Երկուշաբթի, Սեպտեմբերի 24, 2018

Խմբագրական

Հայաստանում տեղի ունեցավ ավելին, քան պարզապես իշխանափոխություն

Ժամանակավոր կառավարության կազմավորումից անմիջապես հետո Հայաստանում բանավեճեր սկսվեցին ապրիլյան դեպքերի բնույթի վերաբերյալ, ինչի արդյունքում ձեւավորվել էր այդ կառավարությունը: Ամենից հաճախ օգտագործվում էր «թավշյա հեղափոխություն» հասկացությունը: Այս գնահատականի հետ առաջինն իր անհամաձայնությունը հայտնեց պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը` նշելով, որ տեղի ունեցածն իշխանափոխություն է, եւ միայն պետության իրավաքաղաքական համակարգի փոփոխության գործընթացը կարելի է անվանել հեղափոխություն: Դասական մոտեցմամբ` այդպիսի գնահատականի հետ կարելի է համաձայնվել: Բայցեւայնպես, նման գնահատականը մի քիչ մակերեսային է: Դա բխում է այն վարկածից, որ երկրում առկա պետական կարգը չի փոխվել: Այսինքն` ենթադրվում է, որ երկրում գոյություն ուներ Սահմանադրությանը համապատասխան իրավակարգ, այն է` սահմանադրական կարգ: Գործնականապես Հայաստանում հռչակվել էր սահմանադրական կարգ, բայց փաստորեն այլ կարգ էր արմատավորված` քրեաօլիգարխիկ: 2018թ. ապրիլին վերջինիս հիմքերը հանրության ջանքերով սասանվեցին: Կարելի՞ է դա կոչել պարզ իշխանափոխություն: Ինչպես երեւում է` ոչ այնքան:

Դրա համար տեսնենք, թե ինչ ենք ունեցել անկախ Հայաստանի գոյության տարիներին: 1991թ. Հայաստանում հայտարարվեց իրավական պետություն կառուցելու ծրագիրը: Դա ենթադրում էր, առաջին հերթին, ազատ ընտրությունների հաստատության եւ արդարադատության համակարգի ձեւավորում: Նշված հաստատությունների միջոցով էլ ենթադրվում էր ներկայացուցչական եւ գործադիր իշխանության ձեւավորում եւ օրենքի գերակայություն: 1995 թվականին ընդունվել էր Սահմանադրությունը, որտեղ օրինականացվեց ամբողջ այս ծրագիրը:

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ իրականում: 1995-96 թվականներին չգործեց ազատ ընտրությունների մեխանիզմը` ուժային նախարարների կողմից յուրացվեց պետական իշխանությունը: Արդարադատության համակարգն այդպես էլ չկայացավ:

1997 թվականին ռազմական օլիգարխիան յուրացրեց քաղաքական ոլորտը` ՀՀԿ-ի յուրացման տեսքով: 1998-ին երկրի նախագահին իշխանությունից հեռացնելու միջոցով ռազմական օլիգարխիան բռնատիրեց պետական ​​կառավարման համակարգին: Այն ժամանակ էլ, ռազմական օլիգարխիայի առաջնորդին սպանելու արդյունքում (հոկտեմբերի 27-ի գնդակահարությունը խորհրդարանում), վերջինիս դիրքերը թուլացան: Երկրում հաստատվեց ավտորիտար համակարգ, որը սկսեց սեփականության վերաբաշխման միջոցով յուրացնել ազգային հարստությունը: Ստեղծվեց մեծ սեփականատերերի դաս:

2003-ին, խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, մանդատների մեծ մասը յուրացրին խոշոր սեփականատերերը: Խորհրդարանական կոալիցիա ստեղծելու մասին պայմանագրի հիման վրա կազմավորվեց պայմանագրային օլիգարխիկ վարչակարգ: Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու միջոցով այն վերածվեց այդ վարչակարգի օրինականացման, ինչպես նաեւ հանրությանը պետական կյանքի վրա ազդելու ցանկացած հնարավորությունից հեռացնելու մեխանիզմի:

2008-ին տեղի ունեցավ հասարակության հետ օլիգարխիկ վարչակարգի առաջին բախումը: Վարչակարգը պաշտպանեց իր դիրքերը ցուցարարների դեմ բացահայտորեն զենք կիրառելու միջոցով: Արդարադատության եւ ազատ ընտրությունների համակարգը վերջնականապես կաթվածահար եղավ: Քրեաօլիգարխիկ վարչակարգն արտոնյալ կաստայի կարգավիճակ ձեռք բերեց: Վարչակարգն իր ապահովության հիմնական մեխանիզմ դարձրեց բռնաճնշումները, կաշառակերությունը եւ օրինաստեղծ մանիպուլյացիաները:

2018-ին վերը նկարագրված վարչակարգը հասարակության ճնշման տակ տապալվեց: Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների դասական գնահատականները, ինչպիսիք են հեղափոխություն, իշխանափոխություն, բունտ, չեն կարող տալ դրանց ճշգրիտ բնութագրերը: Կարելի է վստահորեն պնդել, որ Հայաստանում տեղի ունեցածը քրեաօլիգարխիկ վարչակարգը կազմաքանդելու համաժողովրդական գործողություն էր:

Այն, որ բանակն ու ոստիկանությունը աջակցեցին քաղաքացիներին, վկայում է, որ դրանք, որպես ինստիտուտներ, կայացել են: Ավելին` առարկայորեն կայացավ ներկայացուցչական, գործադիր եւ դատական իշխանության տարանջատումը: Սահմանադրությունն աշխատեց, համենայն դեպս` իբրեւ օլիգարխիկ վարչակարգի եւ հասարակության միջեւ եղած վեճը կարգավորելու միակ մեխանիզմ:

Այնպես որ, ՀՀ-ում տեղի ունեցավ ավելին, քան պարզապես իշխանափոխություն: Ըստ երեւույթին, 21-րդ դարում առաջ են գալիս հասարակական-քաղաքական սկզբունքորեն նոր երեւույթներ: Արդյունքում լիամասշտաբ սահմանադրական համակարգ նախագծելու իրական հնարավորություն է առաջացել: Սրանում է կառավարության եւ հասարակության խնդիրը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am