Չորեքշաբթի, Նոյեմբերի 14, 2018

Շաբաթվա անցուդարձ

Օգոստոսի 18-25

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Հանրապետության հրապարակում ունեցած իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատել էր դատական իշխանություններին՝ պնդելով անցումային արդարադատության համակարգի ստեղծման անհրաժեշտությունը: Նա հայտարարել էր, որ առաջիկայում կքննարկվի այդ հարցը՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի դատաիրավական ոլորտում կա նախկին համակարգի որոշակի ազդեցության պահպանում, ինչպես նաեւ կան օրենսդրական խնդիրներ նախկինում կատարված հանցագործությունների, ապօրինի հարստացման դեպքերի լիարժեք բացահայտման առումով: Ընդդիմությունը՝ հանձին Հանրապետական կուսակցության, կոշտ քննադատության դիրքերից է անդրադառնում անցումային արդարադատության համակարգի ստեղծման գաղափարին:

...Նախ՝ բերենք անցումային արդարադատության կառույցի վերաբերյալ մի քանի տեսակետներ: «Անցումային արդարադատության» թեզի ներքո ներկայացվում է օրենքներին հետադարձ ուժ տալու հակաիրավական ակնարկ» (Արա Բաբլոյան, ԱԺ նախագահ); «Պաշտոնատար անձանց կողմից հնչեցվող գնահատականները հաճախ կրում են ծայրահեղ բնույթ, խախտում են գործող իրավական պահանջները, ինչի հետեւանքով դրանց հեղինակներն ապօրինի ներխուժում են արդարադատության իրականացման բացառիկ տիրույթ» (Դավիթ Հարությունյան, արդարադատության նախկին նախարար); «Չգիտեմ ինչպես է իշխանությունը պատրաստվում անցումային համակարգ ստեղծել, բայց ինձ համար կարեւոր է՝ արդյո՞ք դրա համար հիմքեր կան։ ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածն ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է։ Դա նշանակում է, որ պետական իշխանությունն ուղղակի սահմանափակվում է օրենքի ուժով»; (Արա Զոհրաբյան, Փաստաբանների պալատի նախագահ)։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետների խմբի բնորոշմամբ՝ անցումային արդարադատություն կիրառելու անհրաժեշտություն առաջանում է այն երկրներում, որտեղ ճնշումների ու կոնֆլիկտային իրավիճակների հետեւանքով մարդու իրավունքների բազմաթիվ եւ պարբերաբար կրկնվող խախտումներն այնքան լուրջ են ու մեծաթիվ, որ արդարադատության սովորական համակարգն ի զորու չէ ապահովել համարժեք լուծումներ: Ըստ այդմ էլ՝ մարդը, նրա արժանապատվությունը դիտվում են որպես առաջնահերթություն, եւ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ մարդկանց զերծ պահելու իշխանությունների չարաշահումներից, ապահովելու վերջիններիս անվտանգությունը: Արդյունքում պետք է վերականգնվի արդարությունը, խաղաղություն հաստատվի հասարակության եւ իշխանությունների միջեւ, ինչպես նաեւ վերականգնվի պետության հանդեպ հասարակական վստահությունը: Պետական հաստատությունների նկատմամբ վստահության ցածր մակարդակը շատ հաճախ հանդիպում է այն հասարակություններում, որոնք ժառանգել են դաժան վերաբերմունք իշխանությունների կողմից: Անցումային արդարադատության միջոցները պետք է մշակվեն եւ ներդրվեն այնպես, որպեսզի ցույց տրվի, որ դրանք անկախ են լինելու քաղաքական մանիպուլյացիայից ու արտաքին միջամտությունից, արդար եւ հավասար են վերաբերվելու բոլոր կողմերին: Այդ միջոցների ձեւավորումը պետք է կատարվի այնպես, որ համարժեք լինի մի կողմից չարաշահումների եւ խախտումների ծավալին ու բնույթին, մյուս կողմից՝ տուժողների առաջնահերթություններին ու պահանջներին: Այնուամենայնիվ, անցումային արդարադատությունը չի համարվում հասարակության բոլոր պահանջմունքների ու խնդիրների լուծման միջոց, ուստի կարեւոր է կառավարել դրա հետ կապված ակնկալիքները, ինչը կնպաստի անցումային արդարադատության նպատակների առավելագույն իրագործմանը:

Եվ վերջում. անցումային արդարադատության հաջողությունը կախված է դրա իրականացնողներից: Հետեւաբար այն կարող է երկու վերջնական արդյունք ունենալ՝ ա/ տանել երկիրը բռնապետության եւ բ/ հաստատել երկրում ժողովրդավարություն: Հուսանք, որ Հայաստանում երկրորդը կլինի:

 

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) օգոստոսի 22-ին մեղադրանք է առաջադրել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբորը՝ Կարեն Գասպարյանին։ Նա մեղադրվում է հուլիսի 8-ին Վարդավառի օրը Զովունի գյուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Ավետիք Սարգսյանի նկատմամբ սպանության սպառնալիքներ տալու համար՝ Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ «Ազատության» հետ զրույցում Գասպարյանը հայտարարել է, որ մեղադրանքը չի ընդունում։ Մեղադրանքի համաձայն` 2018-ի հուլիսի 8-ին՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի եւ Կոտայքի մարզի բնակիչ Ավետիք Սարգսյանի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել Ավետիք Սարգսյանի դստեր կողմից Կարեն Գասպարյանի ավտոմեքենան Վարդավառի տոնի կապակցությամբ ջրելու հարցի առնչությամբ:

…Վիճաբանությունը, ինչպես հաճախ է պատահում բարձրաստիճան պաշտոնյաների մերձավորների մասնակցությամբ տեղի ունեցող միջադեպերում, տխուր ավարտ է ունեցել: Պարզվում է՝ խնդրի շուրջ պարզաբանումներ կատարելու եւ հաշտվելու պատրվակով նույն օրը նախկին ոստիկանապետի եղբայրը տուժող Ավետիք Սարգսյանին հրավիրել է Կոտայք գյուղում գտնվող իր ամառանոց, որտեղ որդու, վերջինիս ընկերների եւ ուրիշների ներկայությամբ Ավետիք Սարգսյանից պահանջել է ծնկաչոք ներողություն խնդրել իրեն հայհոյելու համար, սակայն վերջինս հրաժարվել է կատարել այդ պահանջը: Իրեն հայհոյելու համար Սարգսյանից վրեժ լուծելու նպատակով Կարեն Գասպարյանը իր ավտոմեքենայում գտնվող հրազենով նրան սպանելու սպառնալիքներ է հնչեցրել: Արդյունքում Ավետիք Սարգսյանը տեղի է տվել Կարեն Գասպարյանի նվաստացնող պահանջին եւ ծնկի գալով` ներողություն խնդրել նրանից: Նախաքննական մարմնի հաղորդմամբ` Կարեն Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Կոտայք համայնքից միջադեպին ականատես մի խումբ բնակիչների պատմելով՝ Վլադիմիր Գասպարյանի եղբայրն ու նրա որդին դեպքի օրը բռնություն են գործադրել համագյուղացի Ավետիք Սարգսյանի 13-ամյա դստեր նկատմամբ ու ծեծի ենթարկել նրա հորը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Անչափահաս Սոնան, որի հարազատները Ֆեյսբուքում տարածել են միջադեպի տեսանյութը, պատմում է, որ Վարդավառի տոնին գյուղում ընկերների հետ խաղալիս` փոքր տարայով ջուր է լցրել տան դիմացով անցնող մի մեքենայի հետեւից, որի վարորդը եղել է նույն համայնքում առանձնատուն ունեցող Կարեն Գասպարյանը: Արգելակելով մեքենան, նա մոտեցել է աղջկան, բռնել մազերից ու փորձել գլուխը մտցնել մոտակա առվակի մեջ։ Տարածքում ներկա մեծահասակները մի քանի անգամ ներողություն են խնդրել, մինչդեռ նախկին ոստիկանապետի եղբայրը շարունակել է հայհոյանքներ հնչեցնել: Լսելով հայհոյանքները՝ Գասպարյաններին է մոտեցել Սոնայի հայր Ավետիք Սարգսյանը։ Սկսվել է քաշքշուկ, մի քանի րոպե անց, տարածքում հավաքված գյուղացիներին, ի վերջո, հաջողվել է հանդարտեցնել կրքերը: Սակայն միջադեպն այսքանով չի ավարտվել։ Նախկին ոստիկանապետի եղբայրն ու նրա որդին հաշտվելու պատրվակով Ավետիք Սարգսյանին քիչ անց հրավիրել են նույն գյուղում գտնվող իրենց առանձնատուն։ Այդտեղ է, որ բակ մտնելուն պես՝ Կարեն Գասպարյանը նրան ստիպել է ծնկի գալ, իսկ որդին սկսել է հարվածներ հասցնել դեմքին` ասելով, թե հաճույք է ստանում, երբ իր առջեւ ծնկի են գալիս: «Ծնկի գալուց հետո էլ շարունակում էին ինձ հարվածել` վախեցնելով, թե ընտանիքդ կվերացնենք, տունդ կպայթեցնենք, եթե մարդու բան ես ասել»,- իրավապահներին հայտնել է ուղեղի ցնցումով հիվանդանոցում հայտնված Սարգսյանը:

Այս պատմությունն ընդամենը փոքրիկ մի պատառիկ է նախորդ իշխանությունից «ժառանգություն» մնացած այն բարքերից ու ամենաթողության մթնոլորտից, որոնք դեռ երկար ժամանակ զգալ կտան իրենց: Ոստիկանապետի պես հովանավորյալ ունեցողի համար ոչինչ չարժեր շարքային մարդուն նվաստացնելն ու «մատի վրա» խաղացնելը, ինչը պարզ երեւում է վերը նկարագրված միջադեպից: Հղփացած իշխանավորներն ու նրանց էլ ավելի հղփացած մերձավորները ինչե՜ր ասես, որ չէին անում եւ միշտ մնում անպատիժ: Հիշենք թեկուզ Լիսկայի, Սաշիկի ու նրանց երես առած լակոտների արկածները: Այդ ժամանակները, կարծես թե, անցել են, եւ փառք Աստծո: Սակայն հոգեբանական նստվածքը, մտածողության ժանգը շատերի ներսում տակավին պահպանվում են. ժամանակ է պահանջվում դրանցից լիովին մաքրվելու, ձերբազատվելու համար: Մնանք այդ ժամանակին սպասող:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

weekly

 

Միջազգային մամուլ 

Microsoft-ի հաղորդմամբ՝ ռուսական հաքերները թիրախավորել են ԱՄՆ-ի սենատն ու կոնսերվատիվ հետազոտական կենտրոնները

Reuters-ը՝ վկայակոչելով Microsoft-ին, տեղեկացնում է, որ ՌԴ կառավարության հետ կապ ունեցող հաքերները փորձել են կիբերհարձակումներ գործել ԱՄՆ-ի քաղաքական խմբերի վրա: Պարբերականը նախազգուշացնում է, որ նոյեմբերին կայանալիք կոնգրեսական ընտրությունների նախօրեին Մոսկվան զգալիորեն ակտիվացրել է հարձակումները: Mictosoft-ի պաշտոնյաները պարզել են, որ թիրախային խմբերում եղել են Միջազգային հանրապետական ինստիտուտը, որի խորհրդի անդամ են Արիզոնայից ընտրված սենատոր Ջոն Մաքքեյնը, նախագահի նախկին թեկնածու Ռոմնին, ինչպես նաեւ Հուդսոնի հետազոտական ինստիտուտը:

«Մենք մտահոգված ենք, որ այս փորձերը ԱՄՆ քաղաքական կուսակցությունների համար անվտանգության սպառնալիք են 2018-ի ընտրությունների նախաշեմին»,- ասել է Microsoft-ի նախագահ Բրեդ Սմիթը իր գրառման մեջ:

«Սա հերթական վկայությունն է, որ ռուսներն իրականում չեն թիրախավորում առանձին կուսակցության, նրանք փորձում են հարձակումներ կատարել, որոնք բխում են իրենց ազգային շահից»,- The Washington Post-ին ասել է Հարվարդի համալսարանի «Թվային ժողովրդավարության պաշտպանություն» ծրագրի տնօրեն Էրիկ Ռոզենբախը՝ հավելելով. «Այդ ամենը կոչված է քայքայելու եւ թուլացնելու ցանկացած խմբի, որը մարտահրավեր կնետի պուտինյան Ռուսաստանին` տանը եւ ողջ աշխարհում»:

Նույն օրը ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել երկու ռուսների, մեկ ռուսական ընկերության եւ մեկ սլովակյան ընկերության նկատմամբ՝ այն բանի համար, որ իրենց ձեռնարկած գործողություններով մեկ այլ ռուսական ընկերության օգնել են խուսափել Ռուսաստանի կիբերհանցագործությունների դեմ ուղղված պատժամիջոցներից:

 

Պատրաստեց Մարինա Մուրադյանը

Նոյեմբերի 10 2018
Հոկտեմբերի 27 2018
Հոկտեմբերի 19 2018
Հոկտեմբերի 13 2018
Սեպտեմբերի 20 2018
Սեպտեմբերի 14 2018

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am