«Վերջին խորհրդարանական ընտրություններում իր իշխանությունը պաշտպանած Նիկոլ Փաշինյանի թիմի կողմից որդեգրված ներքին քաղաքականությունը բնութագրվում է ծայրահեղ բռնաճնշումներով: Այս մոտեցման համար Հայաստանի իշխանությունների փաստարկումը հիմնված է այն ենթադրության վրա, որ նախկին օլիգարխները, որոնց աջակցում է իրենց նախկին մայր պետությունը՝ Ռուսաստանը, վրեժ են լուծում մեր երկրում, որը պայքարում է ինքնիշխանության համար: Շատերն այս կառավարության քաղաքականությունը համարում են ոչ միայն արդարացված, այլեւ փրկարար երկրի ապագայի համար: Սակայն մյուսներն այն դիտարկում են որպես պետության գոյության սպառնալիք:
Կա՞ն արդյոք օբյեկտիվ պատճառներ Հայաստանի իշխող վերնախավի նկարագրած վարքագծի համար, թե՞ դա երկրի ծայրահեղ ավտորիտար վարչապետի քմահաճույքների արդյունք է: Այս հարցի վերաբերյալ կարծիքները երկար ժամանակ կշարունակեն բաժանվել: Քանի որ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո ի հայտ եկած Հայաստանի Հանրապետության քաղաքական կառուցվածքի հարցերը, ըստ իս, վերջին ութ տարիների ընթացքում չդարձան լուրջ քննարկման թեմա բարձր մակարդակում:
Քչերին է հետաքրքրել, թե ինչ է հաստատվել Հայաստանի քաղաքական համակարգում օլիգարխիկ սխեմայի ապամոնտաժումից հետո: Կարծիք կար, որ «իշխանությունը վերադարձել է ժողովրդին», եւ մնացած ամեն ինչ կարեւոր չէ։ Հայաստանի ապագան քննարկվում էր իշխանությունների կողմից պարտադրված այլ բանավեճի պրիզմայով. «Լեռնային Ղարաբաղից հրաժարվելը պարտությո՞ւն էր Հայաստանի համար, թե՞ դա ինքնիշխան Հայաստանի իրական ձեռքբերում էր»։ Հայկական պետության մասին ճշմարտությունը միայն սրանում էր։ Թե ինչ են այս հեղափոխական կառավարությունն ու նրա վարած քաղաքականությունը՝ համարվում էին անկարեւոր։
Բայց արդյո՞ք ամեն ինչ այդքան պարզունակ է։ Իշխանությունների աճող բռնաճնշումները ենթադրում են, որ դա այդպես չէ։ Վերջին տարիները ցույց տվեցին, որ Հայաստանի Հանրապետության հիմնարար իրավաքաղաքական կարգավորման հրամայականը կարեւոր էր պետության ապագայի համար։ Միայն այդկերպ կարելի էր վերացնել օլիգարխիկ համակարգի ապամոնտաժումից հետո առաջացած քաղաքական վակուումը եւ խուսափել բռնապետության նոր ալիքից։
Այս հարցերը ծագել են Հայաստանում իշխանության փոխանցման ընթացքում եւ դրանից անմիջապես հետո։ Թեմային ես հնարավորինս հանգամանորեն անդրադարձել էի դեռեւս 2018-ի հայտնի իրադարձություններից մեկ տարի անց՝ քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ մի զրույցում, որը պատրաստվել էր «hamakarg.am» վերլուծական կենտրոնի նախաձեռնությամբ եւ նպատակ ուներ քննարկել երկրում քաղաքական գործընթացների զարգացման հնարավոր դիպաշարերն առաջիկա տարիներին: Կարծում եմ՝ բարձրացված հարցի համոզիչ պատասխանը փնտրելիս որոշակի նշանակություն կարող է ունենալ այդ մանրամասն զրույցը: Ցանկացողները կարող են այդ նյութին ծանոթանալ. այն տեղադրված է նաեւ ֆեյսբուքյան իմ էջում: Մանվել Սարգսյան»
Խնդրո առարկա զրույցը 7-8 տարվա հեռավորությունից գլխավորապես կենտրոնացած է այսօրվա ամենահրատապ խնդիրների վրա, որոնց մասին նախազգուշացվում էր սրանից յոթ տարի առաջ, սակայն իշխող ընտրախավն առանձնապես ուշադրություն չդարձրեց այդ զգուշացումներին: Կարծում ենք՝ շատերին կհետաքրքրեն գալիքի կանխազգացումների վերաբերյալ այս թեմայի արծարծումներն արդի զարգացումների լույսի ներքո: Զրույցից առանձնացված են «թավշյա, ժողովրդական, ոչ բռնի հեղափոխություն» կոչված իրադարձության առանցքային որոշ դրվագներ՝ սուղ մեկնություններով:
Այսպես որ, սույն դիտարկումները «թավշյայի» սոսկ մեկամյա տպավորությունները չեն, այլ մեկնարկային տարվա անցած ճանապարհի արդյունավետությունը, հաջողություններն ու սայթաքումները: Նախեւառաջ փորձ է արվում հասկանալ, թե քաղաքական ինչ կարգի փոփոխություններ տեղի ունեցան այդ կարճ ընթացքում եւ իսկապե՞ս հեղափոխություն էր տեղի ունեցածը: Ի վերջո՝ ժողովրդի ճնշմամբ հեռացվեց գործող քրեաօլիգարխիկ էլիտան, տեղը զիջեց ժողովրդավարության հավակնող նոր էլիտայի: Նախորդը մեծահարուստների պայմանավորվածությունների վրա հիմնված քրեաօլիգարխիկ համակարգն էր, իսկ ըստ էության՝ մեծահարուստների ակումբ, որտեղ հստակեցված էին խաղի կանոնները եւ ամեն ինչ բաժանված էր միմյանց միջեւ:
Պետական կառավարման համակարգը, որը միաբեւեռ կապիտալի իշխանություն էր, փաստորեն զավթված էր ակումբի կողմից: Եվ ամենահիմնարար բանը, որ տեղի ունեցավ 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին, ժողովրդի գործուն ճնշման ներքո քրեաօլիգարխիկ համակարգի կազմաքանդումն էր: Հետեւաբար՝ կատարվածը սոսկ վերապահումներով կարելի է հեղափոխություն անվանել, որովհետեւ էական ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: Դա է պատճառը, որ հեղափոխություն եզրույթի շուրջ տարաձայնությունները ցայսօր շարունակվում են: Հեղափոխության առաջնային հարցերից մեկը սեփականության խնդիրն է: Բուրժուադեմոկրատական եւ սոցիալիստական հեղափոխություններում այդ հարցերը շատ պարզ էին լուծվել:
Գալիս էր մի խավ, ժողովրդի ճնշմամբ վերացնում մյուս խավին եւ սեփականությունը հափշտակում: Հետո նոր պետական կարգ է ստեղծում (դրա համար էլ հեղափոխություն են ասում): Հիշենք Մեծ սոցիալիստականը. եկան, հափշտակեցին, կոտորեցին, լցրեցին բանտերը, պատերազմ հայտարարեցին, բայց սեփականությունը պետականացրին, եւ դրանով հիմնական հարցը լուծվեց: Դա լուծվելուց հետո ամեն ինչը օրինականացվում է: Հիմա՞ ինչ է կատարվում: Համատարած դուրս են մղվում կապիտալի տերերը, բայց կապիտալին ոչ ոք ձեռք չի տալիս: Կարեւոր է, որ ժողովուրդը ճանաչի մեծահարուստների սեփականությունը: Մեր դեպքում այդպես չեղավ՝ ժողովուրդը չճանաչեց նախկինների սեփականությունը: Ամեն ինչ մնում է ժողովրդի կողմից ընտրված վարչապետի կամքին ու խղճին, թե ինչպես կվարվի այդ անձանց սեփականության հետ:
Դիտարկենք մեր օրինակը: Մենք ժողովրդավարական ինստիտուտներ ստեղծելու գործով կարգին չզբաղվեցինք, ամեն ինչ կախված մնաց եւ շարունակում է մնալ կառավարող ուժի եւ նրա ղեկավարի քաղաքական կամքից: Եթե մեզանում իսկապես իշխանափոխություն չէր, այլ ժողովրդական հեղափոխություն, պետք է որ ժողովրդի կամքը գերակայի, մինչդեռ ժողովուրդն ընդամենը մեկ մարդ է ճանաչում: Հիմա մեզ մոտ քաղաքական լիակատար վակուում է: Կա ժողովուրդ եւ կա նրա ընտրած մեկ անձ: Բայց չկա վարչապետի ու ժողովրդի միջեւ որեւէ զսպող բան: Այս վիճակը հանգեցնում է նրան, որ մեկ մարդու կամքից է կախված ամեն բան. այդ մեկ մարդուց են գալիս թե՛ վտանգները, թե՛ նրա հետ կապված հույսերը:
Նախորդ իշխանությունների օրոք գրեթե կաթվածահար վիճակում էին դատաիրավական եւ ընտրական համակարգերը: Այժմ՝ փաշինյանական կառավարման պայմաններում, այդ ոլորտները շատ ավելի անբարվոք են, եթե չասենք՝ աղետալի: Եվ դա պատահական չէ: Այս երկու խիստ կարեւոր ինստիտուտները պատշաճ աշխատելու դեպքում ո՛չ նախկին միաբեւեռ համակարգը, ո՛չ էլ, առավել եւս, ներկա բռնապետական վարչախումբն անհնար կլիներ պահել: Սրանք վարչաիրավական այն ճյուղերն են, որոնք ՀՀ բոլոր ղեկավարների իշխանավարման տարիներին ունեցել են, այսպես կոչված, «գրպանային» ու ծառայամիտ հպատակներ. ոմանք մի քիչ ավել, ոմանք՝ մի քիչ պակաս:
Շատերը կհիշեն Փաշինյանի շուրթերից քանիցս հնչած հավաստիացումը, թե քանի դեռ ինքը վարչապետ է, ընտրությունները չեն կեղծվի: Հեռու չգնանք՝ անցած հունիսի 7-ին լավ էլ կեղծվեցին: Ի դեպ՝ առաջին անգամ այդ պատգամն արձակել էր հենց 2019 թվականին: Նույն տարիներին էր, երբ ինքնավստահ շեշտով հայտարարեց. «ի՞նչ է, Հայաստանում կգտնվի՞ դատավոր, որ իմ ասածները չանի»: Եվ իսկապես՝ հազիվ թե այսօր Հայաստանում գտնվի նման դատավոր: Հո՞ խելքը հացի հետ չի կերել…
Նյութը հրապարակման պատրաստեց
Գեւորգ Բրուտենցը

