Երկուշաբթի, Մայիսի 10, 2021

Շաբաթվա անցուդարձ

27 փետրվարի - 6 մարտի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Մարտի 1-ին Երեւանում հանրահավաքային օր էր: Ազատության հրապարակում ընթանում էր ընդդիմադիր 17 քաղաքական ուժերի հերթական հավաքը, որը սկիզբ էր առել նոյեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված՝ Պուտին-Փաշինյան-Ալիեւ հայտնի եռակողմ հայտարարությունից հետո եւ շարունակվում է գրեթե ամենօրյա ռեժիմով: Ընդդիմության պահանջը պատերազմում պարտված վարչապետի հրաժարականն է:

Բողոքի ցույցին զուգահեռ՝ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի կոչով հավաքվել էին նրա աջակիցները՝ մարզերից ավտոբուսներով բերված մարդիկ, պետական հիմնարկների ու գերատեսչությունների աշխատողներ, ոստիկանական ստորաբաժանումներ, զինվորականներ եւ այլք: Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը եւս մեկ հանրահավաք ու երթ էր անցկացրել Հանրապետության հրապարակում այն բանից հետո, երբ Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել էր նրա հրաժարականը, իսկ ինքը՝ Փաշինյանը այդ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ էր որակել:

Փետրվարի վերջին շաբաթը հագեցված էր բուռն իրադարձություններով, որոնց ազդեցությունը, որոշակի սրացումներով, շարունակվեց հետագա օրերին: Փետրվարի 25-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ վճռական բողոք արտահայտելով «անհեռատես եւ չհիմնավորված պատճառներով» Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալին պաշտոնից ազատելու առնչությամբ, որը, ըստ ԶՈՒ գլխավոր շտաբի, իրականացվել է առանց Հայաստանի Հանրապետության ազգային եւ պետական շահերը հաշվի առնելու: «Երկրի համար այսպիսի ծանր պայմաններում նման որոշումը հակապետական, անպատասխանատու քայլ է: ՀՀ վարչապետը եւ կառավարությունն այլեւս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ ժողովրդի համար այս ճգնաժամային ու ճակատագրական իրավիճակում»,- մասնավորապես ասված է 41 բարձրաստիճան զինվորականների ստորագրությամբ ընդունված հայտարարության մեջ: 

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Զինված ուժերը պահանջում էին ՀՀ վարչապետի եւ կառավարության հրաժարականը՝ «միաժամանակ իշխանություններին նախազգուշացնում ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց», ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: Բարձրաստիճան զինվորականների հայտարարության ամենաուշագրավ համատեքստը հենց այստեղ պետք է փնտրել. Գլխավոր շտաբը փաստորեն հասկանալ էր տալիս, որ կանգնում է ժողովրդի կողքին եւ երաշխավորում նրա կյանքի ու առողջության անվտանգությունը: Այսինքն՝ նախապես կանխում էր որեւէ արկածախնդրության դիմելու՝ իշխանությունների հնարավոր մտադրությունները: Որոշ դիտորդներ նույնիսկ համոզմունք հայտնեցին, որ սա ընդդիմադիր «17»-ին տրված քարտ-բլանշ էր՝ գնալ եւ վերցնել իշխանությունը: 

Ամեն դեպքում հայտարարությունը քաղաքական ուժգին պայթյունի ազդեցություն ունեցավ, որին շատ արագ արձագանքեցին ինչպես գործող իշխանությունը, այնպես էլ 17 կուսակցություններ ընդգրկող «Հայրենիքի փրկության շարժումը»՝ զորաշարժի ենթարկելով իրենց կողմնակիցներին, առաջինը Հանրապետության հրապարակում, երկրորդը՝ Ազատության: Տեղի ունեցածը Նիկոլ Փաշինյանը որակեց որպես ռազմական հեղաշրջման փորձ, ինչը բացի իշխող թիմից՝ «Իմ քայլից», Ադրբեջանից եւ Թուրքիայից, ոչ մի երկիր կամ քաղաքական կառույց չվերահաստատեց: Ընդդիմությունն, իր հերթին, հայտարարություն տարածեց՝ աջակցություն եւ զորակցությունը հայտնելով Գլխավոր շտաբին, որին իշխանությունը ակնհայտորեն ցանկանում էր, ինչպես ասում են, «նեղը գցել»: Դրա ապացույցը Փաշինյանի առաջարկությամբ գեներալ լեյտենանտ, ՀՀ Ազգային հերոս Տիրան Խաչատրյանին փետրվարի 23-ին, առանց որեւէ հիմնավոր պատճառի, ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելն էր: 

Գեներալին հերոսի կոչումը շնորհվել էր չորս ամիս առաջ՝ հոկտեմբերի 22-ին: Նրա ազատման պատճառի մասին լրատվամիջոցները զավեշտալի տեղեկատվություն էին տարածել, որն այդպես էլ չհերքվեց: Պարզվում է՝ Խաչատրյանն ընդամենը մի կուշտ ծիծաղել է «Իսկանդեր» հրթիռային համակարգի մասին վարչապետի աթոռը զբաղեցնող անձի սկանդալային հայտարարության վրա, երբ «1in.am»-ին տված հարցազրուցում վերջինս պնդում էր, թե Արցախում պատերազմի ժամանակ «Իսկանդեր»-ը չի կրակել կամ կրակել է 10 տոկոսով: Հայտարարությունն այդ օրերին ամենաբուռն քննարկվողն էր ռուսական եւ հայկական տեղեկատվական դաշտում: Թեմային տիրապետող ռուս փորձագետները Փաշինյանին մեղադրում էին ստախոսության ու տգիտության մեջ՝ հակադարձելով, որ ռուսական «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները գերճշգրիտ զենքեր են: 

Հաջորդ թիրախը, բնականաբար, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն էր, որին պաշտոնից ազատելու մասին վարչապետի միջնորդությունը նախագահ Արմեն Սարգսյանը չէր բավարարել եւ առարկություններով ետ էր ուղարկել կառավարություն: Փետրվարի 25-ի «իշխանական» հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը տարակուսանք հայտնեց այդ կապակցությամբ եւ իրեն հատուկ մանիպուլյատիվ տոնով դիմելով հավաքվածներին, ասաց. «Եթե հանրապետության նախագահն այդ միջնորդությունը չի ստորագրում, այսինքն՝ ի՞նչմիանում է պետական հեղաշրջմա՞նը»: Փաշինյանի մտքինը ակներեւ է՝ նախագահի կողմն ուղղել հանրահավաքի մասնակիցների ցասումը՝ փորձելով ճնշում բանեցնել նախագահի վրա: Նույն օրը վարչապետը գործող կարգի համաձայն՝ նորից իր հիմնավորումներով նախագահական նստավայր ուղարկեց Օնիկ Գասպարյանի ազատման միջնորդությունը եւ անձամբ այցելեց նախագահին, ով փոքր-ինչ վատառողջ էր:

Նախագահն այս անգամ ուներ երկու տարբերակ՝ կամ ստորագրել միջնորդությունը, կամ այն ուղարկել ՍԴ՝ փաստաթղթի սահմանադրականության հարցը որոշելու համար: Բայց Սարգսյանը Սահմանադրական դատարան դիմեց՝ վիճարկելու ոչ թե ազատման ակտի, այլ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականության հարցը, ինչի արդյունքում որոշակի իրավական թնջուկ էր առաջացել: Օնիկ Գասպարյանը կարող էր արդեն մարտի 4-ին իրավունքի ուժով համարվել պաշտոնից ազատված, սակայն այդ ժամկետը ինչ-որ հիմունքով երկարաձգվեց մինչեւ մարտի 9-ը: Անկախ իրավագետների մեծ մասի կարծիքով՝ Օնիկ Գասպարյանը Սահմանադրության եւ օրենքի հիման վրա իրավունք ունի պաշտոնավարել մինչեւ 2025 թվականի հունիսի 8-ը։ «Հանրապետության նախագահը Գլխավոր շտաբի պետի մասով ունի միայն մեկ իրավասություն՝ նշանակել նրան վարչապետի առաջարկությամբ՝ հինգ տարի ժամկետով»,- Հիմնական օրենքից հիմնավորումներ է վկայաբերել է փաստաբան Արամ Օրբելյանը: Նախագահը, ըստ երեւույթին, տեղիք է տվել Փաշինյանի ճնշումներին՝ գնալով հակասահմանադրական ճանապարհով: Սա փաստորեն Սահմանադրության ոտնահարում է սահմանադրական կարգի երաշխավորի կողմից, ինչը անհեթեթություն է: «Արմեն Սարգսյանն իր այս քայլով վերջին մահացու հարվածն է հասցնում ՀՀ պետականությանն ու բանակին»,- իրավիճակն այսպես է գնահատել սահմանադրագետ, միջազգայնագետ Վարդան Պողոսյանը: 

Նկարագրված իրավիճակների քննարկման օրակարգերն էին հիմնականում մարտի 1-ին անցկացված՝ իշխանական եւ ընդդիմադիր հանրահավաքներում, բայց՝ հակառակ մեկնակետերից: Իսկ այդ օրվա գլխավոր մտահոգությունը երկու ճամբարների միջեւ բախումների հնարավորության կանխումն էր, որը, բարեբախտաբար, այս անգամ հաջողվեց: Թե ինչ է ուզում ընդդիմությունը, հանրության համար պարզ է՝ Արցախյան 44-օրյա պատերազմը տանուլ տված ու երկիրը ծանրագույն վիճակի հասցրած ապիկար կառավարության եւ նրա ղեկավարի անհապաղ հրաժարականը՝ չնայած հանրության մի պատկառելի հատված համարում է, որ «17»-ի կռիվը իշխանական աթոռների համար է: Սա գլխավորապես հայրենիքի կորստյան վտանգի թույլ զգացողություն ունեցող մարդկանց շերտն է, թեպետ չի բացառվում, որ ընդդիմության շարքերում իսկապես կգտնվեն նաեւ այդպիսիները: 

Իսկ ի՞նչ է ուզում իշխանությունը կամ, ավելի ճիշտ, ո՞րն է նրա կազմակերպած՝ արդեն երկրորդ «հակահանրահավաքի» իմաստը, որի նախադեպը աշխարհում դժվար է գտնել: Առաջին տպավորությունը, որ աչքի է զարնում, հրապարակավ ապացուցելն է, որ վարչապետը եւ նրա թիմը ունեն հանրային վստահություն, հետեւաբար հրաժարականի պահանջը կեղծ օրակարգ է, քաղաքական ծրագրահենք՝ նախկինների վերադարձի համար: Շատերը վաղուց հասկացել են, որ նախկինների «ուրվականը» մարդկանց վախեցնելու նպատակով հատուկ հորինված առասպել է, որպեսզի ժողովուրդը հանդուրժի իմքայլականների կառավարումը, որքան էլ այն ապազգային լինի: Ով չգիտի, որ միակ բանը, ինչ ամենալավն է հաջողվում իշխանության եկած ուժի առաջնորդին, իր մեղքերն ուրիշի վզին փաթաթելն է: Մարտի 1-ի հավաքում եւս նա ձախողումների համար մեղավոր համարեց նախկիններին, «դավաճան» գեներալներին, «Իսկանդերին», կառավարման խորհրդարանական համակարգին, ընդդիմությանը, եկեղեցուն, դատարաններին, «Գագիկ Սողոմոնյանին»… մի խոսքով՝ իրենից բացի, ով մտքներովդ անցնի: 

Ամփոփելով՝ գանք այն հարցին, թե ինչ էր, այնուամենայնիվ, ուզում իշխանությունը, ի՞նչ խնդիր էր պատրաստվում լուծել այդպիսի արտասովոր եղանակով: Այդ հարցին հանրահավաքի իր ելույթում պատասխանել է Փաշինյանն ինքը՝ շեշտելով. «Ժողովրդի իշխանությունը նրա ձեռքից ուզում են խլել, եւ մենք հրապարակում հավաքվել ենք ասելու, որ դա թույլ չենք տալու՝ թույլ չենք տալու տասնամյակների ու զրկանքների արդյունքում ձեռք բերած այդ նվաճումը ոչնչացնել»,- հայտարարել է կառավարության ղեկավարը: Նա «թավշյա» իշխանափոխությունից հետո կառավարության եւ անձամբ իր «բոլոր հնարավոր սխալների» համար ներողություն է խնդրում համայն հայությունից եւ բավական փիլիսոփայական հավելում կատարում: Ահավասիկ. «Մեր սխալների մեծագույն պատճառներից մեկը որպես իշխանություն՝ մեր սիրված լինելն է եղել»: Մեկնաբանությունը թողնենք ընթերցողին: 

Մոսկովյան ամոթալի հայտարարությունը ստորագրելու գիշերը՝ նոյեմբերի 10-ին, Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում այսպիսի գրառում էր կատարել. «Բանակը եւ կառավարությունը կապված են կուռ եղբայրությամբ»: Այսօր փորձում է պարտության մեղքը բարդել բանակի ու սպայակույտի վրա: Սա՞ էր «կուռ եղբայրությունը», որն ընդամենը 4 ամիս դիմացավ:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Ազգային ժողովում մարտի 2-ին մեկնարկել է հերթական քառօրյա նիստը, որի Օրակարգում 19 հարց էր, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունը։ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները: Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը։

Թեկնածությունների քննարկումը շարունակվեցին մարտի 3-4-ին, քանի որ երեք թեկնածուներից մեկը՝ Սամվել Գրիգորյանը, ինքնաբացարկ էր հայտնել։ Մարտի 3-ի նիստին ներկա է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Նա եկել էր ներկայացնելու թեկնածուներին, բայց նախ պատասխանում էր պատգամավորների հարցերին, որոնք, ի դեպ, չափից դուրս կոպիտ եւ ագրեսիվ էին։

Փետրվարի 28-ին նախագահ Արմեն Սարգսյանի անունից` 1988թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքերի 33-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցվել եւ ծաղկեպսակ դրվել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմը: Փետրվարի 28-ը ՀՀ-ում հայտարարված է ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի եւ բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր:

Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը փետրվարի 4-ին Կառավարությունում հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ վերջինիս առաջարկով քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմային առնչվող հարցեր։ Հանդիպումից հետո Մարուքյանը լրագրղներին ասել է, որ «գլխավոր հարցերի շուրջ դեռ կոնսենսուս չկա, բայց կա կամք բանակցությունները շարունակելու»։ Իր ասելով՝ նա Փաշինյանին պայման էր առաջադրել արտահերթ ընտրությունների հուշագիր ստորագրելու դիմաց ետ վերցնի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկը եւ եւ պաշտոնում վերականգնի Գասպարյանի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին: Վարչապետն անթույլատրելի է համարել ԶՈՒ գլխավոր շտաբի հետ կապված խնդիրն արտահերթ ընտրությունների հետ կապելը:

Ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը մարտի 4-ին հրավիրվել է Քննչական կոմիտե եւ հարցաքննվել՝ փետրվարի 12-ին եւ 20-ին Ազատության հրապարակում հանրահավաքների ժամանակ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերեւույթ դեպքերի առթիվ քննվող քրեական գործով: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով («իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը») եւ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Խոսքը ընդդիմադիր գործչի այն հայտարարության մասին է, որ պետք է պատրաստ լինել «կայծակնային արագությամբ ապստամբելով՝ վերցնել իշխանությունը»:

Ապրիլի 24 2021
Ապրիլի 18 2021
Ապրիլի 11 2021
Մարտի 27 2021
Մարտի 20 2021
Մարտի 13 2021

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: