Ուրբաթ, Ապրիլի 19, 2024

Խմբագրական

Կկառուցվի՞ մոգական եռանկյունին

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հասարակությունների կազմավորման հիմնական կերպը իշխանությունից, միջին խավից ու ժողովրդական զանգվածներից կազմված եռանկյունային կառուցվածքն է կամ այդ եռանկյունու երեք կողմերի միջեւ եղած հարաբերությունների խնդիրը: Դեռեւս հին հույները (ի դեմս, օրինակ, Պլատոնի), հին հնդիկները, հին չինացիները եւ ուրիշներ այդ եռանկյունու հարաբերությունները դիտարկում էին որպես կայունության ու ծաղկող հասարակությունների կայացման գլխավոր նախադրյալ:

Երբ իշխող դասը հենվում է ժողովրդական զանգվածների վրա՝ թշնամի հայտարարելով միջին խավին, ականատես ենք լինում տոտալիտար (ամբողջատիրական) կամ ավտորիտար (բռնապետական) վարչակարգերի ձեւավորմանը: Այդպես էր Ստալինի, Հիտլերի իշխանավարման եւ լատինաամերիկյան դիկտատուրայի ժամանակ: Այդպես էր նաեւ հին ժամանակներում, օրինակ՝ Ներոնը ժողովրդի կողմից սիրված կայսր էր՝ որքան էլ նրա անօրինությունների մասին այսօր գրքեր կարդանք: Պատահական չէ, որ վարչակարգի համար անընդունելի անձինք հռչակվում էին «ժողովրդի», «ազգի», «ընտրյալ ռասսայի» թշնամիներ, եւ զանգվածը նրանց ընկալում էր իբրեւ «իր» թշնամի, այլ ոչ թե՝ իշխող խավի։

Իսկ այն դեպքում, երբ տիրապետող դասը հենվում է միջին խավի վրա, կարող է առաջանալ օլիգարխիկ կամ ավտորիտար համակարգ, որի ժամանակ կեղեքվում է ժողովուրդը, բայց շահառուների քանակը, որոնք դառնում են կամ պատրաստ են դառնալ իշխանության հենարանները, նույնպես մեծ է: Սա դասական սխեմայի պարզեցված ներկայացումն է, բնականաբար, իրական կյանքն ավելի հարուստ, բազմազան ու բարդ է, սակայն գծապատկերն, այդու, հասկանալի է։

2018 թվականից առաջ մեզանում աշխատում էր կիսաօլիգարխիկ սխեման, կոռուպցիայից շատերն էին օգտվում, առաջացել էր նաեւ միջին խավ։ Լավ թե վատ՝ երկիրը գործում էր, փոքրիշատե կար կայունություն, եւ յուրաքանչյուր ոք գիտեր իր տեղը՝ ընդունո՞ւմ էր դա, թե ոչ՝ այլ հարց է։ Անշուշտ, դա արդար համակարգ չես անվանի, որովհետեւ չէին գործում սոցիալական լիֆթերը, չկար զարգացման հեռանկար եւ այլն։

2018 թվականից հետո տեղի ունեցավ իշխանափոխություն եւ վերը նշված եռանկյունին այլ հարաբերությունների վրա սկսեց կառուցվել։ Իշխանության եկած շերտի կողմից «ժողովրդի թշնամի» հայտարարվեց միջին խավը, որը կոռումպացված է, եւ նորերի հռետորաբանության հիմնական թեզ հռչակվեց «հպարտ քաղաքացին» («հպարտ պրոլետարիատը», «հպարտ արիացին», «հպարտ» մուսուլմանը, վենեսուելացին, լիբիացին եւ այլք), իսկ կառավարության ծրագիրը դարձավ «ժողովրդից թալանվածը կոպեկ առ կոպեկ բյուջե վերադարձնելը»: Սա մեզ հիշեցնում է այդօրինակ այլ երկրների վարչակարգերի կարգախոսները։ Ժանրի կանոններին հավատարիմ՝ իշխանությունը հանդես է գալիս ժողովրդի անունից եւ գործում է հանուն ժողովրդի։ Բնականաբար, նմանատիպ իշխանություն ունենում է նաեւ թշնամիներ, որոնց ցուցադրաբար «փռում է ասֆալտին», «ծեփում պատերին» կամ, լավագույն դեպքում, «կտրում թաթիկները»:

Սակայն «ժողովրդի իշխանությունը» 2018-ից ի վեր գրեթե բոլոր ոլորտներում աննախադեպ ձախողումներ գրանցեց, որի հետեւանքով «հպարտ քաղաքացու» կյանքը գնալով վատացավ, իսկ արժեհամակարգային ու անվտանգային խնդիրների մասին անգամ չարժե խոսել։

Ինչպես տեսնում ենք, ե՛ւ 2018-ից առաջ, ե՛ւ 2018-ից հետո «եռանկյունին» սխալ էր կառուցվել։ Իսկ միգուցե մենք պետք է մտածենք «նոր եռանկյունի» կառուցելո՞ւ մասին, որն ի զորու կլինի գործել առավել արդար, արդյունավետ եւ ներդաշնակ։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: