Հայաստանում շատերն այն տպավորությունն ունեն, որ Ադրբեջան-արցախյան 44-օրյա պատերազմն ավարտվել է, եւ այժմ գնում են բանակցություններ ինչ-որ խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ: Իրականում 2020 թվականի պատերազմը դեռ չի ավարտվել: Նույնիսկ կարելի է ասել՝ 1992-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազմը, որի ամենաթեժ ճակատամարտը սեպտեմբերյան 44-օրյա ռազմական բախումն էր, շարունակվում է մինչ օրս:
Ցանկացած պահի ռազմական գործողությունները կարող են վերսկսվել, որովհետեւ Ադրբեջանը դեռեւս չի հասել իր վերջնական նպատակին, իսկ վերջնական նպատակի մասին այդ երկրի նախագահն ուղղակիորեն հայտարարում է՝ Նախիջեւանն ու բուն Ադրբեջանը Սյունիքի տարածքով պետք է ունենան Հայաստանի կողմից չվերահսկվող ցամաքային կապ, ինչը ենթադրում է նաեւ ցամաքային ճանապարհ Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ:
Սա, առաջին հերթին, Թուրքիայի ռազմավարությունն է, որի մասին հայտարարվել էր տակավին 100 տարի առաջ՝ Աթաթուրքի օրոք: Վերջինս բոլշեւիկներից պահանջում էր, որ Նախիջեւանը միացվի Ադրբեջանին: Դա էր պատճառը, որ դեռեւս այն ժամանակներից պայքար էր գնում հանուն Սյունիքի, եւ հենց այդ նպատակով էր, որ 1930-ականներին Թուրքիան Իրանի հետ տարածքներ փոխանակեց՝ Նախիջեւանի հետ ընդամենը 11 կիլոմետրանոց ցամաքային սահման ունենալու համար:
Ինչպես տեսնում ենք, սա հնուց եկող խորքային ռազմավարություն է, հետեւաբար Թուրքիան ու Ադրբեջանն այդ նախագծից երբեք չեն հրաժարվի, մինչեւ որ այդ ծրագրին հակառակվող աշխարհաքաղաքական կենտրոններից կտրուկ մերժում չստանան: 1994-ի հայ-ադրբեջանական զինադադարից հետո ընթացող բանակցություններում արծարծվել է տարածքների փոխանակման հարց՝ խոսքը «Մեղրիի տարբերակի» մասին է: Այժմ փոխանակման մասին հիշատակում անգամ չկա՝ Ադրբեջանն ուղղակի պահանջում է տարածքային զիջումներ:
Կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ 2024 թվականին այդ ուղղությամբ վճռական զարգացումներ են սպասվում: Չի բացառվում նաեւ, որ Ադրբեջանում փետրվարի 7-ին հայտարարված արտահերթ նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանը, Թուրքիայի մասնակցությամբ, կուժեղացնի ՀՀ-ի հանդեպ ճնշումները՝ ընդհուպ մինչեւ ռազմական ագրեսիայի ծավալում: ՔՊ-ն քանիցս ապացուցել է, որ նման մարտահրավերի ինքը պատրաստ չէ ո՛չ խելամտության, ո՛չ կամային առումներով, հետեւապես գործող կառավարության դեպքում, որը պատերազմական պայմաններում խաղաղության քարոզ է անում՝ վարելով, մեղմ ասած, տարերային արտաքին քաղաքականություն, մենք չենք կարող խուսափել հերթական զիջումներից:
Հայ հանրությունն այս ամենը պետք է լավ գիտակցի, ինչպես նաեւ հասկանա, որ վերը նկարագրվածը գլոբալ աշխարհաքաղաքական նախագիծ է, որն ունի կողմնակիցներ ու հակառակորդներ՝ գերտերությունների տեսքով: Ստեղծված իրավիճակում մենք պետք է հանրության հետ անկեղծ լինենք, հստակ ներկայացնենք սպասվող մարտահրավերները, որպեսզի կարողանանք հնարավորինս արժանավայել դիմակայել դրանց:
Փախուստը իրականությունից՝ մեզ ոչինչ չի կարող տալ, ու դրանով իրավիճակ չի փոխվի: