մասին օրենքին։ Գործադիրի հավանությունից հետո այն քննարկվելու է Սահմանադրական դատարանում՝ համաձայնագրի սահմանադրականությունը որոշելու նպատակով, ապա ներկայացվելու է խորհրդարանի վավերացմանը։ TRIPP-ի համաձայնագիրը նախաստորագրվել էր ԱՄՆ պետքարտուղարի՝ Երեւան կատարած կարճատեւ այցի ընթացքում, իսկ վերջնական ստորագրումը կայացել էր հունիսի 4-ին։
Հարավային Կովկասում «3+3» ձեւաչափը պետք է լինի լիարժեք, հավասարազոր համագործակցության հարթակ եւ չվերածվի հերթական «Մինսկի խմբի», ըստ ադրբեջանական Report-ի, երկուշաբթի հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով Շուշիի IV գլոբալ մեդիաֆորումում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն առաջարկել է այդ ձեւաչափը՝ որպես հետպատերազմյան համագործակցության մեխանիզմ, որը միտված է լիարժեք կարգավորման եւ երկրի ինքնիշխանության վերջնական վերականգնմանը։ «Եթե նման մոտեցումն ընդունելի լինի նաեւ մյուս մայրաքաղաքների համար, ապա, կարծում եմ, առնվազն ԱԳ նախարարների մակարդակով հնգակողմ հանդիպման անցկացումը պահանջված կլինի»,- հավելել է Ալիեւը։
Աննա Հակոբյանը հուլիսի 19-21-ը կգործուղվի Եթովպիա՝ «Խաղաղություն եւ կայուն զարգացում. փիլիսոփայական ուսումնասիրություն» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։ Այս մասին որոշումը ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ըստ որոշման, գործուղումից վերադառնալուց հետո Աննա Հակոբյանը երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան հաշվետվություններ կներկայացնի վարչապետի աշխատակազմ եւ ԱԳ նախարարություն։ Հունիսին էլ վարչապետի «տիկինը» գործուղվել էր Միացյալ Նահանգներ: Հունիսի 26-ից մինչեւ հուլիսի 4-ը Նյու Յորքում Հակոբյանը մասնակցել էր առաջին տիկնանց համաշխարհային չորրորդ ամենամյա միջոցառմանը:
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանից, Ղազախստանից եւ այլ երկրներից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 40.000 տոննա տարբեր բեռներ։ «Ավելին՝ Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք արտահանել Հայաստան։ Եթե չեմ սխալվում, մինչ օրս մատակարարվել է ավելի քան 10.000 տոննա նավթամթերք։ Հատկապես ներկայիս պայմաններում, երբ շատ երկրներ վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր, եւ այդ աղբյուրը Ադրբեջանն է։ Առանց դրա, Հայաստանն այսօր, հավանաբար, ստիպված կլիներ բենզին եւ դիզելային վառելիք փնտրեր աշխարհի տարբեր մասերում»,- APA-ի փոխանցմամբ՝ ընդգծել է Իլհամ Ալիեւը։
ԵՄ արտաքին գործերի նախարարները համաձայնության կգան Հայաստանի համար ԵՄ նոր առաքելության ստեղծման շուրջ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով՝ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։ «Մենք նաեւ համաձայնության ենք գալու ՀՀ- համար նոր գործընկերային առաքելության շուրջ՝ պայքարելու հիբրիդային սպառնալիքների եւ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի ու միջամտության դեմ, որոնց նրանք իրականում բախվում են այնտեղ»,- հուլիսի 13-ին Բրյուսելում ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչը:

