Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Իններորդ գումարման Ազգային ժողովը, որն առաջին նստաշրջանի աշխատանքները սկսել է օգոստոսի 2-ին եւ այժմ խորհրդարանի բոլոր 12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության փուլում է, չկարողացավ խուսափել 8-րդ գումարման ԱԺ-ի արատավոր բարքերից: Նիստերի դահլիճում իշխանական («Քաղպայմանագիր») եւ ընդդիմադիր («Հայաստան», «Ուժեղ Հայաստան») խմբակցությունների միջեւ դարձյալ հնչում են ատելության խոսքեր, վիրավորանքներ ու մեղադրանքներ, տեղի են ունենում թեժ լեզվակռիվներ, քաշքշոցներ եւ այլն: Ինչպես ասում են՝ նույն ջուրն է, նույն՝ ջրաղացը: Փոխադարձ հանդուրժողականության իսպառ բացակայության վիճակ է:
Լեզվակռիվները գլխավորապես բռնկվում են անվտանգային, եկեղեցական հարցերի, հակապետական, հակահասարակական երեւույթների ու երկուստեք հնչեցրած սուր քննադատությունների կամ հակադարձումների շուրջ: Օրինակ՝ օգոստոսի 17-ի նիստի ժամանակ ընդդիմությանը դուր չեկավ ԱԺ ամբիոնից բարեկրթության հորդորներ անող իշխանական պատգամավոր Գարիկ Սարգսյանի պահվածքը, որն ի պատասխան «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի ելույթի, ամբիոնի մոտ արտասանեց Ռափայել Պատկանյանի «Հայերիս թուքը» բանաստեղծությունը: Այն, ինչպես ինքն ասաց, պատասխան է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին։
«Դուն խելոք, հաշուով վաճառական ես,
Մուլք, փող ու ապրանք, կ'ասեն՝ շատ ունես. -
Բայց թէ փողէդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, փողիդ ալ վըրան»,– արտասանեց Սարգսյանը։
«Կոկորդիլոսագետին» նախ արձագանքեց Մամիկոն Ասլանյանը՝ հորդորելով զերծ մնալ պոետիկ դրսեւորումներից, քանի որ դա «կարող է առողջությանը վնաս լինել»։ ԱԺ նախագահն էլ նկատեց, որ նույն պատկերն է նաեւ ընդդիմության կողմից, եւ Ասլանյանի հայտարարությունը որակեց որպես սպառնալիք։ «Եթե անցնում եք այդ դաշտը, պարոն Ասլանյան, վստահեցնում եմ, որ ՔՊ–ում մարմնի եւ հոգու բազմաթիվ բժիշկներ կան, որոնք պատրաստ են ձեր առողջության մասին հոգալ։ Եկեք անցնենք բովանդակությանը, թե չէ այս նիստերը հին թվերի «Ալֆրեդի սենյակի» են վերածվում»,– նշեց Ռուբինյանը։
Այդ օրվա ակնարկներով համեմված վիճաբանությունից անմասն չմնաց նաեւ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, որն անդրադառնալով ԱԺ խոսնակի արձագանքին, հիշեցրեց, որ «Քաղպայմանագիր» խմբակցությունը երեկ էլ բռնցքամարտից էր խոսում: Նարեկը հավաստիացրեց, որ ինքը դահլիճում միակն է, ով շահագրգռված է բնականոն աշխատանքային հարաբերություններով։ «Ինչ վերաբերում է բոքսին՝ մեր խմբակցության մեջ նույնպես բոքսի գնացողներ ու տանձիկների վրա ամեն օր մարզվողներ կան»,- զգուշացնելու պես ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը:
Տպավորություն է, թե այս մարդիկ ժողովրդի կողմից ԱԺ-ում պատվիրակվել են ոչ թե ծանրագույն կացությունից երկրի դուրսբերման նպատակով ազգաշահ ծրագրեր մշակելու, զարգացման ուղենիշներ, տեսլականներ ներկայացնելու եւ քննարկելու համար, այլ՝ իրար քիթ ու մռութ ջարդելու: Օգոստոսի 19-ի նիստում էլ, երբ քննարկվում էր ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցը, որն էր արցախցի Արեգա Հովսեփյանը, լարված իրավիճակը կարող էր հասնել ձեռնամարտի, բարեբախտաբար, բանն ավարտվեց լեզվակռվի «ժանրով»:
Նիստը նախագահող փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը, չգիտես ինչու, զգուշացում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանին, երբ վերջինս ընդամենն ուզում էր հանդես գալ վարման կարգով, ապա կարգը խախտելու պատրվակով նրան հեռացրեց դահլիճից՝ հրավիրելով անվտանգության ծառայողներին: Վերջիններս՝ ՊՊԾ 10 աշխատակից, կարծես նրա հրահանգին էին սպասում, վայրկյաններ անց հայտնվեցին նիստերի դահլիճում, բայց Դավիթը՝ ՀԷՑ-ի նախկին տնօրենը, նորընծա փոխխոսնակին զրկեց իր կանչի «զորության» արդյունքը՝ պատգամավորին ուժով հանելու տեսարանն ըմբոշխնելու հաճույքից: Դավիթն ինքը, իր կամոք, դուրս եկավ դահլիճից, եւ ներխուժածներն այլեւս անելիք չունեին:
Փոխխոսնակը հայտարարեց, որ Ղազինյանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվում՝ մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքի զրկում, ինչպես նաեւ հեռացում մինչեւ տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից, այսինքն՝ այդ ընթացքում դահլիճում ներկա գտնվելու իրավունքից: Ալեքսանյանի աչքերը հրճվանքից փայլում էին: Այդպես կարող էին փայլել մարտադաշտում անօրինակ սխրանք գործած զինվորի աչքերը: Ընդդիմադիր պատգամավորներն իրենց բողոքի ձայնը բարձրացրին՝ մատնանշելով, որ փոխխոսնակը կարգուկանոն է խախտում՝ նիստը վարելու փոխարեն մեկնաբանությամբ հակադարձում է հնչող ելույթներին: Այս վեճից հետո ընդդիմադիր խմբակցություններն այլեւս չմասնակցեցին նիստին:
«Ուժեղ Հայաստանը», ի նշան բողոքի, դուրս եկավ ԱԺ շենքից եւ գնաց մասնակցելու Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստին, իսկ «Հայաստան»-ը մնաց շենքում, բայց չմտավ դահլիճ։ Նա նույնպես դժգոհ էր նիստը վարող իշխանական փոխխոսնակներից՝ էլի նույն դրդապատճառով։ Ակնհայտ է, որ ԱԺ-ի երկու թեւերի փոխհարաբերությունները, մեղմ ասած, շատ հեռու են բարյացակամ լինելուց: Մեկը լիներ՝ Ալեքսանյանին կամ ՔՊ-ի մյուս կարկառուն դեմքերին հարցներ. Տո՛, մարդ Աստծո, իշխանական ես, հասկացանք, բայց ընդդիմադիրը հո թշնամիդ չէ՞, ինչո՞ւ ես թշնամանքով ու ատելությամբ վերաբերվում նրան, չէ՞ որ նույն՝ հայաստանակենտրոն ծրագրի իրականացման համար եք երկուսդ էլ կոչված ծառայելու:
Հատկանշական մեկ օրինակ: Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ իշխանական պատգամավոր Արայիկ Հարությունյանը ԱԺ Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանին ակնհայտորեն «նեղը գցելու» դիտավորությամբ նրա վերաբերմունքն էր հարցնում 2022թ. Պրահայի հայտարարության մասով, որով ՀՀ ղեկավարը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, փաստացի ԼՂ-ն համարելով Ադրբեջանի մաս: «Ի՞նչ նպատակով եք դա ինձ հարցնում, ցավեցնելո՞ւ»,- տարակուսում է իր ծննդավայրին ու եզերքին նվիրված արցախցին:
Արայիկ Հարությունյանը՝ որպես փորձառու գործիչ, պետք է լավ իմանա, որ Արցախն ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ Ադրբեջանի կազմում, բայց ոչ Ադրբեջանի տարածքում (եւ ոչ էլ՝ ՀՀ-ի), հետեւաբար Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ ոչ մի կապ չունի եւ չէր կարող ունենալ: ԼՂ-ն հանրաքվեի միջոցով իր տարածքում ինքնորոշվել է ԽՍՀՄ-ում այդ ժամանակ գործող բոլոր օրենսդրական կանոնակարգերի համաձայն: Այնպես որ, սխալ հարց է նա տվել Արեգա Հովսեփյանին: Տարածքային պատկանելիությունը եւ տվյալ պետության կազմում լինելը տարբեր բաներ են:
Թերեւս՝ արժե այժմ խոսել նաեւ ընդդիմության մի սխալի մասին՝ չնայած ընդդիմադիր երկու խմբակցությունների գործունեության վերաբերյալ վերջնական գնահատական տալը դեռ վաղ է: ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանն այդ մասին շատ դիպուկ գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ նկատելով, որ խորհրդարանական ընդդիմությունից մեր ակնկալիքը պարզապես կոշտ ելույթները, աղմկոտ հակադարձումները կամ իշխանական դեմքերի հետ անձնական բանավեճերը չեն: Ուժեղ ընդդիմությունը, ըստ նրա, պետք է կարողանա փոխել քննարկումների նյութը եւ ԱԺ-ին պարտադրել ՀՀ-ի իրական խնդիրներից բխող օրակարգ:
Պետք չէ հետեւել ՔՊ-ական պատգամավորներին, երբ փորձում են քննարկումները տեղափոխել որեւէ անձի (օրինակ՝ Քոչարյանի, Ծառուկյանի կամ Կարապետյանի) շուրջ ստեղծվող սադրանքների դաշտ, պարտադիր չէ, որ ընդդիմության ամենաարդյունավետ պատասխանը լինի նույն տրամաբանությամբ հակադարձելը: Նման սադրանքներին պատասխանելու փոխարեն ավելի լավ է անդրադառնալ պետական-հասարակական նշանակության որեւէ խնդրի: Անանյանն օրինակ է բերում հարեւան երկրի «Չաբահար–Զահեդան» 634 կիլոմետրանոց երկաթուղին, որի շինարարությունը, Իրանի պաշտոնական աղբյուրների համաձայն, մոտենում է իր գործարկման ավարտին:
Երկաթուղային այս հանգույցը կարող է մեծ նշանակություն ունենալ ոչ միայն Հյուսիս–հարավ միջազգային միջանցքի, այլեւ Հայաստանի՝ Հնդկական օվկիանոս դուրս գալու հնարավորությունների համար։ Հետեւաբար՝ ԱԺ-ում կարող էին հնչեցվել այսպիսի հարցեր. կառավարությունն ի՞նչ գնահատական ունի «Չաբահար–Զահեդան» երկաթուղու գործարկման՝ Հայաստանի տնտեսական եւ աշխարհաքաղաքական հեռանկարների վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ; Իրանի եւ Հնդկաստանի հետ վարվո՞ւմ են արդյոք բանակցություններ Հայաստանի ներգրավման շուրջ; ենթակառուցվածքային, մաքսային եւ լոգիստիկ ի՞նչ քայլեր են նախատեսված, ի՞նչ ժամկետներում եւ ո՞ր պետական մարմնի պատասխանատվությամբ։
Այսպիսի հարցերն են բացահայտում իշխանության իրական կարողությունը: Բացի դրանից, իշխանության ամեն սադրանքին պատասխանելով՝ ընդդիմությունը հայտնվում է իշխանության ընտրած դաշտում։ Իսկ երկրի համար օրհասական հարցերն օրակարգ բերելով՝ հենց ընդդիմությունն է որոշում, թե ինչի մասին պետք է խոսի խորհրդարանը եւ ինչի համար պետք է հաշվետու լինի կառավարող ուժը։ Այսպես ուժեղ ընդդիմությունն իշխանությանը ստիպում է պատասխանել այն հարցերին, որոնց պատասխանները չունենալու իրավունք պետությունը չունի: Այսպես ուժեղ ընդդիմությունը կարող է խորհրդարան բերել թարմ, բովանդակալից օրակարգ եւ դառնալ իրավիճակի տերը:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների հայտարարության մեջ արձանագրված է, որ նրանք պաշտպանում են հանրաքվե անելու գաղափարը. օգոստոսի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հանրաքվեի ժամկետների շուրջ նրանք իրենց պատկերացումներն են ներկայացրել, մենք էլ մեր պատկերացումները ունենք: «Այդ հայտարարությունը ես չեմ ընկալել որպես պահանջ, հակառակը՝ ես ընկալել եմ որպես բարեկամական ժեստ, որովհետեւ մարդիկ աջակցում, կիսում են այդ տեսակերտը եւ ըստ էության, չեն ընդդիմադում Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու, ընդհուպ մինչեւ ԵՄ-ին անդամագրվելու օրակարգ որդեգրելու Հայաստանի հնարավորությանը»,- ասել է Փաշինյանը:
Վանաձորում եւ Գյումրիում Եվրամիության 4 միլիոն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին 2 ամսով կլինի տնային կալանք տակ, կկիրառվի նաեւ 20 միլիոն դրամ գրավ: Դատարանն օգոստոսի 20-ին նույն խափանման միջոցն է ընտրել նաեւ նրա գործընկերոջ՝ ծրագրի հանրային տրանսպորտի գծով փորձագետ Դավիթ Մելքոնյանի նկատմամբ: Նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր նրանց. Լափաուրիին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու, գույքի հափշտակության, փողերի լվացման եւ պաշտոնեական կեղծիքի, իսկ Մելքոնյանին՝ կաշառքին օժանդակելու համար:
Հայաստանի նոր կառավարությունն իր ծրագրում առանձին գլուխ է նվիրել եկեղեցուն՝ նշելով, որ «ապահովվելու է ՀԱՍԵ-ի փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), եւ սահմանված կարգով իրականացվելու է Կաթողիկոսական տեղապահի ընտրություն»։ Կառավարությունը այս գործողությունները մտադիր է իրականացնել՝ «Հոգեւոր անվտանգության խնդիրն ապահովելու, ՀԱՍԵ-ն հիբրիդային պայքարի հենակետ դարձնելու՝ արտաքին ուժերի փորձերը բացառելու» համար։ Կառավարությունը նաեւ «ապահովելու է եկեղեցու կանոնադրության ընդունումը, որով պիտի սահմանվեն ֆինանսական թափանցիկության ու հոգեւորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր»։ Կաթողիկոսին գահընկեց անելու Փաշինյանի նպատակը ամրագրվել է նաեւ իր ղեկավարած կուսակցության ծրագրում:
Ընդդիմադիր երկու՝ «Ուժեղ Հայաստան» եւ «Հայաստան» խմբակցությունները մերժել են Աննա Հակոբյանի հետ հանդիպման հրավերը: Նախօրեին տիկին Հակոբյանը ընդդիմադիր երկու խմբակցություններին հանդիպելու հրավեր էր արել. «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու, եւ ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչելու գործընթացին հրավիրում եմ միանալ նաեւ ընդդիմադիր կին պատգամավորներին: Այս առաջարկը պետք է քննարկվի ընդդիմադիր երկու խմբակցությունների ղեկավարների հետ: «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն օգոստոսի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց դիրքորոշման պատճառներին ավելի ուշ կանդրադառնան:

