Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

Խմբագրական

Մեր իրականության իշխանությունը եւ ընդդիմությունը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

19-րդ դարի ֆրանսիացի գրող Ադրիան Դեկուրսելի բնորոշմամբ՝ այսօրվա ընդդիմությունը վաղվա հետադիմականներն են։ Հետադիմական կամ «ռեակցիոն» են համարվում այն քաղաքական ուժերը, որոնք պատրաստ չեն հանդուրժելու այլակարծությունը։ 19-րդ դարում Ֆրանսիայում տեղի են ունեցել մի քանի հեղափոխություններ, եւ ֆրանսիացի բազմաթիվ գրողներ ու հրապարակախոսներ նկատել են, որ հեղափոխությունների արդյունքում իշխանության եկած մարդիկ ավելի անհանդուրժող են եւ պատաստ են բռնություն կիրառելու հակառակորդների նկատմամբ։

1988-ին Հայաստանում իշխանության եկածները հեղափոխականներ էին, եւ ով հիշում է այդ ժամանակները, կարող է փաստել` այլակարծության դեմ ամենաուժգին հալածանքներն այդ տարիներին էին. փակվում էին կուսակցություններ ու թերթեր, իսկ ընդդիմադիր գործիչները պիտակավորվում էին։

2018-ից հետո իշխանության եկած ուժերը եւս իրենց հեղափոխական են կոչում: Ճիշտ է, ի տարբերություն 1988-ի Շարժման արդյունքում իշխանության եկածների, նորերը բանտերով ու պատերազմով չեն անցել, այլակարծության նկատմամբ «թավշյա» կամ «ասֆալտի» հեղափոխականների անհանդուրժողականությունը բռնի դրսեւորումներ չի ստացել, բայց, այնուամենայնիվ, ցանկացած այլ կարծիք պիտակավորվում է։

Արդի ժողովրդավարության հայրենիքում՝ Մեծ Բրիտանիայում, ընդդիմադիր ուժերի հանդեպ տարբեր մոտեցում գոյություն ունի։ 19-րդ դարի անգլիացի պետական ու քաղաքական գործիչ, գրող Բենջամին Դիզրայելին այլ տեսակետ ուներ ընդդիմության մասին: Նա ասում էր. «Ոչ մի կառավարություն չի կարող իրեն անվտանգ զգալ, եթե  չկա ազդեցիկ ընդդիմադիր ուժ»։

Շատ կարեւոր է, որ պետության համար ճակատագրական որոշումներ ընդունելիս` իշխանությունն ու ընդդիմությունը գալիս են ընդհանուր հայտարարի, այսինքն` քաղաքական համակարգն աներկբա առաջնորդվում է պետական շահով։

Երբ իշխող եւ ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն կարողանում ձեւավորել խաղի ընդունելի կանոններ, իսկ մրցակցությունը վերածվում է գոյության պայքարի, առողջ քաղաքական համակարգի մասին խոսելն ավելորդ է դառնում։

Նախահեղափոխական, հեղափոխական ու հետհեղափոխական վիճակներից բաղկացած` Հայաստանի քաղաքական իրականությունը տեւապես չի կարողանում ձեւավորել կայուն քաղաքական համակարգ։ Ըստ երեւույթին` մենք միշտ ունենում ենք վատ իշխանություններ եւ վատ ընդդիմություններ։ Եթե իշխանությունն ինչ-որ պահից հետո հայտնվում է ամենաթողության ու անիրավչության մթնոլորտում, ընդդիմությունը դառնում է անհանդուրժող, պոպուլիստ եւ ոչ կառուցողական։ Իշխանությունն ու ընդդիմությունը նույն երեւույթի երկու տարբեր կողմերն են, իսկ մրցակցությունը որեւէ արգելապատնեշ չունի։ Այս պատկերը Հայաստանի ներկայիս իրավիճակի բնութագիրն է։

2018-ի գարնանը կատարվեց այն, ինչը մի օր պետք է կատարվեր՝ ճահճացմանը փոխարինելու եկան պոպուլիզմը եւ դատարկաբանությունը՝ իշխանությունն ու ընդդիմությունը փոխվեցին տեղերով եւ դերերով։

Դա լավ փորձ է երկրի համար՝ «իշխանափոխությունը», «սերնդափոխությունը», «լավ կամ «վատ» մարդը սին գաղափարներ են, եթե իրենց մեջ չեն պարունակում իմաստ եւ բովանդակություն։

Այս բանաձեւի ըմբռնումը հիմք կհանդիսանա, որպեսզի անխուսափելիորեն եկող Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքացին ավելի շրջահայաց, հասուն եւ գիտակցված ընտրություն կատարի։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am