Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Անցած կիրակի՝ նոյեմբերի 2-ին, Հովհաննավանքում ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի ու նրա թիմի երեւելի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ երկրորդ ապօրինի պատարագը, որը դարձյալ մատուցեց Մայր Աթոռի կողմից կարգալույծ արված Արամ քահանան (աշխարհիկ անունը՝ Ստեփան Ասատրյան): Մասնակցում էին նաեւ Ազգային ժողովի խոսնակը, նախարարներ, Կառավարության անդամներ, ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ եւ այլ պաշտոնատար անձինք: Հովհաննավանք տանող ճանապարհի երկայնքով տեղակայված էին ոստիկանական մեծաթիվ ուժեր: Այդ օրվա «պատարագին» մասնակցում էր նկատելիորեն ավելի քիչ մարդ, քան նախորդ կիրակի։
Չէ՛, Փաշինյանի ձեռնարկած հակաեկեղեցական «կիրակնօրյակներն» ակնհայտորեն անհետաքրիր են դառնում, ուստի փորձում է իր քաղաքական ձախողումները «ծածկել» հոգեւոր թեմաների նոր ձեռնածություններով։ Օրվա ավարտին նա տեսաուղերձով կրկին խոսեց Մայր Աթոռն «ազատելու» մասին՝ քաղաքական իր հաշվարկը փաթեթավորելով «հոգեւոր նորոգման» եզրաբանությամբ։ Սթափ դատողություն ունեցող որեւէ պետական գործիչ կամ ողջամիտ իշխանություն հանրային վստահության անկման եւ ժողովրդական դիմադրության աննպաստ պայմաններում ոչ թե կշիկացներ մթնոլորտը, այլ կհրաժարվեր նման արկածախնդրությունից, որը ոչ մի լավ բան չի խոստանում:
Սակայն Փաշինյանն անտեղիտալի է բոլոր այն հարցերում, որտեղ շոշափվում են նրա անձնական շահերն ու շահախնդրությունները: Հայ Առաքելական եկեղեցին բավական մեծ ցանցային կառույց է, եւ Ազգային ժողովի գալիք ընտրություններին ընդառաջ Փաշինյանը չի կարող իրեն զրկել դրա հնարավորություններն օգտագործելուց: Մանավանդ հիմա, երբ իրական վարկանիշը տատանվում է հազիվ մեկ-մեկուկես տասնյակի միջակայքում: Նման իրավիճակում եկեղեցու ներուժը սեփական վերարտադրությանը ծառայեցնելն իր համար կենացմահու խնդիր է: Եվ այս խնդրով պայմանավորված՝ նա, կարծես թե, նպատակից ոչ մի քայլ նահանջելու միտք չունի:
Ավելին՝ կրկին մասնակցելով «ֆեյք» քահանայի մատուցած «պատարագին»՝ Փաշինյանը, ըստ էության, անտեսեց ՀԱԵ կանոնակարգը եւ խախտեց պետության աշխարհիկ բնույթի սահմանադրական սկզբունքը։ Մայր Աթոռը դեռ նախորդ շաբաթ այդ գործողությունը որակել էր իբրեւ «հոգեկործան նախաձեռնություն»՝ ընդգծելով, որ դա ոչ թե հավատքի դրսեւորում է, այլ՝ եկեղեցու պառակտման ու հոգեւոր հաստատության նկատմամբ քաղաքական վերահսկողություն սահմանելու փորձ։ Ի պատասխան Մայր Աթոռի արդար հանդիմանության՝ Փաշինյանը հայտարարեց, որ հաջորդ կիրակի կմասնակցի «Թալինի սբ. Աստվածածին եկեղեցում Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ մատուցվող սուրբ եւ անմահ պատարագին»:
Լավ, մինչեւ ո՞ւր է մտադիր հասնել Թրամփի մատնանշած՝ «Էն մյուս տղան», ո՞րն է նրա կարմիր գիծը, եթե, իհարկե, ունի կարմիր գիծ: Ենթադրենք ինչ-որ կերպ՝ ԱԱԾ-ով, կարմիր բերետավորներով, ոստիկանական գվարդիայով հաջողվեց գրավել Մայր Աթոռը: Անշուշտ՝ կծագեն նոր հարցեր: Օրինակ՝ ա/ ինչպե՞ս են ընտրելու նոր Կաթողիկոս; բ/ Մայր Աթոռի՝ Հայաստանից դուրս գտնվող թեմերը ինչպե՞ս են ենթարկեցնելու ՀՀ իշխանությանը կամ՝ նրա կողմից ընտրված Կաթողիկոսին; գ/ արդյոք այս պատմությունը չի՞ կարող ավարտվել նրանով, որ մենք ունենանք Հայաստանի եկեղեցի եւ Սփյուռքի եկեղեցի՝ ազգը տրոհելու ցավալի հետեւանքով: Հարցերը շատ են, եւ չկա վստահություն, որ բոլոր վտանգներն ու մարտահրավերները հաշվի են առնվել:
Ակնհայտ է, որ Հայ Առաքելական եկեղեցու հետ կապված՝ Փաշինյանի հաշվարկները, մեծ հաշվով, անհաջողության են մատնվում: Կիրակնօրյա ոչ օրինակարգ պատարագները չարդարացրին հույսերը, ոչ էլ Վեհափառի՝ կուսակրոնության ուխտը խախտելու մասին նրա ֆեյսբուքյան գրառումները: Մինչդեռ պահը շրջադարձային է՝ Փաշինյանին հիմա հաղթանակներ են պետք՝ թեկուզ փոքր: Եվ հղացավ Գարեգին Բ Հայոց Հայրապետին նոր ցավ պատճառելու միտքը՝ այս անգամ Կաթողիկոսի հարազատներից մեկնումեկին թիրախավորելու միջոցով: Քննչական կոմիտեի արձագանքը չուշացավ, նրա թիրախում շուտով հայտնվեցին Վեհափառի եղբայրը՝ 68-ամյա Գեւորգ Ներսիսյանը եւ նրա որդին՝ Համբարձումը:
Հայր ու որդի ձերբակալվեցին նոյեմբերի 2-ին՝ Վաղարշապատում, «Հանրապետություն» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Հարություն Մկրտչյանի հաղորդագրության հիման վրա, ըստ որի՝ Ներսիսյանը եւ որդին փորձել են խոչընդոտել նախընտրական քարոզչությանը: Փորձե՞լ են, թե՞ խոչընդոտել… հաղորդագրության մեջ հստակեցված չէ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է Քննչականի միջնորդությունը եւ 1-ական ամսով կալանավորել հայր ու որդի Ներսիսյաններին, որոնք մեղադրվում են ՔՕ 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):
Կաթողիկոսի հարազատները մեղքը չեն ընդունում: Այն չի ընդունում նաեւ փաստաբան Արա Զոհրաբյանը, որի խոսքով՝ 211-րդ հոդվածում նկարագրվող հատկանիշները գործում իսպառ բացակայում են, նման բան չի եղել: Փաստաբանը հրապարակել է տեսանյութ, որը, ըստ նրա, հերքում է հանցագործության վերաբերյալ ցանկացած ապացույց։ Տեսանյութում պատկերված է Ներսիսյանների տան դարպասը, որի մոտ այդ օրը՝ մոտավորապես ժամը 14:40-ին, կանգնած է Վեհափառի եղբորորդին՝ Համբարձումը: Մոտենում է մի տղամարդ եւ նրան հրավիրում «Հանրապետություն» կուսակցության ժողովին, ինչից Համբարձումը հրաժարվում է: Բայց տղամարդը փորձում է համոզել, որից հետո զրույցին միանում է Ներսիսյան ավագը: Կարճ զրույցից հետո նրանք հաշտ ու հանգիստ բաժանվում են, ինչը տեսանյութում պարզ երեւում է:
Զոհրաբյանը կոչ է արել քննչական մարմիններին «չվնասել իրենց կազմակերպության հեղինակությունն ու նվաճումները» եւ ընդգծել է, որ անընդունելի է մարդկանց ձերբակալել կեղծ մեղադրանքների հիման վրա։ Ներսիսյանների ձերբակալությանն անդրադարձել է նաեւ մեկ այլ փաստաբան՝ Ալեքսանդր Կոչուբաեւը, որն օրեր առաջ ինքն էլ անարդարացի ձերբակալության զոհ էր։ Նա համոզված է, որ հայր ու որդու արարքում, համենայն դեպս՝ այն ամենում, ինչ շրջանառվում է համացանցում, հանցակազմ պարունակող ոչինչ չկա: «Բայց գոնե լավ գիտեմ, որ մեր երկրում առանձնապես հանցափաստ պետք էլ չէ մարդուն կալանավորման համար։ Սա ընդհանուր քաղաքականության շարունակությունն է՝ ուղղված ընդդեմ եկեղեցու»,– ասել է նա։
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվել է Գերագույն հոգեւոր խորհրդի հերթական ժողովը: Մայր Աթոռի տարածած հաղորդագրության համաձայն՝ ժողովի օրակարգում ընդգրկված են «հայրենական կյանքի մարտարավերներին, հակաեկեղեցական արշավին, ապօրինաբար ազատազրկված եկեղեցականների, մյուս հայորդիների նկատմամբ ընթացող իրավական գործընթացներին ու նրանց իրավունքների պաշտպանությանը, Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների» եւ այլ թեմաներին առնչվող հարցեր:
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նոյեմբերի 4-ին իր առանձնատանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինիեին: ՀԱԿ առաջնորդի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի փոխանցմամբ՝ դեսպանի խնդրանքով Տեր-Պետրոսյանը ներկայացրել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման եւ Հայաստանում ներքաղաքական լարվածության մեղմացման հեռանկարների, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իր տեսակետները։ Զրույցը տեւել է շուրջ մեկ ժամ: Հանդիպմանը ներկա են եղել դեսպանատան Առաջին քարտուղար Ժյուլի Ֆորը եւ ՀՀ առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը:
«Ադրբեջանական բանակը համապատասխանեցվում է ՆԱՏՕ-ի չափանիշներին»,- նոյեմբերի 6-ին հայտարարել է Իլհամ Ալիեւը Հյուսիսատլանտյան դաշինքի՝ Բաքվում գտնվող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։ «Բանակի արդիականացման գործընթացը շարունակվելու է։ Այս համատեքստում մենք սերտորեն համագործակցում ենք Թուրքիայի զինված ուժերի հետ»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով. «Մենք հասել ենք այն գլխավոր նպատակին, որ մեր առջեւ ծառացած էր նախորդ դարասկզբից՝ Ադրբեջանի անկախացումից ի վեր։ Խոսքը մեր հողերն օկուպացիայից ազատագրելու մասին է»:
Գյումրիի ավագանու «Կոմկուս» խմբակցությունը երկու նոր անդամ ունի: Մանդատներից հրաժարվել էին քաղաքապետի ազգական Գեւորգ Ղուկասյանն ու Սեդրակ Սահակյանը, որոնք կալանավորված են հոկտեմբերի 20-ին՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության օրը հարուցված զանգվածային անկարգությունների գործով: Նրանց փոխարեն մանդատ ստացան Սամսոն Էլբակյանն ու Տիգրան Ավագյանը: Վերջինս եւս օրերս կալանավորվել է նույն՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով: Փաստացի՝ Գյումրիի ավագանու 33 հոգանոց կազմից 31-ը կկարողանան մասնակցել առաջիկա նիստին: Եթե «Կոմկուս»-ի կալանավորված ավագանիները մանդատից չհրաժարվեին, ապա քվորումի խնդիր կլիներ: Այս քայլով ընդդիմությունը պահպանում է մեծամասնությունը ավագանիում:
Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները մոտ ժամանակում փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան: Այս մասին օրերս հայտնել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ելույթ ունենալով Բրյուսելի «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության խորհրդաժողովում: Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 21-22-ը ադրբեջանական քաղհասարակության ներկայացուցիչների պատվիրակությունն է առաջին անգամ այցելել Երեւան՝ մասնակցելու երկկողմ կլոր-սեղանի քննարկմանը։ Դրանից առաջ Հայաստանի ԱԱԾ պետն էր այցելել Բաքու՝ մասնակցելու Միջազգային անվտանգության ֆորումին։ «Այսպիսի այցելություններն ու փոխանակումները կնպաստեն փոխվստահության եւ փոխադարձ ըմբռնման ամրապնդմանը երկու հասարակությունների միջեւ»,- համոզմունք է հայտնել Գրիգորյանը:

