Երեքշաբթի, Հուլիսի 14, 2020

Խմբագրական

Ազատություն եւ պատասխանատվություն

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

2018-ի իշխանափոխությունից հետո սոցցանցերում հաճախակի կարելի է տեսնել պնդումներ, թե «հեղափոխությունը» մեզ ազատություն տվեց: Քիչ չեն հանդիպում նաեւ ավելի զգացմունքային եւ, ըստ երեւույթին, դյուրագրգիռ անձանց գրառումներ, թե «Նիկոլը մեզ ազատեց ստրկությունից»։ Եթե նման պնդումները համառ պարբերականությամբ չհայտնվեին սոցցանցերում, թերեւս, կարիք չլիներ դրանց անդրադառնալ: Սակայն դրա կարիքը կա: Եվ կա ոչ միայն առարկություն չընդունող տոնով արտահայտվողների համար։ Ընդհանրապես կարեւոր է` հարցը պարզաբանել հայ հասարակությանն ի գիտություն:

Եվ այսպես` ի՞նչ է ազատությունը եւ ի՞նչ է պատասխանատվությունը։ Այս հարցերի դիտարկումը հատկապես կարեւորվում է մերօրյա համավարակի պայմաններում, երբ մարդիկ պատրաստ չեն գիտակցված կերպով պահպանելու անվտանգության կանոնները։ Կյանքը պահանջում է ոչ թե բացատրել նրանց, այլ` պարտադրել։ Կամ, ինչպես վարչապետը կասեր, «դուբինկաներ» բանեցնել: Մինչդեռ ազատ մարդկանց հետ այդկերպ չեն խոսում: Առավել եւս` նման ձեւով չեն վարվում։

«Ազատություն»-ն ու «պատասխանատվություն»-ը փիլիսոփայության մեջ եւ սոցիոլոգիայում հաճախ դրվում են կողք կողքի` որպես միմյանց փոխլրացնող հասկացություններ: Եվ դա հասկանալի է: Այնտեղ, որտեղ կա ազատություն, ազատ կամարտահայտության հնարավորություն, կա նաեւ պատասխանատվության խնդիր։ Առանց պատասխանատվության ազատությունը վերածվում է անիշխանության ու ամենաթողության։ Բայց նախ` կենտրոնանանք «ազատություն» հասկացության վրա:

Գոյություն ունի ֆիզիկական ազատության խնդիր եւ հոգեւոր ազատության խնդիր։ Ֆիզիկական անազատության մեջ` այս կամ այն հանգամանքներում, կարող է հայտնվել մեզնից յուրաքանչյուրը, սակայն հոգեբանական ազատությունը ներքին` սուբստանցիոնալ երեւույթ է։

2018 թվականից առաջ ոչ ոք չի բռնացել եւ չէր էլ կարող բռնանալ մարդու ներքին ազատության վրա: Նա, ով իսկապես ազատ է, կարողանում էր ազատորեն արտահայտվել, ազատորեն դիմակայել նախկին վարչակարգին, դուրս գալ պայքարի ու անգամ` հաղթել։ Նման դեպքերը շատ են եւ իմաստ չունի դրանք մեկառմեկ թվարկել։ Բավարարվենք միայն Շահեն եւ որդի Հարությունյանների օրինակով: Հոգեբանական առումով ոչ մի ազատ անհատի հնարավոր չէ զրկել ազատությունից։ Իսկ նրանք, ովքեր հոգեբանական առումով անազատ են, չեն կարող ազատ դառնալ, եթե թեկուզ հազար հեղափոխություն կատարվի։

2018-ի իշխանափոխությունից հետո նախկին իշխանությունների գործունեությանը քաղաքական գնահատական չտրվեց` ո՞րն էր նրանց սխալը, ո՞րը` ճիշտը։ Եթե չի տրվում քաղաքական գնահատական, ապա այն ամենը, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, անկարելի է համարել քաղաքական գործընթաց։ Գնահատական տալ` նշանակում է նրանց վրա դնել պատասխանատվության խնդիր, եւ դա կլիներ այն երաշխիքը, որ ներկա ու ապագա իշխանությունները նույնը չէին կատարի։

Պատահական չէ, որ այժմ Հայաստանի շատ ոլորտներ, կարծես թե, չեն կառավարվում, աճում են հանցագործություններն ու բարձիթողությունը։ Դա համատարած ազատության ցուցիչ է: Բայց այնպիսի ազատության, որը չի առաջացնում պատասխանատվություն։ Այսինքն` ազատություն է` առանց պատասխանատվության: Իրական ազատ մարդն իր մեջ կրում է նաեւ իր քայլերի, գործողությունների կամ անգործության համար պատասխանատվության զգացում, այդ թվում` նոր կառավարության անդամները եւ պատգամավորները։ Իսկ ով այդ զգացողությունն իր մեջ չունի, նրան պարտադրում են։

Հիմա դժվար է ասել` մինչեւ 2018 թվակա՞նը Հայաստանում ավելի շատ ազատ մարդ կար, թե՞ 2018-ից հետո: Չէ որ 2018 թվականից առաջ իրենց ազատ համարող շատ անձինք ներկայում պաշտոնյաներ են՝ ազատության ու պատասխանատվության կասկածելի աստիճաններով։ Ակնհայտորեն ազատների քանակը նվազել է` որքան էլ դա առաջին հայացքից տարօրինակ թվա:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: