Չորեքշաբթի, Հունվարի 29, 2020

Խմբագրական

Անձերը եւ երեւույթները

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

«Խելոք մարդիկ քննարկում են գաղափարները, միջակները՝
իրադարձությունները, հիմարները՝ մարդկանց»:

Լեւ Տոլստոյ

 

Ժամանակ առ ժամանակ հանրային քննարկումների հարթակում հայտնվում են ինչ-որ բառակապակցություններ, եզրույթներ, որոնք սկսում են լայնորեն քննարկվել, սակայն ոչ միշտ են հասկանալի լինում դրանց իմաստն ու նշանակությունը։ Վերջին ժամանակներս շատ է խոսվում նախորդ իշխանություններին քաղաքական գնահատական տալու անհրաժեշտության մասին։ Ի՞նչ է իրենից ներկայացնում «քաղաքական գնահատական» հասկացությունը, ո՞րն է դրա անհրաժեշտությունը եւ ի՞նչ է փոխում կամ ինչ կփոխի մեր կյանքում նման գնահատականը:

«Սեւերի» ու «սպիտակների», «նախկինների» ու «գործողների» տարանջատումները մարդկանց գիտակցությունը սեւեռում են անձերի վրա՝ կան «լավ» մարդիկ եւ «վատ» մարդիկ, կան «ազնիվներ» եւ «անազնիվներ»։ Երբ քննարկվում են պետական ու քաղաքական խնդիրներ, նման պարզունակ մոտեցումները ոչ թե օգնում են գտնելու լուծումները, այլ ճիշտ հակառակը՝ խորացնում են այդ խնդիրները։

Օրինակ՝ դիտարկենք ընտրությունների կեղծման հայկական ավանդույթը։ Այդ երեւույթն ուներ խորքային պատճառներ, որոնք պայմանավորված էին 90-ականներից հետո ստեղծված սոցիալ-քաղաքական իրավիճակով. երբ պետական սեփականությունը սկսվեց մասնավորեցվել, գործընթացն ուղեկցվում էր հանրային դժգոհություններով։ «Լափել», «թալանել» եւ նմանատիպ այլ արտահայտությունները հանրային ու քաղաքական բառապաշար մտան հենց այդ տարիներին։ Դա սոցիալական անարդարությունների հանդեպ հանրային անվստահության արդյունքն էր, որի հետեւանքով խոշոր սեփականությունը հանրության կողմից համարվում էր ոչ լեգիտիմ՝ անօրինական։

Խոշոր կապիտալի եւ իշխանության սերտաճումը հանգեցրեց նրան, որ սեփականության վերաբաշխման, ինչպեսեւ կատարված անօրինականությունների համար պատիժ չկրելու իրավիճակում անհրաժեշտություն առաջացավ կեղծել ընտրությունները։ Իշխանությունը եւ խոշոր կապիտալը հանրության կողմից ընկալվում էին որպես թշնամիներ։ Ընտրությունների ժամանակ զանգվածներն ու ոստիկանությունը պարբերաբար բախվում էին։ Դա հանրության մեծամասնության ու քաղաքական-տնտեսական վերնախավի հարաբերությունների նկարագրությունն է։ 

Ինչպե՞ս էին կեղծվում ընտրությունները եւ ո՞ւմ շուրջ էր կոնսոլիդացվում քաղաքական ու տնտեսական վերնախավը՝ արդեն այնքան էլ էական չէ. միշտ կգտնվեն մարդիկ, որոնք հայտ կներկայացնեն լինել տվյալ խավի առաջնորդը։ Հատկապես հետաքրքրական է, որ մի ժամանակահատվածում հանրությունը միավորվում էր այդ համակարգի խորհրդանիշը դարձած որեւէ առաջնորդի դեմ, իսկ որոշ ժամանակ անց համախմբվում է այն մարդու շուրջը, որը կորցրել էր իշխանությունը՝ արդեն ընդդեմ նոր «չարիքի»։ Սա է անցած համակարգի չափազանց թռուցիկ քաղաքական գնահատականը։ Նույնը կարելի է ասել նաեւ համակարգված կոռուպցիայի ու մյուս արատավոր երեւույթների մասին։

Ինչո՞ւ է անհրաժեշտ տալ այդ երեւույթների քաղաքական գնահատականը։ Որովհետեւ առանց բացահայտելու դրանց խորքային, համակարգային պատճառները, սոցիալ-քաղաքական հարաբերությունների էությունը, հնարավոր չի լինի փոխել իրավիճակը։ Ցանկացած քաղաքական գնահատականից արդեն բխում են գործողությունների ճանապարհային քարտեզն ու նոր աշխարհայացքի արժեքային համակարգը։ Հակառակ դեպքում՝ կարելի է ամեն ինչի մեջ մեղադրել երեք նախագահներին, սակայն չտեսնել բուն պատճառները։ Անձերի դեմ պայքարը կհանգեցնի անցած երեսուն տարվա համակարգային ապօրինությունները մոռացության տալուն եւ դրանց նորովի դրսեւորումների հավանականության մեծացմանը։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am