Շաբաթ, Մայիսի 30, 2020

Խմբագրական

Անկախությո՞ւն, թե՞ ինքնիշխանություն

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հայաստանի քաղաքական դիսկուրսում կարելի է հաճախ լսել «անկախության վերականգնում», «պայքար գաղութատիրության դեմ» արտահայտություններ, իսկ որոշ խմբեր, ովքեր ներկայանում են որպես այլընտրանքային նախաձեռնություններ, սպառնում են այդ պայքարն իրականություն դարձնել։ Փաստորեն Հայաստանում՝ ՄԱԿ-ի կողմից որպես ինքնիշխան (սուվերեն) երկիր ընդունվելուց, այսինքն՝ միջազգային հարաբերություններում լիարժեքորեն ինքնուրույն սուբյեկտ ճանաչվելուց հետո դեռ շարունակվում է պայքարը անկախ երկիր դառնալու համար։ Ինչո՞վ են տարբերվում «անկախ» եւ «սուվերեն» հասկացությունները։ Այդ տարբերությունը հասկանալը կարեւոր է, դա ոչ միայն աշխարհընկալման ու արժեքային համակարգի խնդիր է, այլեւ համաշխարհային քաղաքական համակարգի էությունը ճիշտ ընկալելու հարց։

Դրանց պատասխանները գտնելու համար անհրաժեշտ է մի փոքր պատմական էքսկուրս կատարել եւ հասկանալ, թե այդ հասկացություններն ինչպե՞ս են առաջացել եւ ի՞նչ են նշանակում։

«Պետական սուվերենություն» հասկացությունը առաջինը XVI դարում ձեւակերպել է ֆրանսիացի մտածող Ժան Բոդենը, ով դրա տակ հասկացել է ֆեոդալական իրավունք, այսինքն՝ ֆեոդալն իր վասալների սյուզերենն է, իրավասու է նրանց ճակատագիրը որոշել, եւ ոչ ոք չի կարող միջամտել սյուզերենի «ներքին» գործերին։ Ժամանակակից աշխարհում նույնպես դեռեւս նման մոտեցումներ գոյություն ունեն։ Այդ մոտեցման մերօրյա օրինակ է Թուրքմենստանը, որի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր ժողովրդի ճակատագիրը միանձնյա որոշելու գործում ունի սուվերենության բարձր աստիճան, ինչը դրված է նրա համաժողովրդական կոչման իմաստում՝ Արքադաշ (բառացի նշանակում է Հովանավոր)։ Նման «արքադաշներ» կան նաեւ մի շարք այլ երկրներում՝ մասնավորապես արաբական շատ միապետական վարչակարգերում։ Սակայն դրանք անցյալի մնացուկներ են, արդի աշխարհն այլ պատկերացումների վրա է կառուցված։ Արդյո՞ք ժողովուրդը հովանավորյալ է, թե՞ իրավունքի առաջնային սուբյեկտ։

«Պետական սուվերենություն» հաջորդ ձեւակերպումն առաջին անգամ պաշտոնական փաստաթղթերում հայտնվել է 1648-ին՝ Վեստֆալյան խաղաղության պայմանագրի փաստաթղթերում, համաեվրոպական պատերազմներից (ըստ էության՝ դա էր առաջին համաշխարհային պատերազմը) հետո, որտեղ եվրոպական պետությունները ճանաչում են ներքին հարցերում միմյանց ինքնիշխանության իրավունքը։ Առաջին անգամ միջազգային հարաբերությունների սուբյեկտ ճանաչվեցին պետությունները, այլ ոչ թե միապետերն ու իշխանները։

Սակայն հարց է առաջանում. իսկ ո՞րն է պետության ինքնիշխանության աղբյուրը։ Եվրոպական քաղաքական միտքը, ի պատասխան այդ հարցի, նույնպես գտել է իր ձեւակերպումը։ «Ժողովրդական սուվերենություն» հասկացությունը XVIII դարում ձեւակերպել է Ժան-Ժակ Ռուսսոն։ Ըստ նրա, Սուվերենը հավաքական մարմին է՝ բաղկացած մասնավոր սուբյեկտներից, որոնցից կազմված ընդհանրությունը նա անվանում է Ժողովուրդ։ Ժողովրդական սուվերենության էությունը պետության հանդեպ ժողովրդի կամքի գերակայության մեջ է։ Սա ինքնիշխանության ավելի բարձր մակարդակ է, այսինքն՝ ինքնիշխան քաղաքացիները, որոնք օժտված են իրավունքերով, ձեւավորում են սուվերեն իշխանություն, որը կախված է իր քաղաքացիների կամքից։

Ժամանակակից աշխարհում «Ժողովրդական սուվերենությունը» միջազգային իրավունքի հիմքն է, որի վրա հռչակվել է «Մարդու հիմնարար իրավունքների դեկլարացիան» եւ որն արտահայտվում է պարբերաբար անցկացվող արդար ու չկեղծված ընտրություններով։ Հայաստանյան ընտրությունների մասին միջազգային գնահատականներում հաճախ կարելի է հանդիպել «համընդհանուր», «հավասար» եւ «ազատ» ընտրական իրավունքի իրականացման մասին բառեզրեր։

Այս սկզբունքները հիշատակված եւ նաեւ ՀՀ Սահմանադրության մեջ՝ մասնավորապես նրա առաջին եւ երկրորդ հոդվածներում:

«Անկախություն» հասկացությունը միշտ չէ, որ նշանակում է բացարձակ ինքնավարություն։ Օրինակ՝ ժամանակակից երկրներում մարդու իրավունքը միջազգային իրավասության հարց է, եւ մյուս երկրները կարող են միջամտել այդ հարցում եղած խախտումների ժամանակ, ինչն ամրագրված է Հայաստանի միջազգայնորեն ստանձնած պարտավորություններում ու հաստատված մեր Սահմանադրության մեջ։

Արդի միջազգային հարաբերություններում լինել անկախ՝ նշանակում է լինել ճանաչված այլ պետությունների կողմից որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտ, իսկ դրա առաջին քայլը սեփական քաղաքացիներից այդ իրավունքը ստանալն է, որի հիմքը Սահմանադրությունն է՝ սահմանադրական իրավունքը։

Հիմա փորձենք անել մի քանի եզրակացություններ, որոնք խիստ հրատապ են Հայաստանի ներկայիս քաղաքական դիսկուրսի համար, բայց, ցավոք, բացակայում են նրա օրակարգից։

1․ Հայաստանի անկախությունը, այսինքն՝ ինքնիշխանությունը, ոչ թե այս կամ այն երկրի դեմ պայքարելն է, այլ սեփական քաղաքացիներից երկրի ներքին ու արտաքին ուղղվածության համար իրավունք ստանալը։ Դա կոչվում է քաղաքական գործունեություն, այսինքն՝ սեփական քաղաքական պատկերացումների իրագործման իրավունքը պետք է ստանալ ժողովրդից՝ համապետական ընտրությունների միջոցով։ Դա այս կամ այն արտաքին կողմնորոշման մասին հաճախ լսվող մանիպուլյացիաներին է վերաբերում: Անկախության հիմքը պետք է փնտրել երկրի ներսում, այլ ոչ թե դրսում։

2․ Մյուս կարեւոր եզրակացությունը Արցախին մա՞րզ, թե՞ Հայաստանի մաս հռչակելուն է վերաբերում։ Հայաստանի մարզ իրեն կարող է հռչակել միայն Արցախի ժողովուրդը, եւ տարբեր ցուցանակները կամայականորեն փոխելը ոչ միայն անլրջություն է, այլեւ՝ հակաիրավական, ինչը, դժբախտաբար, մենք տեսնում ենք։

3․ Մեր բազմաչարչար երկրագնդում բացարձակ ինքնիշխան կարող են լինել միայն քաղաքակրթությունից դուրս մնացած տարածքները։ Լինել ինքնիշխան՝ նշանակում է լինել ճանաչված միջազգային հանրության կողմից, ունենալով համապատասխան պարտավորություններ։ Այստեղ կարեւոր է հասկանալ արդի աշխարհակարգի խոցելի տեղերը եւ սեփական տեղը այդ համակարգում։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: