Երկուշաբթի, Սեպտեմբերի 24, 2018

Շաբաթվա անցուդարձ

Հունվարի 20-27

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

Ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը դեմ կքվեարկի իշխող Հանրապետականի առաջադրած՝ Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին: Այս մասին հունվարի 22-ին հայտարարել է ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, որ առաջիկայում Արմեն Սարգսյանի հետ կայանալիք հանդիպումն իրենց որոշման վրա չի ազդի: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի առաջարկից հետո ժամանակ էր խնդրել՝ նշելով, որ ցանկանում է որոշում կայացնելուց առաջ հանդիպել խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։

... Ինչպես հայտնի է, «Ելքը» մտադիր էր նախագահի պաշտոնում առաջադրել իր թեկնածուին՝ հայրենիքի հանդեպ որոշակի ծառայություններ ունեցող Արտակ Զեյնալյանին: Սակայն դրա համար պահանջվում է 27 պատգամավորի ստորագրություն, որը 9 հոգանոց խմբակցության համար դժվար հաղթահարելի խնդիր է: «Ելքը» դիմել է ընդդիմադիր գործընկերոջ՝ «Ծառուկյան» դաշինքի օգնությանը, սակայն վերջինս հրաժարվել է աջակցել: Փոխարենը Գագիկ Ծառուկյանը չի բացառել, որ իրենց խմբակցությունը կսատարի Հանրապետականի առաջադրած նախագահի թեկնածուին: Ծանոթ դիպաշար է, այդպես չէ՞: Մեզանում ընդդիմադիր ուժերից միշտ անպակաս են եղել գժտություններն ու եսակենտրոն հակումները, եւ այլեւս զարմանալի ոչինչ չկա: Իշխանությունները լավ գիտեն ընդդիմության այդ խոցելի տեղը. «Ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Ծառուկյան» դաշինքը եւ «Ելք»-ը միասին, կարող էին ընդդիմադիր թեկնածու առաջադրել, այնպես որ, խնդիրն իրենց մեջ է»,- նկատել է իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Փաստորեն «Ելքը» որեւէ հնարավորություն չունի ապահովելու պակասող 18 ձայները, որպեսզի կարողանա առաջադրել սեփական թեկնածուին: Անձամբ Սերժ Սարգսյանի «կպցրած» թեկնածուն, այսպիսով, կմնա մրցակցությունից դուրս՝ միակն ու անայլընտրանքայինը, եւ մարտի 2-ին ընտրություն՝ որպես այդպիսին, չի լինի: Ավելի ճշգրիտ բնորոշմամբ՝ կունենանք չընտրություն, ինչպես շատ անգամներ են եղել: Սա՞ է գործող նախագահի ակնկալած «խորհրդարանական լայն համաձայնությունը», որի պայմաններում նա ցանկալի է համարում, որ ընտրվի ՀՀ չորրորդ նախագահը: Սերժ Սարգսյանի մեծ ցանկությունն է, որ այդ ընտրությունները տեղի ունենան մեկ փուլով, իսկ դրա համար Հանրապետականին անհրաժեշտ է 79 պատգամավորի ձայն: ՀՀԿ-ն, Դաշնակցության հետ միասին, ունի 65 պատգամավոր, այսինքն՝ «լայն համաձայնություն» ապահովելու համար իշխող ուժն առնվազն 14 ձայնի կարիք ունի: Եթե «Ելքը» հայտարարում է, որ դեմ է քվեարկելու, ուրեմն ՀՀԿ-ին մնում է ապավինել ընդդիմադիր համարվող «Ծառուկյան» դաշինքի զորակցությանը: Ծառուկյանը «մեծահոգաբար» տեղի կտա իշխող կուսակցության խնդրանքին՝ բարեկամն էլ ո՞ր օրվա համար է, կամ էլ, ինչ իմանաս, ընդդիմադիր ջիղը միգուցե նրան ետ պահի իր ընտրողների հանդեպ «մեղք» գործելուց: Այսպես թե այնպես, եթե նույնիսկ բանը հասնի երկրորդ փուլին, Հանրապետականը, միեւնույն է, իր ուզածին կհասնի, որովհետեւ այդ փուլում կպահանջվի արդեն 63 ձայն: Ոչինչ, որ «լայն» համաձայնությունը չստացվի: «Նեղը», ամեն դեպքում, Հանրապետականի գրպանում է: Դաշնակցական «ախպերությունը» սաղ լինի:

Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում աշխատանքային եռօրյա այցով Դավոսում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 23-ին հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալեն Բերսետի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ գործակցության օրակարգի հարցեր՝ գոհունակություն հայտնելով քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակից եւ կարեւորելով երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացումն ու խորացումը: Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել տնտեսության տարբեր ճյուղերում բիզնես ծրագրերի իրականացման հնարավորություններին, պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ սերտացնելու համագործակցությունը շվեյցարական կոնկրետ ընկերությունների եւ Հայաստանի համապատասխան կառույցների միջեւ: Վարչապետը մի շարք հանդիպումներ է ունեցել նաեւ Շվեյցարիայի եւ տնտեսական համաժողովի աշխատանքին մասնակցելու առաքելությամբ Դավոս ժամանած այլ երկրների պաշտոնական անձանց հետ:

... Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այցի առաջին օրը Հայաստանի վարչապետը Ցյուրիխում աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առեւտրային պալատի ներկայացուցիչների եւ շվեյցարացի գործարարների հետ: Նա շեշտել է, որ Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ապրանքաշրջանառությունը 2017 թվականին, նախորդ տարվա համեմատ, աճել է շուրջ 3,5 անգամ: «Այսօր ձեզ ուղղված իմ ուղերձը պարզ ու անկեղծ է՝ եկե՛ք ու բիզնեսով զբաղվեք Հայաստանում, եկե՛ք ու ներդրումներ արեք Հայաստանում: Մեր երկիրը ներդրումներ կատարելու եւ բիզնեսով զբաղվելու արժանի վայր է»,- միամիտ շվեյցարացիներին վստահեցնում էր Կարեն Կարապետյանը՝ թվարկելով, թե ինչպիսի՛ նշանակալի բարեփոխումներ են իրականացվել պետական կառավարման, հարկային եւ մաքսային, կրթության բնագավառներում, ինչքա՛ն են բարելավվել բիզնես միջավայրը, զբոսաշրջային ոլորտն ու ծառայությունները: «Կարծում եմ՝ մենք կունենանք աճի ամենաբարձր տեմպը տարածաշրջանում»,- գլուխը բարձր հայտարարել է մեր վարչապետը՝ տեղացի գործարարներին հուշելով հայաստանյան ներդրումների համար ամենաշահեկան ոլորտները. գյուղատնտեսություն եւ գինեգործություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ զբոսաշրջություն, դեղագործություն եւ ենթակառուցվածքներ, էներգետիկա եւ հանքարդյունաբերություն, ոսկերչություն եւ ակնագործություն... ո՞րը ասես, ո՞րը թողնես: Հետաքրքիր է՝ ի՞նչ պատասխան էր տալու Կարապետյանը, եթե ներկաներից մեկը պատահաբար կարդացած լիներ մոսկվայաբնակ հայ գործարար Լեւոն Մարկոսի՝ մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանին ուղղած հերթական բաց նամակը եւ հանկարծ հարցներ. «Պարոն վարչապետ, ինչո՞վ է ձեր երկիրն «արժանի վայր» ներդրումների համար»: Եվ մատնացույց աներ Լեւոն Մարկոսի, ինչպես նաեւ 2000-ականների սկզբից ի վեր Հայաստանում խոշոր ներդրումներ կատարած ու անգթորեն թալանված 34 սփյուռքահայ գործարարների օրինակը: Հետաքրքիր է՝ Կարապետյանն ունե՞ր արդյոք այս հարցի պատասխանը: Մարդիկ լուրջ, անկեղծ մղումներով եկել էին նորանկախ Հայաստան, հարյուր միլիոնավոր դոլարներ ներդրել եւ մտադիր էին մի շարք հեռանկարային նախագծեր իրականացնել, որոնք լուրջ խթան էին երկրի՝ փլուզման հասցված տնտեսության զարգացման համար: Բայց ի՞նչ վերաբերմունքի արժանացան: Ահա մի դրվագ Լեւոն Մարկոսի բաց նամակից. «Գործում է «փորձված» սխեման՝ սկզբում մարդկանցից «հանուն Հայրենիքի» մեծ-մեծ գումարներ են շորթում, իսկ հետո նրանց վրա մեղադրանքներ «սարքում», որպեսզի հեռացնեն բիզնեսից, վտարեն Հայաստանից եւ յուրացնեն «ծախված» օբյեկտներն ու նրանցից ստացած մեծ գումարները: Այդ գործարարների հետ նույնությամբ կրկնվում է այն պատմությունը, որը Դուք, Ռոբերտ Քոչարյանն ու Տիգրան Սարգսյանը արեցիք ինձ հետ: Ահա թե ինչպես եք Դուք եւ Ձեր նմանները մուրացող Հայաստանում միլիարդավոր դոլարներ դիզել»: Այսպիսի բաներ: Կարծես թե հասկանալի է դառնում, թե ինչու վերջին տարիներին ոչ մի ներդրող Հայաստանի կողմն անգամ նայել չի ուզում:

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Միջազգային մամուլ

The Atlantic-ի տեղեկացմամբ՝ Թուրքիան հունվարի 20-ին սկսեց «Ձիթենու Ճյուղ» ռազմական գործողությունը Աֆրինում՝ Սիրիայի հյուսիս-արեւմտյան մասում տեղակայված քրդական ժողովրդական պաշտպանության միավորումների դեմ: Ըստ պարբերականի, գործողությունը Անկարայի ջանքերի մի մասն է, որոնք միտված են Իսլամական պետության դեմ պայքարում Ամերիկայի աջակցությունը վայելող ժողովրդական պաշտպանության միավորումների՝ թուրք-սիրիական սահմանի երկայնքով ինքնավար շրջան ստեղծելու հնարավորությունը կանխելուն: «Ռուսական արձագանքը շատ խոսուն է,- այնուհետեւ գրում է թերթը,- հաշվի առնելով, որ Ռուսաստանն է վերահսկում Աֆրինի օդային տարածքը, Թուրքիան Ռուսաստանի հետ հստակորեն համաձայնացրել է իր գործողությունները: Ռուսաստանն այդ տարածքից հանել է իր զորքերը, այդ թվում՝ ռազմական խորհրդատուներին»:

The Wall Street Journal-ի գնահատականով՝ այս անգամ քրդերն իրենց արեւմտյան դաշնակիցների կողմից լքվեցին հիմնականում «սառը ռեալպոլիտիկ»-ի պատճառով: Վաշինգտոնը, հոդվածագրի դիտարկմամբ, պետք է իր դաշինքը պահպանի դաշնային կառավարության վարչապետ Հաիդ ալ Աբադի հետ, որպեսզի Իրաքն իր հսկայական նավթային պաշարներով չթեքվի Իրանի կողմը: Իսկ Աֆրինում թուրքական գործողությանը դիմակայելու դեպքում՝ Էրդողանին էլ առավել կհեռացնեին ՆԱՏՕ-ից՝ վերջինիս հարաբերություններն էլ ավելի մտերմիկ դարձնելով Վլադիմիր Պուտինի հետ: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա, ըստ պարբերականի հեղինակի, համաձայնեց թուրքական գործողությանը, «քանի որ Թուրքիային Արեւմուտքից հեռացնելը Կրեմլի համար ավելի կարեւոր աշխարհաքաղաքական նպատակ է, քան պետություն չունեցող քրդերի հետ բարեկամությունը»: Թերթը մեջբերել է քրդական ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումների գլխավոր հրամանատար Սիփան Հեմոնի զայրագին արձագանքը, թե «Ռուսաստանը դավաճանեց մեզ. Նրանք ակնհայտորեն մեզ վաճառեցին»:

Միջազգային մամուլը լայնորեն անդրադարձել է հունվարի 23-26-ը Դավոսում անցկացված Համաշխարհային տնտեսական ֆորումի աշխատանքներին, որտեղ ի մասնավորի ընդգծվել է պոպուլիզմին ու ազգայնականությանը դիմագրավելու, հովանավորչությունը զսպելու եւ ազատ առեւտրի զարգացմանը նպաստելու կարեւորությունը: Bloomberg-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախազգուշացրել է պոպուլիզմի «թույնից», որն ազգերին ստիպում է պարփակվել, ետ մնալ առաջընթացից: Կանցլերի խոսքով՝ ներկա ֆորումի նպատակն է ամրապնդել համատեղ քաղաքականությունը Եվրոպայում եւ ապահովել ազատ առեւտուրը: Մեկ այլ համաշխարհային առաջնորդի՝ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի ելույթից մեջբերումներ է ներկայացրել Reuters-ը: Մակրոնը, ըստ պարբերականի հայտարարել է, թե «Ֆրանսիան վերադարձել է»: Նա նաեւ կոչ է արել հաղթահարել «գլոբալացման բացասական ազդեցությունները»՝ նախազգուշացնելով հարկերն ու կարգավորումները նվազեցնելու մրցավազքից: Bloomberg-ը մեկ այլ հոդվածում գրում է, որ համաժողովի վերջին օրը ԱՄՆ նախագահն իր ելույթում կփորձի համոզել բոլորին, որ «Առաջնայինն Ամերիկան է» քաղաքականությունը կարող է համատեղվել գլոբալիզմի հետ: «Ղեկավարներն ավելի ակնածանքով են վերաբերվում նախագահին այն բանից հետո, երբ նրա վարչակազմը մեծ ջանքեր սկսեց ներդնել կարգավորումների նվազեցման հարցում եւ անցկացրեց ԱՄՆ-ի կորպորատիվ հարկի դրույքաչափն իջեցնելու օրենքը»,- գրում է թերթը: Թրամփը, ըստ պարբերականի, նաեւ հույս ունի ներդրումներն ու աշխատատեղերը կրկին ետ բերել Միացյալ Նահանգներ:

Պատրաստեց Մարինա Մուրադյանը

Սեպտեմբերի 20 2018
Սեպտեմբերի 14 2018
Սեպտեմբերի 07 2018
Օգոստոսի 24 2018
Օգոստոսի 18 2018
Հուլիսի 13 2018

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am