Երեքշաբթի, Դեկտեմբերի 18, 2018

Ազատ ամբիոն

«Գոլոս Արմենիի»-ն հատում է վտանգավոր սահմանը

Անցյալ շաբաթ «Ֆրիդոմ հաուսը»-ը հրապարակեց «Ազատությունը համացանցում-2018» իր զեկույցը, համաձայն որի` մամուլի ազատության ոլորտում Հայաստանը «մասամբ ազատ» երկրների կարգից տեղափոխվել է ազատ երկրների կարգ: Վարկանիշային այդ ցուցակի մեջ մեր երկիրը զբաղեցրել է 27-րդ տեղը: Զեկույցում ընդգծվում է, որ Հայաստանի թռիչքը հնարավոր է դարձել «թավշյա» հեղափոխության շնորհիվ: Եվ, իսկապես, հենց խոսքի ազատությունն էր, որ շատ առումներով նպաստեց պետության ու հանրության կյանքում արմատական փոփոխությունների իրականացմանը: Ավելին՝ այս ազատությունը թույլ տվեց բոլոր հայերին միավորվել որպես մեկ միասնական մարմին՝ անկախ բնակության երկրից եւ հայության որոշ խմբերի գաղափարախոսական կողմնորոշումներից:

Ցավոք, խոսքի ազատության հնարավորությունները սկսել են չարաշահել մեր մի շարք հրատարակություններ՝ մասնավորապես «Գոլոս Արմենիի» թերթը, որն, օգտագործելով այս ազատությունը, իր բոլոր թողարկումներում առողջ քննադատության փոխարեն անխնա մաղձով եւ հատուկ ջանասիրությամբ սեւացնում է երկիրը եւ ներկա իշխանություններին: Դրանում համոզվելու համար բավական է վերցնել թերթի ցանկացած համար եւ կարդալ այն սկզբից մինչեւ վերջ: Բացառությամբ վերջին էջում «Սպորտ» խորագրի ներքո զետեղված նյութերի, մնացածն անհիմն մեղադրանք է՝ ուղղված նոր կառավարությանը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանին: Տեղեկատվական այս ահաբեկչությունն ընթանում է մի քանի ուղղություններով.

ա/ Վարչապետի կադրային քաղաքականությունը: Այստեղ բոլորը, լավագույն դեպքում, անարժան կադրեր են, որոնք ոչինչ չգիտեն եւ ոչնչացնում են այն ամենը, ինչ իրենցից առաջ ստեղծվել է ծանր ու քրտնաջան աշխատանքով.

բ/ Կառավարությունը չունի տնտեսության զարգացման հստակ ծրագիր, եւ շուտով Հայաստանն ամբողջովին կսնանկանա.

գ/ Արցախի հարցում Փաշինյանը կարող է զրոյացնել այն ամենը, ինչ մշակել են մեր երեք նախագահները.

դ/ Կոռուպցիայի դեմ պայքարում Փաշինյանը հիմնականում զբաղված է հաշիվներ մաքրելով եւ վրիժառությամբ.

ե/ Արտաքին քաղաքականությունում Փաշինյանը կարող է վերջնականապես գժտվել Ռուսաստանի հետ եւ մնալ ձեռնունայն:

Ավելին՝ պարբերականը ժամանակ առ ժամանակ Ռուսաստանին նույնիսկ կոչ է անում չհավատալ Փաշինյանին, քանի որ միայն նախկին իշխանությունները կարող են հուսալի գործընկերներ լինել ՌԴ-ի համար:

Ի դեպ, այս ուղղությունները, չգիտես ինչու, ամբողջությամբ համընկնում են Ռոբերտ Քոչարյանի այն թեզերին, որոնք նա արտաբերում է ամեն պատեհ առիթով: Իհարկե, խոսքի ազատության լույսով թերթն իրավունք ունի ընդդիմադիր լինելու, սուր քննադատության ենթարկելու իշխանությունների սխալներն ու բացթողումները: Բայց ինչո՞ւ նրա խմբագրակազմը համառորեն չի ուզում անդրադառնալ «թավշյա» հեղափոխությունից առաջ Հայաստանում տեղի ունեցածին: Մի՞թե այն ժամանակ խոսքի ազատությունը հարգի չէր: Բնական է, որ նոր վարչապետը սխալներ է թույլ տալիս: Ասում են՝ չի սխալվում նա, ով ոչինչ չի անում: Բայց եկեք նկատի ունենանք, թե ինչ ժառանգություն է Փաշինյանին բաժին հասել նախորդներից:

Ի՞նչ է՝ այն ժամանակ ամեն ինչ լա՞վ էր կադրային քաղաքականության մեջ: Հովիկ Աբրահամյանը՝ լինելով վարչապետ, այդ պաշտոնո՞ւմ էր ծնվել: Թե քաղաքապետ նշանակված Տարոն Մարգարյա՞նն էր ողջ կյանքում քաղաքապետ եղել: Վիգեն Սարգսյանը, որ նույնիսկ բանակում չէր էլ ծառայել, ավելի լավ գիտեր բանակը, քան ասպարեզում եղած ռազմական մասնագետնե՞րը: Մի՞թե տնտեսական զարգացման, ներդրումների իրականացման տեսանկյունից վիճակը գոհացուցիչ էր, մի՞թե մեր գլխից անպակաս էին կոռուպցիան, իրավական ամենաթողությունը եւ իշխանության հետ օլիգարխների ու քրեական աշխարհի ներկայացուցիչների սերտաճումը: Գուցե ընտրություննե՞րն էին ավելի արդար անցկացվում կամ չէի՞ն խախտվում մարդու իրավունքները: Ուրեմն` ինչո՞ւ «Գոլոսն» այս մասին ձայն ու ծպտուն չի հանում:

Տնտեսական զարգացման բնագավառում ինչպե՞ս կարելի է մի քանի ամսվա ընթացքում հիմնարար փոփոխություններ ակնկալել, երբ մինչեւ այս տարվա մայիս երկիրն աշխատել է հարկային, մաքսային, մենաշնորհային եւ օլիգարխիկ բոլորովին այլ համակարգերում: Ամբողջ տնտեսությունը կառուցված է եղել կոռուպցիայի եւ երկրի ու նրա ռեսուրսների վայրենի կողոպուտի վրա: Սրա մասին այդ թերթում ոչ մի խոսք երբեք չի եղել: Արցախի հարցում Փաշինյանը հայոց պետականության ձեւավորման պահից ի վեր առաջին անգամ բարձրացրեց բանակցային գործընթացին այս չճանաչված երկրի օրինական իշխանությունների մասնակցության հարցը` նշելով, որ վերջնական խոսքը Արցախի ժողովրդինն է լինելու: Ինչո՞ւ է թերթը խնամքով թաքցնում, որ Փաշինյանից առաջ Հայաստանի իշխանությունները պատրաստ էին անորոշ կարգավիճակի դիմաց Ադրբեջանին տարածքներ զիջել, ինչը նշանակում է Արցախում ապրող բոլոր հայերի հետագա բնաջնջում: Նույնիսկ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանն էր զարմացել` իմանալով, որ հպարտ Արցախի եւ Հայաստանի ժողովուրդները բոլորովին այլ կերպ են մտածում, քան Լեւոն Տեր-Պետրոսյանը, արցախցիներ Քոչարյանն ու Սարգսյանը:

Եթե Փաշինյանը զբաղված լիներ հաշվեհարդարներով, հիմա բոլոր նրանք, ովքեր անողոքաբար թալանում էին երկիրը, վաղուց բանտերում կլինեին: Այդ մարդկանց ցանկը մեծ է եւ իմաստ չունի այն թվարկել՝ բոլորն այդ մասին լավ գիտեն: Մարդիկ լավ գիտեն նաեւ, թե ում հեռախոսազանգով էին դատավորները վճիռներ կայացնում, իսկ ով է հարգում ու պահանջում դատական մարմինների իրական անկախությունը: Ով էր ռազմավարական գործընկերոջ հետ պահպանում ուղղաձիգ` գրեթե տիրոջ ու ծառայի հարաբերություններ, եւ ով է այսօր ջանում դրանք վերածել հավասար, փոխշահավետ գործընկերության հորիզոնական կապերի: Այս ամենի մասին «Գոլոս Արմենիի»-ն, բնականաբար, լավ գիտի, բայց, ինչպես ասում են, պարտիզանի պես լուռ է:

Ամոթալի է, որ փորձառու, արհեստավարժ վերլուծաբաններ ունեցող պարբերականն այդպես անպտուղ վատնում իր մտավոր ներուժը: Հասկանալի է` ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը: Բայց այսքան բացահա՞յտ: Պատահական չէ նույնիսկ, որ այս կեղտոտ հակաքարոզչության համար ընտրվել է հատկապես ռուսալեզու լրատվամիջոց: Կասկածից վեր է, որ դա եւս պատվիրատուների ընտրությունն է, որպեսզի իրենց խոսքն անկաշկանդ հասնի ռազմավարական գործընկերոջ ունկին: Թող վերջինս տեսնի, թե ովքեր են Ռուսաստանի իրական բարեկամները եւ ովքեր` դուրսպրծուկները, որոնց հարկավոր է ճզմել:

Մի բան ակներեւ է` «Գոլոս Արմենիի»-ն եւ նրան իրենց տաքուկ թեւերի տակ առած իշխանատենչ հովանավորները հասել են վտանգավոր մի սահմանագծի, որից մինչեւ Հայրենիքի դավաճանություն մեկ քայլ է: Ժողովուրդն ամեն ինչ շատ լավ տեսնում է, եւ հատուցման ժամն անպայման կգա: Սթափվեցե´ք, տիկնայք եւ պարոնայք:

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am