Saturday, 17 November 2018

E Editorial

Հոգեւոր իշխանությո՞ւն

Հունվարի 6-ին Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Ծննդյան պատարագ, որին հաջորդեց Ջրօրհնեքի արարողությունը: Արարողության խաչքավորն էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Եկեղեցական հանդերձանքով նախարարի՝ կրոնական արարողությանը մասնակցելը մամուլում եւ սոցցանցերում բուռն քննարկման առարկա դարձավ: Ոմանց մտահոգում էր եկեղեցի-պետություն սերտաճումը, ոմանց՝ բանակի ճակատագիրը, քանի որ բանակը բոլորինն է՝ անկախ հայացքներից, եւ այն չպիտի վերածվի եկեղեցու կալվածքի: Հնչում էին կարծիքներ, թե նման քայլերով կասկածի տակ է դրվում Հայաստանի՝ աշխարհիկ երկիր լինելու սկզբունքը: Իր հերթին խաչքավոր էր նաեւ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ արդեն Ախթալայի եկեղեցում:

Հետաքրքիր զուգադիպությամբ 2017-ի դեկտեմբերի 8-ին ՀՀ զինված ուժերի հոգեւոր առաջնորդության հիմնադրման 20-րդ տարեդարձի պաշտոնական միջոցառման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր ելույթում հայտարարել էր, որ եկեղեցին չի կարող անջատ լինել ոչ պետությունից, ոչ բանակից։ Իսկ Ազգային ժողովի եւ Հանրապետական կուսակցության փոխնախագահը 2017-ի սեպտեմբերի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին պետական եկեղեցի է, ինչպես նաեւ ընդգծել էր, թե «հայն ու քրիստոնյան հոմանիշներ են»: Ակնհայտ է, որ սա պետական քաղաքականություն է, եւ փորձ է արվում հայի կամ ՀՀ քաղաքացու ինքնությունը փոխկապակցել Հայաստանյանց Առաքելական եկեղեցու պատկանելությանը:

Ի՞նչ է այսօր իրենից ներկայացնում Հայաստանյանց Առաքելական եկեղեցին եւ ինչո՞ւ եկեղեցու ու պետության սերտաճման մտահոգություն է առաջանում մեզանում:

Պարզ է, որ խնդիրը դատարկ տեղում չի ծնվել: Փորձենք հասկանալ: Եվ այսպես՝ եկեղեցին այսօր վերածվել է խոշորագույն տնտեսական կառույցի, եկեղեցին մեծ դերակատարում ունի առողջապահության ասպարեզում, ինչը պայմանավորված է սփյուռքից եկեղեցու վերահսկողության միջոցով արվող զգալի ներդրումներով: Եկեղեցին վերահսկում է բարեգործական մեծածավալ ֆինանսական հոսքեր, հողերի սեփականատեր է, մուտք է գործում էներգետիկայի ոլորտ, ունի փայաբաժին բանկերում: Կնունքների, հուղարկավորություների ու նմանատիպ ծառայությունների մենատեր է, որտեղ, ըստ որոշ հաշվարկների, տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարների շրջանառությում կա: Օրեօր եկեղեցին ավելի խորն է ներթափանցում բանակ եւ կրթական հաստատություններ: Այս ցուցակը կարելի է երկար շարունակել:

Տարիներ ի վեր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները եկեղեցուն կոչ են անում ֆինանսական գործունեության մասին տարեկան հաշվետվություն ներկայացնել հանրությանը, սակայն՝ ապարդյուն: Եկեղեցու նման փակ, մեծ հնարավորություններով օժտված կառույցի ազդեցությունը գնալով մեծանում է եւ, հաշվի առնելով երկրում կոռուպցիայի հսկայական չափերը, այդ համատեքստում, կարծես թե, տարօրինակ է, որ նման հնարավորությունների տեր կառույցի գործունեությունը դուրս է մնում հանրության ուշադրությունից: Երբ Հայաստանում  նոր Պնախարար կամ ԿԳ նախարար, վարչապետ կամ այլ կարեւոր պաշտոնյա է նշանակվում, որպես կանոն, առաջին հանդիպումը կաթողիկոսի հետ է տեղի ունենում, որի ընթացքում էլ կայացվում են համագործակցության պայմանավորվածություններ:

Հավելենք, որ ԱԺ-ում եկեղեցին ունի մշտապես գործող ներկայացուցչություն եւ իր շահերը խորհրդարանում լոբբինգ անելու մեծ հնարավորություններ է ձեռք բերել: Վերահսկողությունից դուրս գտնվող, ըստ էության, ստվերում գործող նման կառույցից պաշտոնյաները տարբեր տեսակի կախվածության մեջ են հայտնվում: Այստեղ հիմնական խնդիրը ոչ այնքան եկեղեցին է կամ եկեղեցու ազդեցության մեծացումը, այլ այդ կառույցի ոչ թափանցիկ լինելը: Հատկապես մտահոգիչ է եկեղեցու ներսում թափանցիկության եւ հաշվետվողականության բացակայության պատճառով կաթողիկոսի անսահմանափակ իշխանությունը: Փաստորեն Ամենայն հայոց հայրապետը Հայաստանի իշխանության մեջ լուրջ խաղացողի է վերածվում եւ ունի լծակներ՝ ազդելու պետական գործերի վրա:

Եկեղեցականների այն պնդումները, որ իրենք Հայաստանի «հոգեւոր իշխանությունն» են, արդեն շատ կոնկրետ դրսեւորումներ են ստանում: Եվ ամենավտանգավորն այն է, որ շեշտը դրվում է այդ արտահայտության երկրորդ բառի վրա:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am