Կիրակի, Ապրիլի 21, 2019

Գրքի մեկնություն

Լուսինե Սահակյան, «Համշենը հայկական ձեռագրերում»

Լուսինե Սահակյան, «Համշենը հայկական ձեռագրերում», մենագրություն, 363 էջ, 2019թ.

ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Սահակյանի սույն մենագրության մեջ առաջին անգամ ի մի են բերվել XV-XVII դդ. Համշենում ընդօրինակված քսան ձեռագիր մատյան, որոնք պահվում են Մաշտոցի անվան մատենադարանում, Վենետիկի եւ Վիեննայի Մխիթարյան, Երուսաղեմի հայոց պատրիարքարանի ձեռագրատներում, Լոնդոնի Բրիտանական թանգարանի եւ Ֆիլադելֆիայի «Ազատ» գրադարաններում։

Հեղինակը պատմաբանասիրական քննության է ենթարկել ձեռագրերում համշենցի գրիչների թողած հիշատակարանները, որոնք բացառիկ եւ արժեքավոր տեղեկություններ են հայտնում հայոց Համշեն գավառի պատմության, իշխանության, ժողովրդագրության, տեղանունների եւ անձնանունների, ժողովրդական հավատալիքների, լեզվավիճակի, բնակչության զբաղմունքի վերաբերյալ։

Այս մատյաններն աներկբա հաստատում են, որ Համշենը եղել է հայոց հոգեւոր թեմերից մեկը եւ կարեւոր սրբատեղի, որտեղ ամփոփվել են Սուրբ Վարդանանց աճյունները, պահվել են Քրիստոսի վարշամակը եւ Սուրբ Նշանները։ Մենագրությունը ցույց է տալիս, որ Համշենը եղել է հայ գրչության ուրույն կենտրոն, որտեղ ստեղծված մանրանկարներով եւ զարդանախշերով ծաղկած այս բարձրարժեք ձեռագրերը հայոց մշակութային գանձարանի անգնահատելի գոհարներից են։

Ուսումնասիրության մեջ առաջին անգամ համեմատական քննության են ենթարկվել նաեւ Ստամբուլի Վարչապետական Գլխավոր արխիվում պահվող Համշենի՝ XVI-XVII դարերի օսմանյան աշխարհագիր մատյանները։

Գրքում տեղ են գտել գունավոր լուսապատճեններ՝ ձեռագրերի համապատասխան էջերից, եւ նկարներ՝ Համշենի բնաշխարհից։ Առաջին անգամ ներկայացվում է նաեւ Համշենի գավառի՝ XV-XVII դարերի մանրամասն քարտեզ, որը կազմվել է հեղինակի տեղագրական ճշտումների հիման վրա։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am