Չորեքշաբթի, Դեկտեմբերի 04, 2024

Ազատ ամբիոն

Մեր չորքոտանի բարեկամները…

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Երկար տարիներ Պիտերում ապրելով՝ միշտ ականատես եմ եղել մի երեւույթի, որն ինձ իսկապես զարմացրել է։ Խնդրում եմ՝ քաղաքական երանգ չկպցնել, եթե ասեմ, որ ռուսը չափազանց կենդանասեր ազգ է։ Անգամ մայթեզրին ընկած ու ջարդված ոտքով շանը կամ կատվին պատահական անցորդը կվերցնի, կհասցնի մոտակա անասնաբուժարան եւ գումար չի խնայի կենդանու բուժման ու ապաքինման համար։

Մի հարեւան ունեինք, տանը կատու էր պահում։ Կենդանին հիվանդացել էր, պահանջվում էր շտապ վիրահատություն, որի ծախսը 20 հազար ռուբլի էր կազմում: Այն ժամանակ ռուսական ռուբլու փոխարժեքը բավական բարձր էր, բայց փույթ չէ, ընտանիքի չորքոտանի բարեկամը՝ շատ չանցած, ոտքի կանգնեց։ Անկեղծ ասեմ՝ տեսնելով այդ ամենը, միշտ մտածել եմ՝ արդյո՞ք Հայաստանում մերոնք նույնկերպ կվարվեն։ Այժմ, երբ Երեւանում եմ, տեսնում եմ բոլորովին այլ պատկեր՝ մեզանում ընտանի կենդանիների նկատմամբ վերաբերմունքը, մեղմ ասած, հարգալից չէ, քանիցս ականատես եմ եղել անգամ դաժան վարվեցողության դեպքերի:

…Ճամփեզրին ընկած էր սեւաթույր մի շուն։ Մեքենան խփել էր, եւ կենդանին ոտքի բաց կոտրվածք էր ստացել։ Ըստ երեւույթին, միջադեպը օրեր առաջ էր պատահել, քանի որ «տուժածը» խիստ նիհարած էր։ Տխուր հայացքը ամեն անցնողի հառած՝ մի կտոր հացի ակնկալիքով օգնություն էր հայցում, բայց՝ իզուր։ Մարդիկ անցնում էին՝ անգամ նրա կողմը չնայելով։ Ավելին՝ երբ մի տիկին էր անցնում, եւ շունը մի ողբալի ծմրոց արձակեց, կինը ոտքով հարվածեց վիրավոր շանը եւ չարությամբ նետեց. «զզվեցրիր-թողիր, էլի…» Ես զայրույթից եւ, նույնիսկ, ամոթից քիչ էր մնում մոտենայի ու մի քանի կծու խոսք ասեի։ Չարեցի։ Ափսոս։ Բայց շանը կերակրեցի։

Հենց այսօր էլ ականատես եղա նման մի երեւույթի: Մեր շենքի մոտակայքում մի շուն էր շրջում։ Ամեն անցնողի հետեւից գնում է մի 10-15 քայլ՝ դարձյալ ակնկալելով մի կտոր հաց: Ինչպես ասում են՝ «փորը մեջքից կպած», այսինքն՝ վաղուց չկերակրված։ Եվ շատ խելոք շուն, որի ձայնը երբեք չենք լսել՝ չնայած մշտաքաղց լինելուն: Այսօր էլ, սովորության համաձայն, շունը հանդարտաքայլ գնաց մթերային տռուզ տոպրակներով մի կնոջ հետեւից՝ ապավինելով, թերեւս, վերջինիս բարահաճությանը: Բայց կինը հետ դարձավ ու բարկացած ոտքը սպառնալից գետնին խփեց. «դե ռադըդ քաշիր գլխիցս»: Շունը խելոք՝ պոչը քաշեց, հետ դարձավ: Մոտակա խանութից հաց-մաց գնեցի եւ մանրելով՝ տվեցի, կերավ, հագեցավ երեւի, մի տեսակ շնորհապարտ, տխուր նայեց վրաս, հացի մնացորդն էլ մեկիկ-մեկիկ տեղափոխեց ինչ-որ տեղ՝ որպես նեղ օրվա պահուստ։

Ո՞վ է ասում, թե կենդանին բացառապես զուրկ է ինտելեկտից եւ նրա գործողությունները միայն բնազդային են։ Քանի՜ անգամ եմ ականատես եղել կովի, խոզի, շան, անգամ մկան՝ միանգամայն տրամաբանված վարքին։ Առավել եւս շունը, որ իսկապես մարդու լավագույն ու հավատարիմ բարեկամն է դառնում, երբ տեսնում է քո բարի վերաբերմունքը։

Այսպիսի մի պատմություն եմ կարդացել, որ գրում էր մի ռուս տատիկ. «Մեր թաղամասում թափառող շների մի խումբ կար։ Ամեն օր կերակրում էի նրանց։ Այնպես էին սովորել ինձ, որ գիտեին՝ երբ եմ տնից դուրս գալիս: Հավաքվում էին մեր շենքի բակում ու սպասում ինձ։ Մի օր էլ այսպիսի դեպք պատահեց. այդ օրը թոշակ էի ստացել եւ մի քանի գնումներ անելով՝ վերադարձել տուն։ Հենց տանն էլ նկատեցի, որ դրամապանակս չկա, կորցրել եմ։

Դուրս եկա, փնտրեցի անցած տեղերս, չգտա։ Մտածեցի՝ երեւի ինչ-որ մեկը գտել, վերցրել է։ Հիասթափված՝ տուն վերադարձա եւ շարունակ մտածում էի, թե ումից պիտի պարտք անեմ, որ մինչեւ հաջորդ թոշակը կարողանամ ապրել։ Այդպես էլ քնեցի։ Առավոտը արթնացա եւ որոշեցի նորից գնալ որոնելու դրամապանակս։ Դուռը բացեցի, եւ ի՛նչ տեսնեմ՝ շեմին իմ ծանոթ շներից մեկն էր, առջեւը՝ դրամապանակս: Հուզված, զգացված ու արտասվալից կռացա, գրկեցի մեջքը… Սիրեցեք շներին, մարդիկ, նրանք լավն են»։

 

Սերգեյ Աբազյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: