Չորեքշաբթի, Նոյեմբերի 14, 2018

Ազատ ամբիոն

Ընտանեկան բռնությունը եւ հայկական ավանդույթները

Դեկտեմբերի 8-ին խորհրդարանը վերջնականապես ընդունեց օրենք, որը վերաբերում է Հայաստանում ընտանեկան բռնության խնդրին: «Ընտանիքում բռնության կանխարգելումը եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանությունը» նախնական անվանումը փոխարինվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» անվանմամբ: Օրինագծի ընդունումը վերածվեց երկարատեւ գործընթացի եւ անվանման փոփոխությունից հստակ երեւում է, թե ինչու:

Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության խմբերը նախագծի  մշակումը սկսել են դեռեւս 2007 թվականից: Բայց Հայաստանում, ինչպես նշում է Մարդու իրավունքների միավորված խորհրդի նախագահ Սանան Շիրինյանը, փոխկապակցված ընտանիքը հայ ինքնության բնորոշիչներից է, եւ ընտանեկան բռնության խնդիրների հետ կապված կարեւորագույն խոչընդոտներից մեկը այն խորն արմատավորված սոցիալական մոտեցումն է, որը կանանց նկատմամբ բռնությունը դիտարկում է իբրեւ «ընտանեկան խնդիր», որը բաց չէ հասարակական քննարկման կամ արծարծումների համար: Խնդրի հանրային քննարկումները համարվում են ընտանիքը քայքայելու փորձ: Այդ պատճառով 2013թ. խորհրդարանը մերժեց կանանց իրավունքների խմբերի՝ ընտանեկան բռնության կանխարգելման նախնական նախագիծը: Նույնիսկ օրինագիծը, որը վերջապես ընդունվեց այս ամսվա սկզբին, չանցավ առանց քննարկումների եւ զգալի տարակարծությունների՝ բանավեճեր եւ հակասություններ, որոնք օրենքի արդյունավետության վերջնական դրսեւորման համար ծանր հետեւանքներ ունեցան: Իրոք, երկրում կանանց իրավունքների պաշտպանները քննադատում են կառավարությանը՝ հասարակության ճնշումներին տրվելու եւ ինքնատիպ նախագիծն այնպես խմբագրելու մեջ, որ կանայք լիարժեք պաշտպանված չեն օրենքով (չնայած նման ընդդիմախոսներն ընդունում են, որ սույն օրենքի ընդունումը ճիշտ ուղղությամբ կատարվող քայլ է՝ հաշվի առնելով երկրի պահպանողական բնույթը):

Վերջիվերջո, օրենքի ընդունումը ոչ միայն կարեւոր է, քանի որ այն վերջապես ապահովում է կառավարության կողմից ընտանեկան բռնության զոհերին օգնելու համար նախատեսված որոշակի աջակցություն, սակայն օրինագծի ընդունումը խորհրդանշական ազդակ էր հայ ժողովրդին (եւ դրսին), որ Հայաստանը մտնում է ժամանակակից աշխարհ եւ հրաժարվում է հետադիմել հնացած հավատալիքների համակարգերի պատճառով: Այնուհանդերձ՝ այն երեւան բերեց բազմաթիվ հարցեր, որոնք նախկինում լայնորեն չեն քննարկվել եւ դեռեւս չեն (բայց պետք է) վիճարկվել. Մասնավորապես՝ «ավանդական հայկական արժեքներ», «ավանդական հայ ընտանիք» հասկացությունների ու հայեցակարգերի եւ Հայաստանում կանանց դերի, կարգավիճակի ու ընկալումների մասին:

Բազմաթիվ քննարկումներ եղան ընտանեկան բռնության օրենքի՝ հայկական ընտանիքի ավանդական արժեքներն ու ավանդույթները խախտելու ներուժի վերաբերյալ: «Ավանդական հայկական արժեքները» նշանակալի դեր են վերապահում համայնքային այն սկզբունքներին, ինչպիսիք են ընտանիքի կարեւորությունը, երեխաների հանդեպ սերն ու պաշտպանությունը, բարությունը, հյուրընկալությունը, ընտանիքի եւ ընկերների նկատմամբ բարեպաշտությունը: Սրանք հրաշալի արժեքներ են:

Այնուամենայնիվ, խնդիրն այն է, որ այդ արժեքները հասարակության մեջ դրսեւորվում են կանանց նկատմամբ գործադրվող ճնշման եւ սիգմատիզմի միջոցով, տղամարդկանց գերակշռող հայրիշխանական հասարակության օգտին: «Ավանդական» ընտանիքի եւ հասարակության հայեցակարգը դարձել է ընտանեկան եւ հասարակական կյանքի հայրիշխանական հայեցակարգի հոմանիշը, բայց դրանք ավանդական արժեքներ չեն, որպեսզի հայերի մեծամասնությունը ցանկանա պահպանել: «Ավանդական» հայ ընտանիքի եւ ապրելակերպի վերացման վախը ոմանց մեջ վերածվել է 21-րդ դարում արդիականացման վախի, որը երկիրը ետ է պահում զարգացումից:

Ներկայիս մշակույթում առկա են ավանդական ընտանեկան արժեքների վերաբերյալ խնդրահարույց, խորը համոզմունքներ, որոնք ամրապնդում են տղամարդկանց գերիշխող դերը եւ կանանց ենթարկվող ու հնազանդ էությունը: «Ես 14 տարի դիմանում եմ նրա ծեծին, որովհետեւ Հայաստանում դա նորմալ է ընկալվում: Հայ ընտանիքում կինը պետք է համակերպվի ամեն ինչի, նա ստիպված է լռել... », - պատմում է մի հայ կին Amnesty International- ին տված հարցազրույցում: Իրոք, վատագույն դեպքում մերժված եւ հիմնականում լուռ քննարկվող հայաստանյան ընտանեկան բռնության մասին մշակութային ընդունումը եւ լեգիտիմացումը խրախուսվում են այս հայրիշխանական ավանդույթների շնորհիվ: Ավելին՝ ավանդական մշակութային նորմերը եւ տղամարդկանց ու կանանց վարքագծի ակնկալիքները հաճախ ոչ միայն նպաստում են բռնությանը, այլեւ գրեթե կարգավորում են այն:

Սանան Շիրինյանը հետագայում հայտնում է, որ «Հայաստանում հասարակական վերաբերմունքն ընդունում եւ անգամ խրախուսում է կանանց հանդեպ բռնությունը» այն աստիճանի, որ նույնիսկ կանայք «հավատում են, որ բռնությունն ամուսնության բնականոն մասն է, եւ չեն պատկերացնում, որ առանց դրա կյանք գոյություն ունի»: Թուրփանջյանի քաղաքականության վերլուծության կենտրոնի անցկացրած հարցման մասնակիցների 88%-ը կարծում է, որ ընտանեկան բռնությունը լավագույն լուծում է գտնում ընտանիքում եւ ոչ թե ոստիկանությունում: Սա ցույց է տալիս, որ որոշակի չափով ընտանեկան բռնությունը դիտվում է որպես ամուսնական կյանքի կանոնավոր մաս:

Ընտանեկան բռնության այս «նորմալացումը» գալիս է ավանդական հայկական արժեքների ներկայիս հայեցակարգերից, որոնք ընդգծում եւ հիմնվում են տղամարդկանց եւ կանանց միջեւ անհավասարության վրա: Պատմականորեն կարելի է տեսնել, թե ինչպես է տղամարդկանց գերակշռող լինելու մշակույթը հաստատվել: Բայց այն չի կարող շարունակել գոյություն ունենալ արդի հասարակությունում, եթե Հայաստանը ցանկանում է երբեւէ առաջադիմել: Անշուշտ, գենդերային դերերի անհավասարությունը պահպանող ավանդույթներից կախվածությունը խթանում եւ ամրապնդում է Հայաստանում աղքատության ու չարաշահումների ցիկլը: Այն բացասաբար է ազդում է ոչ միայն Հայաստանի տնտեսության առողջացմանը, այլեւ համաշխարհային մասշտաբով մրցակցելու՝ ազգի կարողությանը եւ հայ ընտանիքների յուրաքանչյուր անդամի առողջությանը, այդ թվում բոլորի առաջնային մտահոգության՝ երեխաների ապագային:

Պատմության ընթացքում տղամարդը հասկանալի պատճառներով գերիշխող սեռ է եղել: Նախկին դարերում տղամարդու ուժը օգտակար էր իր ցեղին ու ժառանգներին պաշտպանելու համար, ինչն անհրաժեշտ էր ցեղի շարունակականության համար: Անշուշտ, նախաարդյունաբերական աշխարհում շատ դեպքերում միայն ծանր ֆիզիկական աշխատանքի շնորհիվ էր հնարավոր ապահովել ընտանիքը՝ դարձյալ մի տարածք, որտեղ տղամարդը գերակշող դերում էր: Այսօրվա հետարդյունաբերական հասարակություններում եւ տնտեսություններում մտածելակերպը եւ շփումը եկել են փոխարինելու ֆիզիկական ուժին՝ որպես տնտեսական հաջողության բանալի: «Այն հասարակությունները, որոնք օգտվում են իրենց մեծերի տաղանդներից, այլ ոչ թե դրանց կեսից, հետադիմեցին: Եվ քանի որ աշխարհքաղաքականությունը եւ գլոբալ մշակույթը, ի վերջո, դարվինիստական են, մյուս հանրությունները հետադիմեցին կամ վերջնականապես մղվեցին լուսանցք»,- բացատրում է «Ատլանտիկ» պարբերականը: Քանի որ տղամարդիկ եւ կանայք կարողանում են հավասարապես լավ աշխատել այս արդյունաբերական դարաշրջանում, հասարակություններն ու ազգերը, որոնք օգտվում են դրանից եւ ապահովում են տղամարդկանց ու կանանց համար հավասար ռեսուրսներ եւ հնարավորություններ, հաջողությունների են հասնում համաշխարհային մասշտաբով: Իսկ այն ազգերը, որոնք չեն կարողանում այդպես վարվել, վերջիվերջո, մնում են հետադիմական եւ չեն կարողանում մրցունակ լինել միջազգային ասպարեզում:

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) 2006թ. ստեղծեց տվյալների բազա, 162 երկրներում չափեց կանանց տնտեսական եւ քաղաքական ազդեցությունը: Շատ քիչ բացառություններով պարզվեց, որ ինչքան մեծ է կանանց ազդեցությունը, այնքան մեծ է երկրի տնտեսական հաջողությունը: Այդ պատճառով տնտեսական օգնություն ցուցաբերող գործակալությունները սկսել են դուրս մղել քաղաքական քվոտաների ինստիտուտը աշխարհի բոլոր ազգերում`այդ ազգերի տնտեսությունները բարելավելու համար: Այսպիսով՝ կարելի է դատել, թե ինչպես է Հայաստանում տղամարդկանց եւ կանանց նկատմամբ անհավասար վերաբերմունքը մասնավորաբար տնտեսապես երկիրը ետ պահում աճից:

Հայաստանի տնտեսության, գենդերային (ան)հավասարության եւ ընտանեկան բռնության ոլորտները փոխկապակցված են: Անահիտ Հայրապետյանը նկարագրելով Հայաստանում ընտանեկան բռնությունը, այն դիտում է որպես այնպիսի «մշակույթի գերազանցություն», որտեղ մայրերն ու քույրերը «ծառայում են ընտանիքի տղա երեխաներին, իսկ երբ վերջիններս մեծանում են, նրանց ծառայում են իրենց կանայք»: Նման վերաբերմունքը եւ մշակույթը վնասում եւ սահմանափակում են ամբողջ ժողովրդին: Դա խանգարում է առաջընթացին, քանի որ հետարդյունաբերական տնտեսությունում կանանց հմտություններն ու կարողությունները նույնքան արժեքավոր եւ անհրաժեշտ են տնտեսության համար, որքան՝ տղամարդկանցը, հետեւաբար՝ սահմանափակելով կանանց, սահմանափակում ենք տնտեսությունը: Նման մշակույթի պայմաններում տղամարդիկ չեն կարողանում արդարացնել իրենց վրա դրված սպասելիքներն ու պահպանել ճնշման լծակները, ինչը նրանց զայրացնում է: Ավանդույթը թելադրում է, որ տղամարդիկ ընտանիքի հիմնական մատակարարներն ու պաշտպաններն են, բայց դա այլեւս հնարավոր չէ այսօրվա տնտեսությունում: Ժամանակակից աշխարհի մնացած մասն ավելի ու ավելի է գիտակցում այն հասարակության մեջ ապրելու աղետալի հետեւանքները, որտեղ բնակչության կեսը թերագնահատված եւ թերզարգացած է:

Այս ավանդույթներն ակնհայտորեն կանանց սրտով չեն, որովհետեւ ի վիճակի չեն իրենց ներուժին համապատասխան լիարժեք ապրել երկրի ներսում: Ավելին՝ դրանք խարխլում եւ վնասում են Հայաստանի ապագան: Մասնավորապես՝ այն երեխաները, ովքեր մեծանում են սեքսիստական, ավանդական արժեքների ներքո, փոխառում են անկայուն ապրելակերպը եւ զրկվում առողջ փոխհարաբերություններ ձեւավորելու հնարավորությունից: Երբ երեխաները տեսնում են, որ իրենց ընտանիքում (ինչպես նաեւ ընկերների եւ հարեւանների ընտանիքներում) հայրն ավելի մեծ հարգանք է պահանջում, քան մայրը, կամ նրանք տեսնում են, որ իրենց մայրը ավելի քիչ արժեք ու իրավունքներ ունի, քան հայրը, համարում են, որ դա նորմալ է, որ սեքսիզմը նորմալ է, եւ այդ հարաբերությունները եւ իրավիճակը նույնպես նորմալ են: Սա աներեւակայելի վտանգավոր է, քանի որ կարող է հետագայում հանգեցնել անառողջ եւ անբարեխիղճ վարքագծի:

Իրականում՝ անկախ նրանից՝ երեխաներն ընտանիքում բռնության ենթարկվում են, թե ոչ, նրանք հաճախ տառապում են զգացմունքային եւ հոգեբանական վնասներից, եթե նրանց հայրերը բռնության են ենթարկում մայրերին: Երեխաները, որոնք մեծանում են՝ տեսնելով, թե ինչպես են իրենց մայրերը բռնության ենթարկվում հատկապես հայրերի կողմից, մեծանում են ինտիմ հարաբերությունների դերի մոդելով, որտեղ մեկ մարդ օգտագործում, ահաբեկում եւ բռնության է ենթարկում մյուսին, որպեսզի հասնի իր նպատակին... Տեսնելով իրենց մայրերի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, երեխաները նույնպես սովորում են, որ կարող են չհարգել կանանց այնպես, ինչպես իրենց հայրերը: Շատ փորձագետներ կարծում են, որ բռնություն կիրառվող ընտանիքներում մեծացած երեխաները սովորում են, որ բռնությունը հակամարտությունների եւ խնդիրների լուծման արդյունավետ միջոց է: Նրանք կարող են կրկնօրինակել այն բռնությունները, որոնց ականատես են եղել իրենց պատանեկության եւ հասուն հարաբերություններում եւ ծնողական փորձից ելնելով:

Այսպիսով՝ կարելի է տեսնել, որ ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը, նույնիսկ թուլացած ձեւով, կարեւոր քայլ է Հայաստանի եւ հայ հասարակության համար: Այն ոչ միայն աջակցում է (չնայած սահմանափակ) ընտանեկան բռնության զոհերին, այլեւ ընդունում է, որ ընտանեկան բռնությունը ո՛չ նորմալ է եւ ո՛չ էլ պետք է այդպիսին դիտարկվի: Օրենքի ընդունումը փաստում է, որ ընտանեկան բռնությունն անհապաղ լուծում պահանջող խնդիր է: Եվ շատ կարեւոր է, որ օրենքը ցույց է տալիս, որ Հայաստանը հրաժարվում է ետ մնալ մնացյալ աշխարհից: Այն ընտրում է առաջընթացը եւ արդիականությունը` իր ժողովրդի համար ավելի պայծառ, առողջ ապագա ստեղծելու ակնկալիքով:

Քրիստեն Բայրաքդարյան
Վիլլիամսի քոլեջի ուսանողուհի,

Քաղաքագիտություն եւ անգլերեն

Հոդվածի բնօրինակը (անգլերեն)

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am