Երկուշաբթի, Սեպտեմբերի 21, 2020

Շաբաթվա անցուդարձ

23-30 մայիսի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Մամուլի տեղեկացմամբ` մայիսի 24-ի լուսադեմին դիմակավորված անձինք Քաջարանի քաղաքապետի մերձավոր շրջապատից 4 երիտասարդի ձերբակալել եւ բերման են ենթարկել ոստիկանության Կապանի բաժին, որտեղ նրանց նկատմամբ բռնություններ են կիրառվել: Այդ առնչությամբ քաղաքում լարված իրավիճակ էր առաջացել, քանի որ ոստիկանության շենքի առջեւ հավաքվածները` ձերբակալվածների հարազատներն ու հարյուրավոր այլ քաջարանցիներ, պահանջում էին ազատ արձակել իրենց համաքաղաքացիներին: Ոստիկանությունը հերքում էր բռնություն գործադրելու մասին տեղեկությունները` չնայած սխալմամբ բերման ենթարկված, ապաեւ ազատ արձակված Նվեր Խաչատրյանի մարմնի վրա բռնության առերեւույթ հետքեր կային։ Ձերբակալվածների մերձավորները մտավախություն ունեին, որ կալանավորվածներին Երեւան տեղափոխելու դեպքում այնտեղ նրանց ավելի դաժան ծեծի կենթարկեն, ուստի պահանջում էին, որ քննությունն իրականացվի տեղում եւ բացատրություն տրվի, թե ինչ հիմքով են կատարվել ձերբակալությունները, այլապես սպառնում էին փակել մայրուղին կամ դիմել ծայրահեղ այլ քայլերի։

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը համոզված է, որ տեղի ունեցող իրադարձություններն իր նկատմամբ քաղաքական ճնշումներ գործադրելու փորձ են: Նրա խոսքով` օրեր առաջ ոստիկանությունը խուզարկություններ էր իրականացրել իր եւ մերձավորների բնակարաններում, սակայն ոչինչ չէր հայտնաբերել, դրան էլ հաջորդել են այս անհիմն ձերբակալությունները` բռնության կիրառմամբ: «Կատարվածը, ըստ էության, քաղաքական հետապնդում է: Գաղտնիք չէ, որ ես երբեւէ չեմ ներգրավվել քաղաքական ինտրիգների մեջ, տուրք չեմ տվել երկրում ծավալված քաղաքական խաղիկներին, զբաղվել եմ բացառապես մեր համայնքի զարգացման, շենացման գործով` համարելով, որ դրանից աստվածահաճո ու պետականամետ ոչինչ չի կարող լինել»,- միջադեպի առնչությամբ հայտարարել է Փարամազյանը` կոչ անելով դադարեցնել իրավիճակի ապակայունացումը Սյունիքում` Արցախի դարպասում, որը հղի է ծանր հետեւանքներով: 

Բերման ենթարկված եւ Կապանից մայրաքաղաք տեղափոխված 3 քաջարանցիների ձերբակալման իրավական հիմքերի մասին հանրությունը տեղեկացավ հաջորդ օրը` մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից: Պարզվեց, որ դեպքը մեկ ամսվա վաղեմության նախապատմություն ունի եւ կապված է մարդու առեւանգման ու առանձնապես խոշոր չափերով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության հատկանիշներով հարուցված քրգործի հետ: «Իրականացվում են մեծածավալ քննչական գործողություններ եւ օպերատիվ միջոցառումներ` համայնքի ղեկավարի մասնակցությունը դեպքերին ստուգելու եւ նրա դերակատարումը պարզելու ուղղությամբ»,- մասնավորապես ասված է ՀՔԿ-ի հաղորդագրությունում: 

Այնուհետեւ պաշտոնական հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ տակավին մեկ ամիս առաջ Քաջարանի Լեռնագործների փողոցում համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեղի է ունեցել ծեծկռտուք շուրջ 20 հոգու միջեւ: Իսկ դրանից 3 օր անց` ապրիլի 29-ին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները` բռնություն գործադրելով, առեւանգել են մի քաղաքացու, ավտոմեքենայով տեղափոխել Ագարակ բնակավայրում գտնվող առանձնատուն, որտեղ նրան ծեծել են: Գործի նախաքննության շրջանակում այդ առանձնատանը եւս կատարվել է խուզարկություն, հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Արդեն ձերբակալվել են քաղաքացուն առեւանգած ու ծեծի ենթարկած անձինք, որոնք մեղադրվում են նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար։ 

Սա պաշտոնական տեսակետն է, որին հանրությունը, համենայն դեպս` նրա մեծ մասը, չվստահելու պատճառ չունի: Բայց կան սույն տեքստից բխող որոշ հարցեր, որոնք պարզաբանելու կարիք են զգում: Նախ` անհասկանալի է, թե ինչու պաշտոնական այս իրազեկումը չնախորդեց մայիսի 24-ի գիշերը կատարված ձերբակալություններին, որպեսզի մարդիկ խնդրի էությանը տեղեկանալու համար ստիպված չլինեին արտակարգ դրության պայմաններում հոծ խմբերով հավաքվել Կապանի ոստիկանության շենքի առջեւ: Տարօրինակ է նաեւ ձերբակալությունների իրականացումը հենց գիշերվա ժամին, ինչը ստալինյան ձեռագիր է հիշեցնում: Ի դեպ, պատմում են, որ նախորդ «ակցիան»` Կապանի եւ Քաջարանի մոտ 15 բնակարանների խուզարկությունները եւս, կատարվել են գիշերը, որի իմաստը հանրության համար անհասկանալի է: Դժվար է հավատալ, որ դա արվում է ահ ու սարսափ սփռելու, վախի մթնոլորտ ստեղծելու համար: Նման քայլի վարչակարգը սովորաբար դիմում է, երբ զգում է, որ իշխանությունը «տակից» գնում է: 

Բայց վերադառնանք կողմերի փաստարկներին ու իրավիճակի գնահատականներին: Քաջարանի քաղաքապետ Փարամազյանն ու նրա կողմնակիցները միջադեպը թեքում են դեպի քաղաքական, իսկ մյուս կողմը` ի դեմս Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի եւ ՀՔԿ-ի, տանում է դեպի իրավական հարթություն: «Իմ ժողովրդական հեղինակությունն ու քաղաքական չեզոքությունը կարծես որոշ պետական այրերի կոկորդին խեղդող օղակ է»,- ասել է Քաջարանի քաղաքապետը: Իսկ մարզպետի խոսքով` այս իրադարձություններում քաղաքական ենթատեքստ փնտրող մարդիկ սադրում են: «Սա այն դեպքն է, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն տաքացնել ձեռքերը»,- հայտարարել է նա: Նկատենք, որ գեներալ Պողոսյանը դեռեւս Հանրապետականի իշխանության տարիներից Երեւանում հայտնի էր որպես բողոքի հանրային գործողություններ ցրող, լրագրողների աշխատանքը խոչընդոտող բարձրաստիճան ոստիկան, որի անունը բացասական մտազուգորդումներ էր առաջ բերում: Ինչեւէ: 

Հիմա փորձենք պարզ տրամաբանության եւ հրապարակի վրա եղած փաստերի համադրման հիման վրա հասկանալ, թե ինչն ինչոց է` բնավ չհավակնելով բացարձակ ճշմարտության ջահակրի դերին: Օրեր առաջ մամուլը գրեց, որ Սյունիքի մարզի մի քանի համայնքապետերի նկատմամբ հետապնդումներ են սկսվել: Խոսքը մասնավորապես Կապանի, Գորիսի ու Քաջարանի քաղաքապետների մասին էր: Դրդապատճառի մասին թերթերը միայն ենթադրություններ էին անում: Սակայն ինքնին փաստը, որ միանգամից երեք համայնքապետեր հայտնվում են ոստիկանության թիրախում, բավական խոսուն է: Եվ եթե հաշվի առնենք, որ սրանք համայնքների այն ղեկավարներն են, որոնք ՏԻՄ վերջին ընտրություններում հաղթել են «թավշյա» իշխանությունների աջակցությունը վայելող թեկնածուներին, կարծես թե, ամեն ինչ իր տեղն է ընկնում: Ով չգիտի, որ մեր վարչապետը ծանր է տանում իր «սրտի» թեկնածուների պարտությունը եւ շատ է ուզում բոլոր ոլորտներում ունենալ իր «մարդուն»: 

Կառավարության նիստերից մեկում, եթե հիշում եք, վարչապետը դժգոհել էր «Սերժի մնացորդներից»` հայտարարելով. «Ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում է, բայց այդ դիմադրությունը ջարդելու եմ»: Եվ հիմա խոստումը կատարում է: Եվս մեկ ուշագրավ նրբերանգ, եւ պատկերը կամբողջանա: Կապանում մայիսի 24-ին տեղի ունեցած իրադարձությունների հեռարձակման ողջ ընթացքում հեռուստաէկրանի «շարժուն» տողին զուգահեռ կար նաեւ «անշարժ» մի տող` Նիկոլ Փաշինյանի այդ օրվա ֆեյսբուքյան գրառումը. «Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու: Լինելու է կոշտ հակազդեցություն»: 

Սա խորհրդանշական ուղերձ էր, որ կողմերից մեկի համար հնչեց իբրեւ սպառնալիք, մյուսի համար` իբրեւ հրահանգ:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին` մի քանի տողով

Մայիսի 28-ին Հայաստանը նշեց Հանրապետության տոնը: 102 տարի առաջ մայիսի 28-ին հայտարարվել է Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին, եւ մոտ ինը դար տեւած ընդմիջումից հետո վերականգնվել է Հայոց պետականությունը: Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի վարչապետը եւ նախագահը, Արցախի նախագահը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական, քաղաքական գործիչներ, կազմակերպություններ: Հայաստանի աշխարհիկ եւ հոգեւոր առաջնորդները Սարդարապատի հուշահամալիրում մասնակցեցին Հանրապետության տոնին նվիրված միջոցառմանը:

Նույն օրը Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը, որը վերջինիս պաշտոնամուտից հետո առաջին պաշտոնական հանդիպումն էր Երեւանում: Երկու հայկական պետությունների ղեկավարները ներդաշնակ աշխատելու պատրաստակամություն են հայտնել:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից Հունգարիայում Գուրգեն Մարգարյանի սպանության եւ հետագայում ադրբեջանցի սպայի արտահանձնման ու պատժի կրումից ազատ արձակելու գործով վճիռը: ՄԻԵԴ-ը եզրահանգել է, որ Ադրբեջանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը` կյանքի իրավունքը, ինչպես նաեւ 14-րդ հոդվածը` խտրականության արգելքը։ Մակուչյանն ու Մինասյանը ընդդեմ Ադրբեջանի եւ Հունգարիայի գործով վճռում ասվում է, որ Ադրբեջանը ձախողել է իր սպայի կողմից էթնիկ ատելության հողի վրա իրականացված հանցանքի համար ազատազրկման ապահովումը, ավելին` նրան ներել են ու ապահովել նրա առաջխաղացումը։

«Պարզվեց, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովի պատիժը չկատարելու համար որեւէ հիմնավորում չի եղել, նրան անպատիժ են թողել ատելության լուրջ հանցագործության համար»,- նշված է ՄԻԵԴ-ի վճռում։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին իր գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի անունից համագործակցության հուշագիր է ստորագրել «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ: Հարությունյանը նշել է, որ քաղաքական ուժերի միջեւ համագործակցությունը միտված է երկրում համերաշխության մթնոլորտի պահպանմանն ու ծրագրային դրույթների շուրջ համատեղ ջանքերի գործադրմանը եւ հավելել, որ ձեւավորված օրակարգի շրջանակում «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը պատրաստ է համագործակցելու խորհրդարանական ու արտախորհրդարանական այլ ուժերի հետ: Սամվել Բաբայանը եւս կարեւորել է համատեղ փոխգործակցության գաղափարը՝ ընդգծելով, որ այն հատկապես պահանջված է հայրենիքի առաջ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու համար:

Սեպտեմբերի 12 2020
Օգոստոսի 30 2020
Հուլիսի 18 2020
Հուլիսի 11 2020
Հունիսի 27 2020
Հունիսի 20 2020

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: