Երկուշաբթի, Մարտի 30, 2020

Խմբագրական

Պետական կառավարումը եւ աշխարhայացքը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Քաղաքական աշխարհայացքը մի քանի կենսական խնդիրներ է լուծում։ Թիվ մեկ խնդիրն ընդհանուր արժեքային համակարգի շուրջ հանրության համախմբումն է։ Առանց ընդհանրական պատկերացումների ու արժեքային համակարգի չի կարող լինել քաղաքական ազգ, որի բացակայության պարագայում անջրպետ է առաջանում կառավարող ինստիտուտների ու ժողովրդի միջեւ։ Քաղաքական աշխարհայացքը ինտեգրում է քաղաքացիների մասնավոր հայացքները ընդհանրական նպատակների ու ձգտումների շուրջը։ Այդ ընդհանրական պատկերացումների վրա էլ կառուցվում է քաղաքական համակարգը։ Դա շատ կարեւոր գործընթաց է ցանկացած պետության համար, որն ուզում է ստեղծել կառավարման կայուն համակարգ:

Մինչեւ 2018 թվականը կառավարող դասի եւ հանրության միջեւ վիհ էր առաջացել, դրա համար էլ բավականաչափ հեշտ, «թավշյա» եղանակով տեղի ունեցավ իշխանափոխություն։ Իշխող դասակարգը չփորձեց անգամ լուրջ դիմադրություն ցույց տալ: Դա կառավարության գաղափարական սնանկության հետեւանքն էր։ Արդյոք դաս կլինի՞ այս ամենը հետագա կառավարությունների համար, թե` ոչ, կերեւա ժամանակի ընթացքում, սակայն առայժմ, կարծես թե, չկա այդ դասի ընկալումը։

2018-ին հանրությունը միավորվեց հանուն համակարգային փոփոխությունների։ Նման փոփոխություններ ցանկանում էին բոլորը` անգամ այն ժամանակվա իշխող կուսակցության անդամներն ու պետական ամենաբարձր դիրքեր զբաղեցնող պաշտոնյաները։ Պարզ էր, սակայն, որ նախորդ կառավարող դասակարգը կորցրել էր քաղաքական իմունիտետը, իսկ ՀՀԿ-ի ներկայացուցիչները՝ պայքարի մոտիվացիան: Փաստորեն լուրջ քաղաքական փոփոխությունների հարմար պահը վաղուց բաց էր թողնվել։

Սա մեր ոչ հեռավոր անցյալի նկարագրությունն է: Այսօր, կարծես թե, նորից նույն խնդրի առջեւ ենք հայտնվել։ Իշխանափոխությունից գրեթե երկու տարի է անցել, բայց շատ մարդիկ կարծում են, որ դեռ վաղ է նոր իշխանությունից արդյունքներ ակնկալել: Ժամանակն առաջ է գնում, մինչդեռ գաղափարական ու աշխարհայացքային որեւէ հստակ առաջարկ, որը պետք է դրվեր պետականաշինության հիմքում, գործող իշխանությունն այդպես էլ հանրությանը չի ներկայացրել։

Կոռուպցիայի դեմ պայքարը ցանկացած իշխանության պարտականությունն է: Այլ հարց է, թե որքանով է արդյունավետ վարվող քաղաքականությունը, եւ այդ պայքարը չի կարող մատուցվել որպես իշխանության գաղափարական բովանդակություն։ ՍԴ-ի դեմ «պայքարը», «հպարտ քաղաքացի» բնորոշումը, «Հայաստանն իմ օջախն է» կարգախոսը, «թավշյա, ոչ բռնի հեղափոխություն» եւ նման այլ զգացմունքային բառակապակցություններն ու «պայքարները» չեն կարող պետության աշխարհայացքի հիմքը հանդիսանալ։ Դրանք ընդամենը քարոզչական հնարքներ են, իսկ այդպիսի հնարքներն ունեն թարմության որոշակի ժամանակահատված, որից հետո` մանավանդ պարբերաբար կրկնելու դեպքում, կորցնում են իրենց հմայքն ու ազդեցությունը։

Աշխարհայացքի ու պետական գաղափարախոսության բացակայությունը կարող է ընկալվել որպես ժողովրդավարության ցուցանիշ, սակայն այդ դեպքում քաղաքականության իմաստը հանգում է ընդամենը այս կամ անձի կամ մարդկանց խմբի շահերի ու պատկերացումների սպասավորի դերին, այնինչ պետության հիմքում պետք է դրվեն բոլորին ինտեգրող գաղափարներ ու նպատակներ։ Գաղափարների կամ, Փաշինյանի խոսքով ասած, «իզմերի» բացակայությունը միայն առաջին հայացքից է թվում ժողովրդավարության արտահայտություն, իրականում դա տանում է ամենաթողության։

Կառավարությունը չի կարողանում ձեւավորել եւ հանրությանը ներկայացնել գաղափարներ, այլ միտված է տարանջատել ու իր կողմնակիցներին մոբիլիզացնել «ժողովրդի թշնամիների» դեմ ու դրանով կառուցել իր իշխանության հիմքը։ Դա է պատճառը, որ միշտ գտնվում են մարդիկ, որոնք ցանկացած իշխանության սկսում են վերաբերվել իբրեւ պետության զավթիչի, իր անձնական նպատակների սպասարկուի: Այդպիսով՝ հանրությունը բաժանվում է միմյանց ատող խմբավորումների, ատելության խոսքը վերածվում է ընդհանուր կանոնի։ Եվ դա բնական է, քանի որ մարդկանց ոչինչ չի միավորում, իսկ տարանջատումները գնալով խորանում են։

Ու զարմանալի չէ, որ քաղաքական պայքարը ծավալվում է ոչ թե երկրի զարգացման ծրագրերի շուրջ, այլ ընդդեմ այս կամ այն խմբի։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: