Չորեքշաբթի, Հունվարի 29, 2020

Ազատ ամբիոն

Մամուլի ազատությունը եւ ամենաթողությունը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ժողովրդավարական հասարակության հիմնական հատկանիշներից մեկը մամուլի ազատությունն է: Այս չափանիշի համաձայն` միջազգային հետազոտական ​​կենտրոնները տարեկան վերլուծական տվյալներ են հավաքում տվյալ երկրում քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների գնահատման վերաբերյալ: 2017-ին մամուլի ազատության ցուցիչում Հայաստանը Բենինի եւ Մոլդովայի արանքում զբաղեցնում էր 79-րդ տեղը: 2019-ի ապրիլի սկզբին Մարդու իրավունքների` «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության տվյալների համաձայն` Հայաստանը բարձրացավ 19 կետով եւ 180 պետությունների շարքում գրավեց 61-րդ տեղը: Այս վարկանիշը կազմվում է 2002 թվականից սկսած եւ հաշվի է առնում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են բազմակարծությունը, ԶԼՄ-ների անկախությունը, լրագրողների անվտանգությունն ու ազատությունը:

Ինչպես տեսնում եք, այս ոլորտում «թավշյա» հեղափոխությունից հետո մենք այնպիսի ցատկ կատարեցինք, որ հետխորհրդային ​​երկրների մեջ մամուլի ազատության վարկանիշով Հայաստանից առաջ են միայն Էստոնիան (11-րդ տեղ), Լատվիան (24), Լիտվան (30) եւ հարեւան Վրաստանը (60): Վարկանիշի վերջին պարզաբանումներում ասվում է, որ «Նոր մեդիան (Հայաստանում) արտացոլում է 2018-ի գարնանը տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությունը, որն իշխանության բերեց նախկին լրագրողին: Տեղեկատվական դաշտը բազմազան է, բայց բեւեռացված, եւ հիմնական հեռուստաալիքների խմբագրական քաղաքականությունը համընկնում է նրանց սեփականատերերի շահերի հետ»:

Ժողովրդավարության եւ խոսքի ազատության բնագավառում այս դրական տեղաշարժերը Հայաստանում առաջ են բերել մեկ այլ ծայրահեղություն՝ ամենաթողություն: Փաստն այն է, որ գործնականորեն այժմ եղած գրեթե բոլոր լրատվամիջոցները կախվածության մեջ են մնացել նախորդ իշխանություններից: Այս կախվածությունը մեծահոգաբար ֆինանսավորվում է նախկին որոշ օլիգարխների կողմից: Օգտվելով խոսքի ազատությունից՝ հին իշխանությունները, որոնց ժողովուրդը մերժեց, շատ արագ իրենց լրատվամիջոցներով սկսեցին ակտիվորեն սերմանել կեղծ հակաիշխանական քարոզչություն՝ ամենուր վախեցնելով մարդկանց, թե` «Հայաստանը կկործանվի, եթե այսպես շարունակվի»: Վերջիններիս ֆինանսական հնարավորությունները սահմանափակ չեն, եւ փոքրիշատե լուրջ հետազոտական ​​կենտրոնները, հասարակական կազմակերպությունները, թերթերը, համացանցային հրատարակությունները, որոնց նյութական միջոցները շատ ավելի սուղ են, պարզապես չեն կարող նրանց հետ մրցակցել: Բազմաթիվ տաղանդավոր լրագրողներ «վերագնվում են» նախկին օլիգարխների կողմից եւ բարձր վարձատրության դիմաց ստեղծում ճշմարտանման «ֆեյքային» տեղեկություններ, որոնք տարածվում են յուրային լրատվամիջոցներով:

Նիկոլ Փաշինյանի «ներկայիս ռեժիմի» դեմ այս պայքարի ամենաառաջնային ճակատում կանգնած է եւս մեկ լրատու` վերջերս ստեղծված «TV-5» հեռուստաալիքը: Այդ ալիքի եթերում Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության բոլոր հարցերի մասին նորություններ եւ մեկնաբանություններ դիտելիս` զարմանում ես, թե ինչպես ենք մենք դեռ շարունակում գոյություն ունենալ բոլոր այս «այլանդակություններից» հետո: Անիրազեկները սկսում են շնորհակալություն հայտնել նախկին իշխանություններին` Հայաստանի կենսագործունեության մի այնպիսի ունիվերսալ հիմք դնելու համար, որ այս երկիրը, անգամ նոր իշխանությունների գալով, տակավին չի ջնջվել երկրի երեսից: Ուստի, ինչպես պնդում են նրանք, քանի դեռ ուշ չէ, անհրաժեշտ է անհապաղ փրկել իրավիճակը` ցանկացած միջոցով փոխել վարչապետին ու նրա կառավարությունը: Սա է ստահոդ քարոզչության հիմնական լեյտմոտիվը:

Ամենատխուրն այն է, որ առանձին մարդիկ, ովքեր այժմ անհիմն վատաբանում են գործող իշխանություններին, ընդհանուր առմամբ, լռում էին հին վարչակարգի ժամանակ, ոչ մի բառ չէին արտաբերում, քանզի գիտեին, որ «ազատ խոսքի» համար հատուցումը չի ուշանա: Ըստ նրանց «տեղեկության», երկրում ոչ մի դրական փոփոխություն տեղի չի ունեցել, ընդհակառակն՝ ամեն ինչ քանդվում է՝ սկսած գյուղատնտեսությունից եւ վերջացրած գիտությամբ: Հիմնական հարվածն, իհարկե, ուղղված է Նիկոլ Փաշինյանին: Նա ե´ւ հանձնում է Ղարաբաղը, ե´ւ կործանում է Հայաստանը, ե´ւ ռուսների հետ հաղորդակցվելու լեզու չի կարողանում գտնել, ինչի համար ռուսները պատժելու են Հայաստանին: Սրանից ավելիին նրանց երեւակայությունը չի էլ «ձգում»:

Հարվածի մեկ այլ թիրախ էլ Երեւանի քաղաքապետն է: Մինչեւ վերջերս նույն քաղաքապետարանը փողերի լվացման, կոռուպցիայի եւ անօրինականության հիմնական կենտրոններից մեկն էր: Եվ հանկարծ՝ նոր քաղաքապետ, ով կաշառք չի վերցնում: Սա հնարավոր չէ պատկերացնել: Նշանակում է նա պետք է վարկաբեկվի: Եվ դա գրեթե հաջողվեց, որքան էլ տարօրինակ հնչի, «Սանիթեք»-ի օգնությամբ: Նախկինում մենք գրել էինք, որ աղբահանության գործում այս կազմակերպության աշխատանքում, ենթադրաբար, նկատվում են նենգադուլի տարրեր: Հիմա կարող ենք վստահորեն ասել, որ այդպես էլ կար, իսկ նպատակը քաղաքապետին հեռացնելն էր եւ այդ պաշտոնում «յուրային» մարդու նշանակելը:

Սա, իհարկե, չի նշանակում, որ կառավարությունն ամեն ինչում ճիշտ է: Նրա գործած սխալների համար հարկ է եւ պետք է քննադատել: Առանց քննադատության չկա առաջընթաց` դա գիտեն բոլորը: Կառուցողական քննադատությունը հետադարձ կապ է ստեղծում կառավարության, խորհրդարանի եւ հասարակության միջեւ: Այժմ մենք պետք է ունենանք հնարավորինս շատ այնպիսի վերլուծական կենտրոններ, որոնք կօգնեն, իսկ որոշ դեպքերում իշխանություններին կստիպեն ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ՝ ուղղված երկրի բարգավաճմանն ու անվտանգության ամրապնդմանը: Ընդ որում`հարկավոր է շատ ուշադիր առանձնացնել ցորենը` հարդից: Հարցը շատ լուրջ է, եւ եթե հիմա պայքար չտարվի շռայլորեն ֆինանսավորվող «ֆեյքային» տեղեկատվական շրջափակման դեմ, հետո կարող է ուշ լինել:

 

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am