Չորեքշաբթի, Ապրիլի 30, 2025

Խմբագրական

Կադրային սով

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հայաստանում կադրային ճգնաժամ է, եւ գիտե՞ք, թե ինչու՝ «որովհետեւ բնակավայրերի ավելի քան 70 տոկոսում մանկապարտեզ չկա, իսկ դպրոցների նույնքան տոկոսից ավելին կիսավեր վիճակում է՝ ֆիզիկական ու բովանդակային առումով»: Կարող է տարօրինակ թվալ, բայց այդպես է դատում ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, ինչի մասին հայտարարեց կառավարության ապրիլի 3-ի նիստում: Նա հազիվ է զսպում զայրույթը, որ տեղից վեր կացողը կառավարությանն ու նրա ղեկավարին է մեղադրում կադրային սխալ քաղաքականության համար: Մինչդեռ Փաշինյանի պնդմամբ՝ ինքը միգուցեեւ թիվ մեկ պատասխանատուն է, բայց թիվ մեկ մեղավորը չէ:

Սա գործադիրի ղեկավարի հին, թերեւս, մոռացված «երգերից» է, բայց նոր տեքստով ու նոր կատարմամբ. «Է, հա՛, կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետեւ երկրում կադրային ճգնաժամ է, մարդկային ռեսուրսի ճգնաժամ է»,- ասում է նա՝ գանգատվելով, որ սակավաթիվ լավ կադրերը նախընտրում են ամիսը մինչեւ 1-10 մլն դրամ աշխատավարձով տեղավորվել մասնավոր հատվածում, քան՝ կառավարությունում, որտեղ 400-500 հազար դրամ են վաստակում, «հետն էլ անեծք տանում իրենց տները»: Այստեղ Փաշինյանը ստում է՝ մեզանում նախարարի ամսական աշխատավարձը մեկուկես մլն դրամ է՝ գումարած պարգեւավճարները, ինչն էլ հարուցում է ժողովրդի դժգոհությունը:

Մարդկանց պարսավանքներն անհիմն չեն. նրանք տեսնում են, որ գործադիրի ծրագրերն առանձնապես չեն փայլում արդյունավետությամբ, նախարարությունների, պետական մյուս հիմնարկների աշխատանքը տակավին զերծ չէ վարչարարական քաշքշուկից, չկա հստակ ռազմավարություն, թերի են իրականացվում քաղաքացիներին «մեկ պատուհանի» սկզբունքով մատուցվող ծառայությունները եւ այլն: Գաղտնիք չէ, որ այս ամենը գալիս է կադրերի անձեռնհասությունից: Եվ ոչ միայն դա: Փաշինյանն անկեղծանում է՝ ասելով, որ ինքն ուզում է փողով շահագրգռել որակյալ կադրերին, բերել գործադիրում աշխատելու, բայց բախվում է շատերի դժկամությանը:

Ոլորտի փորձագետների պարզաբանմամբ՝ եթե հաջողվի անգամ բարձր աշխատավարձով լավ մասնագետներ ներգրավել կառավարությունում, միեւնույն է, նրանք կձախողեն աշխատանքը, քանի որ բոլորովին տարբեր խնդիրներ են դրված մասնավոր եւ պետական հատվածների առջեւ: Մասնավորում առաջնայինը շահույթն է, պետական հատվածում՝ ռեսուրսների ճիշտ կառավարումը: Եվ ամենակարեւորը՝ Հայաստանում եւ, առհասարակ, չկա կադրային խնդիր, կա Փաշինյանի հետ կամ նրա ստորակարգության ներքո աշխատել չկամենալու խնդիր: Դե, բոլորը չէ, որ կհամաձայնեն աշխատել մի համակարգում, որտեղ կադրերին ընտրում եւ տեղաբաշխում են ոչ թե ըստ արհեստավարժության հատկանիշի, ինչպես ընդունված է քաղաքակիրթ աշխարհում, այլ անձնական հավատարմության սկզբունքով:

Իհարկե՝ կան նաեւ ոչ քիչ թվով համաձայնվողներ, որոնք սովորաբար փողատենչ, միջակ կարողություններով անձինք են եւ կամակատար դառնալուց չեն նեղվում: Հենց այդպիսի ենթականեր են Փաշինյանին հարկավոր, որպեսզի գլուխ բերեն, նախեւառաջ, ի՛ր գործերը, քան՝ պետության: Մարդիկ, որոնք խնդիր չեն տեսնում նրանում, որ մի օր կարող են SMS-ով կորցնել պաշտոնը: Լավ մասնագետը, մտավոր ունակություններ ու աշխատանքի դրական փորձ ունեցող ցանկացած ոք, որպես կանոն, կամակատար չի դառնում, նա լավ գիտի իր արժեքը, գիտի, որ «տաշած քարը գետնին չի մնում»: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում ոչ թե կադրային ճգնաժամ է, այլ՝ առաջնորդության:

Երբ համակարգի առաջնորդը չի կարողանում ճիշտ նպատակներ դնել ու շահադրդել իր թիմին, երբ չի հասկանում, թե ինչ ռեսուրսներ են պահանջվում դրված նպատակներն իրագործելու համար եւ, վերջապես, երբ միակ արժանիքն անձնական նվիրվածությունն է «գլխավորին»՝ նշանակում է իր տեղում չէ եւ անկարող է գործի մեջ ներգրավել մարդկանց, ոգեւորել նրանց ու տանել իր հետեւից: Մեծ հաշվով՝ Հայաստանում այդ վիճակն է, եւ դա է պատճառը, որ Փաշինյանի կաբինետում Պնախարար է կարգվել պատմության ուսուցիչը, Առողջապահության նախարար՝ քաղաքացիական իրավունքի մասնագետը, Սոցապ նախարար՝ պատմաբանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ արեւելագետը եւ այդպես շարունակ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: