Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Շաբաթ օրը Երեւանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակին հարող Ամիրյան փողոցում, նշվում էր Քաղաքացու օրը: Գլխավոր կազմակերպիչը՝ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, եւ իշխանության այլ ներկայացուցիչներ քաղաքացիներին հրավիրում էին կենտրոն՝ իրենց հետ տոնակատարություններին մասնակցելու: Միեւնույն ժամանակ Ամիրյան փողոցում մեկնարկում էր «Խորոված փարթին»։ Միջօրեին մոտ արդեն վառել էին խարույկները, եւ ծուխը բռնել էր մայրաքաղաքի կենտրոնը: Ոստիկանական գվարդիան վաղ առավոտից ուժեր է կենտրոնացրել հրապարակում եւ կից փողոցներում:
Հասարակական կարգի պահապանների թվաքանակը զգալիորեն գերազանցում էր «Խորոված փարթիին» մասնակցող քաղաքացիների թիվը: Անշուշտ՝ շատերի համար դուրալի չէ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունից ժամեր անց կերուխումի նստել, քեֆ-ուրախություն անել: Դրանով պայմանավորված՝ հրապարակում հավաքվածների թիվը սահմանափակ էր՝ հիմնականում հարեւան կամ երրորդ երկրներից այցելած քաղաքացիներ եւ կազմակերպված ՔՊ-ականներ ու նրանց հետ փոխկապակցված անձինք: Իհարկե, կային նաեւ պատեհ առիթով անվճար խորոված ուտելու եկած խմբեր, բայց պարզվեց, որ այն անվճար չէ, ավելին՝ բավական թանկ է:
Քաղաքացու օր… ավելի կեղծ, փարիսեցիաբար հնչող արտահայտության չես հանդիպի: Այս ո՞ր քաղաքացու մասին է խոսքը: Չլինի՞ այն երիտասարդ հղի կնոջ, որին չորս տարի առաջ իր մեքենայի անիվների տակ թողեց Փաշինյանի ավտոշարասյան վարորդը եւ մնաց անպատիժ: Թե՞ այն սեւազգեստ մայրիկի, որի ոտքերից ու ձեռքերից բռնած՝ կարմիր բերետավորների ոհմակը քաշքշում էր Եռաբլուրում: Իսկ միգուցե այն անմեղ մարդկա՞նց, որոնց դեմ շինծու գործեր մոգոնելով՝ ամիսներ, անգամ մեկ տարի շարունակ պահում են ճաղերի հետեւում՝ ազգադավ իշխանության ուղիղ ճակատին ճշմարտությունն ասելու համար: Մի՞թե ավելի տեղին չէ՝ այդ «տոն» կոչվածը վերաձեւակերպել որպես «Խաբված քաղաքացու օր»:
Դա կլիներ այն քաղաքացիների օրը, ովքեր երկու անգամ Նիկոլ են ընտրել՝ մի մարդու, որը պաշտոնավարման ութ տարվա ընթացքում 3-4 պատերազմ է բերել ժողովրդի գլխին, հանձնել Արցախը, տվել 5 հազարից ավելի զոհ, 10 հազարից ավելի հաշմված երիտասարդ, 120 հազարից ավելի մեր հայրենակիցների դարձրել տնանկ եւ ունեզուրկ, բազմաչարչար հայրենիքի ու հայ ժողովրդի ճակատագիրը մատնել խուլ անորոշության: Չենք զարմանա, եթե այդ նույն խաբված կամ մոլորված քաղաքացիները հունիսի 7-ին դարձյալ՝ արդեն երրորդ անգամ, քվե տան ազգին բազմաթիվ կորուստներ եւ այլ չարագործություններ պատճառած այդ անձին: Նման բան, կարող եք խորապես համոզված լինել, աշխարհը չի տեսել:
Այժմ գանք «տոնի» ամենահանդիսավոր մասին՝ «Վարչաբենդ» խմբի մասնակցությամբ տեղի ունեցած համերգին, որն ամբողջությամբ ֆինանսավորել է «Վիվառո» ընկերության սեփականատերեր Վիգեն եւ Վահե Բադալյաններին պատկանող «Ֆաստ» բանկը: Սա, ըստ «Ազատության», վերջին մեկ շաբաթում երկրորդ համերգն է այս բանկի ֆինանսավորմամբ. նախորդը Գյումրիի բեմում էր, կուսակցական երգերով հանդես եկած «Վարչաբենդը» հիմա էլ նույն կազմով բեմ է բարձրացել Երեւանում: Սա չի՞ նշանակում արդյոք, որ Վիգեն եւ Վահե Բադալյաններին պատկանող բանկը կուսակցական միջոցառում է ֆինանսավորում: Դիտորդներն այս հարցով դիմել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:
«Անկախ դիտորդի» անդամ Դանիել Իոաննիսյանի գնահատմամբ՝ համերգի շահառուն իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» է. «Ապրիլի 19-ին՝ Գյումրիում, իսկ 25-ին՝ Երեւանում տեղի ունեցած համերգները մենք դիտարկում ենք որպես «Քաղպայմանագրի» կուսակցական, ինչ-որ առումով նաեւ քարոզչական միջոցառում»,- «Ազատության» հետ զրույցում ասել է Իոաննիսյանը: Դիտորդական դաշինքի արձագանքը շատ ավելի կտրուկ էր. «Միջոցառման կազմակերպումը փաստացի խախտում է «Կուսակցությունների մասին» օրենքով սահմանված նվիրատվությունների առավելագույն չափը եւ կարող է ենթադրել քրեական պատասխանատվություն»:
Յուրայինների նկատմամբ, սակայն, Նիկոլ Փաշինյանի «գրպանային» իրավապահները շատ վաղուց քրեական գործեր չեն հարուցում: Քրգործերը՝ ընդորում մեծամասամբ շինծու, ընդդիմախոսների «մենաշնորհն» է: Ընտրությունների օրվա մոտենալուն զուգահեռ՝ կեղծ ձայնագրությունների հիման վրա ընդդիմադիր գործիչների ձերբակալությունների թիվը կտրուկ աճում է: Հատկապես՝ նրան դեմ, ումից ամենաշատն են վախենում:
«Քաղաքացու օրը», պարզվում է, անկոչ հյուրերի պակաս նույնպես չզգացվեց: «Ռեգիոն» տելեգրամյան ալիքի թղթակիցն ապրիլի 25-ին հայ-վրացական Բագրատաշեն-Սադախլո մաքսակետում մարդկանց հոծ կուտակումներ է արձանագրել՝ մասնավորապես Երեւան էին գալիս մեծ թվով ադրբեջանցիներ, որոնք սահմանը հատում էին 3-րդ պետությունների անձնագրերով։ Ըստ թղթակցի, հարյուրավոր ադրբեջանցիներ են եկել՝ ներկա գտնվելու Հանրապետության հրապարակում այդ օրն իշխանությունների կազմակերպած համերգին, որը նվիրված էր խաղաղությանը (մեր մեջ ասած՝ գոյություն չունեցող) եւ անցկացվում էր Հայաստանի «Քաղաքացու օրվա» շրջանակում:
Ականատեսների պատմածի համաձայն՝ ճանապարհին եւս նկատվում են մեծաթիվ ադրբեջանցիներ, որ այստեղ-այնտեղ խմբված՝ լուսանկարվում են կամ տեսանյութեր են նկարահանում: Խանութներում լսելի են ադրբեջաներեն խոսակցություններ. նրանք իրենց բավական ազատ են զգում, ինքնավստահ, իսկ միմյանց հետ հաղորդակցվում են միմիայն մայրենի լեզվով: Ակնհայտ է, որ վերջերս Բաքվի կողմից «Արեւմտյան Ադրբեջանի» եւ «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» վերաբերյալ թեմաների ակտիվ շրջանառության համատեքստում հաճախակի են դարձել տարբեր պետությունների քաղաքացիություն ունեցող ադրբեջանցիների այցելությունները Հայաստան։
Ադրբեջանական երիտասարդության «հայաստանասիրությունը»՝ որքան էլ տարօրինակ թվա, հասկանալ կարելի է, եթե նկատի ունենանք մի կարեւոր հանգամանք. ադրբեջանցի սերունդների գիտակցության մեջ տասնամյակներ շարունակ՝ սկսած մանկապարտեզային ու դպրոցական տարիքից, ներարկել են այն գաղափարը, թե Հայաստանի ներկա տարածքն իրենց Արեւմտյան Ադրբեջանն է եւ վաղ թե ուշ ետ են բերելու «զավթիչ հայերից»: Եվ այդ երկրի քաղաքացիների առնվազն ճնշող մեծամասնությունն այդ աղճատված ընկալումն ունի: Ուշադրություն դարձրեք համացանցում զետեղած նրանց տեսանյութերին, ճչացող խորագրերին, երջանիկ դեմքերին ու տանտիրոջ պահվածքին, եւ դուք կհասկանաք ՀՀ գալու՝ այդ ազգի անզուսպ մղումները:
Այսպես շարունակվելու դեպքում Հայաստանը, ամենայն հավանականությամբ, շուտով կդառնա թուրքերի ոտքի կոխան, ինչը ոչ մի լավ բան մեզ չի խոստանում: Իհարկե, դրացի ժողովուրդների հետ պետք է համերաշխվել, ապրել խաղաղ, բարեկամություն անել եւ այլն: Բայց մեր զույգ հարեւանները դա ուզո՞ւմ են: Ամեն ինչից երեւում է, որ չեն ուզում: Փոխարենը ջանում են «Հայկական սեպն» իսպառ վերացնել իրենց ճանապարհից, եւ դա չեն էլ թաքցնում: Այդ «անիծյալ սեպը» նրանց խանգարում է բացել թուրքական երազանքի՝ «Թուրանի» ճանապարհը եւ դուրս գալ Կենտրոնական Ասիայի երկրներ, անխոչընդոտ հասնել կրոնակից եղբայրներին ու քույրերին, ինչի հնարավորությունը ՀՀ-ում գործող ազգադավ իշխանություններն ընձեռում են:
Հայաստանցիներիս համար անհաճո անակնկալ էր ապրիլի 29-ին առավոտյան ժամը 10-ին «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարած ադրբեջանական ինքնաթիռը: Երեւան էր ժամանել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի գլխավորած մի պատվիրակություն, որի այցելության եւ այցի նպատակի մասին ժողովուրդն անտեղյակ է, հետեւաբար՝ հազարումի ենթադրություններ էր անում, թե հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ եկել են Նիկոլ Փաշինյանին իրենց աջակցության մասին հավաստիացնելու եւ որոշ տարածքային խնդիրների շուրջ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները վերանայելու համար:
Սակայն պաշտոնական հաղորդագրության համաձայն, որը հրապարակել են կողմերը, նույն օրը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսաֆաեւի նախագահությամբ կայացել է երկու երկրների միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 13-րդ հանդիպումը, որի ընթացքում կողմերը մանրամասն մտքեր են փոխանակել սահմանազատման միջոցառումների հետ կապված կազմակերպչական-տեխնիկական հարցերի շուրջ: Հանդիպման արդյունքներով ստորագրվել է համապատասխան արձանագրություն:
Հիշեցնենք, որ ադրբեջանական պատվիրակության այցից երկու օր առաջ լուրեր տարածվեցին, թե Ադրբեջանից ազատ է արձակվում 11 հայազգի ռազմագերի: Չի բացառվում, որ Շահին Մուստաֆաեւի պատվիրակության այցը մասամբ հենց դրանով էր պայմանավորված: Քանի որ Ադրբեջանը հենց այնպես ոչինչ չի տալիս, հետեւաբար այդ երկրի փոխվարչապետը եկել էր գերիների ազատ արձակման գործարքի գնի շուրջ պայմանավորվելու: Իսկ գինը, թերեւս, նոր տարածքներ են լինելու Տավուշից կամ Սյունիքից: Անշուշտ՝ Մուստաֆաեւ-Գրիգորյան փակ հանդիպմանը արծարծվել են նաեւ այլ հարցեր, այդ թվում 300 հազար ադրբեջանցի փախստականների՝ ՀՀ վերադարձի ալիեւյան նախագիծը:
Հետաքրքիր է՝ իսկ արդար փոխադարձության սկզբունքով քննարկվե՞լ է արդյոք նույն 80-ականների վերջերին Ադրբեջանից մազապուրծ Հայաստան քշված ավելի քան կես միլիոն փախստականների խնդիրը, որոնք բռնի տեղահանվել էին Բաքվից, Գանձակից, Շամխորի, Դաշքյասանի, Խանլարի, Շահումյանի շրջաններից, հայաշատ մյուս վայրերից: Խիստ կասկածելի է:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Մայր Աթոռը խստորեն դատապարտել է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը, որով փորձ է արվում արդարացնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հայկական հոգեւոր-մշակութային ժառանգության ոչնչացումը: «Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որեւէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձեւակերպմամբ»,- ասված է Մայր Աթոռի հայտարարության մեջ։ Կովկասի մահմեդականների վարչությունն ավելի վաղ հայտարարել էր, թե «օկուպացիայի ընթացքում կառուցված երկու անօրինական շինությունների քանդումը չի կարող դիտարկվել որպես կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում»: Ըստ Էջմիածնի՝ Արցախի անկախության շրջանում կառուցված եկեղեցիներն «ապօրինի շինություն» որակելը մերժելի եւ այդ պատճառաբանությամբ սրբավայրերը ոչնչացնելը կրոնական ու մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային սկզբունքների բացահայտ ոտնահարում է եւ «մշակութային եղեռնագործություն»։ Այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողների մտահոգությանն ի պատասխան՝ Փաշինյանն ասել է. «Հո չե՞նք գնալու կոնֆլիկտի»:
Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը հավասարը չունեցավ Վրաստանի Բաթումում ապրիլի 26-ին ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Գերծանրաքաշայինների պայքարում երկամարտի 451 կգ արդյունքով Լալայանը 3-րդ անգամ կարիերայում նվաճեց չեմպիոնի տիտղոսը (210+241 ): Երկու վարժություններում էլ նա պայքարը սկսեց այն ժամանակ, երբ բոլորն ավարտել էին իրենց մրցելույթները: Պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 200 կգ, երկրորդ մոտեցմամբ՝ 210 կգ: Երրորդ մոտեցումից հրաժարվեց: Լալայանն այս վարժությունում 18 կգ-ով գերազանցեց 2-րդ տեղը զբաղեցրած Դանիլ Վագացիեւին: Բաթումիի մրցահարթակում չեմպիոնի պատվին հնչեց Հայաստանի օրհներգը: Նրան պարգեւները հանձնեց եռակի օլիմպիական չեմպիոն, 7-ակի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Լաշա Տալախաձեն:
Հակակոռուպցիոն դատարանն ապրիլի 30-ին մերժեց Լոռու մարզ՝ հոր գերեզմանին այցելելու՝ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի խնդրանքը։ Դատարանն ասաց՝ որքան էլ հարցը բարոյական տեսանկյունից կարեւոր է, դատավորը սահմանափակված է օրենքով եւ Սահմանադրությամբ։ Դատավորի խոսքով՝ փաստաբան Արամ Վարդեւանյանի միջնորդությունը հիմնավորված չէ։ Այս մերժումից հետո փաստաբանները նոր միջնորդություն ներկայացրեցին՝ առաջարկելով տնային կալանքը վերացնել եւ կիրառել վարչական հսկողություն, որպեսզի Կարապետյանը կարողանա ազատ տեղաշարժվել ու մեկնել Լոռու մարզ։ Դատարանը, սակայն, մերժեց նաեւ վերացնել գործարարի տնային կալանքն ու 24 ժամով ընտրել այլ խափանման միջոց՝ վարչական հսկողությունը։
Ընտրակաշառքի համար մեղադրվող «Կանդազ» մականունով լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը երկու ամիս ժամկետով կալանավորումից մեկ օր անց՝ ապրիլի 29-ին, Վարդաշենի բանտում հացադուլ է հայտարարել։ Նա ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավարն է: «Կանդազը», իր ասելով՝ «հացադուլ է իրականացնում հանուն մարդու իրավունքների, հանուն մեր արժանապատվության»: Իրավապահները պնդում են, որ նախկին զինվորականը քաղաքացիներին աշխատանք է խոստացել, երբ «Ուժեղ Հայաստան»-ը գա իշխանության: Հակակոռուպցիոն կոմիտեում համարում են, որ դա ընտրակաշառք է: Կոմիտեն Կանդազին առնչվող գործով գաղտնալսումներ էր հրապարակել: Սակայն հրապարակված ձայնագրության մեջ քվեի դիմաց փող տալու մասին ակնկարկ չկա:
Հայաստանի անվտանգության խորհուրդն այսօր նիստ է անցկացրել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նախագահ Վահագն Խաչատուրյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Նիստի ընթացքում քննարկվել են ԱԽ իրավասության ընթացիկ հարցեր։ Քննարկումներից մանրամասներ չեն հաղորդվում:

