Երեքշաբթի, Հուլիսի 16, 2019

Շաբաթվա անցուդարձ

15-22 հունիսի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

Արցախի պաշտպանության բանակի շուրջ 10.000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգեր, մոտ 150 զրահատեխնիկա, 50-ից ավելի Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր, ավելի քան 400 ավտոտեխնիկա եւ այլ շարժակազմեր հունիսի 17-20-ը մասնակցեցին հրամանատարաշտաբային զորավարժությունների: Նախօրեին այդ մասին հայտնել էր ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունը: Հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում հիմնական շեշտադրումն արվել էր գիշերային պայմաններում զորքերի գործնական խնդիրների կատարման, ինչպես նաեւ մարտավարության նոր դրվագների մշակման վրա: Զորախաղերին փորձարկվել են բարձր տեխնոլոգիաներով համալրված հետախուզական եւ կառավարման համակարգեր, զինատեսակների նոր նմուշներ:

…Կարող է տպավորություն ստեղծվել, թե արցախյան զորավարժությունների անցկացման ժամանակը հատուկ էր ընտրված հունիսի 17-ից մինչեւ 20-ը, այսինքն՝ Վաշինգտոնում, Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպման նախօրյակը։ Նման հնարքներն ավելի շուտ բնորոշ են Ադրբեջանին, որը բարձր մակարդակի բոլոր հանդիպումներից առաջ փորձում է ուժի ցուցադրությամբ իր համար շահեկան դիրք ապահովել բանակցային սեղանի շուրջ: Վաշինգտոնյան հանդիպմանը, ինչպես հայտնի է, նախորդել էին երկու երկրների ԱԳ նախարարների՝ հունվարին Փարիզում եւ ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպումները, ինչից հետո էլ համաձայնություն էր ձեռք բերվել հաջորդ հանդիպումն անցկացնել երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում։ Այնպես որ, «հատուկ ընտրված» վայրի ու ժամկետի մասին խոսք լինել չի կարող:

Ավելի վաղ Ադրբեջանը՝ զինտեխնիկայի ու անձնակազմի աննախադեպ լայն ներգրավմամբ, մի քանի ցուցադրական զորավարժանքներ էր անցկացրել ընդհուպ Հայաստանի եւ Արցախի սահմաններին հարող տարածքներում: Ճիշտ է՝ զավեշտալի դեպք տեղի ունեցավ, երբ Աղստաֆայի զորավարժարանից արձակված հրթիռն ընկավ ոչ այլուր, քան Գյանջայի տներից մեկի վրա: Զավեշտը՝ զավեշտ, բայց փաստ է նաեւ, որ այդ երկիրը շարունակաբար խախտում է հրադադարի պայմանակարգը՝ հրահրելով սադրիչ գործողություններ, որոնք վերջին օրերին պատճառ դարձան մարդկային անդառնալի կորստի եւ հանգեցրին շփման գծում իրավիճակի լուրջ սրմանը, բանակցություններին ընդառաջ ոչ նպաստավոր մթնոլորտի ստեղծմանը։ Այդ առնչությամբ ՀՀ արտգործնախարարությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ մասնավորապես ասված է. «Ադրբեջանի գործողությունները, որոնք բնութագրվում են ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառմամբ, խոչընդոտում են խաղաղության համար բարենպաստ միջավայրի կայացմանը եւ, ըստ այդմ, խաթարում են կարգավորման խաղաղ գործընթացը»: Եվ իսկապես՝ մի քանի օր առաջ Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը հակամարտ զորքերի շփման գծի մի շարք հատվածներում գործողության մեջ է դրել ինչպես տարբեր տրամաչափի հեռահար եւ դիպուկահար զինատեսակներ, այնպես էլ «ՀԱՆ-17» տիպի նռնականետեր: Բացի դրանից, Արցախի պաշտպանության նախարարության հավաստմամբ, «առաջնագծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի ու ռազմական օդուժի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին»:

Վերջին զորավարժանքի ընթացքում Ադրբեջանն իր դրոշը՝ բավական մեծակտավ, ցուցադրաբար տանում էր սահմանի երկայնքով՝ իբրեւ հոգեբանական ազդեցության միջոց: Այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երազում է, որ մի օր այն կփողփողա «Էրիվանում» կամ, ծայրահեղ դեպքում, Շուշիում: Ալիեւներից հա՞յրն էր, թե՞ որդին՝ ժամանակին երազում էր «Խանքենդիում» թեյ խմել, Էլչիբեյը երազում էր ոտքերը լվանալ Սեւանում, հիմա էլ սա: Երեւում է՝ բավական առաջադիմել են: Փույթ չէ, թե փորձարկվող հրթիռն արձակելիս` սեփական քաղաքացու բնակարանն են խոցում:

 

Ձայների 99 կողմ, 22 դեմ հարաբերակցությամբ Վահե Գրիգորյանը Ազգային ժողովի հունիսի 18-ի նիստում ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր։ Այդ պաշտոնում փաստաբան Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել էր նախագահ Արմեն Սարգսյանը՝ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում վերջին թեկնածուի` Արթուր Վաղարշյանի չընտրվելուց մեկ օր անց՝ մայիսի 31-ին:

«Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի թեկնածությունը նախագահ Սարգսյանը երկրորդ անգամ էր առաջադրում: Առաջինն անցած տարի էր՝ հեղափոխությունից հետո, որը տապալեց Ազգային ժողովում մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցությունը:

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Արթուր Վաղարշյանի թեկնածությունը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած 4-րդ հավակնորդն էր, որին ձայների 53 դեմ, 30 կողմ հարաբերակցությամբ Ազգային ժողովը մերժել էր մայիսի 29-ին: Խորհրդարանը չէր հաստատել նաեւ նախագահի ներկայացրած նախորդ երեք թեկնածուներին՝ Գոռ Հովհաննիսյանին, Էմիլ Բաբայանին եւ նույն Վահե Գրիգորյանին: Երկրորդ անգամ վերջինիս առաջադրումը, շատ դիտորդների կարծիքով, հակասում է օրենքի պահանջներին: Նույն անձը, ըստ նրանց, չի կարող մեկ անգամից ավելի առաջադրվել ՍԴ դատավորի պաշտոնի համար: Սակայն նախագահ Սարգսյանի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` Ազգային ժողովին ՍԴ դատավորի թեկնածություն առաջարկելու գործընթացը ՀՀ նախագահն իրականացրել է հրապարակային ու ժողովրդավարական գործելաոճով՝ հավատարիմ մնալով իր սահմանադրական լիազորություններին, պահպանելով սահմանադրական նորմերը եւ ելնելով անաչառության սկզբունքներից: «Հնարավոր թեկնածուների առաջարկներ եւ հավակնորդների վերաբերյալ կարծիքներ ստանալու նպատակով ՀՀ նախագահը նախաձեռնել է օրենքին չհակասող մի շարք ընթացակարգեր, հանդիպել երկրի իրավական ոլորտի բազմաթիվ մասնագետների, իրավաբանական համայնքի հեղինակավոր ներկայացուցիչների, այդ թվում՝ գիտական ու փաստաբանական շրջանակների հետ»,- ասված է Նախագահականի տարածած հաղորդագրությունում:

Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը մեկ տարուց ավելի չարչրկում էր ՍԴ անդամի ընտրության հարցը: Այն վերածվել էր մի տեսակ անվերջանալի գործընթացի ու դարձել քաղաքական շահարկումների առարկա: Վահե Գրիգորյանն իշխող «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն էր, եւ այդ պատճառով էլ, ըստ երեւույթին, մյուս բոլոր թեկնածուներին մերժում էին, մինչեւ որ, ի վերջո, հասան իրենց ուզածին: Մեկ տարի առաջ Հայաստանն այն հազվագյուտ պետություններից էր, որտեղ դատավորների ավելի քան 95 տոկոսը նշանակվում կամ վերանշանակվում էր մեկ քաղաքական ուժի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավարի կողմից՝ նրա գրեթե բացարձակ հայեցողությամբ: Ավելին` ՍԴ-ում գերակշռող մեծամասնություն էին նույն ՀՀԿ-ի կողմից զուտ կուսակցական նպատակահարմարությամբ նշանակված անդամները։

Ցավալի է, բայց պետք է արձանագրել, որ այդ միտումը, կարծես թե, շարունակում է պահպանվել` այժմ արդեն նոր կառավարող ուժի հարկադրանքի իրադրությունում: Սա անթույլատրելի է: Ընդհանրապես՝ քաշքշուկներից խուսափելու համար իմաստ ունի ապագայում վերանայել Հանրապետության նախագահի կողմից ՍԴ դատավորի նշանակման հնարավորությունը՝ փոփոխելով գործող ընթացակարգերը, մասնավորապես Սահմանադրության 138-րդ հոդվածում առկա կարգավորումների տրամաբանությունը:

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունները` մի քանի տողով

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսի 16-ին անցկացրեց իր 5-րդ համագումարը, որը վարկանիշային փակ քվեարկությամբ ընտրեց վարչության նոր կազմ։ Առաջադրված 51 թեկնածուներից առավել ձայն հավաքած 21-ը համարվեցին ընտրված։ Վարչության գործող նախագահ Սասուն Միքայելյանն իր թեկնածությունը չի առաջադրել: Համաժողովում ծավալուն ելույթ է  ունեցել վարչապետ, կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանը: ՔՊ կուսակցության վարչության նախագահ ընտրվեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Համագումարն ընտրեց նոր վարչություն` հետեւյալ կազմով. Նիկոլ Փաշինյան, Սուրեն Պապիկյան, Արայիկ Հարությունյան, Արարատ Միրզոյան, Հակոբ Արշակյան, Վիլեն Գաբրիելյան, Ռոմանոս Պետրոսյան, Հակոբ Սիմիդյան, Ռուբեն Ռուբինյան, Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, Սիփան Փաշինյան, Լիլիթ Մակունց, Նարեկ Բաբայան, Մխիթար Հայրապետյան, Արման Բոշյան, Վահագն Հովակիմյան, Ալեն Սիմոնյան, Արմեն Փամբուխչյան, Արփի Դավոյան, Էդուարդ Աղաջանյան։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը վերաքննիչ դատարանում քննող դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց տուժողներից մեկի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի, մեղադրյալներ Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի փաստաբանների միջնորդությունն իր ինքնաբացարկի մասին։ Ավելի վաղ Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: 2008-ից հետո նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ձեւավորված փորձագետների փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը դատարանում ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը ներկայացնելիս հայտարարել էր, որ դատավոր Դանիելյանը ժամանակին նշանակվել է Քոչարյանի հրամանագրով եւ, բացի դրանից, «Մարտի 1»-ի գործով նա մի քանի վճիռներ ունի, որոնք, փաստաբանի գնահատմամբ, արդարացի չեն:

Հունիսի 18-ին Երեւանում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական մարմինների 28-րդ համատեղ նիստը, որին ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, պաշտոնատար այլ անձինք։ Այն վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Իր խոսքում նա կարեւորել է հիմնադրամն ավելի դինամիկ, ավելի մոբիլ, ավելի ճկուն ու հզոր կառույց դարձնելու անհրաժեշտությունը: Ելույթով հանդես է եկել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն էլ ներկայացրել է 2018թ. կատարված աշխատանքների վերաբերյալ հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությունը։

 

Միջազգային մամուլ

Իրանը ԱՄՆ ռազմական օդանավ է կործանել 

Reuters-ի տեղեկացմամբ՝ Իրանը կործանել է ԱՄՆ ռազմական օդանավը, որը թռիչք էր կատարում Ծոցի հարավային հատվածում՝ բարձրացնելով ռազմական հակամարտության տագնապ, քանի որ Վաշինգտոնը փորձում է մեկուսացնել Թեհրանին եւ կանխարգելել նրա միջուկային ու տարածաշրջանային գործունեությունը:

The Guardian-ը գրում է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանները հինգշաբթի օրը հայտարարել են, որ օգտագործել են ցամաքային-օդային հրթիռ, որպեսզի կործանեն ԱՄՆ-ի «լրտեսական» սարքը, որը, իրենց պնդմամբ, թռչում էր Իրանի օդային տարածքում: ԱՄՆ զինված ուժերը հաստատել են, որ անօդաչու սարքերից մեկը խոցվել է, սակայն ասել են, թե այն գտնվել է միջազգային օդային տարածքում:

The Telegraph-ը հաղորդում է, որ ԱՄՆ զինված ուժերն անցյալ շաբաթ մեղադրել են Իրանին մեկ այլ անօդաչու սարքի վրա հարձակում գործելու մեջ, որն արձագանքել էր Օմանի ծոցում գտնվող նավթային տանկերների վրա գործած հարձակումներին:

BBC-ին գրում է, որ ԱՄՆ զինված ուժերը Մերձավոր Արեւելք 1000 հոգանոց հավելյալ զորք կուղարկի, քանի որ Իրանի հետ լարվածությունը շարունակում է աճել: Լրատվականի հաղորդմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հայտարարել է, որ տեղակայումը պատասխանում է իրանական ուժերի «թշնամական պահվածքին»: Շանահանը նշել է, որ ԱՄՆ-ը «չի դիմելու Իրանի հետ հակամարտությանը», սակայն ակցիան ուղղված է «մեր ազգային շահերը պաշտպանելու համար ողջ տարածաշրջանում աշխատող մեր զինվորական անձնակազմի անվտանգությունն ու բարեկեցությունը ապահովելուն»: Նա ասել է, որ «զինվորականները կշարունակեն վերահսկել իրավիճակը, եւ զինված ուժերի զինվորական պատրաստվածության մակարդակը կհամապատասխանեցվի տիրող իրադրությանը»:

Պատրաստեց Մարինա Մուրադյանը

Հունիսի 28 2019
Հունիսի 21 2019
Հունիսի 14 2019
Հունիսի 07 2019
Մայիսի 24 2019
Մայիսի 17 2019
Մայիսի 10 2019

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am