Շաբաթ, Ապրիլի 20, 2024

Ազատ ամբիոն

Էլի մեկ զոհ. իսկ հետո՞...

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ կապված՝ մահացու ելքով եւս մեկ միջադեպ գրանցվեց, որը հանրային լայն հնչեղություն ստացավ: Այդ բազայի զինծառայողը, որի անունը իրավապահները չեն հայտնում, Գյումրիի թաղամասերից մեկում դաժան ծեծի ենթարկելով՝ սպանել է վաղ առավոտյան աշխատանքի շտապող 57-ամյա հավաքարարուհուն: Մամուլի հաղորդմամբ Շիրակի մարզի իրավապահների կողմից նա արագ հայտնաբերվել ու ձերբակալվել էր, ապա տեղափոխվել 102-րդ ռազմաբազա, որտեղ պայմանագրային ծառայող էր: Այսպես՝ որերորդ անգամ կրկնվում է նույն սցենարը՝ կասկածյալը հայտնաբերվում եւ «արտահանձնվում է», ինչպես նախորդ դեպքերում:

Ուշագրավ է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան արձագանքը, որը նախ կտրականապես հերքեց հանցագործության մեջ ռուս զինվորի ներգրավվածությունը (չնայած դատարանի որոշմանը) եւ «խորհուրդ տվեց» չքաղաքականացնել իրավական հարցը: Ինչպես ասում են՝ «գող՝ սիրտը դող»: Պաշտոնապես ներողություն խնդրելու փոխարեն դեսպանությունն ինքն է իրականում քաղաքականացնում միջադեպը: Միայն որոշ ժամանակ անց՝ դեկտեմբերի 18-ին, Հ1-ի հեռուստաեթերում Պետրոս Ղազարյանի հարցին ի պատասխան՝ ՌԴ նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինը իր ցավակցությունները հայտնեց սպանված կնոջ՝ Ջուլիետա Ղուկասյանի հարազատներին:

Սակայն հարցը Ռուսաստանի դեսպանատունը չէ: Նրանք կարող են միջադեպին արձագանքել կամ չարձագանքել: Հարցը զուտ իրավական է, որին էլ մեր արդարադատությունը պետք իրավական գնահատական տա՝ անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացին է կոպտորեն խախտել օրենքը: Սակայն մեզանում մեկ այլ ավանդույթ է ձեւավորվել՝ մանավանդ Ռուսաստանի հետ կապված դեպքերում: Հայաստանում հանցագործություն կատարած այլ պետության (կոնկրետ այս պարագայում՝ Ռուսաստանի) քաղաքացիները հանձնվում են տվյալ պետության իրավասությանը: Այստեղ խոսքն այն մասին չէ՝ տվյալ անձը քաղաքացիակա՞ն է, թե՞ զինվորական: Նա փաստացի Ռուսաստանի քաղաքացի է, ով հանցագործություն է կատարել Հայաստանում: Կան բազմաթիվ օրինակներ, երբ ՀՀ քաղաքացիներն են Ռուսաստանում հանցագործություններ կատարել: Արդյոք եղե՞լ է մի դեպք, որ այդ հանցագործները հանձնվեն հայկական կողմին: Ո՛չ: Եվ դա ճիշտ է, քանի որ օրինախախտ հանցագործը չունի ո՛չ քաղաքացիություն, ո՛չ ազգություն:

Տվյալ դեպքում մեզ հետաքրքրում է այս հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը: Այստեղ միայն լռություն է եւ միջադեպի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալու հարցում պաշտոնյաների համընդհանուր հրաժարում: Այսպես՝ ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը «մանրամասն տեղեկություններ չունի» գյումրեցի հավաքարարուհու սպանության դեպքից: Նա ասում է, որ ինքն իրավասու չէ պատասխանել այդ հարցին եւ խորհուրդ է տալիս դիմել դատախազությանը: Վերջինս նույնպես լռում է: Եվ միայն Շիրակի մարզի դատախազը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ «ձերբակալված զինվորը պահվում է Գյումրիում»: Հանճարեղ պատասխան է. ի վերջո, 102-րդ բազան նույնպես Գյումրիում է: ՀՀ ԱԳ նախարարությունն՝ ի պատասխան Ռուսաստանի դեսպանատան հայտարարության, նմանապես լռում է: Իսկը իր նախորդի՝ Էդվարդ Նալբանդյանի հաստատած ավանդույթների հավատարիմ շարունակողն է: Բայց լռել պետք չէ: Ի վերջո, դեսպանի պաշտոնական հայտարարությունները ներկայացնում են տվյալ երկրի դիրքորոշումը: Այսպիսով՝ կառավարությունն ու իրավապահ մարմիններն ինքնահեռացել են եւ ուզում են այս գործը թողնել ինքնահոսի: Միակ պաշտոնատար անձը, ով պատասխանեց բոլորի փոխարեն, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն է. «Մարդասպանը չունի ազգություն կամ մասնագիտական պատկանելիություն: Մարդասպանը մնում է մարդասպան եւ պետք է դատապարտվի: Եթե սպանությունը տեղի է ունեցել Հայաստանի տարածքում, ապա նա պետք է դատապարտվի Հայաստանի դատարանում»: Այս ամենը լավ է: Բայց ինչո՞ւ նման կարգի հարցերը պետք է մեկնաբանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, այլ ոչ թե ոստիկանությունը, դատախազությունը, Արդարադատության նախարարությունը կամ քննչական կոմիտեն, այսինքն՝ նրանք, ովքեր ուղղակիորեն պատասխանատու են օրենքի պահպանման համար: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով զինվորը բերման է ենթարկվել եւ ձերբակալվել Հայաստանի իրավապահների կողմից: Ուրեմն ինչո՞ւ նրան բաց են թողել: Ո՞վ է պատասխանատու դրա համար: Այստեղ քաղաքական հարցն ակներեւ է: Ինչո՞ւ երբ երկու ինքնիշխան պետությունների հարաբերություններում հարցը զուտ իրավական հարթությունում է, երկու երկրները՝ ինչպես Հայաստանն, այնպես էլ Ռուսաստանը, քաղաքականացնում են լուծումը: Սա լուրջ հարցադրում է, քանի որ գործի նկատմամբ հենց այսպիսի մոտեցումն է շոշափելի բացասական հետեւանքներ թողնում հասարակական տրամադրությունների եւ երկու ժողովուրդների փոխվստահության վրա:

Հետգրություն. Երբ հոդվածն արդեն պատրաստ էր թողարկման, դեկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ռուս զինծառայողը ձերբակալվել էր ռազմաբազայի տարածքում եւ՝ ոչ հայ իրավապահների կողմից: «Եթե ձերբակալված լիներ հայ իրավապահների կողմից, այդ դեպքում՝ ուրիշ բան»,- ասել է Փաշինյանը: Գրեթե միաժամանակ միջադեպի պարզաբանմամբ հանդես է եկել ՀՀ գլխավոր դատախազությունը՝ հայտարարելով. «Ձերբակալումից հետո անձին անազատության մեջ պահելու համար Ա. Ռ.-ն չէր կարող ռուսական ռազմական բազայի տարածքից տեղափոխվել ազատությունից զրկվածների պահման ՀՀ համապատասխան հիմնարկ, քանի որ դա հակասում է ՌԴ օրենսդրությանը»: Ի՞նչ է ստացվում. մամուլը պաշտոնական աղբյուրի հղմամբ՝ գրում է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով զինվորը բերման է ենթարկվել եւ ձերբակալվել Հայաստանի իրավապահների կողմից: Վարչապետի պաշտոնակատարը հայտարարում է, թե ռուս զինծառայողը ձերբակալվել էր ռազմաբազայի տարածքում եւ ոչ հայ իրավապահների կողմից: «Եթե ձերբակալված լիներ հայ իրավապահների կողմից, այդ դեպքում՝ ուրիշ բան»: Իսկ ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանման համաձայն՝ որտեղ էլ նա ձերբակալվեր եւ ով էլ ձերբակալեր, չէր կարող ռուսական ռազմաբազայի տարածքից տեղափոխվել ՀՀ ազատազրկվածների քաղաքացիական հիմնարկ, քանի որ դա հակասում է ՌԴ օրենսդրությանը»: Դե արի, գլուխ հանիր տարընթերցումների այս թնջուկից:

 

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: