Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025

Խմբագրական

Իրականության զգացողության կորուստը վատ բան է

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հայաստանի հասարակության մի զգալի հատված՝ թերեւս մեծամասնությունը, տառապում է իրականության զգացողության կորստով: Միգուցե պատճառն այն է, որ հազվադեպ են նայում Հայաստանի քարտեզին կամ նայելու դեպքում էլ, չեն կարողանում համարժեք գնահատել՝ տեսածն ընկալելը մտավոր ճիգեր է պահանջում: Իրականության ընկալման հետ խնդիր ունեցող որոշ մարդկանցից հաճախ կարելի է լսել, որ իրենք «նախընտրում» են Եվրոպան եւ Հայաստանի ապագան այդտեղ են տեսնում՝ թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստով:

Փոխաբերական իմաստն այն է, որ ցանկանում են Հայաստանում տեսնել «եվրոպական արժեքների» գերիշխանություն: Դժվար է ասել, թե այդպիսի արժեքներ ասելով՝ ով ինչ է հասկանում, բայց ցանկացած պարագայում մենք կարող ենք երկրում հաստատել այն արժեքներն ու հարաբերությունները, որոնք ցանկանում ենք, այդ հարցում ոչ ոք մեզ չի խանգարել ու չի խանգարում: Այս առումով անհասկանալի է դարավոր «մուննաթը». ուզում եք՝ կառուցեք, ով է ձեր ձեռքը բռնողը:

Մյուսներն էլ ուղիղ իմաստով են ցանկանում, որ Հայաստանը դառնա Եվրոպա, այսինքն՝ ձգտի մտնել եվրոպական կառույցներ՝ ԵՄ, ՆԱՏՕ եւ այլն: Նման մարդկանց համար դժվար թե դաս լինի Եվրոպայում գտնվող Ուկրաինայի նմանօրինակ ցանկության ներկայիս հետեւանքները կամ նույնպիսի ձգտումների տապալումը ծովի ելք ունեցող մեր հարեւան Վրաստանի դեպքում, որին անգամ տարածքային զոհաբերությունները չօգնեցին:

Մարդիկ տարրական շատ բաներ չեն ըմբռնում, ինչի համար ընդամենը պետք է ուշադիր դիտել քարտեզը, եւ հասկանալի կդառնա, որ Հարավային Կովկասում խաղաղություն կարող է լինել միայն այն ժամանակ, երբ ուժերի ու շահերի հավասարակշռություն լինի Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ։ Կոնկրետ դեպքում ակնհայտ է, որ ի դեմս ԵՄ-ի դիտորդական առաքելության, չորրորդ կողմ է մտել տարածաշրջան՝ խախտելով ուժերի հավասարակշռությունը, իսկ դա նշանակում է պատերազմի հավանականության մեծացում։

Սակայն սա դեռ չարիքի փոքրագույնն է, կա ավելի վտանգավոր զարգացման սպառնալիք. եթե Հարավային Կովկասի երեք երկրներից մեկը չորրորդ ուժ է հրավիրում տարածագոտի, նրան որպես թշնամի են դիտարկում հարեւան մեծ երկրները, մեր պարագայում դրանք են Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը՝ համապատասխան հետեւանքներով հանդերձ։ Բացարձակապես կարեւոր չէ, թե տվյալ պահին ով է չորրորդ կողմը։

Իսկ ինչո՞ւ 4-րդ ուժի հանդեպ այդքան զգայուն են մյուս երեքը: Որովհետեւ նա այստեղ չունի կենսական շահեր, ուղղակի փորձում է խախտել հավասարակշռությունը, այսինքն՝ հրահրել պատերազմ։ Ավելի պարզ ասած՝ 4-րդ ուժը մեր տարածաշրջանում ընդամենը «խոպանչի» է՝ ժամանակավոր շահաբաժիններ ստանալու համար։ «Խոպանչիներ» են նաեւ նման տեսակետներ քարոզողները։

Վրաստանը մի անգամ դրա համար պատժվել է: Ադրբեջանը դրա համար մի օր պատժվելու է, բայց Հայաստա՞նն ինչու է նման փորձ անում, այն էլ՝ հիմա, երբ ՀՀ-ի տարածքային անվտանգությունն այսօր մեր սահմանների մոտ կուտակված իրանական զորամիավորումներն են ապահովում, այլ ոչ թե ԵՄ դիտորդները։ Դրա համար ենք ասում՝ իրականության զգացողության կորուստը վատ բան է:

Հոկտեմբերի 11 2025
Հոկտեմբերի 04 2025
Սեպտեմբերի 27 2025
Սեպտեմբերի 20 2025

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: