Կիրակի, Հուլիսի 21, 2024

Խմբագրական

Ընտրախավերը եւ խաղաղ իշխանափոխությունը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

1988-ից սկսած, երբ նոր-նոր դրվում էր Հայաստանի Հանրապետության անկախության հիմքը, քաղաքական պայքարն ընթանում էր կոշտ եղանակով: Իշխանության եկած «փողոցի տղաները»՝ ՀՀՇ-ականները, սկսեցին ոչնչացնել նախկին կոմունիստական ընտրախավը: Կարճ ժամանակում «նախկինից» մնացածները, որոնց շարքում կային փորձված կառավարիչներ ու տարբեր ոլորտների բարձրակարգ մասնագետներ՝ իբրեւ քաղաքական տարր, ոչնչացվեցին:

«Նորերը», բնականաբար, չունեին կառավարման եւ մասնագիտական աշխատանքի փորձ, ինչի հետեւանքը եղավ այն, որ գնալով նվազեց երկրի տնտեսական ներուժը՝ հիմնարկ-ձեռնարկությունները մատնվեցին տեւական պարապուրդի, փոշիացվեց երկար տարիների ընթացքում պատրաստված կադրային զինանոցը, որը համապատասխան մասնագետներ էր ապահովում արդյունաբերական արտադրության միջին եւ ցածր օղակների համար: Այս գործելաոճը շարունակվեց նաեւ հետագայում:

Կոմունիստական ընտրախավի ոչնչացումից հետո «փողոցի տղաների» միջեւ նոր պայքար ծագեց իշխանության համար, եւ արատավոր նախադեպերն աստիճանաբար սկսեցին վատ ավանդույթի ուժ ստանալ: Իշխանության տիրացածը քաղաքականապես ոչնչացնում էր նախորդին՝ համարելով նրան իր ներունակ հակառակորդը: 90-ականների «վայրի կապիտալիզմին» կամ կապիտալի՝ վայրի ձեւով կուտակմանը զուգահեռ՝  հակառակորդին արդեն ոչնչացնում էին ոչ միայն քաղաքականապես, այլեւ՝ ֆիզիկապես: Այդ տարիներն, ի դեպ, հայտնի էին աղմկոտ քաղաքական սպանություններով: Բայց սա այլ թեմա է:

Ներթիմային տարաձայնությունների արդյունքում տրոհված ՀՀՇ-ն քաղաքականապես ոչնչացրեց կուսակցության՝ Վազգեն Մանուկյանի թեւը, իսկ 1998-ին ռազմական թեւը քաղաքականությունից հեռացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմին, ապաեւ պառակտվեց նաեւ ուժային թեւը: Այժմ մեզանում մոտավորապես նույն դիպաշարի հաջորդ փուլն է թեւակոխել: 2018-ի, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունից» հետո «նախկինների» քաղաքական ազդեցությունը զրոյացվել է: Եվ հիմա գործող իշխանության հնարավոր փոփոխության արդյունքում ՔՊ-ի ներկայացուցիչները ոչ միայն ամբողջովին կհեռացվեն իշխանությունից, այլեւ պատասխան կտան իրենց առերեւույթ ապազգային գործունեության համար:

Ի՞նչ է այս ամենը նշանակում, ինչո՞ւ Հայաստանում չի ստացվում բնականոն քաղաքական կյանք կազմակերպել, որպեսզի իշխանափոխությունը տեղի ունենա Սահմանադրության պահանջների համաձայն, ընտրությունների միջոցով, խաղաղ եւ անցնցում եղանակով:

Ըստ քաղաքագիտության մեջ գոյություն ունեցող՝ «Ընտրախավերի բազմակարծության» տեսության, ընտրախավերը կարող են ունենալ տարբեր նպատակներ, սակայն «խաղի կանոնների» հարցում գալիս են ընդհանուր համաձայնության. «հակամարտող էլիտաները ստեղծում են ուժերի հավասարակշռություն, որը թույլ է տալիս ժողովրդավարական եղանակներով լուծել հարցերը»։ Տնտեսագետ, սոցիոլոգ Յոզեֆ Շումպետերի բնորոշմամբ՝ միայն ընտրախավերի մրցակցության պայմաններում է հնարավոր անցկացնել արդար ընտրություններ եւ իշխանության հասնել բացառապես քաղաքացիների ձայներով։

Ինչպես նշվեց վերը, 1988-ին սկիզբ առած Համազգային շարժման ժամանակներից մինչեւ օրս Հայաստանում եղած քաղաքական, ֆինանսական, տնտեսական ընտրախավերի մրցակցությունը, որպես կանոն, վերածվում է քաղաքական ոչնչացման գոյամարտի: Եթե ընտրախավերի միջեւ չեն հստակեցվում խաղի կանոնները, չեն գործում գրված ու չգրված օրենքները, ապա խաղաղ իշխանափոխության մասին խոսելը ռոմանտիկայի ժանրից է:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: