(Սկիզբը՝ նախորդ թողարկման մեջ)
Հայ ժողովրդի նստակյաց կենսակերպի գլխավոր կրողները հասարակական լայն զանգվածները չէին, այլ քաղաքական իշխանության կրողները՝ նախարարական տները։ Հողն ու քարը նրանց համար պարզապես տնտեսական ռեսուրս չէին, այլ սեփական ինքնության եւ իշխանության բնական հիմքը։ Սեփական լեռները դիտվում էին որպես անառիկ պաշտպանական պատվար, իսկ ռելիեֆի եւ կլիմայի բացառիկ բազմազանությունը՝ տնտեսական ու մշակութային բազմաձեւության նախադրյալ։ Այդ ամենը Հայկական լեռնաշխարհը վերածում էր ինքնաբավ եւ հարաբերականորեն փակ քաղաքակրթական համակարգի։
Նստակեցության գլխավոր շահառուներն, այսպիսով, իշխանության կրողներն էին, որոնց աշխարհընկալումը ձեւավորվում էր սեփական գավառի, ոստանի, ամրոցի եւ դղյակի շուրջ։ Յուրաքանչյուր նախարար իր իշխանությունը դիտում էր որպես սեփական աշխարհի կենտրոն, իսկ արտաքին աշխարհի նկատմամբ հետաքրքրությունը սահմանափակվում էր այնքանով, որքանով դա վերաբերում էր այդ աշխարհի անվտանգությանը։ Դարերի ընթացքում հենց այս հոգեբանական եւ քաղաքական հիմքի վրա ձեւավորվեց անվտանգության այն հայեցակարգը, որի նպատակն էր համախմբել նախարարական տներին՝ կոլեկտիվ ձեւով լուծելու ամբողջ երկրի պաշտպանության խնդիրը։
Այդ խնդրի լուծումից հետո էքսպանսիայի անհրաժեշտություն կամ ցանկություն գրեթե չէր առաջանում։ Քաղաքակրթական հայի քաղաքական իդեալը նոր աշխարհներ նվաճելը չէր, այլ հնարավորինս արագ վերադառնալ սեփական տուն, սեփական բարեկեցությանը, նիստ ու կացին։ Հայկական լեռնաշխարհի բնական սահմանները հնարավորություն էին տալիս նախարարական հեծյալ գնդերին, կենտրոնական իշխանության ընդհանուր ղեկավարության ներքո, անհրաժեշտության դեպքում հասնել երկրի տարբեր հատվածներ՝ օգտագործելով ժամանակի հաղորդակցության եւ տեղաշարժի միջոցների ընձեռած առավելագույն հնարավորությունները։
Սակայն լեռնաշխարհի ընդարձակությունն ու բարդ ռելիեֆը հաճախ լուրջ լոգիստիկ խնդիրներ էին առաջացնում, որոնց հաղթահարումը պահանջում էր ժամանակի համար հնարավոր առավելագույն ջանքերի, կազմակերպվածության եւ ռեսուրսների կենտրոնացում։ Միաժամանակ հենց այդ աշխարհագրական եւ տեխնոլոգիական սահմանափակումներն էին որոշում քաղաքական իշխանության կրողների ռազմավարական հնարավորությունների վերին սահմանը՝ էապես սահմանափակելով նրանց՝ անհամեմատ ավելի մեծ աշխարհագրական տարածություններում արդյունավետ ռազմական եւ վարչաքաղաքական գործունեություն ծավալելու կարողությունը։
Այս պայմաններում հայկական քաղաքակրթությունը չէր կարող իր բնական կառուցվածքով ծավալվել Հայկական լեռնաշխարհից դուրս։ Նոր նվաճված տարածքների նկատմամբ կայուն վերահսկողություն հաստատելու, դրանք նույն կոլեկտիվ պաշտպանական համակարգի մեջ ներառելու եւ տեւական վարչաքաղաքական կառավարում իրականացնելու հնարավորությունները սահմանափակ էին։ Տեղաշարժի ծավալն ու արագությունը որոշվում էին նախարարական հեծյալ գնդերի առավելագույն գործառնական հնարավորություններով, իսկ ժամանակի հաղորդակցության առկա միջոցները չէին ապահովում հեռավոր տարածքների շարունակական եւ արդյունավետ կառավարումը։ Արդյունքում լեռնաշխարհից դուրս ստեղծվող ցանկացած նոր քաղաքական տարածք անխուսափելիորեն դուրս էր մնում այն միասնական պաշտպանական, կառավարչական եւ լոգիստիկ համակարգից, որի վրա հիմնված էր հայկական պետականությունը։
Այս իրողությունն ուներ նաեւ խորքային հոգեբանական եւ քաղաքակրթական հիմքեր։ Նախարարական տները ոչ միայն գործնական, այլեւ աշխարհայացքային առումով պատրաստ չէին երկար ժամանակով հեռանալու սեփական գավառներից, ոստաններից եւ դղյակներից։ Նրանց քաղաքական ինքնագիտակցությունը ձեւավորվել էր սեփական «աշխարհի» շուրջ, իսկ իշխանության իրական տարածքը նույնացվում էր այն միջավայրի հետ, որտեղ գտնվում էին տոհմական կենտրոնը, տնտեսական ռեսուրսները եւ իշխանության սոցիալական հենարանը։ Հետեւաբար արտաքին ռազմարշավը նրանց համար երբեք ինքնանպատակ չէր եւ չէր կարող վերածվել մշտական քաղաքական ծրագրի։
Հենց այս հանգամանքն էլ կանխորոշեց այն, որ հայկական քաղաքական միտքը երբեք չմշակեց երկարատեւ նվաճողական ռազմարշավների ամբողջական ռազմավարություն։ Հայկական զինված ուժերի գործողությունները Հայկական լեռնաշխարհից դուրս, որպես կանոն, իրականացվում էին մեկ ռազմաշրջանի՝ նույն տարվա ընթացքում մի քանի ամիս տեւող արշավների ձեւով։ Դրանք հիմնականում կրում էին պատժիչ բնույթ կամ իրականացվում էին քաղաքակրթական Արեւելքի եւ Արեւմուտքի խոշոր տերություններին, հայկական պետական շահերից ելնելով, ռազմական աջակցություն ցուցաբերելու, դաշնակցային պարտավորություններ կատարելու կամ ռազմական ծառայություն մատուցելու նպատակով։
Նույն առանձնահատկությունն էր պայմանավորում նաեւ հայկական բանակի մարտական հոգեբանությունը։ Ռազմարշավի սկզբնական փուլում բանակը գործում էր բարձր մարտական ոգով եւ վճռականությամբ, քանի որ հստակ գիտակցում էր իր առջեւ դրված խնդիրը եւ մոտիվացված էր հնարավորինս արագ այն լուծելու համար։ Սակայն եթե ֆորսմաժորային հանգամանքների հետեւանքով ռազմարշավը ձգձգվում էր, նախապես սահմանված խնդիրները չէին լուծվում կամ ի հայտ էին գալիս նոր հանձնարարություններ, որոնք դուրս էին նախնական պայմանավորվածությունների շրջանակից, բանակի մարտական մոտիվացիան աստիճանաբար թուլանում էր։Դա ոչ թե կարգապահության կամ ռազմական կարողությունների պակասի հետեւանք էր, այլ նստակյաց քաղաքակրթությանը բնորոշ հոգեբանական եւ քաղաքական մտածողության բնական արտահայտություն, որի համար ռազմարշավը ժամանակավոր միջոց էր՝ սեփական աշխարհի անվտանգությունն ապահովելու նպատակով, այլ ոչ թե ինքնուրույն քաղաքական արժեք։
Այսպիսով՝ հայկական պաշտպանական ռազմավարության սահմանափակ էքսպանսիոն բնույթը չէր բխում ռազմական անզորությունից կամ քաղաքական հավակնությունների բացակայությունից։ Այն պայմանավորված էր քաղաքակրթական համակարգի ներքին տրամաբանությամբ, որը ձեւավորվել էր Հայկական լեռնաշխարհի բնական, տնտեսական ու քաղաքական պայմաններում եւ իր առավելագույն արդյունավետությունը դրսեւորում էր հենց այդ աշխարհագրական միջավայրում։ Հայկական պետականության պաշտպանական համակարգը, նախարարական կազմակերպվածությունը, հավաքական անվտանգության մեխանիզմները եւ իշխանության տարածքային կառուցվածքը ներդաշնակորեն համապատասխանում էին լեռնաշխարհի աշխարհագրական եւ հաղորդակցական հնարավորություններին։
Այդ համակարգի ընդարձակումը լեռնաշխարհից դուրս արդեն պահանջում էր լոգիստիկ, հաղորդակցական եւ վարչաքաղաքական այնպիսի կարողություններ, որոնք դուրս էին հայկական քաղաքակրթական մոդելի բնական զարգացման շրջանակներից։ Հենց այդ պատճառով հայկական քաղաքական միտքը պատմականորեն ձեւավորեց ոչ թե արտաքին տարածքային ընդարձակման, այլ սեփական քաղաքակրթական տարածքի պահպանման, վերականգնման եւ անվտանգության ապահովման ռազմավարություն։
Սարո Սարոյան

